Գլխավոր տեղեկություն
Համար
N 368
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.09.1996-05.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1996 թվականի N 368

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման գործընթացի բարելավման, բյուջետային կարգապահության բարձրացման, պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ ձևերի ներդրման և իրագործման նպատակով`

1. (կետն ուժը կորցրել է 25.09.96 N 533)

2. (կետն ուժը կորցրել է 25.09.96 N 533)

3. (կետն ուժը կորցրել է 25.09.96 N 533)

4. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեների միջոցների հաշվին պահվող հիմնարկների և կազմակերպությունների կողմից ծախսերի կատարման ժամանակավոր կարգը (կցվում է):

Սույն ժամանակավոր կարգը գործում է 1996 թվականի հուլիսի 1-ից մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` աջակցել Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարությանը գանձապետական համակարգի ներդրման կազմակերպման հարցերի լուծման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրման գործում:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներն ապահովել անհրաժեշտ աշխատանքային տեղերով և համապատասխան գույքով:

7. (կետն ուժը կորցրել է 25.09.96 N 533)

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 1996 թ.
հունիսի 25-ի N 368 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 25.09.96 N 533)

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 1996 թ.
հունիսի 25-ի N 368 որոշման

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 25.09.96 N 533)

 

 


 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 1996 թ.
հունիսի 25-ի N 368 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 25.09.96 N 533)

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
հունիսի 25-ի N 368 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետև` կենտրոնական գանձապետարան) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ենթակա կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքի ու տեղական գանձապետական բաժանմունքների համակարգ է:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանը (այսուհետև` գանձապետարան) իրագործում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, պետության դրամական միջոցների, այլ ակտիվների և պարտքերի, գանձապետական միասնական հաշվի կառավարման գործառնությունները և պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար:

3. Գանձապետարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններով, հրահանգներով և սույն կանոնադրությամբ:

4. Կենտրոնական գանձապետարանը, կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքը և տեղական գանձապետական բաժանմունքներն ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ

5. Կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքը և տեղական գանձապետական բաժանմունքներն իրավաբանական անձինք են: Դրանց պահպանման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Գանձապետարանի հիմնական խնդիրները և գործառույթները

 

6. Գանձապետարանի հիմնական խնդիրներն են`

ա) հանրապետական և տեղական բյուջեների կատարման ապահովումն ու ընթացիկ վերահսկողությունը.

բ) հանրապետական և տեղական բյուջեների կատարման մասին հաշվետվական գործունեության կազմակերպումը և իրականացումը.

 գ) հանրապետական և տեղական բյուջեների եկամուտների հաշվառման և վճարումների կատարման աշխատանքների կազմակերպումը և ապահովումը.

դ) պետության դրամական միջոցների, այլ ակտիվների և պարտքերի, գանձապետական միասնական հաշվի կառավարման գործառնությունների իրականացումը.

ե) բանկերի կողմից հանրապետական և տեղական բյուջեների սպասարկման հետ կապված հարցերի կանոնակարգումը.

զ) հանրապետական և տեղական բյուջեների դրամարկղային կատարման մեթոդական ղեկավարումը, բյուջետային դասակարգման միջազգային ստանդարտների ներդրումը, հանրապետական և տեղական բյուջեների փոխհարաբերությունների կարգավորումը.

է) համապատասխան բյուջեների դրամարկղային կատարման ընթացիկ պլանների կազմումը և կատարումը.

ը) բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարումը, ներքին ֆինանսական աուդիտի կազմակերպումն ու իրականացումը:

7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան, գանձապետարանը`

ա) իրագործում է հանրապետական և տեղական բյուջեների եկամուտների ու ծախսերի դրամարկղային կատարումը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին. պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում համապատասխան բյուջեների կատարման մասին ընթացիկ ու տարեկան հաշվետվություններ.

գ) իր իրավասության սահմաններում կազմակերպում ու կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և մյուս բանկերի կողմից բյուջեների սպասարկման հետ կապված հիմնահարցերը.

 դ) կազմակերպում և իրականացնում է պետության դրամական միջոցների հավաքագրումը Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե.

ե) կանոնակարգում է պետության դրամական միջոցների և այլ ակտիվների շարժը, ձեռնարկում միջոցներ դրանց արդյունավետ օգտագործման համար.

զ) իրականացնում է հարկաբյուջետային իրավիճակի վերլուծություն և կանխատեսումներ, վերլուծում ու քննարկում է բյուջեների կատարման արդյունքները, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում եզրակացություններ ու առաջարկություններ.

է) ապահովում է պետության ներքին և արտաքին պարտքերի արդյունավետ սպասարկումը, իրականացնում այդ պարտքերի կառավարման այլ գործառույթներ.

 ը) ընդհանրացնում է իր իրավասության հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության գործնական կիրառման փորձը, այդ նպատակով ստանում, ուսումնասիրում և ամփոփում է անհրաժեշտ տեղեկատվություն.

 թ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքներին, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի քննարկմանն է ներկայացնում ֆինանսատնտեսական, դրամավարկային և արժութային, հարկաբյուջետային միասնական պետական քաղաքականության իրականացման ու կատարելագործման ուղղությամբ իր իրավասության հարցերի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.

 ժ) ձեռնարկում է միջոցներ հանրապետական և տեղական բյուջեների կատարումն ապահովելու, ինչպես նաև դրանց կատարման ընթացքում եկամուտների ու ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման համար.

 ի) մասնակցում է գանձապետարանի իրավասության հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակման և կնքման աշխատանքներին.

լ) իրականացնում է գանձապետարանի գործառնությունների համակարգչայնացումը, ձեռնարկում միջոցներ գանձապետական միասնական հաշվի կառավարման արդիական համակարգերի ներդրման համար.

խ) իրականացնում է ներքին ֆինանսական աուդիտ` համապատասխան բյուջեներով նախատեսված եկամուտների դրամարկղային կատարման, հատկացումների (ծախսերի) օգտագործման (ֆինանսավորման) ճշտության և նպատակայնության ուղղությամբ.

բանկերի կողմից բյուջեների սպասարկման գործընթացի կազմակերպման և իրականացման ուղղությամբ.

բյուջետային հիմնարկների կողմից բյուջետային դասակարգման պահպանման, հաշվառման վարման և հաշվետվական գործունեության իրականացման ուղղությամբ.

 ծ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

III. Գանձապետարանի աշխատանքների կազմակերպումը

 

8. Գանձապետարանն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է տարեկան աշխատանքային ծրագրի հիման վրա:

9. Գանձապետարանն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է իր տնօրինությանը հանձնված պետական գույքի խնայողաբար և արդյունավետ օգտագործումը:

11. Գանձապետարանը սահմանափակում, իսկ անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությամբ, ժամանակավորապես դադարեցնում է հանրապետական բյուջեից միջոցների հատկացումը նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների կողմից ծախսերի կատարումը բյուջետային միջոցների անօրինական կամ ոչ նպատակային ծախսումներ թույլ տալու և համապատասխան բյուջեներից հատկացված միջոցների օգտագործման մասին հաշվետվությունները սահմանված կարգով չներկայացնելու դեպքերում:

12. Գանձապետարանը գլխավորում է գլխավոր գանձապետը, որն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:

Գլխավոր գանձապետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Գանձապետարանի ղեկավար աշխատողներին և մասնագետներին պաշտոնի է նշանակում ու պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը` գլխավոր գանձապետի ներկայացմամբ:

13. Գլխավոր գանձապետը`

ա) ղեկավարում և համակարգում է գանձապետարանի ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն կրում գանձապետարանի առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է կենտրոնական գանձապետարանի, կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքի և տեղական գանձապետական բաժանմունքների ղեկավարների իրավասության շրջանակները.

 գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում տալիս է ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների համար.

դ) գանձապետարանի կառավարման և աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը քննարկում ու լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա.

 ե) միջոցներ է ձեռնարկում գանձապետարանի պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը հակասող հրահանգները, պարզաբանումներն ու ցուցումներն ուժը կորցրած ճանաչելու և կասեցնելու համար.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

14. Գլխավոր գանձապետի բացակայության ժամանակ, վերջինիս պարտականությունների կատարումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով դրվում է կենտրոնական գանձապետարանի ղեկավարներից մեկի վրա` գլխավոր գանձապետի ներկայացմամբ:

15. Գանձապետարանը կազմակերպում է կենտրոնական գանձապետարանի, կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքի և տեղական գանձապետական բաժանմունքների աշխատողների որակավորման բարձրացման ուսուցում, անցկացնում աշխատողների ատեստավորման, նրանց մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջների սահմանման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման աշխատանքները:

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
հունիսի 25-ի N 368 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀՎՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում է հանրապետական և տեղական բյուջեների միջոցների հաշվին պահվող հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետև` բյուջետային հիմնարկներ) բանկային հաշիվներից բյուջեով սահմանված ծախսերի կատարման կարգը:

2. Բյուջետային հիմնարկները (անկախ գերատեսչական ենթակայությունից) բանկային հաշիվներից ծախսային գործառնություններ կատարելու համար հաշվառվում են իրենց գտնվելու վայրի տեղական գանձապետական բաժանմունքում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանը բյուջետային հիմնարկների գտնվելու վայրի տեղական գանձապետական բաժանմունքներին է տրամադրում այդ հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Բյուջետային հիմնարկները համապատասխան տեղական գանձապետական բաժանմունք են ներկայացնում իրենց պահպանման ծախսերի հաստատված նախահաշիվները, դրանցում կատարված փոփոխություններն ու լրացումները:

4. Բյուջետային հիմնարկները համապատասխան տեղական գանձապետական բաժանմունք են ներկայացնում բանկում գործառնությունների իրականացման համար վճարային փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները:

5. Տեղական գանձապետական բաժանմունքները համապատասխան բանկ (բանկեր) են ներկայացնում տեղական գանձապետական բաժանմունքի պետի և գլխավոր հաշվապահի ստորագրությունների նմուշները:

6. Բյուջետային հիմնարկը լրացնում է բանկում գործառնությունների իրականացման համար բանկին ներկայացվելիք անհրաժեշտ վճարային փաստաթղթերի (հանձնարարագիր, չեկ և այլն) լրացուցիչ օրինակ (չեկի կրկնօրինակ) տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառելու համար:

7. Բյուջետային հիմնարկը լրացված վճարային փաստաթղթերի բոլոր օրինակները, մինչև բանկին ի կատարումն հանձնելը, նախապես ներկայացնում է տեղական գանձապետական բաժանմունք:

8. Տեղական գանձապետական բաժանմունքը հաշվառման համար մուտքագրված փաստաթղթերի օրինականությունը, դրանց ճիշտ և լրիվ լրացումը, բյուջետայն դասակարգմանը և սահմանված պլանին համապատասխանությունն ստուգելուց հետո իր համար լրացված վճարային փաստաթղթի օրինակը հաստատում է բաժանմունքի կնիքով և պետի ստորագրությամբ, որից հետո կատարվում է գրանցում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած ձևի վճարումների գրանցման մատյանում: Գրանցումից հետո բոլոր փաստաթղթերը վերադարձվում են բյուջետային հիմնարկ:

9. Ոչ ճիշտ ձևակերպված ու կազմված, ոչ արժանահավատ տվյալներ պարունակող, ինչպես նաև ոչ օրինական գործառնություններ արտացոլող վճարային փաստաթղթերը համապատասխան նշումներով վերադարձվում են բյուջետային հիմնարկ սահմանված ձևով լրացվելու և նորից ներկայացվելու համար:

10. Բյուջետային հիմնարկը, տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառված և հաստատված վճարային փաստաթղթերն ստանալուց հետո դրանք ներկայացնում է բանկ գործառնությունը կատարելու համար:

11. Բանկն այդ փաստաթղթերի հիման վրա կատարում է համապատասխան գործառնությունը այդ մասին նշագրելով փաստաթղթերի համապատասխան օրինակներում, այդ թվում տեղական գանձապետական բաժանմունքի հաստատած օրինակում:

12. Բանկը բանկային գործառնական օրվա ավարտից հետո լրացնում է բյուջետային հիմնարկների հաշիվներից տվյալ օրը կատարված վճարումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած ձևի վճարումների ցուցակ և այն տեղական գանձապետական բաժանմունքի կողմից հաստատված փաստաթղթերի հետ միասին ուղարկում տեղական գանձապետական բաժանմունք:

13. Բյուջետային հիմնարկներին սպասարկող բանկերը, առանց տեղական գանձապետական բաժանմունքների հաստատած փաստաթղթերի ներկայացման, բյուջետային հիմնարկների բանկային հաշիվներից որևէ ծախսային գործառնություն չեն իրականացնում:

14. Տեղական գանձապետական բաժանմունքները, բանկերից ստանալով վճարումների ցուցակը` կից փաստաթղթերով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած ձևի` ծախսերի վերահսկման մատյանում կատարում են համապատասխան գրառում:

15. Տեղական գանձապետական բաժանմունքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանին և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին բյուջետային հիմնարկների ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով և ժամկետներում:

16. Սույն կարգը տարածվում է բյուջետային հիմնարկների բյուջետային և արտաբյուջետային բոլոր հաշիվներից ծախսային գործառնություններ կատարելու դեպքում: