Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.03.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0253/01/19

Գործ թիվ ԵԴ/0253/01/19

Նախագահող դատավոր՝   Ա. Դանիելյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի մարտի 17-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և մեղադրյալ Սեյրան Մուշեղի Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործն ըստ մեղադրանքի` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Սեյրան Մուշեղի Օհանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Յուրի Գրիգորիի Խաչատուրովի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, և Արմեն Անդրանիկի Գևորգյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան և կասեցրել քրեական գործի վարույթը` մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը։

3. Դատախազ Պ.Պետրոսյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ բավարարել է բողոքները, Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը և մեղադրյալ Ս.Օհանյանի պաշտպան Կ.Մեժլումյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել են վարույթ։ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մարտի 10-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Գործի նյութերի հետազոտման արդյունքներով, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Խուդոյանի և Ա.Օրբելյանի ներկայացրած փաստարկները, ելնելով քրեական գործը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու քրեադատավարական օրենքի պահանջից, հաշվի առնելով, որ առկա են հիմնավոր կասկածներ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականության և ՀՀ Սահմանադրության նորմերի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) առնչությամբ` Դատարանը փաստում է, որ կիրառման ենթակա և գործի լուծման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցը պարզելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և քրեական գործի վարույթը կասեցնել, որպիսի հետևության դատարանը հանգում է հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով.

(...) Դատարանը փաստում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ, կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ, այլ կերպ` Հին օրենք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Նոր օրենք) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ, որպիսի հետևության հանգում եմ հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով:

(…) Հաշվի առնելով, որ դատարանի մոտ հիմնավոր կասկածներ կան առ այն, որ գործով 4 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման մարմինների կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը ենթադրաբար հակասում են ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին, Սահմանադրական դատարանի որոշմամբ փաստվելու պարագայում նրանցից Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ բացառապես տվյալ հոդվածով հարուցված քրեական հետապնդումները կարող են ընդհուպ դադարեցվել (այսինքն՝ մինչև գործը դատական քննության նշանակելը կարող է ի հայտ գալ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և վարույթը բացառող հանգամանք), իսկ մեղադրյալ Ռ.Քոչարյանի կամ բոլորի մասով` նաև կասեցվել՝ Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիրառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:

(…) [Միաժամանակ,] հաշվի առնելով ՀՀ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի «կարգավիճակից բխող գործողություններ» և «կարգավիճակի հետ չկապված գործողություններ» եզրույթների վերաբերյալ ծագած հիմնավոր կասկածները, այդ ինստիտուտի նորմերի ճիշտ կիրառմամբ մեղադրյալ Ռ.Քոչարյանի մասով քրեական վարույթը շարունակելու և գործը ճիշտ լուծելու անհրաժեշտությունը, Սահմանադրությունը պաշտոնապես և վերջնականապես մեկնաբանելու Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը, այդ մեկնաբանության համապարտադիր բնույթը` դիմում եմ ՀՀ Սահմանադրական դատարանին` խնդրելով համաչափության և որոշակիության սահմանադրական սկզբունքների տեսանկյունով մեկնաբանել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (համապատասխանում է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածներին) (...)»1։

6. Հղում կատարելով Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմանը, ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածին, Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Վ]կայակոչված իրավադրույթների և դրանցից բխող իրավակարգավորումների լույսի ներքո, վերլուծության ենթարկելով խնդրո առարկային առնչվող փաստական հանգամանքները, պարզ է դառնում, որ սույն գործով վիճարկվող դատական ակտը կայացվել է վերը նշված իրավադրույթներով ամրագրված պահանջների խախտմամբ:

Ընդ որում, վիճարկվող որոշմամբ դատարանը թեև նշել է, որ հետազոտել է հիշյալ քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցի առնչությամբ և կողմերի մասնակցությամբ ըստ էության դատական նիստ չի հրավիրվել:

Վիճարկվող դատական ակտի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ (կոնկրետ դեպքում) այն կայացվել է դատարանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների բացակայությամբ, դրա կայացմամբ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի էական խախտում, որն արտահայտվել է վերը մեջ բերված իրավադրույթների խախտմամբ, ինչն էլ կարող էր ազդել այդ առնչությամբ գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

Այլ կերպ ասած, առանց սույն գործով դատական քննության փուլ թևակոխելու և խնդրո առարկա հարցերին առնչվող փաստակազմերի հետազոտության առումով անհրաժեշտ և բավարար ծավալը սպառելու, ինքնին հնարավոր չէր հանգելու հիմնավոր հետևության` առկա պայմաններում, գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցում (գործի քննության ներկա փուլում) հիմնավոր կասկածների առկայության, կամ բացակայության և գործի լուծման հնարավորությունը դրանով պայմանավորելու վերաբերյալ:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ առնչությամբ վիճարկվող դատական ակտում տեղ գտած դատարանի հետևությունները, (կոնկրետ դեպքում) ներկայումս բավարար չափով փաստարկված չեն:

Ինչն ինքնին չի բացառում սույն գործով դատական քննության փուլ թևակոխելու և խնդրո առարկա հարցերին առնչվող փաստակազմերի առումով անհրաժեշտ և բավարար ծավալը սպառելուց հետո նոր միայն, սույն գործով վիճարկվող որոշմամբ արծարծված հարցերին վերստին անդրադառնալու հնարավորությունը:

(…) Ինչը (կոնկրետ դեպքում) չի արվել, և ինչը հանգեցրել է քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտման, որը կարող էր ազդել սույն գործով (սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու առնչությամբ) ներկայումս ճիշտ որոշում կայացնելու վրա:

Բացի այդ, (…) դատարանի կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի մայիսի 18-ին կայացված թիվ ԵԴ/0253/01/19 մեկ այլ որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասին անդրադարձ կատարվել է:

Մինչդեռ, դատարանն ըստ էության հակասելով իրեն, գործի քննության նույն փուլում վիճարկվող որոշմամբ բարձրացրել է այդ նույն նորմի՝ որպես կիրառման ենթակա իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ, ինչն առկա պայմաններում, բավարար չափով փաստարկված դիտարկվել չի կարող:

(…) Բացի այդ, դատարանը չի պահպանել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, այնուհետև եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան, մինչդեռ տվյալ դեպքում Դատարանը կայացրել է միասնական որոշում։

(…) Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը (ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու առնչությամբ) որոշում կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որը կարող էր ազդել ներկայումս սույն գործով այդ առնչությամբ ճիշտ որոշում կայացնելու վրա:

(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի, մասնավորապես մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների դրսևորած վարքագծին և դրան անմիջականորեն առնչվող հանգամանքների վերլուծությանը.

(…) [Մ]եղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հ.Խուդոյանը պաշտպանության կողմից պատասխան ելույթի փոխարեն ներկայացրել է իր իսկ կողմից ստորագրված 19.06.2019թ. թվագրմամբ միջնորդություն` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

(…) Պաշտպանության կողմը ըստ էության չի ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենն ըստ էության ցանկացել է, պահանջ է ներկայացրել իր իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ:

(…) Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, պաշտպանության կողմն ըստ էության հրաժարվել է պատասխան ելույթի առնչությամբ առկա փուլում իր իրավունքներն ըստ էության իրացնելուց, փոխարենը փորձել է Վերաքննիչ դատարանին թելադրել (ուղղորդել) իր սեփական օրակարգը, ինչն անընդունելի է:

Որպիսի պայմաններում, ստեղծված իրավիճակում պաշտպանության կողմն ըստ էության չարաշահել է իր դատավարական իրավունքները, ինչի արդյունքում ինքն իրեն զրկել է իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից:

(…) [Պ]աշտպանության կողմից առկա պայմաններում, նման միջնորդություն ներկայացնելն ուղղված էր գործի հնարավոր անհարկի ձգձգելուն, ինչը ևս վկայում է պաշտպանության կողմից իր իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, իր դատավարական իրավունքներն ըստ էության չարաշահելու մասին: (...)»2։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

14. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը գտել է, որ բողոքարկվող դատական ակտը պատճառաբանված չէ, խախտում է մեղադրյալի՝ միջազգային և ներքին իրավական ակտերով հռչակված իրավունքները, կայացվել է մրցակցային դատավարության սկզբունքի կոպիտ խախտումով, հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում առկա մեկնաբանություններին:

14.1. Բողոքաբեր Հ.Խուդոյանը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է քրեական դատավարության մրցակցության սկզբունքի կոպիտ խախտմամբ, Ռոբերտ Քոչարյանին և պաշտպաններին զրկել է ներկայացված բողոքների կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից: Բողոքի հեղինակը նշել է, որ պաշտպանական կողմը 2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ Վերաքննիչ դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին, որը քննության առնելու խնդրանքով Վերաքննիչ դատարանին են դիմել հաջորդ օրը, դատական նիստի ընթացքում, այն բանից հետո, երբ մեղադրողները ավարտել են իրենց բողոքների ներկայացումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ներկայացված միջնորդությունը քննության առնելու, կամ քննությունը հետաձգելու, կամ քննությունը մերժելու փոխարեն մեկնաբանել է այն որպես բողոքների պատասխան ելույթներից հրաժարում, պաշտպանների գործողությունները մեկնաբանել է որպես իրավունքների չարաշահում և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ավարտելով դատական ստուգումը։

142. Բողոքաբեր Հ.Խուդոյանը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը քննության է առել բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ, դրա վերաբերյալ կայացրել իր լիազորությունից չբխող դատական ակտ:

Բողոքաբերը նշել է, որ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը բողոքարկելի չէ և չէր կարող քննվել Վերաքննիչ դատարանի կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված այն դատական ակտերի շրջանակը, որոնք ենթակա են վերաքննության կարգով բողոքարկման, իսկ այդ հոդվածում չնախատեսված ակտերը չեն կարող բողոքարկվել վերաքննության կարգով: Եվ քանի որ նշված հոդվածում Սահմանադրական դատարան դիմելու որոշումը որպես բողոքարկելի դատական ակտ նշված չէ, բողոքաբերի պնդմամբ նշված որոշումը ենթակա չէ բողոքարկման:

14.3. Պաշտպան Հ.Խուդոյանը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չուներ իրավասություն այս վարույթի շրջանակներում անդրադառնալու նորմերի՝ Սահմանադրության համապատասխանությանը կամ անհամապատասխանության հարցին: Եթե ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում սահմանադրական դատարան դիմելը յուրաքանչյուր դատարանի պարտականությունն է, և եթե դատարանը ենթարկվում է միայն Սահմանադրությանն ու օրենքին, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-րդ կետը քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ բոլոր որոշումների վրա տարածելու պարագայում կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ վերադաս ատյանը ստորադաս ատյանին արգելի կատարել իր սահմանադրական պարտականությունը: Բողոքաբերը նշել է, որ ՀՀ օրենսդրության վերլուծությունից պարզ է դառնում, որ նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը կարող է քննարկել միայն գործը քննող դատարանը, որը պետք է կիրառի համապատասխան նորմը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանը: Որևէ այլ մարմին, ներառյալ վերաքննիչ դատարանը, սույն վարույթի շրջանակներում, ըստ բողոքաբերի, իրավասու չէ անդրադառնալու օրենսդրական նորմի սահմանադրականությանը, եթե չի կիրառելու նշված նորմը: Բողոքաբերն ընդգծել է, որ օրենսդիրը հստակ սահմանել է, որ նման որոշում կարող է կայացվել դատարանի նախաձեռնությամբ, ինչը նշանակում է, որ եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա նորմը հակասահմանադրական է, ապա վերաքննիչ ատյանը չի կարող իր դատական ակտով դատարանին պարտավորեցնել գալ այլ համոզման ու գործը քննել այն կանխավարկածով, որ կիրառման ենթակա օրենքը հակասահմանադրական չէ, քանի որ նման պայմաններում ստացվում է, որ վերադաս ատյանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն:

15. Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշմանը:

16. Մեղադրյալ Ս.Օհանյանի պաշտպան Կ.Մեժլումյանը գտել է, որ բողոքարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` մեղադրյալ ՍՕհանյանի իրավունքները:

16.1. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը կողմնապահություն է դրսևորել հօգուտ մեղադրանքի կողմի, այն է՝ պաշտպանության կողմին զրկել է մեղադրանքի կողմի բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, ինչպես նաև միջնորդություններ ներկայացնելուց, իսկ ում էլ չի զրկել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից՝ դատական ակտում արձանագրել է նրանց կողմից ելույթ ունենալու և դիրքորոշում հայտնելու փաստը:

16.2. Պաշտպան Կ.Մեժլումյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նաև ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 6-րդ մասերի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ կետի ու 295-րդ հոդվածի խախտումներ: Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավացիությունը հաստատվում է հենց ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի թիվ ՍԴԱՈ-72 որոշմամբ, որով Առաջին ատյանի դատարանի դիմումն ընդունվել է քննության, ինչպես նաև՝ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 18-ի թիվ ՍԴԱՈ-82 որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով:

16.3. Բողոքաբերը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հանդես չի եկել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ իրավունք չուներ նման որոշում կայացնելու և Առաջին ատյանի դատարանի փոխարեն որոշելու՝ առկա՞ է արդյոք Սահմանադրական դատարան դիմելու հիմք, թե ոչ:

17. Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրյալ Ս.Օհանյանի պաշտպան Կ.Մեժլումյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը և անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի դատական ակտը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության, ինչպես նաև իրավունքի զարգացման խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանի` սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները կարող են ուղղորդող նշանակություն ունենալ համանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Բողոքաբերների բարձրացված փաստարկների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններն առավելապես նվիրված են Առաջին ատյանի դատարանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշման իրավաչափության ստուգմանը։ Սակայն, մինչ Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումների հիմնավորվածությանն անդրադառնալը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման իրավաչափության վերանայման` Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների լիազորությունների սահմաններին։

 

I. Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշման իրավաչափության դատական ստուգման սահմանները.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավասու էր արդյո՞ք Վերաքննիչ դատարանն ամբողջ ծավալով ստուգման ենթարկել Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 20-ի որոշման իրավաչափությունը:

20. ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «[Սահմանադրական դատարան դիմելու] հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.»:

21. Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունվարի 25-ի թիվ ՍԴԱՈ-7 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) Որպես Սահմանադրության գերակայության ապահովման միջոց՝ Սահմանադրության վերջնական և համապարտադիր մեկնաբանությունն ու կիրառումն է Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը (…):

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում նույնպես ընդգծել է, որ Սահմանադրության դրույթների վերաբերյալ նորմատիվ ակտերի սահմանադրականությունը գնահատելիս ներկայացնում է վերջնական իրավական դիրքորոշում (օրինակ` 2006 թվականի հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652), և որ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կոչված են իրավակիրառ պրակտիկայում ապահովելու Սահմանադրության առավել ամբողջական և միակերպ ընկալումն ու սահմանադրականությունը, իրավակիրառ պրակտիկան նպատակամղելու նորմատիվ իրավական ակտերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան ընկալելու և կիրառելու ուղղությամբ (օրինակ՝ 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943):

(…) Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով հանգում են կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդրի, այսինքն՝ այդ կապակցությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ, և եթե տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա դատարանները պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան այդ ակտի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով: (…)»։

22. «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), անդրադառնալով ընդհանուր իրավասության դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու կառուցակարգին, որպես սահմանադրական արդարադատության անհատական մատչելիության անուղղակի ապահովման դրսևորում՝ նշել է, որ դատարանների դիմումների հիման վրա գործերի քննությունն անհատական մատչելիության ապահովման ամենատարածված ձևերից է։ Եթե ընդհանուր իրավասության դատարանն ունի կասկածներ, որ կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ ակտը հակասում է Սահմանադրությանը, դիմում է Սահմանադրական դատարան։ Նշված մեխանիզմի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ դատարաններն իրազեկված են և կարող են կազմել հիմնավոր դիմումներ։ Որոշ երկրներում, նշված կառուցակարգն անհատական մատչելիության ապահովման միակ եղանակն է։ Երկրների մեծ մասում կողմերը, կասկածներ ունենալով օրենքի սահմանադրականության վերաբերյալ, «հակասահմանադրականության բացառման» սկզբունքով իրավասու են ներկայացնելու միջնորդություն` Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ Այսպիսի միջնորդությունը դատավորը պարտավոր է քննարկել և մերժելիս պատճառաբանել իր որոշումը։ Թեև դատարանի կողմից կայացվող այդպիսի որոշումը վերջնական է, սակայն որոշ երկրներում առկա են դատարանի և դատավորի անկախության դատավարական սահմանափակումներ (oրինակ` երբ Սահմանադրական դատարան դիմելու համար պահանջվում է «նախնական թույլտվություն» Սահմանադրական դատարանից)3:

Միաժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ խախտված հիմնական անհատական իրավունքները պետք է վերականգնվեն հնարավորինս արագ։ Այս համատեքստում կարևորվում է ընդհանուր իրավասության դատարանների և Սահմանադրական դատարանի միջև փոխհարաբերությունը ընդհանուր իրավասության դատարանները գտնվում են կիրառման ենթակա նորմերի «առաջնագծում»։ Այդ դատարաններն առաջինն են, որ կարող են հայտնաբերել օրենքի կիրառման խնդիրը` սահմանադրականության տեսանկյունից4։

Ընդ որում, անդրադառնալով կողմի միջնորդության հիման վրա Սահմանադրական դատարան դիմելու հայեցողության միջազգային փորձին, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, կողմի միջնորդության հիման վրա Սահմանադրական դատարան չդիմելու վերաբերյալ որոշման կայացումն ընդգծում է դատավորի անկախությունը որոշումը պետք է լինի պատճառաբանված, սակայն ենթակա չէ բողոքարկման (բացառությամբ պատճառաբանության բացակայության կամ այլ ձևական սխալի դեպքի)5։

23. Սույն որոշման 21-22-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կենտրոնացված սահմանադրական վերահսկողության պայմաններում, երբ հանրային իշխանության մարմիններն ունենում են նորմատիվ իրավական ակտի կարգավորման սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ, դիմում են Սահմանադրական դատարան, որի բացառիկ իրավասության ներքո է գտնվում ակտերի սահմանադրականության ստուգումը և այդ կապակցությամբ վերջնական իրավական գնահատականի ձևավորումը։ Վենետիկի հանձնաժողովի կողմից առաջ քաշված` «հակասահմանադրականության բացառման» սկզբունքի լույսի ներքո հանրային իշխանության մարմիններն իրավական ակտի կարգավորման սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, պետք է իրացնեն Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունը և բարձրացնեն այդ ակտի սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրական դատարանում։ Հանրային իշխանության մարմինները, մասնավորապես` դատարանները, օժտված լինելով իրավական ակտերի կարգավորումների անմիջական կիրառման իրավասությամբ, ներքին համոզմունք ունենալով դրանց հնարավոր հակասահմանադրականության վերաբերյալ, չեն կարող անմիջականորեն կիրառել դրանք` առանց այդ կարգավորումները կոնկրետ սահմանադրական վերահսկողության առարկա դարձնելու։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակասահմանադրականության բացառմանն ուղղված սահմանադրաիրավական վեճը, որը բարձրացվում է որևէ դատական ատյանի կողմից, չի կարող դատական ստուգման ենթարկվել վերադաս դատարանի կողմից։ Այսինքն` բարձրացված սահմանադրաիրավական վեճն իր հանրային-իրավական բնույթից ելնելով, ենթակա է հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից, որը ներկայացված դիմումը վարույթ ընդունելու և քննելու արդյունքում կրում է այդ սահմանադրաիրավական վեճը հաղթահարելու բացառիկ իրավասությունը։ Ուստի, այդ վեճի նախաձեռնման իրավաչափության հարցը բովանդակային առումով չի կարող վիճարկվել վերադաս դատական ատյաններում։ Այլ կերպ, սահմանադրաիրավական վեճի նախաձեռնման դեպքում, վերադաս դատական ատյանը չի կարող կասկածի տակ դնել սահմանադրաիրավական վեճի իրավաչափությունը` ստանձնելով Սահմանադրական դատարանի դերին բնորոշ գործառույթներ, և ստուգման ենթարկել ստորադաս դատական ատյանի` իրավական ակտի կարգավորման հակասահմանադրականության վերաբերյալ կասկածների հիմնավորվածությունը` այդ կերպ հանգեցնելով «գործառույթ-ինստիտուտ-իրավասություն» եռամիասնության շղթայի ներդաշնակության խախտման։

Միաժամանակ, սույն որոշման 22-րդ կետում մեջբերված` Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշումների հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալը չի բացառում վերադաս դատական ատյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման իրավաչափության ստուգումը բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանման տեսանկյունից։ Մասնավորապես, հենց այդ նպատակին է ծառայում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը, որն ամրագրում է Սահմանադրական դատարան դիմելու և միաժամանակ գործի վարույթը կասեցնելու դեպքում` կայացված որոշման իրավաչափության վիճարկման հնարավորությունը վերադաս դատական ատյանում։ Այսինքն` նշված հոդվածը, սահմանելով գործի վարույթը կասեցնելու ընթացակարգային հիմքերը, նախատեսում է նաև Սահմանադրական դատարան դիմելու դեպքում գործի վարույթի կասեցման հնարավորությունը և այդ առումով ամրագրում է կայացված որոշման իրավաչափության վիճարկման կարգը վերադաս դատական ատյանում, ինչի մասին է վկայում նաև բողոքարկման իրավական հիմք հանդիսացող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 3-րդ կետը։

Ուստի, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու միասնական որոշման իրավաչափության ստուգման դեպքում, դատական վերանայման ծավալը սահմանափակվում է բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանվածության գնահատմամբ։

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան և կասեցրել քրեական գործի վարույթը` մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը։ Դատարանը փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ, կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ, այլ կերպ` Հին օրենք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Նոր օրենք)՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ6,

- Դատախազ Պ.Պետրոսյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ բավարարել է բողոքները, Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ առանց սույն գործով դատական քննության փուլ թևակոխելու և խնդրո առարկա հարցերին առնչվող փաստակազմերի հետազոտության առումով անհրաժեշտ և բավարար ծավալը սպառելու, ինքնին հնարավոր չէր հանգել հիմնավոր հետևության` գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցում հիմնավոր կասկածների առկայության, կամ բացակայության և գործի լուծման հնարավորությունը դրանով պայմանավորելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ առնչությամբ վիճարկվող դատական ակտում տեղ գտած դատարանի հետևությունները բավարար չափով փաստարկված չեն: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի մայիսի 18-ին կայացված մեկ այլ որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասին անդրադարձ կատարվել է: Մինչդեռ, ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանն ըստ էության հակասելով իրեն, գործի քննության նույն փուլում վիճարկվող որոշմամբ բարձրացրել է այդ նույն նորմի՝ որպես կիրառման ենթակա իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ, ինչն առկա պայմաններում, բավարար չափով փաստարկված դիտարկվել չի կարող7:

25. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-23-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի` «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշման իրավաչափությունը, իր դիրքորոշումներով գնահատման է ենթարկել ոչ միայն այդ որոշման կայացման ընթացակարգային բնույթի պահանջների պահպանվածությունը, այլ նաև անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը։ Մինչդեռ, սույն որոշման 23-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Առաջին ատյանի դատարանի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճը, իր հանրային-իրավական բնույթից ելնելով, ենթակա էր հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից և դրա նախաձեռնման իրավաչափության հարցը, այդ թվում` անմիջականորեն կիրառման ենթակա իրավական կարգավորման սահմանադրականության կասկածների հիմնավորվածությունը, բովանդակային առումով չէր կարող գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից։ Հետևաբար, այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերների կողմից բարձրացված փաստարկներին։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ամբողջ ծավալով ստուգման ենթարկել Առաջին ատյանի դատարանի` «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշման իրավաչափությունը: Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը կարող էր վերանայվել բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանվածության տեսանկյունից։

 

II. Դատարանի կողմից Սահմանադրական դատարան դիմելիս ընթացակարգային բնույթի պահանջների պահպանումը.

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ արդյո՞ք պահպանվել են ընթացակարգային բնույթի պահանջները։

27. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

27.1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանները (…) վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի (…) որոշմամբ»:

27.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան»:

28. Վենետիկի հանձնաժողովն անդրադառնալով ընդհանուր իրավասության դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցման հարցին` նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` Բելառուսում, Լատվիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Լյուքսեմբուրգում, Ֆրանսիայում, ինչպես նաև Հայաստանում (2006 թվականի հունիսի 1-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների գործողության պայմաններում), Սահմանադրական դատարան դիմում ներկայացնող դատարանը բոլոր դեպքերում կասեցնում է գործի վարույթը։ Միաժամանակ, մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Անդորրայում, Սահմանադրական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցումը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք անհնար է գործի ըստ էության լիարժեք քննության ապահովումը։ Ընդհանուր իրավասության դատարանը կարող է դիմել Սահմանադրական դատարան սովորաբար գործի քննության ավարտից հետո` մինչև որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը։ Ամեն դեպքում, եթե անգամ գործի քննությունը շարունակվում է, որոշման կայացման հնարավորությունը սահմանափակված է, քանի որ կիրառման ենթակա նորմի կապակցությամբ պահանջվում է Սահմանադրական դատարանի որոշում8։

Միջազգային փորձի հաշվառմամբ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Սահմանադրական դատարան դիմելիս, կոնկրետ գործով իրականացվող դատավարությունը պետք է կասեցվի։ Այն կարող է իրականացվել ինչպես ipso jure, այնպես էլ դատարանի համապատասխան որոշմամբ։ Բոլոր դեպքերում, դատարանը չպետք է պարտավոր լինի կիրառել այն օրենքը, որն իր համոզմամբ հակասահմանադրական է, և որի սահմանադրականության վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ գործով9։

29. Սույն որոշման 27.1-28-րդ կետերում վկայակոչված դրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան դիմելիս ընթացակարգային բնույթի պահանջներից է նաև գործի վարույթի կասեցման հարցը, որը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ առանցքային հանգամանքները.

Նախևառաջ, գործի վարույթի կասեցումը՝ գործի վարույթի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված այն ժամանակավոր ընդհատումն է, որի ընթացքում դատավարական որևէ գործողություն իրականացվել չի կարող։ Այսինքն` Սահմանադրական դատարան դիմելու և միաժամանակ վարույթը կասեցնելու դեպքում, քրեական գործի հետագա քննությունը ժամանակավորապես դադարում է։ Նման պայմաններում, առկա է իրական վտանգ, որ Սահմանադրական դատարան դիմելիս միաժամանակ քրեական գործի վարույթի կասեցումը կարող է հանգեցնել դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման։ Մասնավորապես, նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանում գործի քննության համար կարող է պահանջվել տևական ժամանակ, այդ ընթացքում կարող են վտանգվել անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները (օրինակ` հնարավոր չի լինի ապահովել կալանքի տակ գտնվող անձի` ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պարբերական ստուգում կամ վերանայել գույքը կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտությունը և այլն)։

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է ընդգծել, որ միշտ չէ, որ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով սահմանադրաիրավական վեճի առարկա կարգավորումը ենթակա է անմիջապես կիրառման դատարանի կողմից, առանց որի հնարավոր չի լինի ապահովել գործի հետագա քննությունը։ Մասնավորապես, գործի քննությունը մի շարք դեպքերում կարող է ամբողջությամբ չսահմանափակվել միայն սահմանադրաիրավական վեճի առարկա կարգավորման կիրառմամբ, որպիսի դեպքերում գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունն օբյեկտիվորեն կարող է բացակայել (oրինակ` դատաքննության ընթացքում դատավարական որևէ գործողության կատարման առնչությամբ կիրառման ենթակա նորմի սահմանադրականության ստուգումն ինքնին չի կարող բացառել քրեական գործի հետագա քննությունն այն դեպքում, երբ դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորմամբ կարելի է շարունակել քրեական գործի քննությունը` հետաձգելով ապացուցողական համապատասխան գործողության կատարումը՝ մինչև կիրառման ենթակա նորմի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման կայացումը)։ Այս առումով Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ քրեական գործի վարույթի կասեցումը պետք է լինի որպես վերջին միջոց (last resort), երբ սպառված կլինեն կատարման ենթակա դատավարական գործողությունները և դատարանի կողմից գործի քննության ավարտը պայմանավորված կլինի սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող կարգավորման անմիջական կիրառմամբ։

Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ վերոնշյալ մոտեցման իրավական հիմքերն ամրագրված են նաև ՀՀ օրենսդրությամբ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի ինչպես 1-ին մասում թվարկված ընդհանուր հիմքերի, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասում նշված` Սահմանադրական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցման հիմքի դեպքում, օրենսդիրն օգտագործել է «կարող է կասեցվել» ձևակերպումը` այդ կերպ հայեցողական բնույթ հաղորդելով այդ դատավարական լիազորությանը։ Այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի, այդ թվում` Սահմանադրական դատարան դիմելու հիմքի առկայության դեպքում, քրեական վարույթն իրականացնող մարմինը, օգտվելով իր դիսպոզիտիվ բնույթի լիազորությունից, կարող է նաև չկասեցնել քրեական գործի վարույթը` շարունակելով գործի քննությունը` մինչև հետագայում անմիջականորեն կիրառման ենթակա նորմի համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման կայացումը։ Ընդ որում, հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ եթե 2006 թվականի հունիսի 1-ին ընդունված՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանները Սահմանադրական դատարան դիմելուց առաջ պարտավոր էին կասեցնել կոնկրետ գործի վարույթը՝ մինչև Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելը, ապա 2018 թվականի հունվարի 17-ին ընդունված՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը Սահմանադրական դատարան դիմելու դեպքում դատարանների վրա այդպիսի պարտականություն չի դնում` ըստ էության չբացառելով նաև Սահմանադրական դատարան դիմելիս գործի վարույթը չկասեցնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այսպիսի մոտեցումը համապատասխանում է նաև միջազգային դատարաններ դիմելիս գործի վարույթի կասեցման հնարավորության վերաբերյալ ամրագրված կանոններին։ Այսպես, օրինակ` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ ներդրված՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու ընթացակարգի իրականացման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին հաստատված ուղեցույցի համաձայն՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելիս դիմող դատարանը կամ տրիբունալն է որոշում, թե արդյոք ներպետական վարույթը պետք է կասեցվի մինչև դատարանի խորհրդատվական կարծիքի տրամադրումը, թե ոչ10։ Այսինքն` նույնիսկ կիրառման ենթակա կոնվենցիոն կարգավորման վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն զուգահեռ գործի քննությունը կարող է շարունակվել` առանց կասեցնելու դրա ընթացքը։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքն անվերապահ պայման չէ քրեական գործի վարույթն ինքնաբերաբար կասեցնելու համար։ Քրեական գործի վարույթի կասեցումը պետք է լինի որպես վերջին միջոց (last resort) և յուրաքանչյուր դեպքում վարույթը կասեցնելիս, գործի փաստական հանգամանքների (in concreto) համակողմանի գնահատման արդյունքում, դատարանը պետք է որոշի, թե՝

- արդյո՞ք ամբողջ ծավալով սպառվել են կատարման ենթակա գործողությունները,

- բացակայում է արդյո՞ք անձանց հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման ուղղությամբ հնարավոր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,

- արդյո՞ք գործի հետագա քննության ծավալը սահմանափակված է այն իրավակարգավորման անմիջական կիրառմամբ, որի սահմանադրականության առումով առկա են հիմնավոր կասկածներ։

Նշվածն իր հերթին կարող է արդյունավետ երաշխիք լինել նաև արդար դատաքննության իրավունքի` գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն ապահովելու համար11։

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործն ըստ մեղադրանքի` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Սեյրան Մուշեղի Օհանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Յուրի Գրիգորիի Խաչատուրովի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, և Արմեն Անդրանիկի Գևորգյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան12,

- Առաջին ատյանի դատարանը, գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ունենալով հիմնավոր կասկածներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության վերաբերյալ, դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան և կասեցրել քրեական գործի վարույթը` մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը։ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ գործի նյութերի հետազոտման արդյունքներով, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Խուդոյանի և Ա.Օրբելյանի ներկայացրած փաստարկները, ելնելով քրեական գործը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու քրեադատավարական օրենքի պահանջից, հաշվի առնելով, որ առկա են հիմնավոր կասկածներ՝ կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության և ՀՀ Սահմանադրության նորմերի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) առնչությամբ` գտնելով, որ կիրառման ենթակա և գործի լուծման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցը պարզելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և քրեական գործի վարույթը կասեցնել13,

- Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը և գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության, նշել է, որ դատական ակտը կայացվել է օրենսդրությամբ ամրագրված պահանջների խախտմամբ: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վիճարկվող որոշմամբ Առաջին ատյանի դատարանը թեև նշել է, որ հետազոտել է հիշյալ քրեական գործի նյութերը, սակայն, քննարկվող հարցի առնչությամբ և կողմերի մասնակցությամբ ըստ էության դատական նիստ չի հրավիրվել: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանը չի պահպանել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, այնուհետև եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան, մինչդեռ տվյալ դեպքում դատարանը կայացրել է միասնական որոշում։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տուժողների իրավահաջորդներին, վերջիններիս ներկայացուցչին դատարանի կողմից հնարավորություն չի ընձեռվել՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրենց իրավունքներն արդյունավետ իրականացնելու համար: Վերաքննիչ դատարանի համոզմամբ, Առաջին ատյանի դատարանն ըստ էության, անհրաժեշտ և բավարար ջանասիրություն չի ցուցաբերել` դատական նիստում, կողմերի մասնակցությամբ, սույն գործով վիճարկվող որոշմամբ արծարծվող հարցերը քննարկելու ուղղությամբ: Արդյունքում, խախտվել է տուժողների իրավահաջորդների և վերջինիս ներկայացուցչի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված՝ արդար դատական քննության իրավունքը14:

31. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 27-29-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ «Առաջին ատյանի դատարանը դատական ակտը կայացնելիս չի պահպանել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, այնուհետև եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան, մինչդեռ տվյալ դեպքում դատարանը կայացրել է միասնական որոշում»։ Սույն որոշման 29-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Սահմանադրական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցման իմպերատիվ պահանջ նախատեսված չէ ո՛չ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով, ո՛չ էլ դատավարական բնույթի իրավահարաբերությունները կարգավորող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքը չի կարող լինել անվերապահ պայման՝ քրեական գործի վարույթն ինքնաբերաբար կասեցնելու համար։ Ընդհակառակը, օրենսդիրը գործի վարույթի կասեցման դատավարական լիազորությանը հաղորդելով հայեցողական բնույթ` նպատակ է հետապնդել ապահովել դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների արդյունավետ երաշխավորումը։

Ավելին, հարկ է ընդգծել, որ սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելիս, դատարանի կողմից կատարման ենթակա հնարավոր դատավարական գործողությունների ծավալն ամբողջությամբ սպառված չի եղել։ Նախևառաջ պետք է ընդգծել, որ դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալներին մեղսագրվել է ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, այլ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ։ Բացի այդ, մեղադրյալների գույքը գտնվել է կալանքի տակ, մեղադրյալներ Ս.Օհանյանի, Յ.Խաչատուրովի և Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառված են եղել խափանման միջոցներ, իսկ Ռ.Քոչարյանի նկատմամբ` ազատությունից զրկելու հետ կապված՝ կալանավորում խափանման միջոցը15։ Մինչդեռ, գործի վարույթի կասեցման արդյունքում ոչ միայն հնարավոր չի եղել ապահովել այդ իրավունքների սահմանափակման իրավաչափության հետագա դատական ստուգումը, այլ նաև` շարունակել քրեական գործի քննությունն այլ հոդվածներով առաջադրված մեղադրանքների մասով։ Այսինքն` թեև Առաջին ատյանի դատարանը Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու որոշման պատճառաբանությունների հիմքում դրել է նաև քրեական գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու քրեադատավարական օրենքի պահանջի ապահովման անհրաժեշտությունը, սակայն քրեական գործի վարույթը կասեցնելով վտանգել է այդ պահանջի պահպանման երաշխիքը։ Նման պայմաններում, քրեական գործի վարույթի կասեցումը չի եղել որպես վերջին միջոց (last resort), քանի որ կատարման ենթակա հնարավոր գործողությունների ծավալը սպառված չի եղել, չի վերացել անձանց հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, իսկ գործի հետագա քննության սահմանները սահմանափակված չեն եղել բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի անմիջական կիրառմամբ, որի սահմանադրականության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի մոտ առկա են եղել հիմնավոր կասկածներ։

Այսպիսով, ամփոփելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ ընթացակարգային բնույթի պահանջները չեն պահպանվել։

32. Անդրադառնալով բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանում հնարավորություն չի տրվել լիարժեք իրացնելու պաշտպանության իրենց իրավունքը, գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում նիստը նախագահողի կողմից պաշտպանության կողմի ներկայացուցիչներին ընձեռվել է վերաքննիչ բողոքների կապակցությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն։ Հետևաբար, պաշտպանության իրավունքի խախտման մասին բողոքաբերների փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում։

33. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանն ամբողջ ծավալով ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի` «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի՝ որոշման իրավաչափությունը, 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի և 3761-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումներ։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի հետ փոխկապակցված՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցնելու մասով սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Առաջին ատյանի դատարանի դատական ակտն այդ մասով բեկանելու համար։

34. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել ամբողջությամբ, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանել մասնակիորեն՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասով։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 9, թերթեր 117-156:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 95, թերթեր 89-163:

3 Տե՛ս European Commision For Democracy Through Law (Venice Commision), Study on Individual Access to Constitutional Justice, Strasbourg, 27 January 2011, Study N° 538 / 2009, CDL-AD(2010)039rev, կետեր 56-62:

4 Տե՛ս նույն տեղում, կետ 207:

5 Տե՛ս նույն տեղում, կետ 217:

6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

8 Տե՛ս European Commision For Democracy Through Law (Venice Commision), Study on Individual Access to Constitutional Justice, Strasbourg, 27 January 2011, Study N° 538 / 2009, CDL-AD(2010)039rev, կետ 141:

9 Տե՛ս նույն տեղում, կետ 142:

10 Տե՛ս «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ ներդրված՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու ընթացակարգի իրականացման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին հաստատված ուղեցույցի 21-րդ կետը։

11 Տե՛ս, mutatis mutandis, Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշումը։

12 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

13 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

15 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգը, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Հատուկ կարծիք հայտնած դատավոր`

Ս. Ավետիսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Դատավոր Սերժիկ Ավետիսյան

 

 

ԵԴ/0253/01/19

 

2021 թվականի մարտի 17-ին

ք. Երևանում

 

Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և մեղադրյալ Սեյրան Մուշեղի Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի վճռաբեկ բողոքները մասնակիորեն բավարարելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան) 2021 թվականի մարտի 17-ի որոշման պատճառաբանական առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ.

 

Գործի դատավարական նախապատմությունը այնքանով, որքանով էական նշանակություն ունի վճռաբեկ բողոքների քննության համար.

1. 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործն ըստ մեղադրանքի` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Սեյրան Մուշեղի Օհանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Յուրի Գրիգորիի Խաչատուրովի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, և Արմեն Անդրանիկի Գևորգյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան և կասեցրել քրեական գործի վարույթը` մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը:

Դատարանը խնդրել է՝

ա) քննարկել և պարզել կիրառման ենթարկա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին,

բ) մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

3. Դատախազ Պ.Պետրոսյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ բավարարել է բողոքները, Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

4. ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը և Ռոբերտ Քոչարյանի դիմումը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշումներ է կայացրել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին՝ առաջադրելով համապատասխան հարցեր:

5. ՀՀ Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի որոշման և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը քննության է առնվելու 2021 թվականի մարտի 23-ին:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը և մեղադրյալ Ս.Օհանյանի պաշտպան Կ.Մեժլումյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել են վարույթ։ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մարտի 10-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել։

7. Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները բավարարվել են մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել ամբողջությամբ, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանել մասնակիորեն՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասով։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Գործի նյութերի հետազոտման արդյունքներով, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Խուդոյանի և Ա.Օրբելյանի ներկայացրած փաստարկները, ելնելով քրեական գործը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու քրեադատավարական օրենքի պահանջից, հաշվի առնելով, որ առկա են հիմնավոր կասկածներ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականության և ՀՀ Սահմանադրության նորմերի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) առնչությամբ` Դատարանը փաստում է, որ կիրառման ենթակա և գործի լուծման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցը պարզելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և քրեական գործի վարույթը կասեցնել, որպիսի հետևության դատարանը հանգում է հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով.

(...) Դատարանը փաստում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ, կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ, այլ կերպ` Հին օրենք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Նոր օրենքի) ՀՀ սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ, որպիսի հետևության հանգում եմ հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով:

(…) Հաշվի առնելով, որ դատարանի մոտ հիմնավոր կասկածներ կան առ այն, որ գործով 4 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման մարմինների կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը ենթադրաբար հակասում են ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին, Սահմանադրական դատարանի որոշմամբ փաստվելու պարագայում նրանցից Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ բացառապես տվյալ հոդվածով հարուցված քրեական հետապնդումները կարող են ընդհուպ դադարեցվել (այսինքն՝ մինչև գործը դատական քննության նշանակելը կարող է ի հայտ գալ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և վարույթը բացառող հանգամանք), իսկ մեղադրյալ Ռ.Քոչարյանի կամ բոլորի մասով` նաև կասեցվել՝ Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիրառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:

(…) [Միաժամանակ,] հաշվի առնելով ՀՀ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի «կարգավիճակից բխող գործողություններ» և «կարգավիճակի հետ չկապված գործողություններ» եզրույթների վերաբերյալ ծագած հիմնավոր կասկածները, այդ ինստիտուտի նորմերի ճիշտ կիրառմամբ մեղադրյալ Ռ.Քոչարյանի մասով քրեական վարույթը շարունակելու և գործը ճիշտ լուծելու անհրաժեշտությունը, Սահմանադրությունը պաշտոնապես և վերջնականապես մեկնաբանելու Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը, այդ մեկնաբանության համապարտադիր բնույթը` դիմում եմ ՀՀ Սահմանադրական դատարանին` խնդրելով համաչափության և որոշակիության սահմանադրական սկզբունքների տեսանկյունով մեկնաբանել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (համապատասխանում է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածներին) (...)»1։

9. Հղում կատարելով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմանը, ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածին, Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Վ]կայակոչված իրավադրույթների և դրանցից բխող իրավակարգավորումների լույսի ներքո, վերլուծության ենթարկելով խնդրո առարկային առնչվող փաստական հանգամանքները, պարզ է դառնում, որ սույն գործով վիճարկվող դատական ակտը կայացվել է վերը նշված իրավադրույթներով ամրագրված պահանջների խախտմամբ:

Ընդ որում, վիճարկվող որոշմամբ դատարանը թեև նշել է, որ հետազոտել է հիշյալ քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցի առնչությամբ և կողմերի մասնակցությամբ ըստ էության դատական նիստ չի հրավիրվել:

Վիճարկվող դատական ակտի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ (կոնկրետ դեպքում) այն կայացվել է դատարանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների բացակայությամբ, դրա կայացմամբ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի էական խախտում, որն արտահայտվել է վերը մեջ բերված իրավադրույթների խախտմամբ, ինչն էլ կարող էր ազդել այդ առնչությամբ գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

Այլ կերպ ասած, առանց սույն գործով դատական քննության փուլ թևակոխելու և խնդրո առարկա հարցերին առնչվող փաստակազմերի հետազոտության առումով անհրաժեշտ և բավարար ծավալը սպառելու, ինքնին հնարավոր չէր հանգելու հիմնավոր հետևության` առկա պայմաններում, գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցում (գործի քննության ներկա փուլում) հիմնավոր կասկածների առկայության, կամ բացակայության և գործի լուծման հնարավորությունը դրանով պայմանավորելու վերաբերյալ:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ առնչությամբ վիճարկվող դատական ակտում տեղ գտած դատարանի հետևությունները, (կոնկրետ դեպքում) ներկայումս բավարար չափով փաստարկված չեն:

Ինչն ինքնին չի բացառում սույն գործով դատական քննության փուլ թևակոխելու և խնդրո առարկա հարցերին առնչվող փաստակազմերի առումով անհրաժեշտ և բավարար ծավալը սպառելուց հետո նոր միայն, սույն գործով վիճարկվող որոշմամբ արծարծված հարցերին վերստին անդրադառնալու հնարավորությունը:

(…) Ինչը (կոնկրետ դեպքում) չի արվել, և ինչը հանգեցրել է քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտման, որը կարող էր ազդել սույն գործով (սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու առնչությամբ) ներկայումս ճիշտ որոշում կայացնելու վրա:

Բացի այդ, (…) դատարանի կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի մայիսի 18-ին կայացված թիվ ԵԴ/0253/01/19 մեկ այլ որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասին անդրադարձ կատարվել է:

Մինչդեռ, դատարանն ըստ էության հակասելով իրեն, գործի քննության նույն փուլում վիճարկվող որոշմամբ բարձրացրել է այդ նույն նորմի՝ որպես կիրառման ենթակա իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ, ինչն առկա պայմաններում, բավարար չափով փաստարկված դիտարկվել չի կարող:

(…) Բացի այդ, դատարանը չի պահպանել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, այնուհետև եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան, մինչդեռ տվյալ դեպքում Դատարանը կայացրել է միասնական որոշում։

(…) Հիմք ընդունելով վերագրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը (ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու առնչությամբ) որոշում կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որը կարող էր ազդել ներկայումս սույն գործով այդ առնչությամբ ճիշտ որոշում կայացնելու վրա:

(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի, մասնավորապես մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների դրսևորած վարքագծին և դրան անմիջականորեն առնչվող հանգամանքների վերլուծությանը.

(…) [Մ]եղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հ.Խուդոյանը պաշտպանության կողմից պատասխան ելույթի փոխարեն ներկայացրել է իր իսկ կողմից ստորագրված 19.06.2019թ. թվագրմամբ միջնորդություն` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

(…) Պաշտպանության կողմը ըստ էության չի ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենն ըստ էության ցանկացել է, պահանջ է ներկայացրել իր իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ:

(…) Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, պաշտպանության կողմն ըստ էության հրաժարվել է պատասխան ելույթի առնչությամբ առկա փուլում իր իրավունքներն ըստ էության իրացնելուց, փոխարենը փորձել է Վերաքննիչ դատարանին թելադրել (ուղղորդել) իր սեփական օրակարգն ինչն անընդունելի է:

Որպիսի պայմաններում, ստեղծված իրավիճակում պաշտպանության կողմն ըստ էության չարաշահել է իր դատավարական իրավունքները, ինչի արդյունքում ինքն իրեն զրկել է իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից:

(…) [Պ]աշտպանության կողմից առկա պայմաններում, նման միջնորդություն ներկայացնելն ուղղված էր գործի հնարավոր անհարկի ձգձգելուն, ինչը ևս վկայում է պաշտպանության կողմից իր իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, իր դատավարական իրավունքներն ըստ էության չարաշահելու մասին: (...)»2։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը գտել է, որ բողոքարկվող դատական ակտը պատճառաբանված չէ, խախտում է մեղադրյալի՝ միջազգային և ներքին իրավական ակտերով հռչակված իրավունքները, կայացվել է մրցակցային դատավարության սկզբունքի կոպիտ խախտումով, հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում առկա մեկնաբանություններին:

10.1. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, վերաքննիչ բողոքների մակագրության կարգը խախտվել է, արդյունքում բողոքարկվող դատական ակտը կայացվել է ոչ «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից:

10.2. Բողոքաբեր Հ.Խուդոյանը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է քրեական դատավարության մրցակցության սկզբունքի կոպիտ խախտմամբ, Ռոբերտ Քոչարյանին և պաշտպաններին զրկել է ներկայացված բողոքների կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից: Բողոքի հեղինակը նշել է, որ պաշտպանական կողմը 2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ Վերաքննիչ դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին, որը քննության առնելու խնդրանքով Վերաքննիչ դատարանին են դիմել հաջորդ օրը, դատական նիստի ընթացքում, այն բանից հետո, երբ մեղադրողները ավարտել են իրենց բողոքների ներկայացումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ներկայացված միջնորդությունը քննության առնելու, կամ քննությունը հետաձգելու, կամ քննությունը մերժելու փոխարեն մեկնաբանել է այն որպես բողոքների պատասխան ելույթներից հրաժարում, պաշտպանների գործողությունները մեկնաբանել է որպես իրավունքների չարաշահում և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ավարտելով դատական ստուգումը։

10.3. Բողոքաբեր Հ.Խուդոյանը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը քննության է առել բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ, դրա վերաբերյալ կայացրել իր լիազորությունից չբխող դատական ակտ:

Բողոքաբերը նշել է, որ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը բողոքարկելի չէ և չէր կարող քննվել Վերաքննիչ դատարանի կողմից: Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է Առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված այն դատական ակտերի շրջանակը, որոնք ենթակա են վերաքննության կարգով բողոքարկման, իսկ այդ հոդվածում չնախատեսված ակտերը չեն կարող բողոքարկվել վերաքննության կարգով: Եվ քանի որ նշված հոդվածում որևէ կերպ նշված չէ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը որպես բողոքարկելի դատական ակտ, դրանից բխում է, որ նշված որոշումը ենթակա չէ բողոքարկման:

10.4. Պաշտպան Հ.Խուդոյանը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չուներ իրավասություն այս վարույթի շրջանակներում անդրադառնալու նորմերի սահմանադրության համապատասխանության կամ անհամապատասխանության հարցին: Եթե ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում սահմանադրական դատարան դիմելը յուրաքանչյուր դատարանի պարտականությունն է, և եթե դատարանը ենթարկվում է միայն Սահմանադրությանն ու օրենքին, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-րդ կետը քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ բոլոր որոշումների վրա տարածելու պարագայում կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ վերադաս ատյանը ստորադաս ատյանին արգելի կատարել իր սահմանադրական պարտականությունը: Բողոքաբերը նշել է, որ ՀՀ օրենսդրության վերլուծությունից պարզ է դառնում, որ նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը կարող են քննարկել միայն գործը քննող դատարանը, որը պետք է կիրառի համապատասխան նորմը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանը: Որևէ այլ մարմին, ներառյալ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթի շրջանակներում, ըստ բողոքաբերի, իրավասու չէ անդրադառնալու օրենսդրական նորմի սահմանադրականությանը, եթե այն չի կիրառելու նշված նորմը: Բողոքաբերն ընդգծել է, որ օրենսդիրը հստակ սահմանել է, որ նման որոշում կարող է կայացվել դատարանի նախաձեռնությամբ, ինչը նշանակում է, որ եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա նորմը հակասահմանադրական է, ապա վերաքննիչ ատյանը չի կարող իր դատական ակտով դատարանին պարտավորեցնել գալ այլ համոզման ու գործը քննել այն կանխավարկածով, որ կիրառման ենթակա օրենքը հակասահմանադրական չէ, քանի որ նման պայմաններում ստացվում է, որ վերադաս ատյանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն:

Բողոքաբերը նշել է նաև, որ բողոքարկման ենթակա չէ նաև Սահմանադրական դատարան դիմելիս գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը:

11. Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշմանը:

12. Մեղադրյալ Ս.Օհանյանի պաշտպան Կ.Մեժլումյանը գտել է, որ բողոքարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` մեղադրյալ Ս.Օհանյանի իրավունքները:

12.1. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը բացահայտ կողմնապահություն է դրսևորել հօգուտ մեղադրանքի կողմի, այն է՝ պաշտպանության կողմին զրկել է մեղադրանքի կողմի բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, ինչպես նաև միջնորդություններ ներկայացնելուց, իսկ ում էլ չի զրկել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից՝ դատական ակտում արձանագրել է նրանց կողմից ելույթ ունենալու և դիրքորոշում հայտնելու փաստը, մինչդեռ վերաքննիչ բողոքներին Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ մանրամասն անդրադարձել է:

12.2. Պաշտպան Կ.Մեժլումյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նաև ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 6-րդ մասերի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ կետի ու 295-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ: Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավացիությունը հաստատվում է հենց ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի թիվ ՍԴԱՈ-72 որոշմամբ, որով Առաջին ատյանի դատարանի դիմումն ընդունվել է քննության, ինչպես նաև՝ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 18-ի թիվ ՍԴԱՈ-81 և ՍԴԱՈ-82 որոշումներով, որոնցով Սահմանադրական դատարանը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով:

12.3. Բողոքաբերը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հանդես չի եկել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ իրավունք չուներ նման որոշում կայացնելու և Առաջին ատյանի դատարանի փոխարեն որոշելու՝ առկա՞ է արդյոք Սահմանադրական դատարան դիմելու հիմք, թե ոչ:

13. Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրյալ Ս.Օհանյանի պաշտպան Կ.Մեժլումյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը և անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի դատական ակտը:

 

Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումը և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանը, կարևորելով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու որոշման բողոքարկման ընթացակարգի առանձնահատկությունները, անհրաժեշտ համարելով քննարկել Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու որոշման իրավաչափության վերանայման՝ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների լիազորությունների սահմանները, ընդհանուր առմամբ հանգել է հետևյալ եզրահանգումների:

14.1. Հակասահմանադրականության բացառմանն ուղղված սահմանադրաիրավական վեճը, որը բարձրացվում է որևէ դատական ատյանի կողմից, չի կարող դատական ստուգման ենթարկվել վերադաս դատարանի կողմից: Այսինքն՝ բարձրացված սահմանադրաիրավական վեճն իր հանրային իրավական բնույթից ելնելով ենթակա է հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից:

Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշումների հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոնշյալը չի բացառում վերադաս դատական ատյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման իրավաչափության ստուգումը բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանման տեսանկյունից։

Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ամբողջ ծավալով ստուգման ենթարկել Առաջին ատյանի դատարանի` «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի մեկ միասնական որոշման իրավաչափությունը: Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը կարող էր վերանայվել բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանվածության տեսանկյունից։

14.2. Սահմանադրական դատարան դիմելիս ընթացակարգային բնույթի պահանջներից է նաև գործի վարույթի կասեցման հարցը, որը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ առանցքային հանգամանքները:

Սահմանադրական դատարան դիմելիս միաժամանակ քրեական գործի վարույթի կասեցումը կարող է հանգեցնել դատավարության մասնակիցների համար իրավունքների և ազատությունների խախտման: Քրեական գործի վարույթի կասեցումը պետք է լինի որպես վերջին միջոց, երբ սպառված կլինեն կատարման ենթակա դատավարական գործողությունները և դատարանի կողմից գործի քննության ավարտը պայմանավորված կլինի սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող կարգավորման անմիջական կիրառմամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված ընդհանուր հիմքերի, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ Սահմանադրական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցման հիմքի դեպքում, օրենսդիրն օգտագործել է «կարող է կասեցվել» ձևակերպումը, այլ կերպ՝ հայեցողության բնույթ հաղորդելով այդ դատավարական լիազորությանը: Բացի այդ, 2018 թվականի հունվարի 17-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը, ի տարբերություն, 2006 թվականի հունիսի 1-ին ընդունված օրենքի, Սահմանադրական դատարան դիմող դատարանների վրա վարույթը կասեցնելու պարտականություն չի դնում:

14.3. Առաջին ատյանի դատարանի կողմից 2019 թվականի մայիսի 20-ի «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու» որոշմամբ ընթացակարգային բնույթի պահանջները չեն պահպանվել: Վարույթի կասեցման ընթացքում հնարավոր չի եղել ապահովել մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման և այլընտրանքային խափանման միջոցների, ինչպես նաև նրանց գույքի վրա դրված կալանքի իրավաչափության ստուգումը, և բացի այդ շարունակել գործի քննությունը ՀՀ քրեական օրենսգրքի մյուս հոդվածների մասով:

14.4. Անդրադառնալով բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանում նրանց հնարավորություն չի տրվել լիարժեք իրացնելու պաշտպանության իրենց իրավունքը, գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական նիստը նախագահողի կողմից վարվել է սահմանված ընթացակարգով և պաշտպանության կողմի մասնակիցներն ունեցել են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանության իրավունքից օգտվելու հնարավորություն։ Հետևաբար, պաշտպանության իրավունքի խախտման մասին բողոքաբերների փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարել։

Բողոքների քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել է ամբողջությամբ, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը՝ մասնակիորեն՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասով:

 

Դատավոր Ս.Ավետիսյանի իրավական դիրքորոշումները և եզրահանգումները

15. Ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը, դրա դեմ բերված պաշտպանների վճռաբեկ բողոքների հիմքերն ու հիմնավորումները, ծանոթանալով վարույթում առկա նյութերին, ինչպես նաև բողոքները մասնակիորեն բավարարելու մասին Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 17-ի որոշմանը, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական առանձին դրույթների և եզրափակիչ մասի հետ, մնում եմ Հատուկ կարծիքի՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով:

15.1. Նախ՝ հարկ եմ համարում նշել, որ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ներպետական օրենսդրությունը և հաշվի առնելով միջազգային փորձը, հանգել է ճիշտ եզրահանգման, որ սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանների որոշումները չեն կարող դատական ստուգման (վերանայման) առարկա լինել, քանի որ վերադաս դատական ատյանը չի կարող կասկածի տակ դնել սահմանադրաիրավական վեճի իրավաչափությունը՝ ստանձնելով ՀՀ Սահմանադրական դատարանի դերին բնորոշ գործառույթներ:

Սակայն վիճելի եմ համարում ՀՀ Սահմանադրական դատարան դիմելիս գործի վարույթը կասեցնելու դատարանների իրավասության և կասեցման ընթացակարգի վերաբերյալ դատավորների մեծամասնության դիրքորոշումը:

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանները (…) վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի (…) որոշմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան»:

Վճռաբեկ դատարանը, մեջբերելով միջազգային փորձը, ըստ որի ՀՀ Սահմանադրական դատարան դիմելիս կոնկրետ գործով իրականացվող դատավարությունը պետք է կասեցվի այն հաշվառմամբ, որ դատարանը պարտավոր չէ կիրառել այն օրենքը, որն իր համոզմամբ հակասահմանադրական է և որի սահմանադրականության վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ գործով, այնուամենայնիվ գտել է, որ գործով վարույթի կասեցման հարցը ընթացակարգային բնույթի է, հետևապես ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքն ինքնին անվերապահ պայման չէ քրեական գործի վարույթը կասեցնելու համար: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ հետևությունը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասից, որում օրենսդիրը օգտագործել է «կարող է կասեցնել» ձևակերպումը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածից:

Գտնում եմ, որ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ Սահմանադրական դատարան դիմելիս դատարանը պարտավոր է վարույթը կասեցնել, կայացնելով պատճառաբանված որոշում:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում «կարող է կասեցվել» առկա եզրույթը ոչ թե հայեցողության բնույթ է հաղորդում այդ դատավարական լիազորությանը, այլ իմ կարծիքով, վկայում է Սահմանադրական դատարան դիմելու հիմքի առկայության դեպքում վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելը» ձևակերպումը ենթադրում է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և վարույթը կասեցնելու մասին միասնական որոշման կայացում, ինչի մասին է վկայում նաև ՀՀ դատարանների պրակտիկան:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պարտավոր է վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնել ոչ միայն նույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին, այլ նաև 2-րդ մասով նախատեսված հիմքով:

Տվյալ հետևությունը բխում է նաև 2018 թվականի մարտի 21-ին ընդունված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածից, որի համաձայն՝ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից և ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 257-րդ, 295-րդ և 310-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ վարույթի կասեցման հիմքի առկայությունը քրեական վարույթն իրականացնող մարմինները կարող են արձանագրել միայն վարույթը կասեցնելու մասին որոշմամբ, որը կարող է բողոքարկվել: Դատարանը չի կարող առանձին որոշումներ կայացնել կասեցնելու, ապա միայն Սահմանադրական դատարան դիմելու մասին:

15.2. Պարզելու համար, արդյո՞ք դատարանի գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը օրինական է և հիմնավորված, անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ հանգամանքը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է քրեական գործով վարույթը կասեցնելու հիմքերի երկու ինքնուրույն խմբեր.

- առաջին խումբը ներառում է մի քանի հիմքեր, որոնք նախատեսված են օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասում,

- երկրորդ խումբը՝ նույն օրենսգրքի 2-րդ մասում ամրագրված միայն մեկ հիմք, այն է՝ դատարանը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան:

Ընդ որում, հատկանշական է, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինները օժտված են հայեցողությամբ, այսինքն՝ այդ հիմքերի առկայության պայմաններում կարող են նաև չկասեցնել քրեական գործով վարույթը, ապա դատարանը ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի ուժով այդ հարցում որևէ հայեցողությամբ օժտված չէ:

Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերի որևէ մեկի առկայության դեպքում քրեական գործի վարույթը կարող է կասեցվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ համապատասխան մասով, սակայն օրենսդիրը նման հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով քրեական գործով վարույթը կասեցնելու համար չի նախատեսում, այլ կերպ՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմքով գործով վարույթը չի կարող միայն համապատասխան մասով կասեցվել, այն ենթակա է կասեցման ամբողջությամբ (տեսականորեն վարույթի մասնակի կասեցումը հնարավոր է, օրինակ, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարան դիմելու հիմքն առնչություն չունենա գործով անցնող այլ մեղադրյալների կամ ամբաստանյալների հետ: Այդ դեպքում, իմ կարծիքով, դատարանը կարող է որոշում կայացնել այդ անձանց մասով անջատ քննություն իրականացնելու համար, պայմանով, որ դա չի դժվարացնի ամբողջ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը):

Վարույթի կասեցման պարտադիր լինելը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավոր կասկածի առկայությունից բացի, դատարանը տվյալ գործի լուծումը հնարավոր է համարում այդ նորմատիվ իրավական հարցի կիրառման միջոցով, իսկ գործի լուծումը, գործով վերջնական դատական ակտ կայացնելը հնարավոր է դատավարության բոլոր, այդ թվում՝ դատական քննության նախապատրաստական փուլում (օրինակ, երբ այդ փուլում ի հայտ են եկել քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը):

Հատկանշական է, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմքի առկայության դեպքում վարույթի կասեցումը պարտադիր է (նույնանման մոտեցում ամրագրված է նաև մի շարք երկրների օրենսդրություններով, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդված):

 15.3. Անհամաձայնություն հայտնելով Վճռաբեկ դատարանի այն պատճառաբանություններին, որ Սահմանադրական դատարան դիմելու և միաժամանակ վարույթը կասեցնելու դեպքում քրեական գործի հետագա քննությունը ժամանակավորապես դադարում է, որի ընթացքում դատավարական գործողություններ իրականացվել չի կարող, հարկ եմ համարում նշել հետևյալը:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ վարույթի կասեցումը կարող է հանգեցնել դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման, մասնավորապես, նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանում գործի քննության համար կարող է պահանջվել տևական ժամանակ և այդ ընթացքում կարող են վտանգվել անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:

Գտնում եմ, որ վարույթը կասեցնելու դեպքում դատարանը իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է իրականացնել առանձին դատավարական կամ դատարանի լիազորություններից բխող այնպիսի գործողություններ, որոնք ուղղակիորեն կապված չեն կիրառման ենթակա օրենքի կամ իրավական նորմի սահմանադրականության հետ: Մասնավորապես, դատարանը կարող է (նույնիսկ պարտավոր է) վարույթը կասեցնելիս անդրադառնալ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման, այլ խափանման միջոցները վերացնելու կամ փոփոխելու, գույքի վրա դրված կալանքի իրավաչափության հարցերին, կամ կատարել այլ գործողություններ (օրինակ, դատավարությանը ներգրավել այլ մասնակիցների, ծանոթանալու համար տրամադրել գործի նյութեր, հիվանդության կամ այլ հարգելի պատճառով Հայաստանից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդություն քննարկել և այլն):

Պատահական չէ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը, ինչպես գործը քննող քննիչին, այնպես էլ դատարանին լիազորել է գործով վարույթը կասեցնելուց հետո իրականացնել բազմաթիվ քննչական, դատավարական և այլ անհրաժեշտ գործողություններ (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ, 295-րդ և 310-րդ հոդվածները), ինչը չի բացառվում նաև վարույթը կասեցնելիս Սահմանադրական դատարան դիմելիս:

Գտնում եմ, որ սահմանադրականության հարցով վարույթի կասեցումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ առանձին գործողություններ կատարելու և որոշումներ կայացնելու համար:

Հետևապես, Վճռաբեկ դատարանի պնդումն այն մասին, որ վարույթը կասեցնելու դեպքում կարող են խախտվել դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, վերոշարադրյալի հաշվառմամբ համոզիչ չեն: Հակառակ մեկնաբանման պարագայում, դատարանները Սահմանադրական դատարան դիմելիս կաշկանդված են լինելու վարույթը կասեցնելու հարցում, ինչը կարող է ոչ իրավաչափ սահմանափակել դատարանների լիազորությունները: Գտնում եմ, որ Սահմանադրական դատարան դիմելու նպատակով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելու դատավորի համոզմունքը չի կարող կախվածության մեջ դրվել նաև գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու քրեադատավարական օրենքի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ: Հակառակ տրամաբանությունը կարող է վտանգել դատարանի ազատ հայեցողությունն, այդ թվում այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարան դիմելու որոշման հիմքում դրված լինի այնպիսի դատական ակտի կամ նորմի սահմանադրականության հարցը, որից կախված է անձի մեղադրանքի իրավաչափությունը և դրանով պայմանավորված այլ իրավական հետևանքները:

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի պահանջում Սահմանադրական դատարան դիմելու համար «նախնական թույլտվություն» Սահմանադրական դատարանից, ինչպես դա նախատեսված է տարբեր երկրներում:

15.4. Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը վարույթը կասեցնելով ընթացակարգային բնույթի պահանջները չի պահպանել, այն է՝ վարույթի կասեցումը չի եղել վերջին միջոց, քանի որ կատարման ենթակա գործողությունները սպառված չեն եղել, չի վերացել անձանց հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, իսկ գործի հետագա քննության ծավալը սահմանափակված չի եղել բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի անմիջական կիրառմամբ, որի սահմանադրականության առումով առկա են եղել հիմնավոր կասկածներ:

Գտնում եմ, որ գործի վարույթը կասեցնելով Առաջին ատյանի դատարանը չի վտանգել դատավարության մասնակիցների օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Դատարանը, ելնելով կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցի էությունից ինքնուրույն է որոշում, թե դատավարության որ փուլում է նպատակահարմար Սահմանադրական դատարան դիմելու ու վարույթը կասեցնելու մասին որոշման կայացումը: Կարևորն այն է, որ որոշումը լինի պատճառաբանված: Հետևապես, դատական ակտը չի կարող բեկանվել այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարան դիմելիս գործի վարույթն ամբողջությամբ կասեցվել է:

15.5. Վճռաբեկ դատարանի որոշումից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը կարող էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մասով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (վերջինիս վերաբերյալ նաև 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) վարույթը չկասեցներ և գործի քննությունը շարունակեր: Գտնում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ, այն կարող էր հանգեցնել մի իրավիճակի, երբ նշված հոդվածներով դատաքննությունն ավարտված լիներ, սակայն դատարանը զրկված կլիներ վերջնական դատական ակտ կայացնելու հնարավորությունից, քանի դեռ չի վերացել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով վարույթը կասեցումից հանելու հիմքը: Ողջամիտ չեմ համարում, որ այս դեպքում վարույթը վերսկսելուց հետո դատարանը բոլոր մեղադրյալների մասով կրկին պետք է դատաքննություն իրականացնի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով:

Վերջին հաշվով, գործը քննող դատարանն է որոշում, թե դատավարության որ փուլում է նպատակահարմար վարույթը կասեցնել՝ դիմելով Սահմանադրական դատարան: Գտնում եմ, որ այդ հանգամանքը չի կարող դատարանի որոշման վերանայման առարկա լինել: Ուստի, պարտադիր չէ, որ Սահմանադրական դատարան դիմելիս ամբողջ ծավալով սպառված լինեն կատարման ենթակա գործողությունները: Այդ հարցը գտնվում է բացառապես տվյալ դատարանի հայեցողության տիրույթում:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, գտնում եմ, որ սույն քրեական գործի քննության ծավալը սահմանափակված է այն իրավակարգավորման անմիջական կիրառմամբ, որի սահմանադրականության առումով առկա են հիմնավոր կասկածներ:

15.6. Ինչ վերաբերվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով վարույթը կասեցնելու մասին որոշման բողոքարկման հնարավորությանը, հարկ եմ համարում ընդգծել, որ դատական պրակտիկայում տվյալ իրավակարգավորումը միատեսակ չի ընկալվում և դատարանները իրարամերժ դիրքորոշումներ են արտահայտում: Այսպես, Իշխան Բարսեղյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0165/01/16 քրեական գործով, Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Սահմանադրական դատարան դիմելու և վարույթը կասեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, 2017 թվականի մարտի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության, նշելով, որ տվյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով կասեցման որոշումը ենթակա է բողոքարկման միայն Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո քրեական գործով վարույթը կասեցնելուն կամ չկասեցնելուն:

Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մերժվել է պաշտպանների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, այն պատճառաբանությամբ, որ դատական սխալ տեղի չի ունեցել և իրավունքի զարգացման խնդիր չկա:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը որոշելու համար Վերաքննիչ դատարանը մեկ այլ՝ թիվ ԵԴ/0496/01/20 քրեական գործով 2021 թվականի փետրվարի 3-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան և գործի վարույթը կասեցրել է՝ պարզելու այդ նորմի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 164-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների պահանջներին: ՀՀ Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցի համաձայն՝ այդ գործի քննությունը նշանակված է 2021 թվականի մայիսի 4-ին:

15.7. Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում եմ, որ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ին կայացված միաժամանակյա որոշումը չի հանգեցրել դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների խախտմանը կամ արդյունավետ երաշխավորմանը: Այսպես, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը: Դատավարության այլ մասնակիցների նկատմամբ ընտրված խափանման միջոցները, գույքի վրա դրված կալանքը, մեղադրյալների ազատ տեղաշարժման և այլ հարցերի վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդությունները պարբերաբար քննության են առնվել և գործի վարույթը կասեցված լինելու հանգամանքը կողմերին չի խոչընդոտել իրացնել իրենց իրավունքները:

15.8. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանում նրանց հնարավորություն չի տրվել լիարժեք իրացնելու պաշտպանության իրենց իրավունքը, արձանագրել է, որ բողոքաբերների փաստարկը հիմնավոր չէ:

Մինչդեռ, նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ պաշտպանության կողմը լիարժեք հնարավորություն չի ունեցել վերաքննիչ բողոքների վերաբերյալ պատասխաններ ներկայացնելու համար: Դատարանը հաշվի չի առել կողմերի միջնորդությունները քննության առնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված պարտադիր կարգը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները3:

15.9. Բողոքաբերները փաստարկել են նաև, որ Վերաքննիչ դատարանում խախտվել է բողոքները մակագրելու կարգը և որոշումը կայացվել է ոչ «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից: Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն այդ փաստարկին չի անդրադարձել, ուստի որևէ պատճառաբանություն չեմ ներկայացնում:

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ գտնում եմ, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 376.1-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումներ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը թույլ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը օրինական է, հիմնավորված և պատճառաբանված: Դատարանը թույլ չի տվել այնպիսի նյութական կամ դատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են դատարանի որոշումը բեկանելու համար:

Այսպիսով, գտնում եմ, որ վճռաբեկ բողոքների քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը պետք է ամբողջությամբ բեկաներ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողներ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը:

17. Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ, 29-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-42-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝

 

առաջարկում եմ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել:

2. Մեղադրյալներ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի, Սեյրան Մուշեղի Օհանյանի, Յուրի Գրիգորիի Խաչատուրովի և Արմեն Անդրանիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել ամբողջությամբ, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 9, թերթեր 117-156:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 95, թերթեր 89-163:

3 Տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 13-րդ կետը:

Տիգրան Առաքելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0225/01/11 որոշման 23-րդ կետը:

Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0184/11/14 որոշման 15-16-րդ կետերը:

 

Դատավոր՝ 

Ս. Ավետիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան