Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 20.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2021 թվականի N 198-Լ

 

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-837-12.01.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-837-12.01.2021-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Նախագծով «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում և 3-րդ մասում առաջարկվող փոփոխությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատը գործնականում անսահմանափակ իրավասություն է ստանում ստուգումներ իրականացնել ֆինանսական կազմակերպությունների մոտ՝ անկախ պայմանագրով նման հնարավորության նախատեսված լինելու հանգամանքից, նաև տեղում՝ ֆինանսական կազմակերպությունների տարածքում: Ստուգումը ենթադրում է նաև պահանջել ու ստանալ ցանկացած փաստաթուղթ ու տեղեկատվություն՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք առկա են հաշվեքննության օբյեկտ հանդիսացող պետական մարմինների մոտ:

Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նման կարգավորումները կհանգեցնեն տնտեսավարող սուբյեկտների մոտ լրացուցիչ վարչարարության և կխոչընդոտեն վերջիններիս բնականոն գործունեությանը, քանի որ իրավաբանական անձի և պետության կամ համայնքի միջև համապատասխան պայմանագիր կնքվելու դեպքում պետությունն իր ռիսկերը գնահատելիս՝ պայմանագրում կարող է նախատեսել Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգում իրականացնելու դրույթ։

Բացի այդ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ բանկերի նկատմամբ վերահսկողություն, ներառյալ՝ ստուգում իրականացնելու բացառիկ իրավասությունը «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով վերապահված է ՀՀ կենտրոնական բանկին:

Բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրային ֆինանսների և սեփականության օգտագործմանը, ֆինանսական կազմակերպությունները հանդիսանում են ֆինանսական միջնորդներ (գործակալներ) և, որպես այդպիսին, բացառապես կատարում են հանրային ֆինանսներն օգտագործող իրավասու պետական մարմնի հանձնարարությունները:

Հանրային ֆինանսների օգտագործման, այդ թվում՝ կառավարման/փոխանցման ողջ տեղեկատվությունը, ներառյալ՝ վճարման հանձնարարականները, քաղվածքները, պայմանագրերը, առկա են հաշվեքննության օբյեկտ հանդիսացող իրավասու պետական մարմնի մոտ, դրանով իսկ, առանց սահմանափակման, հասանելի դառնալով Հաշվեքննիչ պալատի համար:

Ի լրումն դրա, ֆինանսական կազմակերպությունները գործում են թափանցիկության հնարավոր առավելագույն կանոնների պահպանմամբ: Դրանց գործունեության վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունները, այդ հաշվետվությունների վերաբերյալ միջազգային հեղինակավոր աուդիտորների եզրակացությունները, հրապարակվում են և հասանելի են ոչ միայն պետական մարմիններին, այլ ընդհանրապես հանրությանը: Ուստի Սահմանադրությամբ և օրենքով Հաշվեքննիչ պալատի գործառույթների և լիազորությունների արդյունավետ իրականացման առումով, Հաշվեքննիչ պալատը ֆինանսական կազմակերպությունների մոտ ստուգում անցկացնել կարող է միայն այն դեպքում, երբ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված է ստուգման իրականացման հնարավորությունը, ինչը և նախատեսված է գործող օրենքով:

Գործող օրենքով նախատեսված ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընթացակարգերը որևէ կերպ չեն խոչընդոտում կամ արգելում հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության անհրաժեշտ մակարդակի ապահովմանը: Այս մոտեցումը համապատասխանում է նաև արտաքին աուդիտի միջազգայնորեն ընդունված ստանդարտներով և Աուդիտի բարձրագույն մարմնի անկախության հիմնադրույթների վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված սկզբունքներին ու կանոններին:

Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատը հնարավորություն կունենա առանց սահմանափակման ստանալ նաև օրենքով պաշտպանվող բանկային ու ֆինանսական այլ գաղտնիք հանդիսացող տեղեկություն, ընդ որում՝ առցանց հասանելիության սկզբունքի հիման վրա։

Նախ և առաջ, ինչպես արդեն նշվել է, Հաշվեքննիչ պալատն ունի բոլոր իրավական ու գործնական հնարավորությունները ձեռք բերելու իր գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն հանրային ֆինանսների ու սեփականության օգտագործման այն դեպքերում, որոնց առնչվում են ֆինանսական կազմակերպությունները: Հաշվեքննության օբյեկտ հանդիսացող իրավասու պետական մարմինները Հաշվեքննիչ պալատին տրամադրում են ֆինանսական գործարքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը: Իսկ վարչարարություն իրականացնող բոլոր մարմինները Հայաստանում բանկային և ֆինանսական այլ գաղտնիքին հասանելիություն ունեն բացառապես «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով: Ընդ որում, բանկային գաղտնիքի առցանց տրամադրման հնարավորություն և ընթացակարգ ընդհանրապես սահմանված չէ: Ավելին, բանկային ու ֆինանսական գաղտնիքին նման անսահմանափակ հասանելիությունը չի բխում նաև արտաքին աուդիտի միջազգայնորեն ընդունված ստանդարտներից և Աուդիտի բարձրագույն մարմնի անկախության հիմնադրույթների վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված սկզբունքներից ու կանոններից:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հաշվեքննողը կարող է ծանոթանալ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ:

Նկատի ունենալով, որ Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հիմնարկներում, ինչպես նաև «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավաբանական անձանց մոտ՝ նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է հանգեցնել անձի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակմանը:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:


18.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան