ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 705-Ա
«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ» ՓԱՐԱՔԱՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 400,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 04445077) «Ավա Գրանիտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04439618) 2023 թվականի հուլիսի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 186,925,396 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 705-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կառուցել Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջ, որտեղ Փարաքար համայնքի և այլ մարզերի երիտասարդները հնարավորություն կունենան ստանալ խորը ինժեներական և տեխնոլոգիական գիտելիքներ, թվային արհեստների և արվեստների ոլորտի հմտություններ, կներգրավվեն արտադրական աշխատանքներում։ Շինարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նախատեսվում է լիցենզավորում՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին նմանատիպ միջին մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնելու համար։ Նորաստեղծ հաստատության յուրահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր մասնագիտացումներում պարտադիր է լինելու թվային հմտությունների կիրառումը բոլոր ոչ թվային ոլորտներում։ Քոլեջի նեղ մասնագիտական ուղղություններն են լինելու` 1) խորը ինժեներական ուղղություն. 2) թվային արհեստ և արվեստ: Հանգստյան օրերին քոլեջ են հաճախելու աշակերտներ բոլոր մարզերից՝ համատեղ թիմային աշխատանք իրականացնելու, մենթորների օգնությամբ տեխնոլոգիական արտադրանքներ ստեղծելու նպատակով։ Քոլեջում անվճար կրթություն կստանան Փարաքար համայնքի անապահով ընտանիքների անդամները, պատերազմի մասնակիցները, միայնակ մայրերը, սահմանամերձ մարզերի անապահով ընտանիքների երեխաները։ Շաբաթ և կիրակի օրերին բոլոր մարզերի երիտասարդների համար համատեղ թիմային աշխատանքներն ու արտադրական մենթորությունը կիրականացվի անվճար հիմունքներով։ Քոլեջի գլխավոր առաքելությունը կլինի միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Պռոշյան 2/1, տարածք 18, ՀՎՀՀ՝ 00240464) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամ (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար խոշորացված համայնք, կրթության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
400,000,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) քոլեջի շենքի կառուցում՝ 186,925,396 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ը. 2) ներքին ինժեներական ցանցերի և համակարգերի կառուցում՝ 50,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը. 3) շենքի արտաքին և ներքին հարդարում՝ 163,074,604 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) քոլեջի շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 186,925,396 դրամ. 2) ներքին ինժեներական ցանցերի և համակարգերի (էլեկտրամատակարարման, ջեռուցման, օդափոխության, օդորակման, ջրամատակարարման և ջրահեռացման) կառուցման աշխատանքների իրականացում՝ 50,000,000 դրամ. 3) շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում՝ 163,074,604 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Փարաքարի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |