Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.01.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԱԴ1/0045/01/17

Գործ թիվ ԱՐԱԴ1/0045/01/17

Նախագահող դատավոր՝ Ա. Վարդանյան

Դատավորներ՝

Ա. Նիկողոսյան

Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

Ն. Թումանյանի

 

2020 թվականի հունվարի 10-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնում հարուցվել է թիվ 29156217 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մայիսի 16-ի, մայիսի 21-ի, մայիսի 28-ի և հուլիսի 6-ի որոշումներով թիվ 29156317, 29156417, 33152817, 29157617, 24151817, 81151817, 49156817, 31152417 և 29156217 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 29156217 համարով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 10 (տասը) դրվագով, և 178-րդ հոդվածի 1-ին մասով։

 2017 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

 2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 19-ի դատավճռով Ս.Տեր-Վարդանյանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 10 (տասը) դրվագով, և 178-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, յուրաքանչյուր դրվագով, Ս.Տեր-Վարդանյանը դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, և 178-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, ու վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով, և տուգանք՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը, և պատժի սկիզբը հաշվվել է 2017 թվականի հունիսի 5-ից: Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:

 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Ասլանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 5. Սուրեն Տեր-Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 10 (տասը) դրվագով, մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր-թղթադրամներ օգտագործելով՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար:

Բացի այդ, Ս.Տեր-Վարդանյանին 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Նա], ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ 2017 թվականի մայիսի 15-ին, Երևան քաղաքից պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղ: Ժամը 14:30-ի սահմաններում հասնելով Տորֆավան գյուղի գերեզմանատան մոտ, նկատել է մոտակայքում ոչխարի հոտ պահող, նույն գյուղի բնակիչ՝ Գոհար Միքայելի Միրզոյանին: Նրա հետ խոսել է գառներ գնելու հարցի շուրջ և համաձայնության գալով, օգտվելով Գոհար Միրզոյանի՝ արտարժույթին ծանոթ չլինելու հանգամանքից, խաբեությամբ, իր մոտ եղած վճարման միջոց չհանդիսացող թղթադրամներ ներկայացնելով որպես իրական թղթադրամներ, նրանից գնել է ընդհանուրը 125.000 ՀՀ դրամ արժեքի 4 հատ գառ, դրանց դիմաց Գոհար Միրզոյանին խաբեությամբ տվել է վճարման միջոց չհանդիսացող 15.000 ՌԴ ռուբլու տեսքով հուշանվեր-թղթադրամներ, որից հետո գառները տեղադրելով տաքսի ավտոմեքենայում, հեռացել է այդտեղից»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) [Տ]վյալ դեպքում ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործությունների համար պատիժ նշանակելիս` Դատարանը հաշվի է առնում հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, այն որ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

(…) Սույն դատավճռում շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում արձանագրված դատողությունների և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանի նկատմամբ, Դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի կատարած հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունները կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, որոնք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների հետ և հաշվի առնելով նաև նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից՝ կարևորելով նաև տուժողների դիրքորոշումն ինչպես դեպքերի, այնպես էլ ամբաստանյալների հանդեպ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով, որը համաչափ է կատարված արարքներին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Ս.Տեր-Վարդանյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար: (...) »2։

 7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով նաև գործն արագացված դատաքննության կարգով քննելիս պատիժ նշանակելու առանձնահատկությունները, բավարար ջանասիրությամբ անհատականացրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժները, յուրաքանչյուր դրվագով նշանակել համաչափ պատիժ, իսկ հանցագործությունների համակցությամբ, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ նաև վերջնական պատիժ:

(...)

[Սույն դատական ակտում] նշված իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին (պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը)՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված՝ ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի անձը դրականորեն բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու՝ նկատի ունենալով նրա կատարած հանցագործությունների թիվը և հանգամանքները, դրանց նույնական բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը հատուցված չլինելու հանգամանքը, որոնք վկայում են ամբաստանյալի անձի և կատարված հանցագործությունների վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, այլ կերպ ասած՝ առկա չէին և առկա չեն օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալներ, որոնք դատարանին թույլ կտային և թույլ կտան հանգել այն համոզման, որ պատժի նպատակներին տվյալ դեպքում հնարավոր է հասնել ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու եղանակով: (...)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

 8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 64-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը համակցության մեջ պատշաճ չի գնահատել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը և արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը:

8.1. Այսպես, բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել այն, որ Ս.Տեր-Վարդանյանը 62 տարեկան է, բնութագրվում է դրական և պատրաստակամ է փոխհատուցել տուժողներին պատճառված վնասը, ինչպես նաև որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք չի դիտել մեղքն ընդունելն ու կատարվածի համար զղջալը:

8.2. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ նաև այն հանգամանքը, որ ազատազրկում պատժատեսակն իր բացասական ազդեցությունն է ունենալու Ս.Տեր-Վարդանյանի առողջության վրա:

8.3. Բացի այդ, ըստ բողոքաբերի, մարված դատվածության պայմաններում, Առաջին ատյանի դատարանի դատավճռում նախկինում հանցանք կատարած լինելու փաստի արձանագրումն անուղղակի կերպով նպաստել է Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ խիստ պատիժ նշանակելուն:

8.4. Արդյունքում բողոքաբերը փաստարկել է, որ համակցության մեջ գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով ևս հնարավոր էր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 28-ի որոշումը և Ս.Տեր-Վարդանյանին դատապարտել մեղմ պատժատեսակի կամ պատժաչափի, կամ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի արդարացիության և պատիժը կրելու անհրաժեշտության հիմնավորվածության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործը քննելիս և լուծելիս նյութական ու դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափությունն ու պատիժը կրելու անհրաժեշտության հիմնավորվածությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել և հաշվի է առել ամբաստանյալին մեղսագրված հանցագործությունների քանակը, հանգամանքները, դրանց բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը հատուցված չլինելու հանգամանքը՝ իրավաչափորեն փաստելով, որ դրանք վկայում են ամբաստանյալի անձի և նրան մեղսագրված հանցագործությունների վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին4։

11.1. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից բարձրացված այն փաստարկին, որ մարված դատվածության պայմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճռում նախկինում հանցանք կատարած լինելու փաստի արձանագրումն անուղղակի կերպով նպաստել է Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ խիստ պատիժ նշանակելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել ամբաստանյալի կատարած հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունները կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները՝ համադրելով դրանք ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների հետ, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից կարևորելով նաև տուժողների դիրքորոշումը5:

 12. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի արդարացիության և պատիժը կրելու անհրաժեշտության հիմնավորվածության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն օրինական են և հիմնավոր:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: 

15. Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում, քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: 

15.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»6: 

15.2. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում7:

 16. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝

 պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)։

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

17.1 ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը նյութական է։ Մասնավորապես, խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, համարվում է ավարտված, երբ հանցավորը գույքը վերցնելուց, իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո իրական հնարավորություն ունի իր հայեցողությամբ այն տնօրինելու կամ օգտագործելու8:

     18. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում9: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է10:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Տեր-Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2017 թվականի մայիսի 15-ին։ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով որակված՝ Ս.Տեր-Վարդանյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի ապրիլի 19-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի հունիսի 28-ին11: Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ12:

20. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Տեր-Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել: Հետևաբար, Ս.Տեր-Վարդանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետը Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ անցած է եղել։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2019 թվականի հունիսի 28-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ս.Տեր-Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:    

  21. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Իսկ ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձը չի վիճարկել իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) չի վիճարկել իրեն առաջադրված մեղադրանքը:

22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, իսկ 10 (տասը) դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յուրաքանչյուր դրվագով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով մասնակի գումարելով, պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով: Նշանակված պատժին, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ, անհրաժեշտ է մասնակիորեն գումարել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, ու վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս ժամկետով և տուգանք՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը պատժի ժամկետին հաշվակցելով` պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2017 թվականի հունիսի 5-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի նկատմամբ 10 (տասը) դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յուրաքանչյուր դրվագով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով մասնակի գումարելով պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով:

Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ չափով տուգանքը, ու վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս ժամկետով և տուգանք՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը պատժի ժամկետին հաշվակցելով` պատժի կրման սկիզբը հաշվել 2017 թվականի հունիսի 5-ից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման

 

------------------------------

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 188-193։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 105-117։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 70-89:

4 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

6 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

7 Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը։

8 Տե՛ս Լուսինե Նավասարդյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՄԴ/0064/01/13 որոշման 10-րդ կետը։

9 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը։

12 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան