ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1846/02/20 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1846/02/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ ս. ՄեղրՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի ապրիլի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2021 թվականի որոշման դեմ` ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Բանկ) հայցի ընդդեմ Հակոբ Սաֆարյանի և Ելենա Հարությունյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Երևանի Շիրակի փողոցի 33-րդ շենքի թիվ 5 բնակարանից առանձնացնել Հակոբ Սաֆարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Հակոբ Սաֆարյանի բաժնի վրա:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.04.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Ա. Կիրակոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 28-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 4-րդ ու 39-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ, 182-րդ և 183-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել Բանկի կողմից ներկայացված պահանջը, ինչպես նաև սխալ է կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված նորմը:
Տվյալ դեպքում օրինական և իրավաչափ կլիներ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորման կիրառումը, որպիսի պայմաններում սույն գործը ենթակա կլիներ քննության ՀՀ սնանկության դատարանում՝ թիվ ՍնԴ/1042/04/20 սնանկության գործի շրջանակներում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ քաղաքացիական գործն ըստ ենթակայության ուղարկել Սնանկության դատարան՝ թիվ ՍնԴ/1042/04/20 սնանկության գործի շրջանակներում քննության համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) թիվ ԵԴ/6970/02/18 քաղաքացիական գործով ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Հակոբ Սաֆարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 02․05․2019 թվականին վճռել է հայցը բավարարել` Հակոբ Սաֆարյանից հօգուտ Բանկի բռնագանձել 8.911.000.60 ՀՀ դրամ` որպես հիմնական պարտավորության գումար և 38.085.40 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվարկված տոկոսագումար, ինչպես նաև պարտավորության մայր գումարի՝ 8.911.000.60 ՀՀ դրամի նկատմամբ 07.04.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվարկված տոկոսագումարը։
Նշված վճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգ, հատոր 1-ին, գ.թ. 10-14).
2) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02․05․2019 թվականի վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է՝ պարտապան Հակոբ Սաֆարյանին և նրան պատկանող գույք ու եկամուտներ չհայտնաբերվելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 15).
3) Բանկը 13.01.2020 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հակոբ Սաֆարյանի և Ելենա Հարությունյանի՝ պահանջելով Երևանի Շիրակի փողոցի 33-րդ շենքի թիվ 5 բնակարանից առանձնացնել Հակոբ Սաֆարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Հակոբ Սաֆարյանի բաժնի վրա (հատոր 1-ին, գ.թ. 3-21).
4) Դատարանի 06.02.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 22).
5) Թիվ ՍնԴ/1042/04/20 սնանկության գործով՝ ըստ Էդգար Ասատրյանի դիմումի՝ Հակոբ Սաֆարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի 22.05.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Հակոբ Սաֆարյանը ճանաչվել է սնանկ: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Սնանկության դատարանի 31.08.2020 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմամբ հաստատվել է Բանկի 11.222.489,7 ՀՀ դրամի և 178.981,70 ՀՀ դրամի չափով չապահովված պահանջը «է» հերթում (հիմք՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգ)․
6) Դատարանի 02.04.2021 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 105).
7) Վերաքննիչ դատարանի 10.12.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 46-49):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի օրենքի 4-րդ և 39-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ ու 182-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու առանձնահատկություններին:
Մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում (այսուհետ` դատարան)։ Դատարանում սնանկության գործերը վարվում են սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորի կողմից միանձնյա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում՝ սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորի կողմից միանձնյա: Ընդ որում, նույն սնանկության գործի շրջանակում քննվում են սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր այն քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում երրորդ անձ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոհիշյալ հոդվածի վերլուծությանը, փաստել է, որ նշված կարգավորումը չի ենթադրում ցանկացած հարցի քննություն սնանկության գործի շրջանակում: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցի բավարարումը կհանգեցնի սնանկության գործով պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, ապա նման հայցը քննության ենթակա է միայն պարտապանի սնանկության գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող` պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում(տե՛ս, Իրինա Մաթևոսյանն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/1345/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2020 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նշված հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը, որը դրսևորվում է նրանում, որ պարտապանի և պարտատերերի շահերից ելնելով՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է՝ սնանկության վարույթում: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե´ս Մարինե Ավետիսյանն ընդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26․12․2013 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե´ս «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե´ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված՝ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ՝ սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես՝ արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես՝ միջանկյալ բաշխման ծրագրին կամ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունները կենտրոնանում են սնանկության վարույթում: Այդ իսկ նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Նույն տրամանաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում: Բացի այդ, նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կողմից սնանկությունը ճանաչելու դիմումին կից ներկայացվում է նաև վերջինիս պարտատերերի և պարտապանների ցուցակը: Սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը և դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետևաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից բխող տառացի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդրի կողմից սահմանված արգելքը վերաբերում է պարտապանի կողմից պարտատիրոջը բավարարում տալուն: Այդուհանդերձ, հաշվի առնելով նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի այն պահանջը, որ իրավական ակտի մեկնաբանությունը չպետք է փոխի դրա իմաստը, ինչպես նաև հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ սնանկության գործընթացի որոշակիությունը և կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ ու 84-րդ հոդվածներով սահմանված՝ պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունը և կարգը պահպանելու նպատակով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «ա» կետով և գործող խմբագրությամբ 2-րդ կետով ամրագրված իրավանորմը ենթակա է ավելի լայն մեկնաբանման՝ այն համադրելով նշված օրենքի այլ պահանջների հետ, այլապես նշված նորմի ոչ համակարգային մեկնաբանումը տվյալ դեպքում կխախտի իրավական ակտի իմաստը: Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) ընթացքում պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է նաև պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող այլ անձանց՝ սնանկ ճանաչված պարտապանի պարտապան հանդիսացող անձանց կողմից սնանկության վարույթը շրջանցելով սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն (տե´ս «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը համակարգային վերլուծության ենթարկելով նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճման են ենթակա բացառապես քաղաքացիական կամ վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող այն գործերի վարույթները, որոնցով ներկայացված են սնանկ ճանաչված պարտապանից գումար բռնագանձելու կամ գույք հանձնելու պահանջներ՝ պայմանով, որ այդ պահանջները պարտատերերը հնարավորություն ունեն սնանկության վարույթի շրջանակներում ներկայացնելու որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով առանձին պահանջ, իսկ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված պահանջները չեն հանդիսանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի առարկա, սակայն ծագել են սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ, ու այդ վեճով պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում երրորդ անձ, ապա այդ գործերի վարույթները ենթակա են ոչ թե կարճման, այլ այդ գործերը ենթակա են ըստ առարկայական ընդդատության հանձնման Սնանկության դատարանի քննությանը՝ նույն սնանկության գործի շրջանակում որպես առանձին քաղաքացիական գործ քննելու համար:
Հիմք ընդունելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Ազգային ժողովի կողմից 12․12․2019 թվականին ընդունված ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 72-րդ հոդվածին։ Այսպես՝
Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:
Օրենքի 72-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում հարուցված` նույն օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանող գործերը նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցվում են դատարան:
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. |
Սնանկության գործերի ենթակայությունը |
(․․․):
3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):
4. Առանձին քաղաքացիական գործերը հարուցվում, քննվում և լուծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
(․․․)»:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն Օրենքով նախատեսել է, որ դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց՝ 15․04․2020 թվականից հետո հարուցված սնանկության գործերի վրա, իսկ մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:
Միևնույն ժամանակ օրենսդիրը հատուկ իրավակարգավորում է նախատեսել Օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում հարուցված` Օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանող գործերի հետագա քննության առումով՝ սահմանելով, որ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, այդ գործերը ենթակա են փոխանցման Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան:
Ընդ որում, օրենսդիրն Օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանող գործեր է համարել սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր)՝ նախատեսելով, որ այդ գործերը հարուցվում, քննվում և լուծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Դատարանի կողմից 02.04.2021 թվականին քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելիս գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճում է նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԴ/6970/02/18 քաղաքացիական գործով ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Հակոբ Սաֆարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 02․05․2019 թվականին վճռել է հայցը բավարարել` Հակոբ Սաֆարյանից հօգուտ Բանկի բռնագանձել 8.911.000.60 ՀՀ դրամ` որպես հիմնական պարտավորության գումար և 38.085.40 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվարկված տոկոսագումար, ինչպես նաև պարտավորության մայր գումարի՝ 8.911.000.60 ՀՀ դրամի նկատմամբ 07.04.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվարկված տոկոսագումարը։ Նշված վճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02․05․2019 թվականի վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է՝ պարտապան Հակոբ Սաֆարյանին և նրան պատկանող գույք ու եկամուտներ չհայտնաբերելու հիմքով։
Բանկը 13.01.2020 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հակոբ Սաֆարյանի և Ելենա Հարությունյանի՝ պահանջելով Երևանի Շիրակի փողոցի 33-րդ շենքի թիվ 5 բնակարանից առանձնացնել Հակոբ Սաֆարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Հակոբ Սաֆարյանի բաժնի վրա։
Դատարանի 06.02.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Թիվ ՍնԴ/1042/04/20 սնանկության գործով՝ ըստ դիմումի Էդգար Ասատրյանի՝ Հակոբ Սաֆարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի 22.05.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Հակոբ Սաֆարյանը ճանաչվել է սնանկ: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Դատարանը, պատճառաբանելով, որ «Հակոբ Երվանդի Սաֆարյանը 22.05.2020 թվականին ճանաչվել է սնանկ և վճիռը մտել է օրինական ուժի մեջ, իսկ սույն գործով ներկայացված պահանջը վերաբերում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հանդեպ ձևավորված պարտավորությունների համար ընդհանուր սեփականությունից պարտապանի բաժինն առանձնացնելու և բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջին, ուստի առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը սույն գործի վարույթը կարճելու համար», 02․04․2021 թվականին որոշում է կայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Սույն քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացված հայցադիմումով Հայցվորը պահանջել է պատասխանող Հակոբ Երվանդի Սաֆարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից վերջինիս բաժինն առանձնացնել՝ դրա նկատմամբ բռնագանձում տարածելու համար, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում՝ բռնագանձում տարածել դրա վրա։ Այսինքն՝ ներկայացված հայցապահանջն իրենից ներկայացնում է նյութաիրավական պահանջ, որի հիմքում դրվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որով բավարարվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պահանջն ընդդեմ Հակոբ Երվանդի Սաֆարյանի՝ գումարի բռնագանձման մասին», գտել է, որ «տվյալ դեպքում ներկայացված պահանջն իրենից ենթադրում է պատասխանողի գույքային զանգվածի փոփոխություն, որպիսի պարագայում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը», 10.12.2021 թվականին որոշում է կայացրել Բանկի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 02.04.2021 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործի փաստերի վերլուծությունից հետևում է, որ Ազգային ժողովի կողմից 12․12․2019 թվականին ընդունված ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու՝ 15․04․2020 թվականի դրությամբ սույն քաղաքացիական գործն առկա է եղել Դատարանի վարույթում։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հանդիսանում է Օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանող գործ, որպիսի հետևությունը պայմանավորված է նրանով, որ սույն քաղաքացիական գործը սնանկ ճանաչված պարտապան Հակոբ Սաֆարյանի գույքի կազմում ներառված գույքի վերաբերյալ վեճով է։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը, Ազգային ժողովի կողմից 12․12․2019 թվականին ընդունված ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, 15․04․2020 թվականից հետո` մեկամսյա ժամկետում՝ մինչև 18․05․2020 թվականը, ենթակա էր փոխանցման Սնանկության դատարան՝ նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործ սնանկության գործը վարող դատավորի կողմից քննելու համար, այդ թվում նաև՝ այդ գործի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով վարույթը կարճելու հարցը որոշելու համար։ Մինչդեռ, Դատարանը, անտեսելով վերոգրյալը, դրա փոխարեն օրենքով սահմանված ժամկետից շուրջ տասնմեկ ամիս հետո որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին, իսկ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, գտել է, որ Դատարանը թույլ չի տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ՝ խախտելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ և 182-րդ հոդվածները։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում ենթակա էր կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված Վճռաբեկ դատարանի լիազորությունը, որի արդյունքում բողոքարկվող դատական ակտը պետք է ամբողջությամբ բեկանվեր և փոփոխվեր՝ գործը փոխանցվեր Սնանկության դատարան՝ սնանկության գործի շրջանակում որպես առանձին քաղաքացիական գործ սնանկության գործը վարող դատավորի կողմից քննելու կամ այդ գործի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով վարույթը կարճելու հարցը որոշելու համար։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է անձի արդար դատաքննության իրավունքի տարր և գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից, հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյո՞ք ողջամիտ է սույն քաղաքացիական գործը Սնանկության դատարան փոխանցելն այն դեպքում, երբ գործի վարույթը տվյալ դեպքում ենթակա է լինելու կարճման այդ դատարանի կողմից։
Այսպես․
Վերը նշված իրավական նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով Բանկը պահանջել է Երևանի Շիրակի փողոցի 33-րդ շենքի թիվ 5 բնակարանից առանձնացնել Հակոբ Սաֆարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Հակոբ Սաֆարյանի բաժնի վրա։ Այսինքն՝ Բանկի կողմից Հակոբ Սաֆարյանին ներկայացվել է այնպիսի նյութաիրավական պահանջ, որի լուծումը կարող է հանգեցնել պարտապանի գույքային զանգվածի փոփոխության:
Միաժամանակ, թիվ ՍնԴ/1042/04/20 սնանկության գործով Սնանկության դատարանի 31.08.2020 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմամբ արդեն իսկ Բանկի 11.222.489,7 ՀՀ դրամի և 178.981,70 ՀՀ դրամի չափով չապահովված պահանջը «է» հերթում հաստատվել է։
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի կողմից ներկայացված հայցապահանջի բուն նպատակը սնանկության գործով պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու միջոցով պարտապանի նկատմամբ իր ունեցած պահանջի բավարարում ստանալն է, որպիսի պահանջի իրականացումն առանց գումար կամ այլ գույք հանձնելու եղանակի, որևէ այլ կերպ չի կարող իրականացվել, քանի որ եթե ներկայացված պահանջի քննության ընթացքում պարզվի, որ հնարավոր չէ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնել, ապա պետք է իրականացվի հրապարակային սակարկություններով գույքի վաճառք, իսկ սնանկ ճանաչված պարտապանի գույքի վաճառքը սնանկության վարույթից դուրս իրականացնելը հանգեցնելու է պարտապանից գույք վերցնելուն, իսկ եթե ներկայացված հայցի քննության ընթացքում հնարավոր լինի գույքը բնեղենով առանձնացնել, ապա պետք է առաջարկ արվի բաժնային սեփականության մասնակիցներին գնելու պարտապանի բաժինը ներկայացված հայցապահանջի շրջանակներում հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, որը նույնպես հանգեցնելու է սնանկության վարույթի շրջանակներից դուրս պարտապանի գույքի հանձնման։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի առկայության պայմաններում պարտատերը կարող է պարտապանի դեմ պահանջները ներկայացնել սնանկության վարույթի շրջանակներում, որոնց բավարարմանն ուղղված գործառույթները (պարտապանի գույքի գույքագրում, բաժանում, օտարում և այլն) վերապահված են սնանկության կառավարչին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքերով Սնանկության դատարանում այնուամենայնիվ ենթակա էր լինելու կարճման, որի պայմաններում, ելնելով գործի լուծման արդյունավետության շահերից ու գործի անհարկի ձգձգումների վտանգից, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտը սույն որոշման պատճառաբանություններով օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, Բանկի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է պետական տուրքի գումար, իսկ այլ դատական ծախսերի պահանջ չի ներկայացվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս. Մեղրյան Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական: