ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0144/02/08 Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0144/02/08
պալատի որոշում
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2021 թվականի մայիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գայանե Թադևոսյանի հայցի ընդդեմ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն), ՀՀ ֆինանսների նախարարության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Գայանե Թադևոսյանի բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գայանե Թադևոսյանը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 75.820.000 ՀՀ դրամ և ՀՀ պետական բյուջե ավել վճարված 39.447,99 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, ինչպես նաև 15.770.560 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ:
Երևանի քաղաքացիական դատարանի (դատավոր` Է. Ավետիսյան) 16.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Գայանե Թադևոսյանի բռնագանձել 75.820.000 ՀՀ դրամ, գործի վարույթը՝ 39.447,99 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և 15.770.560 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ բռնագանձելու պահանջների մասով, կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Վ. Թորոսյան, Է. Մուրադյան, Ա. Մկրտչյան) 20.10.2008 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Առաքելյան) 27.02.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը հանձնվել է ըստ ընդդատության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։
Գործի նոր քննության ժամանակ դիմելով դատարան` Գայանե Թադևոսյանը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 75.820.000 ՀՀ դրամ և ՀՀ պետական բյուջե ավել վճարված 39.447,99 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության
դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 04.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Միքայելյան, դատավորներ` Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.05.2010 թվականի որոշմամբ Գայանե Թադևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.08.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի որոշմամբ Գայանե Թադևոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Գայանե Թադևոսյանը (ներկայացուցիչ Դավիթ Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 69936/10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 16.05.2019 թվականի վճիռը, որով հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ «(...) տեղի է ունեցել դիմումատուի գույքից զրկում՝ տվյալ գումարին առնչվող հարցի մասով: Հետևաբար, սույն գործում գլխավոր հարցն այն է, թե արդյոք Գրասենյակն իրավունք ուներ պահելու դիմումատուի դրամական միջոցները ցանկացած պատճառով, որով դրանք հայտնվել էին դրա տնօրինման ներքո: (...) Դատարանը կրկին նշում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղելի լինելու համար, գույքից զրկելը պետք է բավարարի հետևյալ երեք պայմանը. այն պետք է իրականացվի ազգային իշխանությունների կողմից ցանկացած կամայական գործողություն բացառող` «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան», պետք է բխի «հանրային շահերից», ինչպես նաև դրանով պետք է հաստատվի արդարացի հավասարակշռություն սեփականատիրոջ իրավունքների և համայնքային շահերի միջև»:
Միաժամանակ Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ «49. Կառավարությունը որևէ փաստարկ չի ներկայացրել Բողոքաբերի սեփականության իրավունքի սահմանափակումը ինչ հանրային շահի է ծառայում, (․․․) հիշյալ հարցը չի քննարկվել ներպետական վարույթի շրջանակներում, (․․․) տվյալ դատական ակտերը ապացուցված չեն, որ սեփականազրկումը տեղի է ունեցել հանրային շահերից»։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 04.05.2010 թվականի որոշումն ու գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության կամ փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել։
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 04.08.2009 թվականի վճռով Գայանե Թադևոսյանի հայցն ընդդեմ Կազմակերպության` 75.820.000 ՀՀ դրամ և ՀՀ պետական բյուջե ավել վճարված 39.447,99 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 128-130).
2) Վերաքննիչ դատարանի 04.05.2010 թվականի որոշմամբ Գայանե Թադևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.08.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 5-րդ, գ.թ. 108-112).
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի որոշմամբ Գայանե Թադևոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 5-րդ, գ.թ. 145-148).
4) Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 69936/10) գործով Եվրոպական դատարանը 16.05.2019 թվականի վճռով հիմնավորվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 69936/10) գործով Եվրոպական դատարանի 16.05.2019 թվականի վճիռը ներկայացվել է բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը դրսևորվել է նոր հանգամանքի առկայությամբ:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, գլխավոր դատախազը և նրա տեղակալը՝ օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։
Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են՝ հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար (տե՛ս, «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդդեմ Լևոն Ալիխանյանի թիվ ԼԴ/1239/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2020 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ (տե՛ս, թիվ ԼԴ/1239/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2020 թվականի որոշումը):
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Գայանե Թադևոսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 75.820.000 ՀՀ դրամ և ՀՀ պետական բյուջե ավել վճարված 39.447,99 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։
Դատարանի 04.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 04.05.2010 թվականի որոշմամբ Գայանե Թադևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.08.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի որոշմամբ Գայանե Թադևոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 69936/10) Եվրոպական դատարանի 16.05.2019 թվականի վճռով հիմնավորվել է, որ «(...) կողմերի կողմից չի վիճարկվել այն փաստը, որ դիմումատուն Գրասենյակին է վճարել 75.820.000 ՀՀ դրամ (մոտավորապես 133.958 եվրո): Այս վճարումը վճռորոշ է եղել այն իմաստով, որ դրա արդյունքում դիմումատուն զրկվել է այս գումարի նկատմամբ սեփականության իրավունքից: Այսպիսով, տեղի է ունեցել դիմումատուի գույքից զրկում՝ տվյալ գումարին առնչվող հարցի մասով (...)», «(...) Կառավարությունը որևէ փաստարկ չի ներկայացրել, թե հանրային ինչ շահի էր ծառայում դիմումատուի գույքի չվերականգնումը: Գործի նյութերից երևում է, որ այս հարցը պարզապես չի քննարկվել ներպետական վարույթի շրջանակներում: Քանի որ Դատարանը չի կարող ենթադրել՝ արդյոք միջամտությունը ծառայել է հանրային շահի, թե ոչ, Դատարանը չի կարող չեզրակացնել, որ ներպետական դատարանները չեն ապացուցել, որ դիմումատուին իր գույքից զրկելն իրականացվել է՝ ելնելով հանրային շահից։ Հետևաբար, տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի՝ Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Գայանե Թադևոսյանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 69936/10) գործով Եվրոպական դատարանի 16.05.2019 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 16.05.2019 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնել Գայանե Թադևոսյանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս՝ մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 04.05.2010 թվականի որոշումը բեկանելու ու գործը նոր քննության ուղարկելու միջոցով։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու, Վերաքննիչ դատարանի 04.05.2010 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Բողոքը բավարարել։ Նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.07.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|