Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2021

27.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2021 թվականի N 97-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 566-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում (այսուհետ՝ ցուցակ): Կազմակերպությունն ընդգրկվում է ցուցակում, եթե՝

1) որպես հաղթող հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պետական մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը:

9.2. Ցուցակը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ իր պաշտոնական ինտերնետային կայքում: Նախարարությունը կազմակերպությանը ներառում է ցուցակում պետական մարմնի ղեկավարի (այսուհետ՝ նաև ղեկավար) պատճառաբանված որոշման հիման վրա, այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված պատճառաբանված որոշումը պետական մարմնի ղեկավարը կայացնում և ներկայացնում է նախարարություն սույն կարգի 9.1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանի դեպքում՝ մրցույթը չկայացած հայտարարելու օրվան, իսկ 2-րդ ենթակետով սահմանված պայմանի դեպքում՝ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը հրապարակելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Կազմակերպությունը ցուցակում ներառվում է մեկ տարի ժամկետով:».

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Դրամաշնորհի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրի հիման վրա: Դրամաշնորհի հատկացման նպատակով՝ տվյալ պետական մարմնի ղեկավարը (այսուհետ՝ նաև ղեկավար) կազմավորում է մրցույթի հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անդամը պետք է ունենա դրամաշնորհի տրամադրման առաջադրանքը, ինչպես նաև մրցույթի մասնակից կազմակերպությունների (այսուհետ` նաև մասնակից) որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է դրամաշնորհային ծրագրին համապատասխան: Եթե պետական մարմնի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավիրվում է համապատասխան փորձագետ(ներ) (մասնագետ(ներ)): Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող՝ սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ղեկավարի անհատական իրավական ակտով:».

3) ուժը կորցրած ճանաչել 12-րդ, 13-րդ 14-րդ, 19-րդ, 21-րդ և 36-րդ կետերը.

4) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Հանձնաժողովի`

1) կազմը բաղկացած է առնվազն հինգ անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.

2) գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար.

3) նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է ղեկավարին. վերջինս հետևյալ հաջորդականությամբ`

ա. սահմանում է նոր նիստի անցկացման օրը և ժամը, որը չպետք է ուշ լինի զեկուցագիրը ներկայացնելու օրվանից հաշված երկու աշխատանքային օրից,

բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն նշանակում է հանձնաժողովի նոր անդամ.

4) որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.

5) նիստերը տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը, որը պետք է պարունակի նաև տեղեկություններ հաջորդ նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Արձանագրությունը մրցույթի անցկացման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.

6) արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.

7) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք։ Հայտի վերաբերյալ հանձնաժողովի անդամի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված: Ընդ որում՝ եզրակացությունը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը:

10.2. Եթե հանձնաժողովը չի ապահովում սույն կարգի պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է ղեկավարին, որը`

1) զեկուցագիրը ստանալու օրը`

ա. իր կողմից ընդունված իրավական ակտով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ ընդունված իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է երեք աշխատանքային օրով,

բ. հանձնարարում է պետական մարմնի իրավաբանական ստորաբաժանմանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ստորաբաժանումը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ստորաբաժանման գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով՝ կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ ղեկավարի կողմից ընդունվում է իրավական ակտ.

3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո ընդունված իրավական ակտով`

ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ՝

բ. առաջարկում է հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:».

5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Հանձնաժողովը`

1) գործում է մինչև պայմանագրով կողմերի համար սահմանված պարտավորությունների ամբողջական կատարումը.

2) հետևում է պայմանագրի կողմի պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին և դրա արդյունքներով ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ.

3) ղեկավարին ներկայացնում է եզրակացություն՝ պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունելու մասին: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, եթե կատարված ծրագիրը համապատասխանում է պայմանագրի պայմաններին:».

6) 15-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը․

7) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. Մինչև մրցույթի հայտերի բացման նիստը պետական մարմնի պաշտոնատար անձանց, հանձնաժողովի անդամներին, քարտուղարին, հրավիրված փորձագետին (մասնագետին) արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած կամ հայտ ներկայացրած անձանց մասին, իսկ հայտերը բացվելուց հետո դրանց բովանդակության մասին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Սույն կետում նշված անձանց կողմից այլ անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ կամ մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է պետական մարմնի ղեկավարի կողմից այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:».

8) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Հանձնաժողովի կողմից մրցույթի հայտարարության և հրավերի տեքստերը հաստատվելուն հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը հայտարարության և հրավերի տեքստերը գրավոր ներկայացնում է ղեկավարին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի հայտարարության և հրավերի հրապարակումը պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` նաև մրցույթի հրավեր ստանալու պայմանների ու մրցույթի առաջարկները (այսուհետ` հայտ) կազմելու և ներկայացնելու պայմանների մասին: Մրցույթի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է՝

1) առնվազն 15, իսկ առավելագույնը 20 օրացուցային օր, եթե հատկացվելիք դրամաշնորհի չափը չի գերազանցում 50 միլիոն դրամը.

2) առնվազն 21, իսկ առավելագույնը 30 օրացուցային օր, եթե հատկացվելիք դրամաշնորհի չափը ավել է 50 միլիոն դրամից, սակայն չի գերազանցում 100 միլիոն դրամը.

3) առնվազն 31, իսկ առավելագույնը 45 օրացուցային օր, եթե հատկացվելիք դրամաշնորհի չափը գերազանցում է 100 միլիոն դրամը:

Ընդ որում՝ հայտերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մրցույթի հայտարարության և հրավերի հրապարակման օրվանից: Հատկացվելիք դրամաշնորհի չափը հայտնի չլինելու դեպքում՝ մրցույթի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է առնվազն 31, իսկ առավելագույնը 45 օրացուցային օր:».

9) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`

1) մրցույթը հայտարարած պետական մարմնի անվանումը.

2) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է մրցույթի հրավերը.

3) հայտերի պատրաստման մասին հրահանգները, այդ թվում` հայտի ֆինանսական նախահաշվի կազմման ձևը: Ընդ որում՝ հրավերով մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում նախատեսվում են այդ տեղեկության վավերապայմանները.

4) մասնակցության իրավունքի պահանջները, մասնակիցներին ներկայացվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերը: Պահանջի դեպքում մասնակցի կողմից հաստատվող՝ հայտում ներառված փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային կրիչով: Ընդ որում եթե կազմակերպությունը ցուցակում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա հայտը ենթակա չէ մերժման.

5) դրամաշնորհի տրամադրման հիմնական պայմանները, այդ թվում՝ բյուջեն.

6) հայտը ներկայացնելու պայմանները` ներառյալ ձևը, տեղը, ժամկետը, հայտի լեզուն.

7) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ.

8) հայտերի բացման օրը, ժամը և վայրը, քննարկման կարգը և գնահատման չափանիշները.

9) հայտերը մերժելու պայմանները.

10) կնքվելիք պայմանագրի նախագիծը.

11) նշում այն մասին, որ մասնակիցը կարող է պահանջել և երկու աշխատանքային օրվա ընթացքում ստանալ իր հայտի գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն.

12) տեղեկատվություն կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին.

13) դրամաշնորհային ծրագիրը մասնակցի կողմից համաֆինանսավորման եղանակով իրականացնելու առաջարկության դեպքում կիրառվելիք նախապատվության տրամադրման պայմանները.

14) նշում այն մասին, որ մրցույթը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում են ըստ առանձին չափաբաժինների.

15) հայտերի նախապատրաստման և ներկայացման վերաբերյալ այլ տեղեկատվություն` հանձնաժողովի հայեցողությամբ:».

10) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.

«20.1. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև՝

1) որ պայմանագիր կնքած կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում՝ տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագիրը դրանով սահմանված ժամկետներում կատարելու, սակայն պետական մարմնի կողմից չընդունվելու, ինչպես նաև հաշվետվությունները պայմանագրով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքերում: Տույժը հաշվարկվում է աշխատանքային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ.

2) որ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ մրցույթի գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս հաղթող կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պետական մարմինը միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում՝ պետական մարմինը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պետական մարմնի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է.

3) դրամաշնորհի միջոցների հաշվին իրականացվող ծրագրի անվանումը և բովանդակությունը, դրա շրջանակներում կազմակերպության կողմից կատարման ենթակա գործառույթների նկարագիրը, ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման չափանիշները, հաշվետվությունների ներկայացման կարգն ու ժամկետները, ինչպես նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերի պատասխանատվությունը.

4) որ կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման ակտերի հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով.

5) որ համատեղ գործունեության (կոնսորցիումի) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում՝ կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.

6) որ պայմանագիր կնքած կազմակերպության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը պետական մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած կազմակերպությունը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը կայքում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը կայքում հրապարակվելու օրը ուղարկվում է նաև պայմանագիր կնքած կազմակերպության էլեկտրոնային փոստին:».

11) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Մասնակիցը կարող է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն տասը օրացուցային օր առաջ հանձնաժողովից գրավոր պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը՝ առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն կետով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից: Ընդ որում՝ մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:».

12) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23. Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան յոթ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Հրավերում փոփոխություն կատարվելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարությունը և փոփոխված հրավերը հրապարակվում են պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին հայտարարությունը և փոփոխված հրավերը սույն կետով նախատեսված կայքում հրապարակվելու օրվանից: Սույն կետի համաձայն՝ մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում պետական մարմինը չի կրում մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու հանգամանքով պայմանավորված` մասնակցի կողմից կրած վնասի ռիսկը:».

13) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24․ Մասնակիցները մրցույթին կարող են մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Համատեղ գործունեության կարգով մրցույթին մասնակցելու դեպքում`

1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը.

2) հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն մրցույթին ներկայացնել առանձին հայտ: Սույն ենթակետի պահանջը չպահպանելու դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը.

3) եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.

4) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները:».

14) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25. Հայտը ներկայացվում է փակ` սոսնձված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի հրավերում նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորած անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Սույն կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`

1) պետական մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը.

3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը».

15) 26-րդ կետում «մրցույթի մասին հայտարարությամբ» բառերը փոխարինել «մրցույթի մասին հայտարարությամբ և հրավերով» բառերով.

16) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Հանձնաժողովի նիստերը դռնփակ են: Հայտերի բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը պարունակում է՝

1) տեղեկություն՝ հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները և հասցեները.

3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած ֆինանսական նախահաշվի ընդհանուր արժեքը.

7) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

8) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

9) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

10) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:».

17) 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1-ին կետով.

«28.1 Հանձնաժողովի անդամը, հրավիրված փորձագետը (մասնագետը) կամ քարտուղարը չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե հայտերի բացման նիստին պարզվում է, որ հայտ է ներկայացրել այնպիսի մասնակից, որին անդամակցում է տվյալ կամ վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ հայտ է ներկայացրել վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Եթե առկա է սույն կետով նախատեսված պայմանը, ապա հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը, հրավիրված փորձագետը (մասնագետը) կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Սույն կետում նշված անձինք ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը կցվում է մրցույթի ընթացակարգի մասին արձանագրությանը: Այն անձինք, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն կետում նախատեսված հայտարարությունները:».

18) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում, որը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով մրցութային առաջարկների վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները: Սույն կետով նախատեսված ժամկետը չի կիրառվում, եթե հայտերի բացման նիստին ներկա հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ հայտերի գնահատման համար սահմանվում է դրանից պակաս ժամկետ:».

19) 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին կետով.

«30.1. Հայտերի գնահատումը պետք է իրականացվի հետևյալ չափանիշների հիման վրա՝

1) ներկայացված ծրագիրը հիմնավորված է, համապատասխանում է սահմանված նպատակներին և առաջնահերթություններին.

2) ծրագրի խնդիրները հասանելի, չափելի ու իրատեսական են և համապատասխանում են դրված նպատակներին, ծրագրի պլանավորումն իրատեսական է և հնարավոր է դարձնում դրված խնդիրների իրականացումը.

3) նախանշված է ծրագրի ազդեցությունը, իրատեսական շարունակելիության ձևը և (կամ) կայունության ապահովման մեխանիզմները.

4) ապահովված են ծրագրի առավելագույն տեսանելիության և արդյունքների տարածման մեխանիզմները.

5) ծրագիրը համահունչ է մասնակցի կանոնադրական նպատակներին և խնդիրներին.

6) ծրագրում ներգրավվող աշխատանքային ռեսուրսների մասնագիտական փորձառությունը բավարար է ծրագրի նպատակները և խնդիրներն իրականացնելու համար:».

20) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի (որոնց) հետ չի կարող կնքվել նման պայմանագիր: Մրցույթի արդյունքների ամփոփման նիստին հաջորդող աշխատանքային օրը նիստի արձանագրության, սույն կարգի 28.1-ին կետով նախատեսված հայտարարությունների և այն կազմակերպության ներկայացրած հայտի պատճենները, որի հետ կարող է կնքվել պայմանագիր, հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում: Մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը.

2) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.

4) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.

5) յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած ֆինանսական նախահաշվի ընդհանուր արժեքը.

6) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին, ինչպես նաև հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

7) հայտերի գնահատման արդյունքները.

8) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

9) հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

10) այլ անհրաժեշտ տեղեկություններ:»:

21) 32-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ) պայմանագիր չի կնքվում:».

22) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«35. Սույն կարգի 34-րդ կետի համաձայն՝ ղեկավարի կողմից հանձնաժողովի որոշումը հաստատվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում ղեկավարը պայմանագրի նախագիծը տրամադրում է այն կազմակերպությանը (կազմակերպություններին), որի հետ պետք է կնքվի պայմանագիր: Կազմակերպությունը պայմանագրի նախագիծն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ղեկավարին է ներկայացնում իր կողմից հաստատված պայմանագրի երկու օրինակը, որը կազմակերպության կողմից հաստատված պայմանագրի օրինակները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է դրանք և մեկ օրինակը նույն օրը վերադարձնում պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությանը: Եթե կազմակերպությունը սույն կետով սահմանված ժամկետում չի հաստատում և ղեկավարին ներկայացնում պայմանագիրը, ապա նա զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից:».

23) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«37. Դրամաշնորհի հատկացման պայմանագիրը կնքվելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը կազմում և ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթի ընթացակարգի մասին արձանագրություն, որին կցվում են մրցույթի ընթացակարգին առնչվող բոլոր փաստաթղթերը և ձայնագրությունները: Ղեկավարն ապահովում է մրցույթի ընթացակարգի մասին արձանագրության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործավարության կանոններին համապատասխան պահպանումը և սահմանված կարգով արխիվացումը: Պետական մարմինը պարտավոր է մրցույթի ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ այն կազմակերպությունների ներկայացրած հայտերի, որոնց հետ չեն կնքվել պայմանագրեր, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:

2. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական մարմինների և (կամ) պետական հիմնարկների ղեկավարներին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվելուց հետո, հնարավորության դեպքում, մինչև բյուջետային տարին սկսվելը, այն դրամաշնորհային ծրագրերը, որոնց իրականացման համար ֆինանսական միջոցները պետք է հատկացվեն՝

ա. մրցութային կարգով ապահովել մրցույթների անցկացումը և պայմանագրերի կնքումը՝ նախատեսելով, որ կնքվելիք պայմանագրերով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները կգործեն այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև համաձայնագրեր կնքվելու օրվանից,

բ. ոչ մրցութային կարգով ապահովել պայմանագրերի կնքումը՝ նախատեսելով, որ՝

- կնքվելիք պայմանագրերով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները կգործեն այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև համաձայնագրեր կնքվելու օրվանից,

- պայմանագրով նախատեսված միջոցառումների տարեկան արդյունքներն ընդունվելուց հետո առաջացած տնտեսումները (խնայողությունները) դրամաշնորհը ստացած կազմակերպությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` արդյունքն ընդունվելուն հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրը: Ընդ որում՝ սույն պարբերությամբ սահմանված պայմանը նախատեսվում է նաև տվյալ բյուջետային տարվա ընթացքում կնքվելիք պայմանագրերում.

2) դրամաշնորհի ծրագրի և (կամ) ենթածրագրի իրականացման համար պահանջվող ամբողջական միջոցները հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսված լինելու դեպքում՝ մրցույթի գործընթացը պետք է կազմակերպվի և պայմանագիր կնքվի սույն կետի 1-ին ենթակետում նշված կարգավորման համաձայն՝ դրամաշնորհի ծրագրով նախատեսված ամբողջական արժեքով․

3) բյուջետային տարվա ընթացքում դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար միջոցներ նախատեսվելու դեպքում՝ պայմանագրերի կնքման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել գումարները նախատեսվելու օրվանից հաշված քսան աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավորումները.

4) դրամաշնորհի տրամադրման պայմանագրով նախատեսել, որ սահմանված միջոցառումների տարեկան արդյունքները թերակատարվելու դեպքում, դրա արդյունքում առաջացած գումարները դրամաշնորհ ստացած կազմակերպությունը մինչև տվյալ բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Սահմանել, որ՝

1) պետական մարմնի ղեկավարը կարող է մրցույթի հանձնաժողովի լիազորությունների իրականացումը անհատական իրավական ակտով վերապահել պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը կամ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից ձևավորված մասնագիտական խմբին, որի պարագայում հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման, իսկ մասնագիտական խումբ ձևավորված լինելու դեպքում՝ խմբի ղեկավարը կամ պետական մարմնի ղեկավարի տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Սույն ենթակետի կիրառման դեպքում, ստորաբաժանմանը կամ մասնագիտական խմբին աջակցելու նպատակով, փորձագետի կարգավիճակով, առանց քվեարկելու լիազորության, կարող են ներգրավվել նաև կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ անհատներ: Փորձագետների գործունեության աշխատակարգը հաստատվում է պետական մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով՝ հաշվի առնելով կարգի 28.1-ին կետի պահանջները.

2) սույն որոշման 2-րդ կետի կիրառմամբ կնքված պայմանագրերի կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում՝ համաձայնագրերը կնքվում են դրա մասին ծանուցումը պայմանագիր կնքած կազմակերպությանը ուղարկվելու օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ համաձայնագիր կնքելու ծանուցումն ուղարկվում է ֆինանսական միջոցները նախատեսվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանագիր կնքած կազմակերպության էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով: Եթե պայմանագրի կողմը սույն կետում նշված ժամկետում չի ստորագրում և ներկայացնում համաձայնագիրը, ապա պայմանագիրը համարվում է միակողմանիորեն լուծված.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա առանց մրցույթի անցկացման կնքված դրամաշնորհի տրամադրման պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն որոշման հավելվածի 20.1-ին, 36.1-ին և 36.2-րդ կետերով նախատեսված պայմանները.

4) պետական մարմնի ղեկավարի՝ հաղթող մասնակցին պայմանագրի տրամադրման, պայմանագրի կնքման, պայմանագրով նախատեսված ծրագրի կատարման հաշվետվության ընդունման և պայմանագրի միակողմանի լուծման մասին ծանուցման տրամադրման լիազորությունը ղեկավարի կողմից կարող է վերապահվել գլխավոր քարտուղարին.

5) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերում պետական մարմնի ղեկավարը աշխատակազմի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դեպքում՝ նաև Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը.

6) էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում մրցույթների անցկացումը, պայմանագրերի կնքումը, հաշվառումը և կնքված պայմանագրի արդյունքների ընդունումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված՝ ըստ պետական մարմինների էլեկտրոնային համակարգին անցման ժամանակացույցը: Սույն կետով նախատեսված գործառույթների՝ էլեկտրոնային եղանակով իրականացման ուղեցույցը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի անհատական իրավական ակտով.

7) մրցույթները էլեկտրոնային եղանակով կազմակերպվելու դեպքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը հաշվարկվում է մրցույթի հայտարարությունը և հրավերը էլեկտրոնային համակարգում հրապարակվելու օրվանից.

8) կարգի 20.1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում հսկողություն և (կամ) վերահսկողություն իրականացնող մարմնի, իսկ մյուս դեպքերում պետական մարմնի ղեկավարը ծանուցում են իրավապահ մարմիններին՝ վերջիններիս և պայմանագիր կնքած կազմակերպությանը ներկայացնելով հիմքերը:

(3-րդ կետը լրաց. 27.04.23 N 626-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 120 աշխատանքային օրվա ընթացքում անհատական իրավական ակտով հաստատել և նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել մրցույթի ընթացքում օգտագործվելիք փաստաթղթերի օրինակելի ձևերը:

5. Սույն որոշման 4-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանը ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 566-Ն որոշումը։

6. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված դրամաշնորհի տրամադրման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2023, N 626-Ն 28.04.2023, N 97-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան