Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-115-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.07.2008-01.12.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.719
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի հունիսի 10-ին

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 2.1. Հաստատել 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (Հավելված 3-ը կցվում է):»:

 

Հոդված 2. Օրենքով հաստատված ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետով.

 

«6.3. 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 240 մլն մ3 :»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-115-Ն

 

 

«Հավելված 3.

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ներածություն

 

2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է` համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետի 2-րդ մասի դրույթների:

Ծրագրում ներառված են տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները:

Ծրագիրը նպատակաուղղված է 2008 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու, ինչպես նաև ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման հիմք ստեղծելուն:

Ծրագիրը մշակված է` ելնելով հանրապետությունում ստեղծված եղանակային և բնակլիմայական պայմաններից:

 

2. Ներկա վիճակի վերլուծություն

 

Ոռոգման սեզոնը 2008 թվականին սկսվեց ապրիլ ամսին, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ էր: Տեղումների երկարատև անբավարարության կամ իսպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի և հարաբերական ցածր խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած` հանրապետությունում առկա էին երաշտին բնորոշ բոլոր երևույթները:

Կայուն ջրամատակարարումը հնարավոր եղավ իրականացնել հետևողական և համակարգված գործողությունների շնորհիվ, այդ թվում` ս.թ. ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը Սևանա լճից վերցված շուրջ 9.7 մլն մ3 ջրաքանակի (առ 14.05.2008 թ. Սևանա լճից վերցվել է 33.1 մլն մ3  ջրաքանակ), որոշ դոտացիոն ջրամբարներից (մասնավորապես, Ազատի և Ապարանի) ջրի ժամանակից շուտ բացթողումների, ինչպես նաև խորքային հորերի և պոմպակայանների աշխատեցման հաշվին, որոնք և դարձան ջրաքանակի դեֆիցիտի ծածկման հիմնական աղբյուրները:

2001-2007 թթ. ընթացքում Սևանա լճից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա ոռոգման նպատակով ջրաքանակ հիմնականում բաց է թողնվել հունիսի առաջին տասնօրյակից սկսած:

Նմանատիպ աննախադեպ պատկեր է նաև ոռոգման սեզոնում ռազմավարական և դոտացիոն նշանակություն ունեցող Ապարանի և Ազատի ջրամբարներում: Մասնավորապես, 14.05.2008 թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 27.93 մլն մ3, որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 57.2 մլն մ3-ով, իսկ Ազատի ջրամբարի լցվածությունը 14.05.2008 թ. դրությամբ կազմել է 45.96 մլն մ3, որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 25.06 մլն մ3-ով:

 

3. Ծրագրի հիմնական նպատակը և առաջնային խնդիրները 

 

Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպես նաև ամբողջական ջրամատակարարման համար համապատասխան պայմանների ստեղծումը:

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրներն են`

- 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը սահմանելով մինչև 240 մլն մ3.

- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի և Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ օգտագործումը.

- Սևանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ օգտագործումը.

- հաշվետվության և վերահսկողության ապահովումը.

- օրենսդրական դաշտի ապահովումը:
 

4. Ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները 

 

Նկատի ունենալով փաստացի առկա վիճակը և եղանակային կանխատեսումները` ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ` համակարգի բարձր պատրաստվածության ապահովման, խորքային պոմպերը և պոմպակայանները լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաստ վիճակում պահելու, ջրի կորուստների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջրի վերցման և ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջօրյա աշխատանքների կազմակերպման և այլ ուղղություններով:

Վերը նշված աշխատանքների իրականացմանը զուգընթաց կպահանջվի Սևանա լճից լրացուցիչ ջրառ: Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների (համաձայն ջրօգտագործողների ընկերությունների տված վերջնական հայտերի) մակերեսը կազմում է շուրջ 42.7 հազ. հա, որոնց ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմեն շուրջ 511.8 մլն մ3: Նշված ծավալի ջրի կանխատեսումային պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետով, Ազատի և Ապարանի ջրամբարներով, Մխչյանի և Ռանչպար-Արևշատի պոմպակայանների համակարգերով, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրաքանակով՝ պահանջարկի և նշված ջրային համակարգերից հնարավոր ջրառի տարբերությունը (հաշվի առած նաև` Սևան-Հրազդան համակարգի դերիվացիայի ջրանցքներում ֆիլտրացիոն կորուստները` 7 %-ի չափով) փոխհատուցելու նպատակով:

Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաև կանխատեսվող եղանակային պայմանները` 2008 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող առավելագույն ջրաքանակը կկազմի 240 մլն մ3:

 

5. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը 

 

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած երկշաբաթյա կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:»: