Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԱՔԴ/0209/06/16

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

   

Ե. Դանիելյանի

   

Լ. Թադևոսյանի

   

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

25 մայիսի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի և 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումների դեմ Էդգար Գառնիկի Դավթյանի պաշտպան Հ.Ալումյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

   

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2016 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է թիվ 61202016 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով:   

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ, Էդգար Գառնիկի Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ մեղադրյալ Է.Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպան Ն.Պետրոսյանի միջնորդությունը:

3. Մեղադրյալ Է.Դավթյանի պաշտպաններ Ն.Պետրոսյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 12-ի որոշումը:

4. Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ, պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

5. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2016 թվականի հունիսի 7-ի որոշմամբ, մեղադրյալ Է.Դավթյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով։ Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

6. Մեղադրյալ Է.Դավթյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 7-ի որոշումը։

7. Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

8. 2016 թվականի դեկտեմբերի 28-ին Է.Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան)

9. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 30-ի դատավճռով Է.Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով։ Վերոնշյալ դատավճռի դեմ Է.Դավթյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 30-ի դատավճիռը թողել է անփոփոխ, և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Է.Դավթյանին ազատել է նշանակված պատիժը կրելուց: Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Էդ.Դավթյանի և նրա պաշտպան Ն.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է1(1)։

10. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին որոշում է կայացրել Է.Դավթյանի գանգատն իր կողմից քննվող գործերի ցանկից հանելու մասին2(2):

11. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով Է.Դավթյանին վերաբերող մասով Եվրոպական դատարանի որոշումը՝ Է.Դավթյանի պաշտպան Հ.Ալումյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

12. 2021 թվական մարտի 24-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի և 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումների՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու և պաշտպանի ներկայացրած բողոքները Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին3(3): Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Պաշտպան Հ.Ալումյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով Է.Դավթյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի և 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումները, բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, նախաքննության մարմնի միջնորդությունները ճանաչել անհիմն և մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

  Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

14. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ե.Կիրակոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 21-ի միակողմանի հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները սույն գործի առնչությամբ ընդունում են, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավունքների խախտում և առաջարկում են պարոն Էդգար Դավթյանին վճարել 600 (վեց հարյուր) եվրո՝ իր կրած ցանկացած և ամբողջ վնասի դիմաց:

Վերոնշյալ գումարն ազատված կլինի գանձման ենթակա ցանկացած հարկից և կփոխարկվի Հայաստանի Հանրապետության դրամի` վճարման օրը գործող փոխարժեքով՝ գործը իր քննվող գործերի ցանկից հանելու մասին Դատարանի որոշումը ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, Կառավարությունը պարտավորվում է վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք հաշվարկել՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ: Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում (...)»4(4):

15. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Է.Դավթյանին և մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման մասին ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունները, Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է.

«(…) Կառավարությունն ընդունել է, որ խախտվել են դիմումատուների՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված իրավունքները: Այն առաջարկել է դիմումատուներին վճարել (…) ներկայացված գումարները և Դատարանին առաջարկել է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:

(...) Դատարանը նշում է, որ 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը հնարավորություն է տալիս գործը քննվող գործերի ցուցակից հանելու, եթե՝

«…Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»։

Այսպիսով, Դատարանը կարող է 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն գանգատները հանել գործերի ցուցակից՝ պատասխանող Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուները ցանկություն են հայտնում, որ գործի քննությունը շարունակվի (տե՛ս, Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) ՄՊ] Tahsin Acar v. Turkey (preliminary objections) [GC]] վճիռը, թիվ 26307/95, §§ 75-77, ՄԻԵԴ 2003-VI):

Դատարանը սահմանել է հստակ և ծավալուն նախադեպային իրավունք այն բողոքների առնչությամբ, որոնք վերաբերում են ներպետական դատարանների կողմից կալանքի համար համապատասխան և բավարար պատճառներ չներկայացնելուն (տե՛ս, օրինակ, Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 629/11, §§ 48 և այլն, 2016 թվականի հոկտեմբերի 20):

Հաշվի առնելով Կառավարության հայտարարությունների մեջ բերված փաստարկների բնույթը, ինչպես նաև առաջարկվող փոխհատուցման գումարը, որը համապատասխանում է համանման գործերով շնորհված գումարներին՝ Դատարանը համարում է, որ գանգատների քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ (37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ):

Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ Դատարանը բավարարված է համարում այն պայմանը, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, չի պահանջում շարունակել գանգատների քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ):

Ի վերջո, Դատարանն ընդգծում է, որ եթե Կառավարությունը չկատարի իր միակողմանի հայտարարությունների պայմանները, գանգատները կարող են վերստին ընդգրկվել քննվող գործերի ցուցակում՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (տե՛ս, Յոսիպովիչն ընդդեմ Սերբիայի (որոշում) [Josipovic v. Serbia (dec.)], թիվ 18369/07, 2008 թվականի մարտի 4):

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործերը հանել քննվող գործերի ցուցակից՝ կապված կալանքի համար համապատասխան և բավարար պատճառների բացակայության վերաբերյալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքների հետ։ (…)»5(5):

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի և 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումները նոր հանգամանքով վերանայելու համար։

 17. Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե՝

ա. դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,

բ. վեճն արդեն կարգավորվել է,

գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:

Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:

2. Դատարանը կարող է որոշել գանգատը վերստին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա»:

17.1. Եվրոպական դատարանի կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 62Ա1 կանոնի համաձայն` «1. (Ա) Եթե գանգատաբերը մերժում է Դատարանի կանոնակարգի 62-րդ կանոնով սահմանված բարեկամական կարգավորման պայմանները, Բարձր պայմանավորվող կողմը կարող է Դատարան ուղարկել խնդրանք` քննության ենթակա գործերի ցուցակից գանգատը հանելու վերաբերյալ` համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի:

(Բ) Նման խնդրանքն ուղեկցվում է հայտարարությամբ, որով պատասխանող պետությունը հստակ հասկանալի կերպով պետք է ընդունի, որ գանգատաբեր անձի գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում` միաժամանակ իր վրա վերցնելով պարտականություն հատուցելու գանգատաբեր անձին պատճառված վնասները, և, եթե անհրաժեշտ է, նաև ձեռնարկելու միջոցներ խախտման հետևանքները վերացնելու համար (…)»:

17.2. Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) 37-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ հանգամանքները՝

- գանգատի բնույթը,

- նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռների կատարման համատեքստում Կառավարության կողմից ձեռնարկված միջոցների բնույթը, շրջանակը և դրանց ազդեցությունը խնդրո առարկա գործի վրա,

- միակողմանի հայտարարությամբ զիջումների բնույթը, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի խախտման ճանաչումը և նման խախտման համար համապատասխան փոխհատուցման վճարումը,

- խնդրի առնչությամբ համապատասխան կամ «հստակ և ծավալուն» նախադեպային իրավունքի առկայությունը, այլ կերպ՝ արդյոք բարձրացված հարցերը նույնական են Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռներով որոշված հարցերի հետ,

- այն եղանակը, որով Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել դիմումատուին, և արդյոք դա հնարավոր է դարձնում վերացնել ենթադրյալ խախտման հետևանքները6(6)։

17.3. Վերջին հանգամանքի առնչությամբ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ վճռով Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրելու դեպքում, պետությանը խախտումը վերացնելուն և մինչև խախտումը եղած վիճակը վերականգնելուն պարտավորեցնելու սկզբունքը կիրառելի է նաև միակողմանի հայտարարության դեպքում7(7): Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ գործի վերաբացումը որոշակի հանգամանքներում մինչև խախտումը եղած վիճակը՝ restitutio in integrum, վերականգնելու առավել արդյունավետ, եթե ոչ միակ միջոցն է8(8):   Այսինքն՝ Եվրոպական դատարանը կարևոր է համարում, որ գործի վերաբացման առումով ներպետական օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունները Կառավարության միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին որոշման դեպքում համարժեք լինեն վճռի կայացման դեպքում նախատեսված հնարավորություններին9(9)։

17.4. Եվրոպական դատարանը որոշ դեպքերում չի ընդունել պետության միակողմանի հայտարարությունն այն պատճառով, որ ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ ներպետական մակարդակով գործի վերաբացման հնարավորություն։ Այսպես, օրինակ, Ռուսաստանի Դաշնության դեմ գործերից մեկով կայացված վճռով Եվրոպական դատարանը չի հաստատել Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը` իրավունքի խախտման փաստն ընդունելու և արդարացի փոխհատուցում տրամադրելու մասին՝ նշելով, որ Կառավարությունը չի պարտավորվել վերաբացել գործի քննությունը ներպետական մակարդակում կամ երաշխավորել նոր դատավարություն՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ապահովմամբ։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործով վկայակոչվող իրավունքի խախտման բնույթն այնպիսին է, որ դիմողի արդար դատաքննության իրավունքի խախտման հետևանքները չեն կարող վերացվել առանց գործի վերաբացման, իսկ ներպետական օրենքը հնարավորություն է տալիս գործի վերաբացում միայն դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում գտնելու դեպքում։ Արդյունքում, Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը չի ընդունվել, քանի որ գանգատը քննման ենթակա գործերի ցանկից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշման հիմքով գործի վերաբացման վերաբերյալ կարգավորում ներպետական օրենքը չի նախատեսել10(10)։

17.5. Համանման կերպով, մի շարք գործերով  Եվրոպական դատարանը չի հաստատել Կառավարության միակողմանի հայտարարությունը` նշելով, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված չէ գործի վերաբացման հնարավորություն11(11):

 17.6. Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդունելի է համարում ոչ միայն ներպետական օրենքում բարեկամական կարգավորումը կամ միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին դատարանի որոշումը որպես գործի վերաբացման հիմք ուղղակի նախատեսելը12(12), այլ ձևավորված իրավակիրառ պրակտիկայում ներպետական օրենքի մեկնաբանությունն այն հաշվով, որ հնարավոր լինի գործի վերաբացումը միակողմանի հայտարարության հիմքով13(13)։

17.7. Այսպես, օրինակ, Վրաստանի դեմ գործերից մեկով, Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի այն առարկությանը, որ Կառավարության միակողմանի հայտարարության դեպքում չի կարողանա պահանջել կրկնակի քննություն և այդպիսով ամբողջական վերականգնել իր հեղինակությունը, նախ փաստել է, որ քրեական վարույթի վերաբացման համատեքստում ներպետական օրենքի համապատասխան դրույթը հստակ նախատեսում է, որ ոչ միայն դատարանի վճիռը, այլև Եվրոպական կոնվենցիայի դրույթի խախտման մասին եզրակացություն պարունակող որոշումը կարող է գործի վերաբացման հիմք լինել: Հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև Եվրոպական դատարանի կանոնակարգով սահմանված ընթացակարգերը՝ Եվրոպական դատարանն արդյունքում եզրահանգել է, որ միակ հնարավոր որոշումը, որը կարող է հղում պարունակել Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտման՝ Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա գործը ցուցակից հանելու որոշումն է14(14):

18. Վերոնշյալ կոնվենցիոնալ նորմի, Եվրոպական դատարանի կանոնակարգի 62Ա1 կանոնի, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից բխում է, որ միակողմանի հայտարարությունը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ պետությունը հստակ ճանաչում է Եվրոպական կոնվենցիայի կոնկրետ դրույթի կամ դրույթների խախտումը և պարտականություն է ստանձնում միջոցներ ձեռնարկել խախտման հետևանքները վերացնելու և (կամ) մինչև խախտումը եղած վիճակը վերականգնելու համար: Ինչպես բխում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելու հիմքը, ի թիվս այլնի, պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման փաստի ճանաչումն է, և այդ խախտման հետևանքները վերացնելու հանձնառություն ստանձնելը: Հետևաբար, Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտման մասին հղում պարունակող, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվորպական դատարանի որոշումը, ինչպես և վճռի պարագայում, հավասարապես պարտավորեցնում է պետությանը միջոցներ ձեռնարկել խախտման հետևանքները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ գործը վերաբացելու եղանակով, ուստի այդ որոշման հիման վրա գործի վերաբացման հնարավորության բացառումն անհամատեղելի կլինի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

19. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-ին հոդվածի  համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը. (…)»։

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերի վերանայման հիմք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով, այլ նաև որոշմամբ հիմնավորված անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը: Սույն որոշման 17-18-րդ կետերում ներկայացված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը ևս հիմք է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու համար։

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով Եվրոպական դատարանի 2020 թվականի  սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի և 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումները նոր հանգամանքով վերանայելու համար։

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 12-ի և 2016 թվականի հունիսի 7-ի որոշումները և դրանք օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 21-ի և 2016 թվականի հունիսի 20-ի որոշումները բեկանելու համար:

23.  Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

24. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ 

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը, 

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»15(15)։

25. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ  պետություններին ուղղված  հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով restitutio in integrum` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Եվրոպական կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ.

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Եվրոպական կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որը լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

26. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն՝ կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ16(16):

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

27.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»17(17):

28. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումն է։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը չպետք է միանշանակ կերպով դիտարկվի որպես գործերի վերաբացման անվերապահ հիմք։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյոք գործով կայացված վերջնական դատական ակտի բեկանումը restitutio in integrum ապահովելու լավագույն միջոցն է։

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ե.Կիրակոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 21-ի միակողմանի հայտարարության համաձայն՝ Կառավարությունն ընդունել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավունքների խախտում և առաջարկել են Է.Դավթյանին վճարել 600 (վեց հարյուր) եվրո18(18),

- Եվրոպական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ, հիմք ընդունելով Էդգար Դավթյանին և մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման մասին ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունները, որոշել է գանգատների այս մասը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան հանել իր գործերի ցուցակից19(19),

- Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 30-ի դատավճռով Է.Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով։ Վերոնշյալ դատավճռի դեմ Է.Դավթյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, դատավճիռը թողել է անփոփոխ, և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Է.Դավթյանին ազատել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց: Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 8-ի որոշամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Է.Դավթյանի և նրա պաշտպան Ն.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է20(20):

30. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 23-28-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկված որոշումները վերաբերել են Է.Դավթյանի շարունակական կալանքին, սակայն քրեական գործի ըստ էության քննության արդյունքում նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ վերջինս ազատվել է պատժի կրումից:

Տվյալ պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշմամբ արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Է.Դավթյանի շարունակական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը։

Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք չէ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 12-ի և  2016 թվականի հունիսի 7-ի որոշումները, դրանք օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 21-ի և 2016 թվականի հունիսի 20-ի որոշումները բեկանելու համար:

 Վերոգրյալի հետ մեկտեղ անհրաժեշտ է փաստել, որ համանման պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի հունիսի 5-ի վճռի հիման վրա հարուցված վերանայման վարույթի շրջանակներում նոր հանգամանքի հիմքով Արարատ Մուրադխանյանի նախնական կալանքի վերաբերյալ որոշումների բեկանման պահանջով ներկայացված վճռաբեկ բողոքը21(21)։ Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկողություն է իրականացնում Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ, 2018 թվականի հունիսի 7-ի թիվ CM/ResDH(2018)191 բանաձևով քննարկել է Հայաստանի վերաբերյալ կայացված ընդհանուր թվով յոթ վճիռների, այդ թվում` Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի վճռի կատարման ընթացքը և արձանագրել, որ նշված գործերով անհատական միջոցառումներն իրականացված են, արդարացի փոխհատուցումները վճարված են և մեղադրյալներից ոչ մեկը չի գտնվում մինչդատական կալանքի տակ, նրանք դատապարտվել կամ ազատ են արձակվել։ Արդյունքում հիշյալ գործերի կատարման նկատմամբ վերահսկողությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հայտարարվել է փակված22(22)։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ,  415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ,  426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի և 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել։

 2. Վերանայման արդյունքում Էդգար Գառնիկի Դավթյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

____________________________

1 Տե'ս քրեական գործ թիվ ԱՐԴ/0064/01/16, datalex.am դատական տեղեակտվական համակարգ։

2 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ $Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների# գործով Էդ.Դավթյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, գանգատ թիվ 56724/12:

3 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

4 Տե՛ս, նյութեր հատոր 2-րդ, թերթ 136:

5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ $Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների# գործով Էդ.Դավթյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, գանգատ թիվ 56724/12:

6 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tahsin Acar v. Turkey գործով 2003 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26307/95, կետեր 75-77:

7 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Cereale Flor S.a. And Rosca v. Moldova գործով 2017 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատներ թիվ 24042/09 և 3159/10, կետեր 28:

8 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Davydov v. Russia գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, կետ 27, Malininas v. Lithuania գործով 2008 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 10071/04, կետ 43, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, կետ 263:

9 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Igranov and others v. Russia գործով 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 42399/13 և այլ, 26-րդ կետ։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Rozhin v. Russia գործով 2011 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 50098/07, կետ 23։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Vojtěchovո v. Slovakia գործով 2012 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 59102/08, 26-28-րդ կետեր, Hakimi v. Belgium գործով 2010 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 665/08, 29-րդ կետ, Davydov v. Russia գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, 31-32-րդ կետեր։

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Eroğlu and Akdemir v. Turkey գործով 2019 թվականի ապրիլի 2-ի որոշումը, գանգատ թիվ 6337/10։

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tabagari v. Georgia գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատներ թիվ 70820/10 և 60870/11, Mazanashvili v. Georgia գործով 2014 թվականի հունվարի 24-ի որոշումը, գանգատ թիվ 19882/07, Vashakidze v. Georgia գործով 2014 թվականի հունվարի 28-ի որոշումը, գանգատ թիվ 41359/08, Manukian v. Georgia գործով 2016 թվականի մայիսի 3-ի որոշումը, գանգատ թիվ 49448/08։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Taktakishvili v. Georgia գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատ թիվ 46055/06, կետ 22:

15 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

16 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:

17 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:

20 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը։

21 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Մուրադխանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ-01/13 որոշումը։

22 Տե'ս բանաձևը հետևյալ հղմամբ` https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID= 09000016808a08a7։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան