ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0902/02/13 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0902/02/13 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հունիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդ` Մարիանա Կիրակոսյանի, Անիչկա Կիրակոսյանի, Սոֆյա Շահվերդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սոֆիա Մոսինյանի ընդդեմ Տիգրան Կիրակոսյանի և Սոֆյա Շահվերդյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին, և ըստ հակընդդեմ հայցի Տիգրան Կիրակոսյանի, Անիչկա Շահվերդյանի ընդդեմ Նարիման Ասլանովի, Սոֆիա Մոսինյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սոֆիա Մոսինյանը պահանջել է Տիգրան Կիրակոսյանի և Սոֆյա Շահվերդյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցի 1-ին շենքի թիվ 3 բնակարանը, ինչպես նաև Տիգրան Կիրակոսյանից և Սոֆյա Շահվերդյանից բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տիգրան Կիրակոսյանը և Անիչկա Շահվերդյանը պահանջել են` կիրառելով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, անվավեր ճանաչել Տիգրան Կիրակոսյանի, Անիչկա Շահվերդյանի և Նարիման Ասլանովի միջև 29.10.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա հետագայում Նարիման Ասլանովի անունով 03.11.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Նարիման Ասլանովի և Սոֆիա Մոսինյանի միջև 19.03.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա 29.03.2013 թվականին Սոֆիա Մոսինյանի անունով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես առոչինչության հետևանքների կիրառում` հաստատել, որ տվյալ իրավահարաբերությունն իրենից ներկայացրել է ոչ թե առուվաճառքի պայմանագիր, այլ փոխառության պայմանագիր և նշված բնակարանը դիտել որպես պարտավորության կատարման ապահովման միջոց` գրավի առարկա, ինչպես նաև վիճելի բնակարանի նկատմամբ ճանաչել Տիգրան Կիրակոսյանի և Անիչկա Շահվերդյանի սեփականության իրավունքը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Գրիգորյան) 11.07.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ս. Միքայելյան, մասնակցությամբ` դատավորներ Ն. Տավարացյան, Ն. Բարսեղյան) 07.11.2014 թվականի որոշմամբ Սոֆիա Մոսինյանի և Նարիման Ասլանովի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2014 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.03.2015 թվականի որոշմամբ Տիգրան Կիրակոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ․ Զաքարյան) 03.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ դատավոր՝ Կ․ Չիլինգարյան, դատավորներ՝ Ա․ Խառատյան, Ս․ Թորոսյան) 22.06.2017 թվականի որոշմամբ Անիչկա Շահվերդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.02.2017 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել նոր քննության։
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Գագիկյան) (այսուհետ` Դատարան) 19.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2019 թվականի որոշմամբ Սոֆիա Մոսինյանի և Նարիման Ասլանովի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 19.11.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարիանա, Անիչկա Կիրակոսյանները, Սոֆյա Շահվերդյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սոֆիա Մոսինյանը, Նարիման Ասլանովան (ներկայացուցիչ Գրետա Ռամազյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 379-րդ հոդվածի 1-ին մասը, 1998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Այսպես. վկայակոչելով վերը նշված հոդվածները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի թիվ ԵԿԴ/0808/02/10 որոշումը, բողոք բերած անձը նշել է, որ սույն պարագայում քաղաքացիական գործի նյութերով հաստատվում է, որ Տիգրան Կիրակոսյանը չունի որևէ գույք, որը հնարավոր է ժառանգել, որպիսի պարագայում դատարանը ելնելով գործի ողջամիտ ժամկետում քննության, ինչպես նաև դատավարության կողմի՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակից, կատարել է իրավահաջորդություն՝ դատավարության մահացած մասնակցին փոխարինելով վերջինիս իրավահաջորդով: Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացրել, ինչի արդյունքում սխալ է լուծել գործը:
Վերաքննիչ դատարանն իրավունք չունի քննել այն վերաքննիչ բողոքը, որի հիմքերի վերաբերյալ նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել, ընդ որում, դա նպատակ է հետապնդում ապահովել օրենքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքները: Սույն պարագայում բողոքաբերի կողմից ներկայացված բողոքը համապատասխանում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0902/02/13 քաղաքացիական գործով կայացրած 11.04.2014 թվականի վճռի դեմ բերված բողոքի բովանդակությանը. երկու վերաքննիչ բողոքների հիմքերը նույնությամբ համընկնում են: Դա մասնավորապես երևում է նրանից, որ թե նախկին և թե ներկայիս վերաքննիչ բողոքներում վկայակոչված են միևնույն նյութական և դատավարական իրավունքի խախտումները, նույնական են նաև երկու բողոքների նկարագրական և պատճառաբանական մասերը:
Վերոգրյալն ակնհայտորեն հաստատվում է նաև այն փաստով որ բողոքաբերի սույն վերաքննիչ բողոքն ընդհանրապես չի համապատասխանում դատարանի կողմից կիրառված իրավական ակտերի վերլուծությանը, բողոքի մեջ նշված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածների խախտումը, ինչպես նաև նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի խախտումը, ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի խախտումը: Սակայն ԼԴ/0902/02/13 քաղաքացիական գործով 19.11.2018 թվականին կայացված վճռի հիմքում դրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի դրույթները:
Վերոգրյալից հետևում է, որ վկայակոչված վերաքննիչ բողոքը և սույն վերաքննիչ բողոքը նույնաբովանդակ են, ինչն էլ հիմք էր վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, ինչին հակառակ, դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, քննել է այն և բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հակընդդեմ հայցադիմումն ամբողջությամբ բավարարել, կամ բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման: Այն մեկնաբանությունները, որը ներկայացրել են բողոքաբերները, ոչ իրավական հիմքի կիրառմամբ են ներկայացրել, այսինքն՝ նրանք ոչ մի իրավական ակտ չեն ներկայացրել որով կհիմնավորվի, որ խախտվել են նրանց նյութական կամ դատավարական իրավունքները։ Բողոքում մատնանշված են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հրապարակված մի շարք նախադեպային գործեր, որոնք ըստ բողոքաբերների, դատարանը հիմք ընդունել չի կարող, քանի որ յուրաքանչյուր գործն ունի իր բնույթին համապատասխան հիմնավորումներ։
Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:
3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Համաձայն 29.04.2005 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 1167047 վկայականի` իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-002-4-11 մատյանի 038 համարի տակ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոցի 1-ին շենքի թիվ 3 բնակարանը սեփականության իրավունքով գրանցված է եղել Անիչկա Շահվերդյանի և Տիգրան Կիրակոսյանի անվամբ (հատոր 1-ին գ.թ. 88):
2) Համաձայն նոտարական կարգով վավերացված 29.10.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի` Անիչկա Շահվերդյանը և Տիգրան Կիրակոսյանը` որպես Վաճառողներ, Նարիման Ասլանովին` որպես Գնորդի վաճառել, իսկ Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոցի 1-ին շենքի թիվ 3 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ 90):
3) Համաձայն 03.11.2009 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2278371 վկայականի` իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-002-4-11 մատյանի 038 համարի տակ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոցի 1-ին շենքի թիվ 3 բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Նարիման Ասլանովի անունով (հատոր 1-ին, 92):
4) Համաձայն նոտարական կարգով վավերացված 19․03․2013 թվականին կնքված անշարժ գույքի (բնակարան) նվիրատվության պայմանագրի՝ Նարիման Ասլանովը, որպես Նվիրատու նվիրել, իսկ Սոֆիա Մոսինյանը, որպես Նվիրառու ընդունել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոցի 1-ին շենքի թիվ 3 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 94):
5) Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29032013-06-0292 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոցի 1-ին շենքի թիվ 3 բնակարանի նկատմամբ գրանցվել է Սոֆիա Մոսինյանի սեփականության իրավունքը /կադաստրային ծածկագիր` 06-002-0014-0002-001-003/ (հատոր 1-ին, գ.թ. 95):
6) Տիգրան Կիրակոսյանը 27.07.2015 թվականին մահացել է (հատոր 5-րդ, գ.թ․ 40):
7) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Թումանյանի անձնագրային բաժանմունքի պետ Գ. Հակոբյանի 22.09.2016 թվականի թիվ 22/50 2247 գրության համաձայն. «Լոռու մարզ ք. Ալավերդի Մարտի 8-ի փ. շ. բն. 3 հասցեում հաշվառված անձինք չկան։ 23.07.2012 թվականին Անիչկա Շահվերդյանը դուրս է գրվել հասցեի փոփոխության պատճառով, 30.07.2015 թվականին Տիգրան Հմայակի Կիրակոսյանը դուրս է գրվել մահվան պատճառով» (հատոր 5-րդ, գ.թ․ 104):
8) ՀՀ ԱՆ «Թումանյան» նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի 12.03.2016 թվականի գրությամբ հայտնվել է, որ «... Տիգրան Կիրակոսյանի ... մահից հետո ժառանգության ընդունման վերաբերյալ որևէ մեկի կողմից դիմում չի ներկայացվել և ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել» (հատոր 5-րդ, գ.թ․ 47):
9) Տիգրան Կիրակոսյանի որևէ հերթի ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած լինելու հանգամանքի վերաբերյալ քաղաքացիական գործում ապացույցներ չկան։
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործի նոր քննությունը վերադաս դատարանի կողմից սահմանված ծավալով իրականացնելու հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Նախկին օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ:
Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):
Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:
Վերահաստատելով նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ վերաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է այն, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որը, ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նաև նպատակ է հետապնդում ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից նախկինում բեկանված և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը:
Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Սոֆիա Մոսինյանի կողմից 08.08.2013 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա, որով հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի վկայակոչմամբ խնդրել է պատասխանողների ապօրինի տիրապետումից վերադարձնել իրեն պատկանող` Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցի թիվ 1 շենքի թիվ 3 բնակարանը։ Հայցվորն իր պահանջն ուղղել է Տիգրան Կիրակոսյանի և Սոֆյա Շահվերդյանի դեմ և, ի հիմնավորումն իր բնակարանը նրանց ապօրինի տիրապետության տակ գտնվելու փաստի, ներկայացրել է բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման 29.03.2013 թվականի թիվ 29032013-06-0292 վկայականն ու Ալավերդի համայնքի «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲ ընկերության տնօրենի 06.08.2013թ. գրությունը` Բնակարանում Տիգրան Հմայակի Կիրակոսյանի և Սոֆյա Գուրգենի Շահվերդյանի փաստացի բնակության վերաբերյալ։
31.10.2013 թվականին Դատարան ներկայացված հակընդդեմ հայցադիմումով և 21.03.2014 թվականին «Հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ» դիմումով պատասխանողները խնդրել են կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչելով բնակարանն իրենց կողմից Նարիման Ասլանովին վաճառելու վերաբերյալ 29.10.2009 թվականի պայմանագիրը (Առուվաճառքի պայմանագիրը) և վերջինիս կողմից բնակարանը հայցվորին նվիրելու վերաբերյալ 19.03.2013 թվականի պայմանագիրը (Նվիրատվության պայմանագիր) ու դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև հաստատել, որ Տիգրան Կիրակոսյանի, Անիչկա Շահվերդյանի և Նարիման Ասլանովի միջև ծագել են ոչ թե առուվաճառքի պայմանագրից, այլ փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններ, իսկ բնակարանը դիտել որպես փոխառության իրավահարաբերություններից բխող պարտավորության ապահովման միջոց` գրավի առարկա, բնակարանի նկատմամբ ճանաչելով Տիգրան Կիրակոսյանի և Անիչկա Շահվերդյանի սեփականության իրավունքը։
Տիգրան Կիրակոսյանը 27.07.2015 թվականին մահացել է, ինչի պատճառով Դատարանը 30.07.2015 թվականին բավարարելով պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունը, կասեցրել է սույն քաղաքացիական գործի վարույթը` մինչև իրավահաջորդության հարցի լուծումը։ Դատարանը 29.02.2016 թվականին գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ «Թումանյան» նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանին` Տիգրան Կիրակոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգների մասին տեղեկություններ ստանալու համար, և 12.03.2016 թվականին ստացել է գրավոր պատասխան այն մասին, որ «... Տիգրան Կիրակոսյանի ... մահից հետո ժառանգության ընդունման վերաբերյալ որևէ մեկի կողմից դիմում չի ներկայացվել և ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել»։ Դատարանը ստացված տեղեկության մասին գրավոր տեղեկացրել է գործին մասնակցող անձանց` ակնկալելով նրանց դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ, և 25.03.2016 թվականին ստացել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ։ Դատարանի 02.04.2016 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է։ Սոֆյա Շահվերդյանի ներկայացուցիչը 16.09.2016 թվականին միջնորդել է Տիգրան Կիրակոսյանին փոխարինել նրա իրավահաջորդով` որպես այդպիսին նշելով Սոֆյա Շահվերդյանին։ Հայցվորի ներկայացուցիչն այդ միջնորդության դեմ առարկել է այն փաստարկմամբ, որ գործում առկա չէ Տիգրան Կիրակոսյանի և Սոֆյա Շահվերդյանի ամուսնության գրանցման փաստը հաստատող որևէ ապացույց, ինչից հետո Սոֆյա Շահվերդյանի ներկայացուցիչը միջնորդությունը չի պնդել, սակայն Դատարանը որոշել է Տիգրան Կիրակոսյանին հանել պատասխանողների կազմից, իսկ 03.02.2017 թվականի վճռով Սոֆյա Շահվերդյանին ճանաչելով նրա իրավահաջորդ, հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը՝ Տիգրան Հմայակի Կիրակոսյանի իրավահաջորդ Սոֆյա Գուրգենի Շահվերդյանի և Անիչկա Տիգրանի Շահվերդյանի ընդդեմ Նարիման Ասլանովի, Սոֆիա Մոսինյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին մերժել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը դեռևս 22.06.2017 թվականին սույն գործով որոշում է կայացրել Անիչկա Շահվերդյանի կողմից 03.02.2017 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու, նշված վճիռը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու մասին, որում հստակ անդրադարձ է կատարվել Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդության հարցին` արձանագրելով հետևյալը.
«(...) 08.08.2013թ. Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորն իր պահանջն ուղղել է պատասխանողներ Տիգրան Կիրակոսյանի և Սոֆյա Շահվերդյանի դեմ, սակայն նրանցից առաջինը գործի քննության ընթացքում մահացել է։ Տիգրան Կիրակոսյանի` 27.07.2015թ. մահվան կապակցությամբ սույն քաղաքացիական գործի վարույթը Դատարանի 30.07.2015թ. որոշմամբ կասեցվել է մինչև Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդության հարցի լուծումը։ Տիգրան Կիրակոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգների մասին տեղեկություններ ստանալու նպատակով Դատարանը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ «Թումանյան» նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանին և 12.03.2016թ. ստացել է գրավոր պատասխան այն մասին, որ «(...) Տիգրան Կիրակոսյանի (...) մահից հետո ժառանգության ընդունման վերաբերյալ որևէ մեկի կողմից դիմում չի ներկայացվել և ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել»։ Տիգրան Կիրակոսյանի ժառանգությունը որևէ անձի կողմից ընդունված լինելու վերաբերյալ տեղեկությունների չտիրապետելով հանդերձ, Դատարանը հայցվորի համապատասխան միջնորդության բավարարման արդյունքում վերսկսել է սույն քաղաքացիական գործի վարույթը և 06.10.2016թ. Տիգրան Կիրակոսյանին փոխարինել է նրա «իրավահաջորդով»` այդպիսին համարելով Սոֆյա Շահվերդյանին, ով Տիգրան Կիրակոսյանի որևէ հերթի ժառանգ չէ։ Հայցվորի ներկայացուցիչը Սոֆյա Շահվերդյանին որպես Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդ ճանաչելու մասին պատասխանողի ներկայացուցչի միջնորդության դեմ առարկել է այն փաստարկմամբ, որ գործում առկա չեն Սոֆյա Շահվերդյանի և Տիգրան Կիրակոսյանի ամուսնության փաստը հաստատող ապացույցներ, ինչից հետո Սոֆյա Շահվերդյանի ներկայացուցիչը հրաժարվել է ներկայացված միջնորդությունից, այդուհանդերձ, Դատարանը Սոֆյա Շահվերդյանին «նշանակել է» Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդ և վճիռ է կայացրել Սոֆյա Շահվերդյանին, որպես Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդի, Բնակարանից վտարելու մասին։ Դատարանն անտեսել է նաև այն իրողությունը, որ Տիգրան Կիրակոսյանի և Սոֆյա Շահվերդյանի ամուսնության փաստը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում Սոֆյա Շահվերդյանը չէր կարող Տիգրան Կիրակոսյանի ժառանգ համարվել, հետևաբար` Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդության հարցը Դատարանի կողմից ՀՀ քաղ. դատ. օր.-ի 36-րդ հոդվածի խախտմամբ լուծված լինելու վերաբերյալ բողոքում բերված փաստարկները հիմնավորված են։ Դատարանը վճռել է Բնակարանից վտարել նաև Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդ Անիչկա Շահվերդյանին, մինչդեռ Անիչկա Շահվերդյանը ոչ միայն չի հանդիսացել Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդը (համապատասխան ապացույցները բացակայում են) և այդպիսին չի ճանաչվել նաև Դատարանի կողմից, այլև չի հանդիսացել Բնակարանից վտարելու պահանջի մասին սկզբնական հայցով պատասխանող։ Ակնհայտ է, որ դուրս գալով հայցի շրջանակներից, Դատարանը վճիռ է կայացրել այն անձին Բնակարանից վտարելու վերաբերյալ, ով այդ Բնակարանը որևէ կերպ չի տիրապետել, և ում այդ Բնակարանից վտարելու պահանջ հայցվորի կողմից չի ներկայացվել»։
Դատարանը, գործի նոր քննության ընթացքում քննարկելով սույն քաղաքացիական գործով իրավահաջորդ ներգրավելու հարցը, 20.09.2018 թվականին որոշում է կայացրել պատասխանող Տիգրան Կիրակոսյանին փոխարինել նրա «իրավահաջորդ» Մարիանա Կիրակոսյանով և 19.11.2018 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել:
Վերաքննիչ դատարանը 31.05.2019 թվականի որոշմամբ Սոֆիա Մոսինյանի և Նարիման Ասլանովի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 19.11.2018 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության պատճառաբանելով, որ․ «Տվյալ դեպքում ոչ միայն գործում առկա չեն եղել այն փաստը հաստատող ապացույցներ, որ Մարիանա Կիրակոսյանը փաստացի տիրապետմամբ կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին դիմելով ընդունել է պատասխանող Տիգրան Կիրակոսյանի ժառանգությունը, այլև առկա են եղել հակառակի մասին վկայող ապացույցներ, (...)։ Մինչդեռ Դատարանը համապատասխան ապացույցների բացակայության պայմաններում Մարիանա Կիրակոսյանին ներգրավել է որպես Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Ավելին, Վերաքննիչ դատարանը 22.06.2017թ. որոշմամբ հստակ արձանագրել էր, որ «(...) գործի նոր քննության ընթացքում հարկ է անդրադառնալ Տիգրան Կիրակոսյանի ժառանգությունը որևէ մեկի կողմից ընդունված չլինելու պարագայում նրա բաժնի մասով Բնակարանը տիրազուրկ դառնալու, այդ բաժնի նկատմամբ համապատասխան համայնքի սեփականության իրավունքի ծագման և տվյալ համայնքին գործի քննությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության հարցերին», որպիսի հանգամանքը գործի նոր քննության ժամանակ անտեսվել է»:
Վերը նշված մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նախկինում բեկանված և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններին և արձանագրում է, որ գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով 22.06.2017 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուղղակիորեն փաստել է, որ Տիգրան Կիրակոսյանի մահից հետո ժառանգության ընդունման վերաբերյալ որևէ մեկի կողմից դիմում չի ներկայացվել և ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել։ Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ գործի նոր քննության ընթացքում հարկ է անդրադառնալ Տիգրան Կիրակոսյանի ժառանգությունը որևէ մեկի կողմից ընդունված չլինելու պարագայում նրա բաժնի մասով վիճելի բնակարանը տիրազուրկ դառնալու, այդ բաժնի նկատմամբ համապատասխան համայնքի սեփականության իրավունքի ծագման և տվյալ համայնքին գործի քննությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության հարցերին։ Գործի նոր քննության ընթացքում Դատարանը Մարիանա Կիրակոսյանին ներգրավել է որպես Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդ, մինչդեռ գործում առկա չեն այդ փաստը հաստատող ապացույցներ, մասնավորապես, որ Մարիանա Կիրակոսյանը փաստացի տիրապետմամբ կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին դիմելով ընդունել է պատասխանող Տիգրան Կիրակոսյանի ժառանգությունը։ Տվյալ դեպքում, Դատարանը պատշաճ, թույլատրելի և վերաբերելի ապացույցների բացակայության պայմաններում Մարիանա Կիրակոսյանին ներգրավել է որպես Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմնին դատավարական կողմ ներկայացնելուն, ապա պետք է նշել, որ Դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի գործի քննության տված ծավալին, համապատասխան հարցում է կատարել համայնքին և ստացել գործին մասնակից դառնալու վերաբերյալ բացասական պատասխան։
Վերը նշված փաստական հանգամանքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատավարական կողմ հանդիսացած անձի մահվան դեպքում համայնքը վերջինս իրավահաջորդ կարող է դառնալ միայն ժառանգական գույքի առկայության և ժառանգների բացակայության կամ նրանց կողմից ժառանգությունը օրենքով նախատեսված որևէ եղանակով չընդունելու դեպքում։
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը կողմից 31․05․2019 թվականի որոշմամբ գործի նոր քննության ծավալը ապահովելու նպատակով պարզման ենթակա է ինչպես ժառանգության գույքի առկայությունը, այնպես էլ տվյալ իրավահարաբերության և դրա առնչությամբ հարուցված հայցով համայնքի իրավահաջորդության հնարավորության հարցը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ գործի նոր քննության ընթացքում Դատարանը չի հետևել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի սահմանած ծավալին և կրկնելով գործի նախորդ քննության ընթացքում առաջին ատյանի դատարանի թույլ տված սխալը՝ դարձյալ առանց որևէ հիմքի իրավահաջորդ է ներգրավել այս անգամ արդեն հանգուցյալ Տիգրան Կիրակոսյանի դստերը՝ Մարիանա Կիրակոսյանին, ով իրավահաջորդով փոխարինելու միջնորդություն չի ներկայացրել Տիգրան Կիրակոսյանի մահից հետո վեցամսյա ժամկետում, իսկ դրանից հետո որևէ ապացույց չի ներկայացրել հանգուցյալ հոր ժառանգությունն օրենքով նախատեսված որևէ եղանակով ընդունած լինելու վերաբերյալ, կայացրել է օրինական և պատճառաբանված դատական ակտ, որը բեկանելու հիմքեր առկա չեն:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի փաստարկներն անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանը քննության առարկա է դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Տիգրան Կիրակոսյանի իրավահաջորդության հարցը սխալ լուծված լինելու վերաբերյալ պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիմնավոր են և միանգամայն բավարար վերաքննիչ բողոքը բավարարելու, դատական ակտը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը կայացնելիս թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով նախատեսված Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: