Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2021 թվականի N 1304-Ն

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգի մասին իրազեկումը տնտեսավարող սուբյեկտների շրջանակներում, այդ թվում՝ նաև նախարարության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկատվություն տեղադրելու միջոցով.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգի կիրառման ուղեցույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկումից հետո:

(3-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


12.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 12-ի N 1304-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության (այսուհետ` առաքման թույլտվություն) էլեկտրոնային եղանակով տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստը:

3. Առաքման թույլտվություն ստանալու համար օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն (այսուհետ` լիազոր պետական մարմին) են ներկայացնում առաքման թույլտվության տրամադրման էլեկտրոնային հայտ՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգ):

(3-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

4. Հայտատուն էլեկտրոնային հայտին կցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, որոնց կցման հնարավորությունը տրվում է «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգով: Փաստաթղթերը հայտատուն վերբեռնում է «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգ PDF ձևաչափով՝ համակարգ մուտք գործելով նույնականացման քարտի (ID card) կամ բջջային նույնականացման քարտի (mID) միջոցով:

(4-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

5. Լիազոր պետական մարմինը էլեկտրոնային հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում հայտատուին առաքման թույլտվություն տրամադրելու կամ առաքման թույլտվության տրամադրումը մերժելու մասին և նույն օրը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին՝ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում նշված հայտատուի էլեկտրոնային փոստին և հեռախոսահամարին ուղարկելով համապատասխան հաղորդագրություն: Առաքման թույլտվության տրամադրման մասին որոշման վերաբերյալ հաղորդագրությամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հետևանքների մասին:

(5-րդ կետը խմբ. 02.05.24 N 625-Ն)

5.1. Առաքման թույլտվության տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում առաքման թույլտվությունը լիազոր պետական մարմնի կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

(5.1-ին կետը լրաց. 02.05.24 N 625-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 02.05.24 N 625-Ն)

7. Հայտատուն օրենքով սահմանված պետական տուրքը վճարում է ոչ ուշ, քան առաքման թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հայտատուն պետական տուրքի վճարումը կարող է կատարել նաև «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով: Հայտատուն պետական տուրքի վճարումը ոչ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով կատարելու դեպքում՝ վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել լիազոր մարմին: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում՝ լիազոր մարմինը առաքման թույլտվության տրման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում ձևավորման և հայտատուին ներբեռնման հնարավորության տրման միջոցով տրամադրում է առաքման թույլտվություն:

(8-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

9. Հայտատուն կարող է պետական լիազոր մարմնից պահանջել և ստանալ առաքման թույլտվության և համապատասխան որոշման թղթային տարբերակները: Դրանք տնտեսավարողին տրամադրվում են դիմելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով կամ առձեռն:

10. Առաքման թույլտվությունն ուժի մեջ է մտնում առաքման թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ հայտատուի կողմից սահմանված ժամկետներում պետական տուրքի վճարման օրվանից: Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

11. Առաքման թույլտվության տրամադրումը մերժվում է՝

1) «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով.

2) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

3) եթե առաքման թույլտվության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.

4) ներմուծման անհատական չափաքանակների սպառման դեպքում:

12. Էլեկտրոնային եղանակով տրամադրված առաքման թույլտվության հիման վրա առաքում իրականացնելիս` մաքսային մարմինը առաքման թույլտվություն չի կարող պահանջել: Վերջինս առաքման թույլտվության առկայության փաստի վերաբերյալ հավաստիանում է «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով:

Էլեկտրոնային եղանակով տրամադրված առաքման թույլտվությունը կցվում է մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի համապատասխան մաքսային գործառույթի համար կիրառվող էլեկտրոնային փաստաթղթին՝ հղման տեսքով:

(12-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

(հավելվածը փոփ. 17.02.22 N 167-Ն, խմբ., լրաց., փոփ. 02.05.24 N 625-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


12.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: