ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1442-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1228-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1901-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 21.11.13 N 1308-Ն, փոփ. 03.03.16 N 261-Ն, լրաց. 20.10.22 N 1637-Ն, 07.11.24 N 1749-Ն)
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով, 14-րդ հոդվածի 5-րդ մասով, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 216-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 03.03.16 N 261-Ն, լրաց. 28.12.17 N 1727-Ն, փոփ. 20.10.22 N 1637-Ն)
1. Սահմանել սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) ներմուծման, տեղափոխման և արտահանման, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 21.11.13 N 1308-Ն, 03.03.16 N 261-Ն, լրաց. 07.11.24 N 1749-Ն )
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 21.11.13 N 1308-Ն, 03.03.16 N 261-Ն, լրաց. 20.10.22 N 1637-Ն, 07.11.24 N 1749-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սննդային արտադրանքի (այսուհետ՝ սննդամթերք) և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) ներմուծման, տեղափոխման և արտահանման ընթացակարգերը և դրանց իրականացման պայմանների հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը խմբ. 03.03.16 N 261-Ն, լրաց. 07.11.24 N 1749-Ն)
1.1. Սույն կարգով նախատեսված հայտը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերը, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ թղթային եղանակով:
(1.1-ին կետը լրաց. 10.06.21 N 977-Ն)
(1.1-ին կետը 10.06.21 N 977-Ն որոշման 3-րդ կետի լրացման մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
2. Սույն կարգի իմաստով` բեռ են համարվում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, իսկ սույն կարգի III գլխում՝ նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները:
(2-րդ կետը խմբ. 03.03.16 N 261-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
5. Բեռը ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում է բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթի՝ առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատի, անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի կամ բեռի տվյալ խմբաքանակի փորձարկման լաբորատորիայի փորձաքննության արձանագրությունների առկայության դեպքում (այսուհետ` բեռն ուղեկցող փաստաթուղթ):
(5-րդ կետը խմբ. 03.03.16 N 261-Ն)
5․1. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխանության հայտարարագրի պահանջը չի տարածվում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2508 10 000 0, 2512 00 000 0, 2936 27 000 0, 3105 30 000 0, 3202 90 000 0, 3905 99 900 0 ծածկագրերով ապրանքների վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով` Եվրոպական միության անդամ պետություններից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներմուծման դեպքում:
(5.1-ին կետը լրաց. 05.09.24 N 1404-Ն)
5․2․ Սույն կարգի 5․1-ին կետը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը։
(5.2-րդ կետը լրաց. 05.09.24 N 1404-Ն)
6. Բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` իր կազմում գործող տարածքային ստորաբաժանումների միջոցով՝ բացառությամբ պետական սահմանի անցման կետերի։ Պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները:
(6-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն, 20.10.22 N 1637-Ն)
7. Բեռների ներմուծման կամ արտահանման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով՝ բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի։ Այլ երկրներ ներկայացնելու դեպքում դիմումատուի ցանկությամբ համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն զուգահեռ կարող են տրամադրվել նաև թղթային եղանակով։
(7-րդ կետը խմբ. 20.10.22 N 1637-Ն)
8. (նախադասությունը հանվել է 20.10.22 N 1637-Ն) Ներմուծման կամ արտահանման ժամանակ հսկողության ենթակա` սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն, 20.10.22 N 1637-Ն)
9. Ներմուծման կամ արտահանման դեպքում բեռն ուղեկցող փաստաթղթերը լիազոր մարմնի կողմից փոխարինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերով:
(9-րդ կետը փոփ. 20.10.22 N 1637-Ն)
9.1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ այլ երկրներից ներմուծվող բեռի բացթողումը կամ տեղաշարժի կասեցումը կամ ներմուծման արգելքը կամ վերադարձը ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ապրանքն ուղեկցող փաստաթղթերի վրա համապատասխան դրոշմակնիք դնելով:
(9.1-ին կետը լրաց. 03.03.16 N 261-Ն, փոփ. 20.10.22 N 1637-Ն)
10. Տարանցիկ փոխադրման դեպքում` բեռն ուղեկցող փաստաթղթերը չեն փոխարինվում, բեռն ուղեկցում են տարանցիկ փոխադրման ամբողջ ընթացքում:
(10-րդ կետը փոփ. 20.10.22 N 1637-Ն)
II. ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
11. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
12. Պետական սահմանի անցման կետում օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողությունը մաքսային մարմինների կողմից իրականացվում է ներմուծվող բեռի փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման (բեռի նույնականացման) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:
(12-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն, խմբ. 20.10.22 N 1637-Ն)
12.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով ներմուծվող բեռի զննման (բացառությամբ ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման) և լաբորատոր փորձաքննության միջոցով բեռի անվտանգությունը որոշելու անհրաժեշտության դեպքում պետական սահմանի անցման կետում մաքսային մարմինների կողմից բեռը կապարակնքվում է, կազմվում է ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին կարգադրագիր, և թույլատրվում է բեռի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք՝ օրենսդրությամբ սահմանված վայրերում լիազոր մարմնի կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով։
(12.1-ին կետը լրաց. 20.10.22 N 1637-Ն)
12.2. Օրենքով նախատեսված պետական վերահսկողությունը լիազոր մարմնի կողմից իրականացվում է զննման, նմուշառման և լաբորատոր փորձաքննության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում։
(12.2-րդ կետը լրաց. 20.10.22 N 1637-Ն)
13. Բեռի ներմուծումը չի թույլատրվում, եթե լիազոր մարմնի կողմից կատարված նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքներով բեռը ճանաչվել է վտանգավոր, կամ տվյալ բեռի ներմուծումը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կողմից, կամ բացակայում են սույն կարգի 5-րդ կետերով նախատեսված բեռն ուղեկցող փաստաթղթերը:
(13-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 20.10.22 N 1637-Ն)
17. Տնօրինումն արգելված բեռի հետագա օգտագործման հնարավորությունը որոշվում է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը և տևողությունը չեն կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:
18. Տնօրինումն արգելված բեռը բաց է թողնվում բեռի նկատմամբ պետական վերահսկողության արդյունքների հիման վրա` լիազոր մարմնի կողմից տրված` բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որը տրվում է ներմուծողին` այն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:
19. Տնօրինումն արգելված բեռի պետական վերահսկողության արդյունքներով, լաբորատոր փորձարկումների հիման վրա, վտանգավորության մասին եզրակացության առկայության կամ բեռի անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում բեռը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում կամ վերադարձվում է արտահանող երկիր: Ոչնչացման կամ վերադարձման, դրա հետ կապված` բեռի փորձաքննության, փոխադրման, պահպանման ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից:
20. Լաբորատոր փորձաքննության արդյունքներով, լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա, վտանգավոր բեռը ենթակա է ոչնչացման՝ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով:
(20-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)
21. Ներմուծման թույլտվության դեպքում լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, համար` անվտանգության սերտիֆիկատ:
(21-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն, 20.10.22 N 1637-Ն)
21.1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 317 որոշմամբ հաստատված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում՝ անկախ երրորդ երկրների կազմակերպությունների ընդգրկված չլինելու կամ սահմանափակված կարգավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերով ապրանքները՝ 0206, 0207, 0209, 0210, 0301, 0302, 0303, 0304, 0305, 0306, 0307, 0308 (բացառությամբ քաղցրահամ ջրերում բուծվող իշխանազգի, թառափազգի և կարպազգի ձկնատեսակների), 1601 00, 1602, 1604, 1605 թույլատրվում է միայն ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ Եվրոպական միության անդամ պետություններից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ մինչև 2026 թվականի մարտի 15-ը։
(21.1-ին կետը լրաց. 11.07.24 N 1089-Ն)
22. Ներմուծվող բեռի փաստաթղթային ուսումնասիրման, փաստաթղթային ստուգման, ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման միջոցով բեռի նույնականացման ձևով մաքսային մարմինների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում բեռի ներմուծումն արգելվում է մաքսային մարմինների կողմից, իսկ զննման և (կամ) լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա վտանգավոր ճանաչված բեռի դեպքում՝ լիազոր մարմնի կողմից։ Ներմուծման արգելման դեպքում պետական սահմանի անցման կետում մաքսային մարմնի կողմից բեռն ուղեկցող առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի վրա դրվում է «Ներմուծումն արգելվում է» դրոշմը, իսկ ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Ներմուծումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:
(22-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն, լրաց., փոփ. 20.10.22 N 1637-Ն)
23. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
25. Լիազոր մարմինը վարում է լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի ներմուծման համապատասխան գրանցամատյան, որում լրացվում են ներմուծվող բեռի տեսակը, անվանումը, քանակը, քաշը, արտահանող երկրի և կազմակերպության անվանումները, ներմուծողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրի հասցեն, բեռի ժամանման վերջնակետը, ներմուծման թույլտվության կամ արգելման մասին տեղեկություն:
(25-րդ կետը փոփ. 20.10.22 N 1637-Ն)
26. Տեղական արտադրության սննդամթերքը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ ներմուծման համար պահանջվող ուղեկցող փաստաթղթերն են համապատասխանության սերտիֆիկատը կամ գրանցված համապատասխանության հայտարարագիրը:
26.1. Բուծման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պարտադիր կարանտինացման 21 օրից ոչ պակաս ժամկետով:
(26.1-ին կետը լրաց. 07.11.24 N 1749-Ն)
26.2. Սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիները ենթակա են կարանտինացման 7 օրից ոչ պակաս ժամկետով:
(26.2-րդ կետը լրաց. 07.11.24 N 1749-Ն)
26.3. Կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են նախապես լիազոր մարմնի հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների կարանտինացման վայրը: Լիազոր մարմինը կարանտինացման վայրի վերաբերյալ համաձայնություն չի տալիս, եթե այն չի համապատասխանում սանիտարական նորմերին։ Սույն կետով սահմանված կարգով լիազոր մարմնի հետ կարանտինացման վայրը չհամաձայնեցնելու դեպքում կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում։
(26.3-րդ կետը լրաց. 07.11.24 N 1749-Ն)
26.4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիներ փոխադրող մեքենաները պետական սահմանի անցման կետում ախտահանվում են, իսկ կենդանիների խմբաքանակից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է լաբորատոր փորձաքննության։
(26.4-րդ կետը լրաց. 07.11.24 N 1749-Ն)
26.5. Բուծման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիների խմբաքանակի նմուշների փորձաքննության դրական արդյունքներ ստացվելու դեպքում կատարվում է երկրորդ նմուշառում։ Երկրորդ նմուշառման արդյունքով վերցված նմուշների դրական փորձաքննության արդյունքների դեպքում լիազոր մարմինը տրամադրում է կենդանիների ներմուծման կամ փոխադրման թույլտվություն:
(26.5-րդ կետը լրաց. 07.11.24 N 1749-Ն)
26.6. Կենդանիների կարանտինացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:
(26.6-րդ կետը լրաց. 07.11.24 N 1749-Ն)
III. ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
27. Բեռն արտահանելու համար արտահանողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ՝ էլեկտրոնային եղանակով` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողը (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը՝ հատով, քաշը՝ կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռն ստացողը (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը: Արտահանողը հայտին կից ներկայացնում է՝
1) կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի դեպքում՝ տվյալ արտադրանքի խմբաքանակի անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը.
2) սննդամթերքի դեպքում, այդ թվում՝ փաթեթավորված, համապատասխանության հայտարարագիրը կամ պետական գրանցման վկայականը.
3) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի դեպքում՝ համապատասխանության հայտարարագիրը.
4) ներմուծող երկրի պահանջի դեպքում՝ տվյալ բեռի խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձարկման արձանագրությունը:
(27-րդ կետը խմբ. 28.12.17 N 1727-Ն, փոփ. 20.10.22 N 1637-Ն)
28. Հայտն ստանալուց հետո բեռի ծագման վայրի համապատասխան մարզային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է`
1) լիազոր մարմնի տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում՝ անասնաբուժական հսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում.
2) անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը.
3) բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), բեռը, բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և մակնշմանը ներկայացվող պահանջները.
4) ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:
(28-րդ կետը լրաց. 03.03.16 N 261-Ն, խմբ. 28.12.17 N 1727-Ն, փոփ. 20.10.22 N 1637-Ն)
29. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու և սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը՝ հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(29-րդ կետը խմբ. 28.12.17 N 1727-Ն, փոփ. 20.10.22 N 1637-Ն)
29.1. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու, սակայն սույն կարգի 27-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում մարզային կենտրոնն արտահանվող արտադրանքի խմբաքանակից կատարում է նմուշառում անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը որոշելու նպատակով: Անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից համապատասխանության տեղեկանքը տրվում է լաբորատոր անվտանգությունը հավաստող փաստաթղթերը տալու օրը:
(29.1-ին կետը լրաց. 28.12.17 N 1727-Ն)
29.2. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(29.2-րդ կետը լրաց. 28.12.17 N 1727-Ն, փոփ. 20.10.22 N 1637-Ն)
30. Եթե տվյալ բեռը (բացառությամբ կենդանիների) արտադրողը գրանցված է լիազոր մարմնի տվյալների բազայում և լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափով ու ժամկետներում պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել իր արտադրական գործունեության մասին, ապա սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը) բեռն արտահանողին տրվում են հայտ ներկայացնելու օրը՝ առանց սույն կարգի 28-րդ կետով սահմանված ընթացակարգի:
31. Լիազոր մարմինն արտահանողին համապատասխանության տեղեկանքը, իսկ կենդանիների դեպքում՝ առողջությունը հավաստող փաստաթուղթը, տոհմային կենդանիների և բեղմնավորիչ նյութերի դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը տրամադրելու նույն օրն արտահանողին տրամադրում է նաև արտահանման համար տրվող համապատասխան սերտիֆիկատ էլեկտրոնային եղանակով՝ բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի։ Այլ երկրներ ներկայացնելու դեպքում դիմումատուի ցանկությամբ համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն զուգահեռ կարող են տրամադրվել նաև թղթային եղանակով։
(31-րդ կետը խմբ. 28.12.17 N 1727-Ն, 20.10.22 N 1637-Ն)
32. Բեռները Եվրոպական միության երկրներ արտահանվում են նաև տվյալ բեռի ներմուծմանը ներկայացվող Եվրամիության պահանջների պահպանմամբ:
33. Լիազոր մարմինը վարում է լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի արտահանման համապատասխան գրանցամատյան, որում լրացվում են արտահանվող բեռի տեսակը, անվանումը, քանակը, քաշը, արտահանողի անունը, ազգանունը կամ անվանումը, ներմուծող երկրի և բեռն ստացող կազմակերպության անվանումը կամ անունն ու ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը, ում կողմից է տրվել լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, տալու ամսաթիվը, համարը, պետական վերահսկողության արդյունքում համապատասխան մարզային կենտրոնի կողմից տրված ուղեկցող փաստաթուղթը տալու ամսաթիվը և համարը: Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում առկայության դեպքում լիազոր մարմնին տրամադրվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգ լիազոր մարմնին դիտման նպատակով մուտքի հնարավորություն տալու եղանակով։
(33-րդ կետը փոփ., լրաց. 20.10.22 N 1637-Ն)
34. Արտահանումը չի թույլատրվում, եթե`
1) չեն ներկայացվել սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը).
2) սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը) և բեռը չեն համապատասխանում միմյանց.
3) բեռի զննման ընթացքում հայտնաբերվել են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոններով պայմանավորված` բեռի անվտանգությունը չերաշխավորող պայմաններ կամ բեռի անորակության զգայորոշման` օրգանոլեպտիկ ցուցանիշների խախտումներ:
35. Լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների արտահանման համար տրվում է անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատ, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, համար` անվտանգության սերտիֆիկատ, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ: Այլ երկրներ ներկայացնելու դեպքում դիմումատուի ցանկությամբ համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն զուգահեռ կարող են տրամադրվել նաև թղթային եղանակով։
(35-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն, փոփ., լրաց. 20.10.22 N 1637-Ն)
36. Եվրամիության երկրներ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների, կենդանիների և սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, արտահանման համար լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տրվում են Եվրամիության օրենսդրությամբ սահմանված Եվրամիության տարածք երրորդ երկրներից անասնաբուժական հսկման ապրանքների ներկրման համար ընթացակարգով սահմանված ձևի առողջության սերտիֆիկատներ: Բացի Եվրամիության և ԱՊՀ անդամ երկրներից` մյուս երկրներ բեռների արտահանման համար տրվում են ներկրող երկրի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող սերտիֆիկատներ: Այլ երկրներ ներկայացնելու դեպքում դիմումատուի ցանկությամբ համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն զուգահեռ կարող են տրամադրվել նաև թղթային եղանակով։
(36-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն, փոփ., լրաց. 20.10.22 N 1637-Ն)
37. Արտահանման թույլտվության դեպքում լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի վրա դրվում է «Արտահանումը թույլատրվում է» դրոշմը, և նշվում են բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերի համարը, տալու ամսաթիվը, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային նշանակության մասին տեղեկություն:
(37-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն, 20.10.22 N 1637-Ն)
38. Արտահանման արգելման դեպքում բեռի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ (սերտիֆիկատ կամ համապատասխանության տեղեկանք) չի տրվում, և բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Արտահանումն արգելվում է» դրոշմը` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածին համապատասխան:
(38-րդ կետը խմբ. 03.03.16 N 261-Ն, լրաց. 20.10.22 N 1637-Ն)
IV. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
39. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ, որում նշվում է երթուղին:
40. Լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ տարանցիկ փոխադրվող բեռների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
41. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
42. (կետն ուժը կորցրել է 20.10.22 N 1637-Ն)
43. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)
44. Տարանցիկ փոխադրումն արգելվում է, եթե`
1) (ենթակետն ուժը կորցրել է 20.10.22 N 1637-Ն)
2) բացակայում են բեռն ուղեկցող փաստաթղթերը.
3) համաճարակային իրավիճակով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում առկա են տարանցիկ փոխադրման սահմանափակումներ.
4) լիազոր մարմնի կողմից արգելված է տվյալ բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:
(44-րդ կետը փոփ. 20.10.22 N 1637-Ն)
45. (կետն ուժը կորցրել է 20.10.22 N 1637-Ն)
46. Սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքերում մաքսային մարմինն արգելում է բեռի տարանցիկ փոխադրումը:
(46-րդ կետը խմբ. 20.10.22 N 1637-Ն)
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
47. Բեռի մաքսային ձևակերպումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում կատարվում է բեռի զննման և բեռն ուղեկցող փաստաթղթերի (առկայության դեպքում՝ լաբորատոր հետազոտությամբ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի) ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրված անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի առկայությամբ:
(47-րդ կետը լրաց. 20.10.22 N 1637-Ն)
48. Արտահանող կամ ներկրող երկրում անասնահամաճարակային իրավիճակով կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության մասին ստացված տեղեկատվությամբ պայմանավորված` ներկրման կամ արտահանման սահմանափակումների մասին տեղեկատվությունը տեղադրվում է լիազոր մարմնի էլեկտրոնային կայքերում: Նոր սահմանափակումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է դրանց պաշտոնական ստացումից հետո մեկօրյա ժամկետում:
49. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների արտահանման դեպքում` ներմուծող կամ տարանցիկ երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պաշտոնական պահանջի դեպքում լիազոր մարմնի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տրվում է բեռի արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար թույլտվություն խնդրելու վերաբերյալ գրություն` ռուսերենով կամ ընդունված միջազգային լեզվով` դրա մասին տեղեկությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:
50. Սույն կարգի պահանջների կատարման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
51. Սույն կարգով սահմանված դրույթները չեն գործում ստորև ներկայացվող աղյուսակով սահմանված սննդամթերքի բնաիրային քանակությունների ներմուծման ժամանակ.
(51-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)
Աղյուսակ
|
(աղյուսակը խմբ. 03.03.16 N 261-Ն, 13.10.22 N 1585-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.04.12 N 489-Ն, փոփ. 25.04.13 N 438-Ն, խմբ. 21.11.13 N 1308-Ն, խմբ., լրաց., փոփ. 03.03.16 N 261-Ն, խմբ., լրաց. 28.12.17 N 1727-Ն, փոփ.14.01.21 N 47-Ն, լրաց. 10.06.21 N 977-Ն, խմբ. 13.10.22 N 1585-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.10.22 N 1637-Ն, լրաց. 11.07.24 N 1089-Ն, 05.09.24 N 1404-Ն, 07.11.24 N 1749-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |