Գլխավոր տեղեկություն
Համար
N 764-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2022 թվականի N 764-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ և 83-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 67-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտոնագրային հավատարմատարների կանոնադրությունը՝ N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 764-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Սույն կանոնադրությունը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) բողոքարկման խորհրդի գործունեությունը՝ «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով (այսուհետ՝ օրենքներ) նախատեսված՝ բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող բողոքների, դիմումների և առարկությունների քննարկումն ապահովելու համար:

2. Բողոքարկման խորհուրդն իր գործունեության ընթացքում լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, այդ թվում՝ դրանց իրավական պահպանության տրամադրման հետ կապված հարցերը, իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումների քննարկումը։ Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերջնական որոշում:

3. Իր գործունեության ընթացքում բողոքարկման խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, մտավոր սեփականության ոլորտին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտեր, արդյունաբերական դիզայններ, ապրանքային նշաններ, աշխարհագրական նշումներ, ծագման տեղանուններ, երաշխավորված ավանդական արտադրանք, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ) իրավական պահպանությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհրդում բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման» կարգով և սույն կանոնադրությամբ:

4. Բողոքարկման խորհրդի խնդիրներն են՝

1) արդյունաբերական սեփականության օբյեկտներին պահպանություն տրամադրելուն վերաբերող վիճելի հարցերի լուծումը.

2) հայտատուների և արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավատերերի՝ օրենքով պահպանվող իրավունքների և շահերի, ինչպես նաև այլ անձանց օրինական շահերի ապահովումը բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով վարչական կարգով որոշումներ ընդունելիս.

3) բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման ընթացակարգի և աշխատանքի կազմակերպման կատարելագործման նպատակով օրենսդրական պրակտիկայի ընդհանրացումը և համապատասխան առաջարկությունների ձևավորումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին (այսուհետ՝ նախարար) ներկայացնելու համար:

5. Բողոքարկման խորհուրդն իր խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ հարցերի քննարկումը՝

1) արդյունաբերական սեփականության օբյեկտներին իրավական պահպանություն տրամադրելու և պահպանական փաստաթղթեր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ հայտատուների բողոքները և առարկությունները.

2) արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցումների գրանցման մասին դիմումներին վերաբերող որոշումների հետ կապված բողոքները.

3) ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումները.

4) արտոնագրային հավատարմատարների թեկնածուների որակավորման քննությունների հետ կապված բողոքները.

5) օրենքներով նախատեսված այլ բողոքներ։

6. Բողոքարկման խորհուրդն իրավունք ունի՝

1) բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման ընթացակարգի և աշխատանքի կազմակերպման կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելու նախարարին.

2) բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով սեմինարներին, համաժողովներին, գիտաժողովների աշխատանքներին (այդ թվում՝ միջազգային) և այլ միջոցառումներին մասնակցելու համար սահմանված կարգով առաջարկություն ներկայացնելու նախարարին կամ համապատասխան դեպքերում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարին։

7. Բողոքարկման խորհուրդը պարտավոր է՝

1) ապահովել բողոքների, դիմումների և առարկությունների կոլեգիալ կարգով քննարկումը.

2) բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման արդյունքում ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատճառաբանված (հիմնավորված) որոշումներ.

3) ապահովել բողոքարկման խորհուրդ ներկայացված նյութերի լրիվ և բազմակողմանի ուսումնասիրումը, ինչպես նաև տալ դրանց մեջ բերված փաստերի և փաստարկների անկողմնակալ գնահատականը.

4) անհրաժեշտության դեպքում ապահովել բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման գաղտնիությունը։

8. Բողոքարկման խորհուրդն ունի նախագահ և 8 անդամ: Բողոքարկման խորհրդի անդամներից մեկը բողոքարկման խորհրդի քարտուղարն է:

9. Բողոքարկման խորհրդի նախագահն ի պաշտոնե նախարարի տեղակալներից մեկն է:

10. Բողոքարկման խորհրդի նախագահը՝

1) ղեկավարում է բողոքարկման խորհրդի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է բողոքարկման խորհրդի նիստերը.

3) կազմակերպում է բողոքարկման խորհրդի աշխատանքները, պատասխանատու է բողոքարկման խորհրդի խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

4) որոշում է տվյալ գործով բողոքարկման խորհրդի կոլեգիայի կազմը:

11. Բողոքարկման խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից գրավոր կամ բանավոր կարգով նշանակված՝ բողոքարկման խորհրդի անդամներից մեկը։ Բողոքարկման խորհրդի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է բողոքարկման խորհրդի նախագահի կողմից գրավոր կամ բանավոր նշանակված՝ բողոքարկման խորհրդի անդամներից մեկը՝ բողոքարկման խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով։

12. Բողոքարկման խորհրդի քարտուղարը՝

1) ընդունում է ստացված բողոքները, դիմումներն և առարկությունները, ստուգում է դրանց կազմությունը և դրանց մասին զեկուցում է բողոքարկման խորհրդի նախագահին.

2) կազմակերպում է բողոքարկման խորհրդի ընթացիկ աշխատանքները.

3) նախապատրաստում է բողոքարկման խորհրդի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը:

13. Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է նախարարը:

14. Քննարկման ընդունված բողոքների, դիմումների և առարկությունների նախնական քննարկումն իրականացվում է բողոքարկման խորհրդի առնվազն երեք անդամներից բաղկացած կոլեգիայի կողմից, որի կազմը որոշում է բողոքարկման խորհրդի նախագահը:

15. Բողոքարկման խորհրդի նախագահը և քարտուղարը կարող են ընդգրկվել կոլեգիայի կազմում:

16. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն վիճարկվող որոշում ընդունած փորձագետի, բողոք, դիմում կամ առարկություն ներկայացրած անձի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:

17. Բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման ընթացքում բողոքարկման խորհրդի անդամներն օբյեկտիվ են և անաչառ, առաջնորդվում են սույն կանոնադրության 3-րդ կետով:

18. Բողոքարկման խորհրդի որոշումներն ընդունելիս բողոքարկման խորհրդի անդամներն առաջնորդվում են միայն բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման արդյունքներով` առանց որևէ ազդեցության ենթարկվելու:

19. Սույն կանոնադրության 16-րդ կետում նշված հանգամանքներից ցանկացածի առկայության դեպքում կոլեգիայի կազմում ընդգրկված բողոքարկման խորհրդի անդամը հայտարարում է ինքնաբացարկ: Այս դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ:

20. Սույն կանոնադրության 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դիմումների քննարկման դեպքում կոլեգիայի առաջարկությամբ կամ իր նախաձեռնությամբ՝ բողոքարկման խորհրդի նախագահը դիմումների քննարկման համար կարող է ներգրավել ինչպես գրասենյակի այլ աշխատողների, այնպես էլ գործի էությունից ելնելով՝ համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների փորձագետների:

21. Բողոքների, դիմումների և առարկությունների վերաբերյալ բողոքարկման խորհրդի որոշումները պարտադիր են գրասենյակի արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերով փորձաքննություն իրականացնող և պետական գրանցամատյանները վարող ստորաբաժանումների համար:

22. Անհրաժեշտության դեպքում բողոքարկման խորհուրդն իր նիստերին կարող է հրավիրել քննարկվող հարցերին առնչվող հայտատուների, հեղինակների, իրավատերերի կամ նրանց ներկայացուցիչների, գրասենյակի փորձագետների և այլ անձանց:

23. Հայտերի փորձաքննության հետ կապված նեղ մասնագիտական հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, բողոքարկման խորհուրդը կարող է ներգրավել բարձրակարգ մասնագետների և գիտնականների` համապատասխան դեպքերում ապահովելով հայտարկված օբյեկտի էության գաղտնիությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 764-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնագրային հավատարմատարների գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Արտոնագրային հավատարմատար (այսուհետ՝ հավատարմատար) է ճանաչվում այն ֆիզիկական անձը, որին մտավոր սեփականության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն իրավունք է ընձեռվում ներկայացնելու ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակում (այսուհետ՝ գրասենյակ): Հավատարմատար է ճանաչվում Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունը, որում աշխատում է առնվազն մեկ գրանցված արտոնագրային հավատարմատար:

3. Մտավոր սեփականության օբյեկտների համար որպես հավատարմատար կարող է որակավորվել Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն և բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը գրասենյակում հանձնել է համապատասխան քննություն և որակավորվել է որպես արտոնագրային հավատարմատար:

4. Որպես հավատարմատար չեն կարող գրանցվել գրասենյակի աշխատողները, ինչպես նաև այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

2. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Հավատարմատարի գործունեության իրավունքն սկսվում է նրա գրանցման պահից:

6. Հավատարմատարը կարող է իր գործունեությունը սահմանափակել մտավոր սեփականության առանձին օբյեկտներով:

7. Հավատարմատարը կարող է գործել ինչպես ինքնուրույն` որպես անհատ ձեռնարկատեր, այնպես էլ ներկայացնել որևէ կազմակերպություն:

8. Հավատարմատարն իրավունք ունի ներկայացնելու իր հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր անձի: Հավատարմատարի իրավասությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրով:

9. Հավատարմատարը լիազորագիր տված անձի կողմից իրեն վստահված տեղեկատվությունը պարտավոր է պահել գաղտնի, եթե լիազորագիր տվող անձից այլ հատուկ ցուցում չի ստացել:

 

3. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՀԱՆԵԼԸ

 

10. Հավատարմատարը հանվում է գրանցամատյանից`

1) իր դիմումի համաձայն.

2) եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

11. Հավատարմատարի գործունեության դադարեցման մասին գրասենյակը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

12. Եթե հավատարմատարի գործունեությունը դադարեցվում է իր դիմումի համաձայն, ապա կրկնակի գրանցումը թույլ է տրվում առանց լրացուցիչ որակավորման քննության, նրա գործունեության դադարեցման օրվանից երկու տարվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական: