ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0447/11/21 | ||
Գործ թիվ ԵԴ/0447/11/21 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
9 դեկտեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2021 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 184․1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10150321 քրեական գործը:
Նույն օրը «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը ճանաչվել է տուժող։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է և Հովհաննես Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջինիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-ին հոդվածի 1-ին մասի հանցակազմի բացակայության հիմքով։
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար Ռ․Գրիգորյանի՝ 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 19-ի որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Հ.Ավետիսյանի բողոքը մերժվել է։
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ ,Գլոբալ Կրեդիտե ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հ.Ավետիսյանի կողմից նախաքննության մարմնի և Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար Ռ․Գրիգորյանի՝ վերոգրյալ որոշումների դեմ ներկայացված բողոքը բավարարել է և արձանագրել «Գլոբալ Կրեդիտ» ՓԲ ընկերության իրավունքների և ազատությունների խախտումը՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել այն՝ հիմք ընդունելով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3․ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։
4․ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացրել է անհիմն և անօրինական դատական ակտ։
Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը բողոք բերելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը ճիշտ է կատարել, և բողոքը կարող էր ներկայացվել մինչև 2022 թվականի հունվարի 28-ը ներառյալ, սակայն միաժամանակ անտեսել է այն հանգամանքը, որ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հունվարի 28-ը ոչ աշխատանքային օր է, ինչից էլ հետևում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ հետևության է հանգել բողոքը բերելու ժամկետի վերջին օրվա կապակցությամբ՝ կայացնելով բողոքն առանց քննության թողելու մասին անհիմն և չպատճառաբանված որոշում:
6․ Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել և գործը վերադարձնել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է 2022 թվականի հունվարի 18-ին2:
8․ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ․Գրիգորյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Առաջին ատյանի դատարանը թիվ ԵԴ/0447/11/21 գործով որոշումը հրապարակել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ․Գրիգորյանը այն ստացել է 2022 թվականի հունվարի 18-ին, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբեր Ռ․Գրիգորյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է դատական ակտը ստանալուց հետո 10-օրյա ժամկետի խախտմամբ, այսինքն, բողոքը կարող էր ներկայացվել մինչև 2022 թվականի հունվարի 28-ը ներառյալ, սակայն ներկայացվել է հունվարի 31-ին, հետևաբար բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու հիմքերը բացակայում են:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ տվյալ դեպքում ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ․Գրիգորյանի ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` քանի որ այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո»3։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ․Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
10․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 173-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «1. Վերաքննիչ բողոք բերվում են՝ (...) 3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»։
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միևնույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին։ Բողոքարկման ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը համընկել է ոչ աշխատանքային օրվան, իսկ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստային առաքման միջոցով կամ առձեռն դատարանին հանձնվել է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը4։
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է 2022 թվականի հունվարի 18-ին5,
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը դատախազ Ռ․Գրիգորյանի կողմից բերվել է 2022 թվականի հունվարի 31-ին6։
- Վերաքննիչ դատարանը դատախազ Ռ․Գրիգորյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ բողոքը կարող էր ներկայացվել մինչև 2022 թվականի հունվարի 28-ը ներառյալ, սակայն ներկայացվել է հունվարի 31-ին՝ այսինքն՝ դատական ակտը ստանալուց հետո 10-օրյա ժամկետի խախտմամբ, ուստի բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով հարգելի ճանաչելու հիմքերը բացակայում են7։
12․ Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը վերջանում էր 2022 թվականի հունվարի 28-ին: Սակայն, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ժամկետի լրանալը համընկել էր ոչ աշխատանքային օրվան, իսկ դրան հաջորդող օրերը՝ հունվարի 29-ը և 30-ը համապատասխանաբար եղել են շաբաթ և կիրակի՝ դարձյալ ոչ աշխատանքային օրեր, հետևաբար ժամկետի վերջին օրը պետք է համարվեր դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2022 թվականի հունվարի 31-ը8։ Ուստի, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը դատախազ Ռ․Գրիգորյանը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում։
13. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ․Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
14. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար9:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
_____________________________________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։
2 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթ 6:
3 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 17-22։
4 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0049/11/19 որոշումը։
5 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե'ս նույն տեղում:
8 «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 28-ը հանդիսացել է ոչ աշխատանքային օր:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |