ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Ն. Օհանյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՍԴ/0006/13/22 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
30 հունիսի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Գարուն Համլետի Ասրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Գարուն Համլետի Ասրյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի մարտի 25-ի դատավճռով դատապարտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Գարուն Ասրյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված 300.000 ՀՀ դրամի չափով տուգանքի վճարման համար սահմանվել է մեկ տարի ժամկետ՝ պարտավորեցնելով յուրաքանչյուր ամիս վճարել նվազագույնը 25.000 ՀՀ դրամ:
2․ Դատավճիռը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում ստացվել է 2021 թվականի մայիսի 3-ին, սակայն մինչև 2021 թվականի հունիսի 2-ը դատապարտյալ Գ.Ասրյանը չի ներկայացել պրոբացիայի ծառայություն։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ դատապարտյալ Գ․Ասրյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:
2021 թվականի հուլիսի 26-ին Գ․Ասրյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին և նույն օրը ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմին, որտեղ նրան պարզաբանվել են տուգանքի վճարման կարգն ու պայմանները, իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվությունը՝ դրանք չկատարելու դեպքում:
3․ 2021 թվականի հուլիսի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ․Ասրյանի նկատմամբ նշանակված՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, քանի որ վերջինս նշանակված տուգանք պատժատեսակից որևէ վճարում չի կատարել:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի հիշյալ միջնորդությունը մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ դատապարտյալը ժամկետային զինծառայող է։
4․ 2022 թվականի օգոստոսի 19-ին պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գ․Ասրյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը մերժվել է:
5․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:
6․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 13-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես, սխալ են մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 59-րդ հոդվածների, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 28-րդ հոդվածի դրույթները:
Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերն ընդգծել է, որ «հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով» դրույթը դատապարտյալ Գ․Ասրյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերջինիս կողմից հանցանքը կատարելու պահին՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, գործող կարգի համաձայն անձի վիճակը բարելավող օրենսդրության հետադարձ ուժի հարցում սահմանափակումներ նախատեսված չէին։ Հետևաբար, դատապարտյալի նկատմամբ կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը, ըստ որի՝ «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
8․ Բողոքաբերը նշել է, որ թեև տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված չէր, սակայն նշված կարգավորումը պետք է դիտարկել որպես հանցանք կատարած անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք՝ նկատի ունենալով նաև, որ տվյալ ընթացակարգը դուրս է պատիժների համակարգից և ինքնին պատժատեսակ չի համարվում։
Բողոքաբերի կարծիքով, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն այլևս հանրային աշխատանքներով չի փոխարինվում, իրավակիրառողին այլ տարբերակ չի մնում, քան հանրային աշխատանքների փոխարեն նշանակել ազատազրկում՝ նկատի ունենալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները։ Հետևաբար, պետք է արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ ինքնին այլընտրանք է դառնում ազատության իրավունքի սահմանափակմանը, ինչն ավելի մեծ արժեք է։
8․1․ Բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ եթե իրավակիրառողը՝ տվյալ դեպքում դատարանը, այն դիրքորոշմանն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ պայմաններն անձի իրավական վիճակը բարելավող են, և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելու իրավակարգավորումներն այլևս չեն գործում, ապա այս համատեքստում ևս դատարանը պետք է կիրառեր նոր քրեական օրենսգրքով նախատեսված ընթացակարգը և տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու որոշում կայացներ․ այն չկիրառելով՝ դատարանը հարկադրված է լինելու ազատազրկման ձևով պատիժ նշանակել՝ հիմք ընդունելով այն, որ հանրային աշխատանքներով փոխարինելու կառուցակարգն այլևս չի գործում։
Միաժամանակ, պետք է արձանագրել, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ մերժվել է պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 28-ի միջնորդությունը՝ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, այն պատճառաբանությամբ, որ դատապարտյալը հանդիսանում է ժամկետային զինծառայող։
9․ Բողոքաբերը փաստարկել է նաև, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը։
10․ Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը՝ կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Գ․Ասրյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
11. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մարտի 25-ի դատավճռով Գարուն Համլետի Ասրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ՝ Գարուն Ասրյանի նկատմամբ նշանակված՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի համար սահմանվել է 1 (մեկ) տարի ժամկետ՝ Գարուն Ասրյանին պարտավորեցնելով յուրաքանչյուր ամիս վճարել նվազագույնը 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
2021 թվականի ապրիլի 27-ին դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Փաստորեն, Գարուն Ասրյանը դատապարտվել է տուգանքի՝ երեքհարյուրապատիկի՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով և յուրաքանչյուր ամիս նա պարտավոր էր վճարել 25.000 ՀՀ դրամ: Դատարանն արձանագրում է, որ Գարուն Ասրյանը նշանակված տուգանքից որևէ մաս չի վճարել։
ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի»:
ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ՝ ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
Դատարանն արձանագրում է, որ նշված նորմի կիրառումը Գարուն Ասրյանի նկատմամբ անթույլատրելի է, քանի որ այն ուղղակիորեն վատթարացնում է վերջինիս վիճակը, քանի որ նրա կողմից հանցանքը կատարվել է 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման ժամանակ, որով այդպիսի կառուցակարգ նախատեսված չի եղել (…)»1(1)։
12. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Գարուն Ասրյանի կողմից հանցավոր արարք կատարելու ժամանակ գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և նույն թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաև` 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք) 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:
2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:
2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի»:
2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ՝ ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց» (2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նման կառուցակարգ նախատեսված չի եղել):
Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով դատախազի վերաքննիչ բողոքի փաստարկները, հարկ է համարում նշել, որ հանցավոր արարքի համար նշանակված պատժի փոխարինման հարցերը հանդիսանում են այդ արարքի քրեաիրավական հետևանքներ, որպիսի պայմաններում հանցանք կատարած անձի համար այդ քրեաիրավական հետևանքները վատթարացնող օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը (...)»2(2)։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
14. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ «4. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(…)
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
15. Մեջբերված նորմերի համեմատական վերլուծությունից երևում է, որ նախկին և գործող խմբագրությամբ քրեական օրենսգրքերում տուգանքը չվճարելու դեպքում նախատեսվել են տարբերվող իրավակարգավորումներ։ Մասնավորապես, ՀՀ նախկին քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում էր հանրային աշխատանքներով՝ երեք ժամը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց՝ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում, և հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց՝ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում։
ՀՀ գործող քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում օրենսդիրը նախատեսել է քննարկվող պատժատեսակի կատարումն ապահովող տարբեր մեխանիզմներ՝ պայմանավորված այն հանգամանքով՝ առկա է տուգանքը վճարելու անհնարինություն, թե խուսափում։ Մասնավորապես, տուգանքը վճարելու անհնարինության դեպքում կա՛մ երկարաձգվում է դրա վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը մեկ տարով, կա՛մ նշանակվում են հանրային աշխատանքներ։ Մինչդեռ, դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում օրենսդիրը, նախքան տուգանքն այլ պատժատեսակով փոխարինելը, նախատեսել է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հնարավորություն, եթե այդպիսին առկա է։ Գույքի բացակայության դեպքում տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` երեք օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց։
16. Անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու կարգավորմանը՝ անհրաժեշտ է փաստել, որ այն, ըստ էության, նորույթ է հայրենական քրեական օրենսդրությունում։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող ինստիտուտը նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորում է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
16.1. Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Այս առումով, համեմատության մեջ դիտարկելով հանրային աշխատանքներ պատժատեսակը և տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու կարգավորումը, անհրաժեշտ է արձանագրել, որ հանրային աշխատանքները թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսգրքերով նախատեսված են որպես հիմնական պատժատեսակ, ընդ որում պատժի համակարգի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ այն ավելի խիստ պատիժ է, քան տուգանքը։ Այսպես՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված պատժի համակարգում պատժատեսակներն ունեն հստակ տրամաբանական դասավորվածություն, մասնավորապես, համակարգված են նվազ խիստ պատժից դեպի առավել խիստը հաջորդականությամբ, իսկ ինչպես նախկին, այնպես էլ գործող քրեական օրենսդրությամբ տուգանքը նախորդում է հանրային աշխատանքներին։ Միևնույն ժամանակ, եթե տուգանքն օրենսդրորեն սահմանվում է որպես դրամական տուժանք, որն արտահայտվում է դատապարտյալի գույքային իրավունքների սահմանափակմամբ, ապա հանրային աշխատանքները, ըստ էության, հարկադրական բնույթ ունեցող, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում իրականացվող, չվարձատրվող աշխատանքներ են, որոնք արտահայտվում են անձի ֆիզիկական ազատության որոշակի առումով սահմանափակմամբ։ Բացի այդ, տուգանքի համեմատությամբ հանրային աշխատանքներ պատժատեսակի ավելի խիստ լինելու մասին է վկայում նաև այն, որ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությամբ տուգանքը չվճարելու դեպքում նախատեսված են այն հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ կառուցակարգեր։
17․ Հիմք ընդունելով սույն որոշման 15-16․1-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով, հետևաբար նշված փոփոխությանը պետք է հետադարձ ուժ տրվի։
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ։
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է Գ․Ասրյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի՝ 2022 թվականի օգոստոսի 19-ի միջնորդությունը՝ ընդգծելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված նորմի կիրառումը դատապարտյալի նկատմամբ անթույլատրելի է, քանի որ այն ուղղակիորեն վատթարացնում է վերջինիս վիճակը։ Մասնավորապես, Գ․Ասրյանի կողմից հանցանքը կատարվել է 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի գործողության ժամանակ, որով այդպիսի կառուցակարգ նախատեսված չի եղել3(3)։
Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումներն ամբողջությամբ բխում են օրենքով սահմանված կարգավորումներից և ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար4(4):
19․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-17-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է՝ միայն այն պատճառաբանությամբ, որ այդպիսի կառուցակարգ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված չի եղել, չի կարող հիմնավոր համարվել։
Մասնավորապես, ստորադաս դատարանները վերոնշյալ նորմը չեն դիտարկել նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների համատեքստում, որոնց համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։ Այլ կերպ՝ բռնագանձման ինստիտուտի կիրառմամբ, անձի նկատմամբ դատարանի դատավճռով նշանակված տուգանքն այլ՝ ավելի խիստ պատժատեսակով չի փոխարինվում, քանի որ բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և դուրս է պատժի համակարգից։ Ընդհակառակը, դրա կիրառմամբ դատապարտյալի պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացվում է։
19․1․ Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
20․ Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի իրավական վիճակը բարելավող է և դրան պետք է հետադարձ ուժ տրվի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, քանի որ արարքի կատարման պահին գործող նշված նորմով անձի վիճակը բարելավող օրենսդրության հետադարձ ուժի հարցում որևէ սահմանափակում նախատեսված չէր՝ ի տարբերություն գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի5(5), Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Նախ՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն եզրահանգմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված նորմն անձի վիճակը բարելավող է։ Այսպես՝ հիմք ընդունելով սույն որոշման 16.1-17-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող կարգավորում է։
Երկրորդ՝ քրեական օրենսդրության հետադարձ ուժի կանոնը նախկին քրեական օրենսգրքի համապատասխան կարգավորումների համեմատ խստացվելու պարագայում, դրան հետադարձ ուժ չտալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկը Վճռաբեկ դատարանի համար ևս ընդունելի չէ։
Այսպես՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածում ամրագրված են քրեական օրենսդրության հետադարձ ուժի ընդհանուր կանոնները, որոնց հիման վրա «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել են 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրվող 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության հիմնական ուղղությունները։ Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-9-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով հանցավորության լրիվ կամ մասնակի վերացումը, պատժի մեղմացումը կամ հանցանք կատարած անձի վիճակի այլ կերպ բարելավումն ապահովվում է՝ հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված կանոնները։ Այլ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու և դրանով ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից՝ 2022 թվականի հուլիսի 1-ից, ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված հետադարձության կանոններն անմիջական գործողություն են ստացել։
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական օրենսդրության հետադարձությունը սահմանող նորմը քրեական օրենսգրքի գործողության ընդհանուր կանոն է, որն անմիջականորեն սկսում է գործել քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից՝ անկախ այն հանգամանքից՝ վերոնշյալ կանոնը նախկին քրեական օրենսդրության համեմատ խստացվել, թե մեղմացվել է։
21․ Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 8-8․1-րդ կետերում մեջբերված փաստարկներին առ այն, որ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելու իրավակարգավորումներն այլևս չեն գործում, իրավակիրառողին այլ տարբերակ չի մնում, քան հանրային աշխատանքների փոխարեն ազատազրկում նշանակել՝ նկատի ունենալով նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ ինքնին այլընտրանք է դառնում անձի ազատության իրավունքի սահմանափակմանը, ինչն ավելի մեծ արժեք է, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարվելու դեպքում, ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումը ոչ թե այլընտրանք է դառնում ազատազրկմանը, ինչպես փաստարկել է բողոք բերած անձը, այլ միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով։ Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան։
22. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել չվճարված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումը Գ․Ասրյանի նկատմամբ կիրառելու հնարավորության հարցը։
Թեև սույն որոշման շրջանակներում կատարված վերլուծությունից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգավորումն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, այնուամենայնիվ դրա կիրառելիության հարցը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկման ենթարկվի կոնկրետ գործի փաստական տվյալների համատեքստում, քանի որ հնարավոր են այնպիսի առանձնահատուկ հանգամանքներ, որոնց ուժով ընդհանուր առմամբ մեղմացնող կարգավորումը կոնկրետ դեպքում ոչ միայն այդպիսի նշանակություն չունենա, այլ հակառակը՝ որևէ կերպ վատթարացնի անձի վիճակը։
Այսպես՝ սույն գործի փաստերից հետևում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի միջնորդությունը՝ Գ․Ասրյանի նկատմամբ նշանակված 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դատապարտյալը ժամկետային զինծառայող է6(6)։ Այլ կերպ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ առկա է Գ.Ասրյանի նկատմամբ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ օրենսդրական արգելք։
Մասնավորապես, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանրային աշխատանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ»: Ընդ որում, զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ հանրային աշխատանքներ նշանակելու արգելք նախատեսված է նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշման 15-17-րդ կետերում կատարված վերլուծությունից հետևում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով։ Ուստի, եթե ի սկզբանե առկա է նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, ապա բռնագանձման ինստիտուտն անձի համար ձեռք է բերում վատթարացնող բնույթ, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, չի կարող հետադարձ ուժ ունենալ։
23. Այսպիսով, սույն որոշմամբ կատարված վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թեև սխալ է հիմնավորել այն, սակայն կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
24․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-386-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Դատապարտյալ Գարուն Համլետի Ասրյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
__________________
1 Տե՛ս նյութեր, թերթ 31։
2 Տե՛ս նյութեր, թերթեր 86-87։
3 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
4 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: