Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.07.2021-16.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.02.15/12(1465) Հոդ.107
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2019 թվականի N 89-Ն

 

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 15
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 89-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառման իմաստով բացառիկ դեպքեր են համարվում՝

1) 26 տարին լրացած քաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.

2) 26 տարին լրացած քաղաքացուն սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու, ինչպես նաև զորակոչային տարիքի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում նախատեսված որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում կամ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին հանդես գալու հանգամանքները.

3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:

(2-րդ կետը լրաց. 29.04.21 N 661-Ն, փոփ. 28.07.21 N 1214-Ն)

3. Սույն կարգի համաձայն քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում (այսուհետ՝ համապատասխան բնագավառներ) պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

4. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը քննարկվում է հայտարարված զորակոչի ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 30-րդ օրը համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված՝

1) պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու դիմումի հիման վրա, կամ՝

2) գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառների հեղինակավոր մասնագետների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների անհատական կամ կոլեկտիվ միջնորդությունների (այսուհետ՝ միջնորդություն) հիման վրա:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը կամ միջնորդությունը պետք է ներառեն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու՝ սույն կարգի 2-րդ կետում սահմանված բացառիկ դեպքերի հիմնավորումները, իսկ եթե առկա են այդ հիմնավորումները հաստատող փաստաթղթեր, ապա դիմումին կամ միջնորդությանը կցվում են նաև այդ փաստաթղթերը, ընդ որում, միջնորդությանը պարտադիր կցվում է քաղաքացու գրավոր համաձայնությունը՝ իրեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ: Դիմումը կամ միջնորդությունը կարող են ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ստացված դիմումը կամ միջնորդությունը սահմանված կարգով գրանցվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում, որի մասին 3-օրյա ժամկետում տեղեկացվում է դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց): Սույն կարգի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված դիմումը կամ միջնորդությունը ենթակա չէ հետագա ընթացքավորման և մերժվում է՝ դրա մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու պատճառը:

6. Ստացված դիմումի կամ միջնորդության շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից կարող է առաջարկվել դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ ներկայացնելու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու՝ սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմաններին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր: Համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում ստացված դիմումը կամ միջնորդությունը քննարկվում է դիմումը կամ միջնորդությունն ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքներով համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը կամ միջնորդությունը կարող է մերժվել՝ եթե քաղաքացին չի բավարարում սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմանները, այդ մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու հիմքերը:

7. Ստացված դիմումի կամ միջնորդության քննարկման շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի քննարկումը (քվեարկությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ սահմանված կարգով: Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմին, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմին և դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին:

(հավելվածը լրաց. 29.04.21 N 661-Ն, փոփ. 28.07.21 N 1214-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.05.2024, N 706-Ն 27.05.2024, N 89-Ն
14.10.2021, N 1684-Ն 16.10.2021, N 89-Ն
28.07.2021, N 1214-Ն 29.07.2021, N 89-Ն
29.04.2021, N 661-Ն 01.05.2021, N 89-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան