Գլխավոր տեղեկություն
Համար
N 1218-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 24.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2020 թվականի N 1218-Լ

 

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀՈՂԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով և 65-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ համաձայնագրի շրջանակում իրականացվող՝ «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ ծրագիրն իրականացվելու է սույն որոշման ընդունման պահին Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև Բագրևանդի փող․ 74 հասցեում գտնվող (ծածկագիր-01-008-0506-0108) 3 հեկտար հողամասում, որի յուրաքանչյուր քառակուսի մետրի արժեքը կազմում է սույն որոշման 11-րդ կետով նշված պայմանագրի կնքման օրվա դրությամբ տվյալ գոտու համար գործող շուկայական արժեքի չափ կամ սահմանված կադաստրային արժեքի չափ, եթե հնարավոր չէ պարզել դրա շուկայական արժեքը (այսուհետ՝ տարածք)։

3. Սույն որոշման N 3 հավելվածով սահմանված աշխատակարգի 24-րդ կետում նշված սահմանաչափերով հողամասերը նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով տրամադրել հողամասի հատկացման մասով սույն որոշման 9-րդ կետով նշված ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարող, սույն որոշման 10-րդ կետում նշված հավաստագրման հանձնաժողովի համապատասխան որոշում ունեցող և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից հավաստագրված ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին (այսուհետ՝ ԻԲՏԸ), ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին (այսուհետ՝ ԻԲՏԿ. ԻԲՏԸ-ն և ԻԲՏԿ-ն միասին այսուհետ՝ ծրագրի մասնակիցներ)՝ տվյալ հողամասերում նշված կազմակերպությունների կողմից շենք և (կամ) շինություն կառուցելու և ծրագրով սահմանված պայմաններով այն օգտագործելու նպատակով՝ ըստ ներկայացված դիմումների։

4. Ծրագրի արդյունավետ և շարունակական իրականացման համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին (այսուհետ՝ ՁԻՀ) ճանաչել համաձայնագրի շրջանակում ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր: Որպես գլխավոր օպերատորի լիազորություններ սահմանել անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` ապահովելով պետական, մասնավոր (տեղական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների) և շահառու այլ կողմերի ներգրավումը: Գլխավոր օպերատորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՁԻՀ-ի և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կնքվելիք պայմանագրով։

5. Տարածքի սահմաններում գտնվող հողամասում ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագրի համապատասխան բաղադրիչի շրջանակում համապատասխան մրցույթում հաղթած շինարարական կազմակերպության միջոցով իրականացնել ինժեներական կենտրոնի գրասենյակային շենքի և (կամ) շինության կառուցման աշխատանքները։ Սույն կետում նշված շինարարական կազմակերպության ընտրության գործընթացին մասնակից դարձնել նաև ՁԻՀ-ին (համաձայնությամբ)։

6. Սահմանել, որ տարածքի սահմաններում գտնվող սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված՝ հողամաս չհամարվող այլ հողամասերը ընդհանուր օգտագործման տարածքներ են։

7. Սահմանել, որ ընդհանուր օգտագործման տարածքները կառուցապատվելու և բարեկարգվելու են ՁԻՀ-ի համակարգմամբ, իսկ ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագրի համապատասխան բաղադրիչի կատարման ամբողջ ընթացքում նաև սպասարկվելու են համաձայնագրի համապատասխան բաղադրիչով նախատեսված միջոցների հաշվին:

8. Սահմանել, որ ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագրի համապատասխան բաղադրիչի կատարման ավարտից հետո եռամսյա ժամկետում ընդհանուր օգտագործման տարածքներն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, նվիրաբերության միջոցով, ծրագրով սահմանված պայմաններով օգտագործելու նպատակով փոխանցվելու են սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված հողամասերի սեփականատերերին` տարածքում իրենց սեփականության իրավունքով պատկանող հողակտորի չափին համամասնորեն:

9. Հաստատել ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ չափորոշիչները (այսուհետ՝ մասնակցության չափորոշիչներ)՝ համաձայն N 2 հավելվածի:

10. Ծրագրին մասնակցության կազմակերպման և մասնակցության չափորոշիչներին համապատասխանող թեկնածուների ընտրության, հավաստագրման՝ ներառյալ հողակտորի հատկացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին համապատասխան որոշման տրամադրման, ինչպես նաև տարածքի հետագա նպատակային օգտագործման ապահովման նպատակով՝ ստեղծել Ինժեներական քաղաքի հավաստագրման հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը և աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

11. Հաստատել ծրագրի մասնակիցների և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի։

12. Լիազորել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից ծրագրի մասնակիցների հետ կնքելու սույն որոշման 8-րդ, 11-րդ և 13-րդ կետերով նշված պայմանագրերը։

13. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 5-րդ կետում նշված շենքի և (կամ) շինության կառուցման աշխատանքների ավարտից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումից հետո, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն այդ անշարժ գույքը ՁԻՀ-ին անհատույց օգտագործման կամ այլ իրավունքով փոխանցելու վերաբերյալ՝ կնքելով համապատասխան պայմանագիր:

14. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Ինժեներական քաղաքի ստեղծման նպատակով հավաստագրման հանձնաժողովի անհատական կազմը և կազմակերպել դիմումների ընդունման վերաբերյալ հայտարարության տարածումը:

15. Սահմանել, որ սույն որոշմամբ նշված նվիրաբերության գործարքից առաջացած հարկերը կարող են վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 23

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման

 

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

I. Նախաբան

 

1. Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները, արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ, կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարձր տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

2. Ծրագիրը թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին։

 

II. Ծրագրի նկարագրությունը

 

3. Ինժեներական քաղաքը (այսուհետ՝ ԻՔ) Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև Բագրևանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա կառուցվելիք համալիրն է, որն ի թիվս այլոց ընդգրկելու է ինժեներական բիզնես աքսելերատոր, գրասենյակային տարածքներ, արտադրական շենքեր, այլ շինություններ և կառույցներ։ Բացի այդ՝ ԻՔ-ն ներառելու է նաև հիշյալ հողամասին հարող հատվածում գտնվող կառույցներ, ինչպիսիք են՝ Ինժեներական կենտրոնը, գիտության և տեխնիկայի ու տիեզերքի թանգարանները, ինժեներական գրադարանը և համատեղ աշխատանքային տարածքը, ինչպես նաև ոլորտային այլ գրասենյակային, արտադրական շենքեր և շինություններ, որոնց նկատմամբ, սակայն, չեն տարածվելու ՀՀ կառավարության սույն որոշմամբ սահմանվող կանոնները և սահմանափակումները:

4. ԻՔ-ն նախատեսված է ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների համար, որոնք բավարարում են սույն որոշման N 2 հավելվածով նշված մասնակցության չափորոշիչներին: «ԻՔ» ծրագրի նպատակներն են՝

1) Հայաստանում ձևավորել ԻԲՏ կլաստեր՝ աջակցելով ոլորտի մասնակիցների միջև համագործակցությանն ու նպաստել համատեղ արտադրության (ռեսուրսային) լաբորատորիաների գործարկմանը.

2) խթանել ԻԲՏ ընկերությունների ստեղծումը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի կայուն աճը.

3) Հայաստանը դարձնել ԻԲՏ ապրանքների և ծառայությունների՝ համաշխարհային շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև նորարարական ինժեներական լուծումների տարածաշրջանային հանգույց։

5. Նշված նպատակներին հասնելու համար «ԻՔ» ծրագիրը նախատեսում է մշակել և գործադրել 2 բաղադրիչ՝ ենթակառուցվածքային ու բովանդակային.

1) ենթակառուցվածքային բաղադրիչի ներքո «ԻՔ» ծրագիրը նախատեսում է ստեղծել արդիական և գործուն ենթակառուցվածք՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով, ինժեներական բիզնես աքսելերատոր և համատեղ աշխատանքային տարածք, ինժեներական կենտրոն, գիտության, տեխնիկայի և տիեզերքի թանգարաններ, ինժեներական գրադարան և հարակից ենթակառուցվածքներ.

2) բովանդակային բաղադրիչի ներքո «ԻՔ» ծրագիրը ներառում է 4 ուղղություն՝ լաբորատորիաների, արհեստանոցի և արտադրամասի ծրագիր, աքսելերացիոն ծրագիր, վերապատրաստման դասընթացներ և «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն (մագիստրոսական ծրագիր)։

6. Ծրագրի իրականացումն էապես կնպաստի ԻԲՏ ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ոլորտի կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

1. «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցելու համար դիմելու իրավունք ունեն՝

1) Հայաստանում գրանցված առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունները, օտարերկրյա կազմակերպությունները՝ Հայաստանում գրանցված մասնաճյուղերի միջոցով, որոնք իրենց արտադրատեսակների (պրոդուկտների) նախագծման և արտադրության ընթացքն իրականացնում են չափիչ սարքավորումների, նախատիպերի ստեղծման լաբորատորիաների, մեքենայական գործիքների միջոցով և գործում են (ներառյալ իրականացնում են աքսելերացիոն, ինկուբացիոն (այդ թվում՝ աշխատանքային միջավայր ապահովող) գործունեություն) ստորև նշված ոլորտներում՝

ա․նյութագիտություն.

բ․ էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա).

գ․ չափիչ սարքավորումներ և համակարգեր.

դ․ ռադիոհաճախականային սարքավորումներ և համակարգեր.

ե․ ավիատիեզերական սարքավորումներ և համակարգեր.

զ․ ռոբոտաշինություն.

է․ կիսահաղորդչային սարքավորումներ.

ը․ վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS).

թ․ կենսաբժշկական սարքավորումներ։

2) Դիմում ներկայացնող այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված դիմումը ենթադրում է շենքի, շինության կառուցում, պետք է դիմումը ներկայացնելու պահին ունենան առնվազն 25000000 (քսանհինգ միլիոն) դրամ կանոնադրական կապիտալ (սույն պայմանը կիրառելի չէ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում).

3) դիմումը ներկայացնելու պահին և դրան նախորդող 6 ամսվա ընթացքում դիմում ներկայացնող կազմակերպությունների աշխատակիցների առնվազն 1/3-ը պետք է կնքված աշխատանքային պայմանագրերով ունենան վերոնշյալ ոլորտներին առնչվող աշխատանքի նկարագրություններ.

4) դիմում ներկայացնող կազմակերպությունները դիմումին կից պետք է ներկայացնեն ծրագիր, որն առնվազն պետք է պարունակի կազմակերպության գործունեության մանրամասն նկարագրություն, տեղեկություններ սպասվող ներդրումների և բացվող աշխատատեղերի մասին.

5) դիմում ներկայացնող կազմակերպությունները դիմումին կից պետք է ներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկանք՝ դիմելու պահի դրությամբ ընկերության հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ.

6) դիմում ներկայացնող կազմակերպությունները դիմումին կից պետք է ներկայացնեն կազմակերպության նկատմամբ սնանկության գործընթաց սկսված չլինելու և կազմակերպության մասնակցությամբ ընթացիկ դատական գործընթացների (կամ դրանց բացակայության) վերաբերյալ տեղեկանք Դատական դեպարտամենտից.

7) առնվազն երկու երաշխավորագիր՝ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց կողմից:

2. Վարձակալության իրավունքով կազմակերպությունը կարող է ստանալ «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցի կարգավիճակ, եթե դիմում է Ինժեներական քաղաքում կառուցված շենք-շինությունում տարածք հատկացնելու պահանջով՝ ներկայացնելով համապատասխան շենք-շինության սեփականատիրոջ նախնական համաձայնությունը։

3․ Տարբեր դիմումատուների կողմից սույն հավելվածով նշված չափորոշիչներին համապատասխանող մի քանի դիմումներ (նույն հողամասին վերաբերող) ներկայացված լինելու դեպքում ընթացք կտրվի առավել մեծ քառ․մ պահանջող դիմումին, իսկ միևնույն չափի հողամաս պահանջվելու դեպքում՝ ժամանակային առումով առաջինը ներկայացված դիմումին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներկայացուցիչ (հանձնաժողովի անդամ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ (հանձնաժողովի անդամ)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ (հանձնաժողովի անդամ)

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչ (հանձնաժողովի անդամ. համաձայնությամբ)

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ (հանձնաժողովի անդամ. համաձայնությամբ)

«Ինժեներական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (հանձնաժողովի անդամ. համաձայնությամբ)

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ինժեներական քաղաքում ռեզիդենտի (այսինքն` ծրագրի մասնակցի) կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումների քննարկման և որոշումների (խորհրդակցական բնույթ կրող) կայացման, ինչպես նաև տարածքի հետագա նպատակային օգտագործման ապահովմանը մասնակցելու լիազորություններ ունեցող հավաստագրման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2. Հավաստագրումն իրականացվում է հանձնաժողովի կողմից:

3. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

4. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ:

5. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը, որն ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը:

6. Հանձնաժողովի անդամներն ունեն ձայնի հավասար իրավունք` հանձնաժողովի նիստերին ուսումնասիրվող հարցերի քննարկման և դրանց կապակցությամբ որոշումների ընդունման ժամանակ:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և ստորագրվում են հանձնաժողովի՝ որոշումն ընդունած անդամների կողմից:

8. Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

9. Հանձնաժողովի անդամը դադարում է անդամ լինելուց իրեն ներկայացրած կառույցի կամ կազմակերպության համապատասխան գրության հիման վրա:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցության դեպքում, հանձնաժողովի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում նիստը համարվում է չկայացած, և նշանակվում է նոր նիստ՝ բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի(երի): Հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձանց իրենց անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

11. Եթե հանձնաժողովի անդամը 2 անգամ անընդմեջ բացակայում է և չի լիազորում այլ անձի իր անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ապա նշված հանգամանքը հանձնաժողովի նիստը չկայացած համարելու հիմք չէ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր) կողմից (այսուհետ՝ քարտուղարություն):

13. Քարտուղարությունը`

1) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.

2) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

3) տրամադրում է դիմումների ներկայացման ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն.

4) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ձևավորում է նիստերի վերջնական օրակարգը և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրում է հանձնաժողովի անդամներին.

5) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների քվեարկությունները, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.

6) արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծեր.

7) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

8) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների համարակալումը և տրամադրումը դիմումատու կազմակերպություններին և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին:

 

IV. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

14. Կազմակերպությունները Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով հավաստագիր ստանալու համար թղթային կամ էլեկտրոնային եղանակով քարտուղարություն են ներկայացնում`

1) դիմում՝ հավաստագիր (չափորոշիչներին համապատասխանության փաստը հավաստող փաստաթուղթ) ստանալու մասին` համաձայն N 1 ձևի, ընդ որում՝ դիմումը ներկայացվում է քարտուղարություն՝ ուղեկցող գրությամբ. դիմումը ներառում է նաև տեղեկատվություն` կազմակերպության կողմից հանձնաժողովին ներկայացված դիմումում ներառված տեղեկությունների հավաստիության ապահովման, ինչպես նաև Ինժեներական քաղաքի պայմաններն ու կանոնները սահմանող իրավական ակտերի պահանջներին հետևելու պարտավորության մասին.

2) ծրագիր՝ Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ունենալու հավաստագիր ստանալու դիմում ներկայացնող կազմակերպության գործունեության վերաբերյալ համաձայն N 1.1. ձևի.

3) հայտարարություն այն մասին, որ կազմակերպությունը համապատասխանում է «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցելու չափորոշիչներին` համաձայն N 2 ձևի.

4) հայտարարություն այն մասին, որ կազմակերպությունն ունի զարգացող բիզնես (առևտրային կազմակերպությունների դեպքում) կամ համապատասխան ծրագրեր (ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում), ինչպես նաև անհրաժեշտ ու բավարար միջոցներ իր կողմից առաջարկվող ժամկետներում շինություն կառուցելու և շահագործելու համար (ընդ որում՝ նախագիծը պետք է համապատասխանի Ինժեներական քաղաքում կիրառվող ընդհանուր ճարտարապետական լուծումներին. վարձակալության հիմքով Ինժեներական քաղաք մուտք գործող կազմակերպությունների դեպքում շինություն կառուցելու համար միջոցների առկայության նախապայմանը կիրառելի չէ)` համաձայն N 3 ձևի.

5) երաշխավորագրեր` տրված դիմումատու կազմակերպությանը Ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց կողմից.

6) կառուցվող շենքի ընտրված տարբերակը՝ «Գլխավոր հատակագծի հայեցակարգով» սահմանվող թույլատրելի ձևաչափերից.

7) դիմումը ներկայացնելու պահին առնվազն 25000000 (քսանհինգ միլիոն) դրամ կանոնադրական կապիտալի առկայությունը հավաստող փաստաթուղթ (քաղվածք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրից. այն ընկերությունների համար, որոնց կողմից ներկայացված դիմումը ենթադրում է շենքի, շինության կառուցում).

8) աշխատակիցների առնվազն 1/3-ի՝ դիմումը ներկայացնելու պահին և դրան նախորդող 6 ամսվա ընթացքում կնքված աշխատանքային պայմանագրերով սույն որոշման N 2 hավելվածի («ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող ոլորտներին առնչվող աշխատանքի նկարագրություններ ունենալը հավաստող ապացույցներ.

9) կազմակերպության նկատմամբ սնանկության գործընթաց սկսված չլինելու և կազմակերպության մասնակցությամբ ընթացիկ դատական գործընթացների (կամ դրանց բացակայության) վերաբերյալ տեղեկանք Դատական դեպարտամենտից.

10) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկանք` դիմելու պահի դրությամբ ընկերության հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ։

15․ Վարձակալության հիմքով Ինժեներական քաղաք մուտք գործող կազմակերպությունների դեպքում սույն աշխատակարգի 14-րդ կետի 6-րդ, 7-րդ ենթակետերում նշված պահանջները կիրառելի չեն։

16. Քարտուղարությունը դիմումի ստացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը և թերությունների հայտնաբերման դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (կամ նույն եղանակով, ինչ եղանակով ստացվել է դիմումը) տեղեկացնում է դիմումատուին:

17. Դիմումատուի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտնաբերված թերությունները չվերացնելու և փաստաթղթերը գրավոր (կամ այն նույն եղանակով, ինչ եղանակով ստացվել է դիմումը) կրկին քարտուղարություն չներկայացնելը հիմք է դիմումի մերժման համար:

18. Դիմումները համարվում են ընդունված փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում, որից հետո քարտուղարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է նիստի օրակարգը և հրավիրում է հանձնաժողովի նիստ:

19. Նիստի օրակարգը, հավաստագրման դիմումները կից փաստաթղթերի հետ միասին, քարտուղարությունն էլեկտրոնային եղանակով տրամադրում է հանձնաժողովի անդամներին` գումարվող նիստից առնվազն 2 օր առաջ:

20. Հանձնաժողովը որոշումը կայացնում է դիմումի ստացման պահից առավելագույնը 30-օրյա ժամկետում:

21. Սույն կարգով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակի ստացման և դիմումատու կազմակերպությանը հողահատկացման նպատակահարմարության վերաբերյալ հավաստագրի տրամադրման մասին հանձնաժողովի կողմից որոշման ընդունումից հետո քարտուղարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի արձանագրությունը և համապատասխան որոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ համապատասխան կազմակերպությանը Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակի հավաստագիր տրամադրելու համար՝ համաձայն N 4 ձևի:

22. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից հավաստագրի տրամադրման մասին համապատասխան ակտի ընդունման դեպքում պետության և ծրագրի մասնակցի միջև կնքվում է հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագիր: Սույն կետը չի տարածվում վարձակալության հիմքով Ինժեներական քաղաք մուտք գործող կազմակերպությունների վրա։

23. Հողի նվիրաբերության պայմանագրում նախատեսվում են պայմանագրային պարտավորությունների (ներառյալ հողoգտագործման պայմանների, նպատակային գործունեության պայմանների) ապահովման, ինչպես նաև երրորդ անձանց հնարավոր պահանջներից հատկացվող հողամասերի պաշտպանության գործիքներ (գրավ և այլն)։

24. Մեկ ծրագրի մասնակցին հատկացվող հողամասի չափը կարող է կազմել շուրջ 250 քառ․մ կամ շուրջ 500 քառ․մ։

25. Ինժեներական քաղաքի ռեզիդենտը կարող է օտարել կամ վարձակալության տալ իրեն պատկանող հողը կամ շինությունը (ամբողջությամբ կամ մասնակի) միայն սույն կարգով հավաստագրված մեկ այլ ծրագրի մասնակցին կամ սույն աշխատակարգի 22-րդ կետում նշված պայմանագրով սահմանված այլ անձանց:

26. Ինժեներական քաղաքում ծրագրի մասնակցին տրամադրված հողամասի չափի մեծացման համար ներկայացվում է հողամասի չափի փոփոխության վերաբերյալ դիմում, որը քննության է առնվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում և անհրաժեշտության դեպքում վերջինիս հետ կնքված հողի նվիրաբերության պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

 27. Սույն կարգով սահմանված պահանջներին (ներառյալ «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցելու չափորոշիչներին) չբավարարելու դեպքում Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակի ստացման և կազմակերպություններին հողահատկացման դիմումի վերաբերյալ հանձնաժողովը կայացնում է բացասական որոշում, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից ընդունվում է հավաստագրի տրամադրումը մերժելու մասին համապատասխան իրավական ակտ, ինչի մասին դիմումատու կազմակերպությունը տեղեկացվում է համապատասխան ակտի ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

28. Հավաստագրի գործողության դադարեցումն ու նվիրաբերության պայմանագրի լուծումն իրականացվում է հանձնաժողովի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության անունից նվիրաբերության պայմանագիր կնքած պետական լիազոր մարմնի կողմից` Ինժեներական քաղաքի ռեզիդենտների (ներառյալ նրանց աշխատակիցների, հյուրերի) կողմից հողի և դրա վրա տեղակայված շինության ոչ նպատակային օգտագործման, սույն կարգով կամ կողմերի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով սահմանված պահանջների խախտման կամ ծրագրի մասնակցի կողմից հանձնաժողովին ներկայացված` հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի առկայության դեպքում:

29. Հավաստագրի գործողության դադարեցման հարցը հանձնաժողովը քննարկում է հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ ծրագրի մասնակցի դիմումը կամ նվիրաբերության պայմանագրի կարգավորումների (ներառյալ հողի օգտագործման նպատակների) խախտման վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

30. Ծրագրի մասնակիցը տեղեկացվում է հանձնաժողովի կողմից հավաստագրի գործողության դադարեցման մասին որոշման և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Կազմակերպության անվանումը ՝_________________________________________________

2. Կազմակերպության գտնվելու վայրը՝ ___________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, կապի այլ միջոցներ՝ _________________________________________________________________

Ղեկավարվելով ՀՀ կառավարության N--------- որոշմամբ, հաշվի առնելով կից ներկայացվող փաստաթղթերը՝ խնդրում ենք տրամադրել Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ունենալու հավաստագիր։

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) ծրագիր` ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ունենալու հավաստագիր ստանալու դիմում ներկայացնող կազմակերպության գործունեության վերաբերյալ.

2) հայտարարություն այն մասին, որ կազմակերպությունը «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցելու չափորոշիչներին համապատասխանում է.

3) հայտարարություն այն մասին, որ կազմակերպությունն ունի զարգացող բիզնես (առևտրային կազմակերպությունների դեպքում) կամ համապատասխան ծրագրեր (ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում) և անհրաժեշտ ու բավարար միջոցներ՝ իր կողմից առաջարկվող ժամկետներում շինություն կառուցելու շահագործելու համար (ընդ որում՝ նախագիծը պետք է համապատասխանի Ինժեներական քաղաքում կիրառվող ընդհանուր ճարտարապետական լուծումներին. վարձակալության հիմքով Ինժեներական քաղաք մուտք գործող կազմակերպությունների դեպքում շինություն կառուցելու համար միջոցների առկայության նախապայմանը կիրառելի չէ).

4) երաշխավորագրեր` տրված դիմումը ներկայացնող կազմակերպությանը Ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց կողմից.

5) կառուցվող շենքի ընտրված տարբերակը՝ գլխավոր հատակագծի հայեցակարգով սահմանվող թույլատրելի ձևաչափերից (եթե ընկերության կողմից ներկայացված դիմումը ենթադրում է շենքի, շինության կառուցում).

6) դիմումը ներկայացնելու պահին առնվազն 25000000 (քսանհինգ միլիոն) դրամ կանոնադրական կապիտալի առկայությունը հավաստող փաստաթուղթ (քաղվածք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրից, եթե ընկերության կողմից ներկայացված դիմումը ենթադրում է շենքի, շինության կառուցում).

7) հավաստող ապացույցներ առ այն, որ ԻԲՏԿ աշխատակիցների առնվազն 1/3-ը, դիմումը ներկայացնելու պահին և դրան նախորդող 6 ամիսների ընթացքում, կնքված աշխատանքային պայմանագրերով ունեն ՀՀ կառավարության N_______ որոշման N 2 հավելվածի («Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցության չափորոշիչների 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող ոլորտներին առնչվող աշխատանքի նկարագրություններ.

8) տեղեկանք Դատական դեպարտամենտից՝ դիմումը ներկայացնող կազմակերպության նկատմամբ սնանկության գործընթաց սկսված չլինելու և կազմակերպության մասնակցությամբ ընթացիկ դատական գործընթացների (կամ դրանց բացակայության) վերաբերյալ.

9) տեղեկանք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից` դիմելու պահի դրությամբ դիմումը ներկայացնող կազմակերպության հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ.

10) անհրաժեշտ հողատարածքի չափը՝ շուրջ ---------------քառ․մ.

11) անհրաժեշտ հողատարածքի համարը՝ _____ (ըստ Ինժեներական քաղաքի գլխավոր հատակագծի).

12) շինարարական աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ այն համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:

 

Պարտավորվում եմ սույն դիմումով և կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխման դեպքում դրանց մասին 20-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել հանձնաժողովին:

Պարտավորվում եմ պահպանել Ինժեներական քաղաքի պայմանները և կանոնները: Գիտակցում եմ, որ դրանք չպահպանելը, ինչպես նաև թերի կամ կեղծ տեղեկությունների ներկայացումը կհանգեցնի հավաստագրի գործողության դադարեցման:

 

_________________________________________________________________

(տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________ _______________ 20  թ.

 

Դիմումն ընդունող՝ ____________________ _____ ___________ 20  թ. ժամը՝ __:__

 

Ձև N 1․1.

 

ԾՐԱԳԻՐ

 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1) Կազմակերպության անվանումը՝ _____________________________________________

 

2) Կազմակերպության գործունեության մանրամասն նկարագրությունը՝

____________________________________________________________________________

3) Տեղեկություններ սպասվող ներդրումների մասին՝

____________________________________________________________________________

4) Տեղեկություններ բացվող աշխատատեղերի մասին՝

____________________________________________________________________________

5) Այլ տեղեկություններ՝

____________________________________________________________________________

 _________________________________________________________________

 (տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 _________ _______________ 20  թ.

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտարարում եմ, որ՝

Կազմակերպության անվանումը՝

_______________________________________________________________________

ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում ՀՀ կառավարության N____ որոշման N 2 հավելվածով սահմանվող ոլորտներից՝ _________ ոլորտում (ներում):

 

________________________________________________________________________

 (տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________ _______________ 20  թ.

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտարարում եմ, որ՝

Կազմակերպության անվանումը՝

________________________________________________________________________

ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն է, որն ունի զարգացող բիզնես (առևտրային կազմակերպությունների դեպքում) կամ համապատասխան ծրագրեր (ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում), ինչպես նաև անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ իր կողմից առաջարկվող ժամկետներում շինություն կառուցելու և շահագործելու համար` Ինժեներական քաղաքում կիրառվող ընդհանուր ճարտարապետական լուծումներին համապատասխան (վարձակալության հիմքով Ինժեներական քաղաք մուտք գործող կազմակերպությունների դեպքում շինություն կառուցելու համար միջոցների առկայության վերաբերյալ հայտարարելու նախապայմանը կիրառելի չէ):

 

__________________________________________________________________________

 (տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________ _______________ 20  թ.

 

 Ձև N 4

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ________

 

(ՀՀ կառավարության N—— որոշման հիման վրա Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակը (չափորոշիչներին համապատասխանության փաստը) հավաստող փաստաթուղթ)

 

Տրված է`............. 20 թ.

 

Կազմակերպության անվանումը`

 _______________________________________________________________________

 

Դիմում` .................. 20 թ. N ................

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝

_________________

  __________________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման

 

ՀՈՂԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ....

 

Հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) կնքվել է 20_ թ. [ամիս] [ամսաթիվ]-ին.

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ նվիրաբերող), որի անունից ՀՀ կառավարության N ------- որոշման համաձայն հանդես է գալիս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ________________ ՝մի կողմից և [...]-ի (գրանցման համար՝ [...], ՀՎՀՀ [...]), որի անունից հանդես է գալիս [պաշտոն] [անուն] [ազգանուն], որը գործում է ___________________ [կանոնադրության/լիազորագրի] հիման վրա (այսուհետ՝ նվիրառու)՝ մյուս կողմից (այսուհետ միասին՝ կողմեր և առանձին նաև՝ կողմ).

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թ. օգոստոսի 6-ին ստորագրված՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 20 [.]թ. [ամիս] [ամսաթիվ]-ի N [...] որոշմամբ հավանության արժանացած «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)

 

ԵՎ ՂԵԿԱՎԱՐՎԵԼՈՎ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ԵՎ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍՈՎ՝ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ

 

1. Հողամասի նվիրաբերությունը.

1.1. Սույն պայմանագրի հիման վրա նվիրաբերողը վերջինիս սեփականություն հանդիսացող տարածքից [...] ([...]) քմ, ____ դրամ արժեքով հողամասը, ըստ կից Ձև N 1-ով սահմանված հատակագծի, նվիրաբերում է նվիրառուին, իսկ նվիրառուն ընդունում է նվիրաբերությունը և պարտավորվում օգտագործել հողամասը՝ սույն պայմանագրով սահմանված նպատակներին և պայմաններին համապատասխան:

1.2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար պատասխանատու է և դրա հետ կապված ծախսերը կրում է նվիրառուն։

Հողամասի նվիրաբերությունը պայմանավորված է նվիրառուի կողմից հողամասի և դրա վրա կառուցվելիք ենթակառույցների ստորև սահմանված նշանակությամբ օգտագործմամբ։

2. Հասկացություններ և մեկնաբանում.

2.1. Սույն պայմանագրում ստորև սահմանված եզրույթներն ունեն հետևյալ իմաստը.

 

Անդամավճար՝

նվիրառուի կողմից ընդհանուր ենթակառուցվածքների կառավարումն իրականացնող մարմնին կատարվող վճարներ, որոնց շնորհիվ իրականացվում է տարածքի և ընդհանուր ենթակառույցների սպասարկումը.

Աշխատանքային օր՝

աշխատանքային օր ՀՀ օրենսդրության համաձայն.

Արտոնյալ ժամանակահատված՝

սույն պայմանագրի պայմանների խախտման դեպքում այն շտկելու նպատակով՝ նվիրառուին տրամադրվող ժամկետ, որի ընթացքում սույն պայմանագիրը չի կարող լուծվել.

Ենթակառույց՝

նվիրառուի կողմից, իր կողմից ներկայացված դիմումին համապատասխան, կառուցման ենթակա կառույցներ, շինություններ, ճանապարհներ, որոնք պետք է օգտագործվեն նվիրառուի կողմից՝ ծրագրին համապատասխան. դրանք ի թիվս այլոց ներառում են ինժեներական և ԲՏ ոլորտի գրասենյակային տարածքներ, լաբորատորիաներ, հետազոտական նշանակության կամ ոլորտային կազմակերպությունների աքսելերացիայի, ինկուբացիայի համար օգտագործվող տարածքներ և դրանց սպասարկման համար օգտագործվող այլ շինություններ, կառույցներ.

Ընդհանուր ենթակառույցներ՝

Ընդհանուր ենթակառուցվածքների կառավարումն իրականացնող մարմին`

տարածքում առկա սեփականատերերի ընդհանուր սեփականություն հանդիսացող և տարածքում գտնվող ենթակառույցներ՝ ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքներ, որոնցից անմիջականորեն օգտվում են և որոնց շահառուներն են ծրագրի մասնակիցները.

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի համապատասխան՝ (ծրագրին առնչվող) բաղադրիչի իրականացման ժամանակահատվածում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, իսկ նշված ժամանակահատվածի ավարտից հետո՝ նվիրառուի և ծրագրի այլ ռեզիդենտների կողմից որոշվող իրավաբանական անձը.

Ծրագրային նպատակներ՝

հողամասի և դրա վրա կառուցված ենթակառույցների օգտագործման թույլատրելի նպատակներ՝ համապատասխան ծրագրին և նվիրառուի կողմից ներկայացված և հավանության արժանացած դիմումի, որոնք ի թիվս այլոց ենթադրում են դրանց օգտագործումը որպես ինժեներական և ԲՏ ոլորտի գրասենյակային տարածքներ, լաբորատորիաներ, հետազոտական նշանակության կամ ոլորտային կազմակերպությունների աքսելերացիայի, ինկուբացիայի համար օգտագործվող տարածքներ և դրանց սպասարկման համար նախատեսված այլ նպատակներ.

Դիմում՝

ՀՀ կառավարության N--- որոշման N 3 հավելվածի N 1 ձևով սահմանված փաստաթուղթ.

Հավաստագրման հանձնաժողով՝

ՀՀ կառավարության 20[. ] թ. [ամիս] [ամսաթիվ]-ի N [...] որոշմամբ ստեղծված հանձնաժողով.

Հողամաս՝

Տարածքում գտնվող […] քմ մակերեսով հողամաս՝ ըստ N 1 ձևով սահմանված հատակագծի.

Տարածք՝

ունի ՀՀ կառավարության 20[. ]թ. [ամիս] [ամսաթիվ]-ի N [...] որոշմամբ սահմանված իմաստը.

Օրենսդրություն՝

ցանկացած օրենք, ենթաօրենսդրական ակտ, դատական կամ այլ պետական մարմնի որոշում, որը կարող է կիրառելի լինել կողմերի միջև հարաբերություններում.

Շինարարական աշխատանքներ՝

Մասնակցության չափորոշիչներ՝

Շենք-շինությունների կառուցման, ենթակառույցների կառուցապատման, ներքին հարդարման (ընդհուպ մինչև շահագործման համար պիտանի վիճակի բերելը) աշխատանքներ.

ունի ՀՀ կառավարության 20[. ]թ. [ամիս] [ամսաթիվ]-ի N [...] որոշմամբ սահմանված իմաստը։

2.2. Սույն պայմանագիրը պետք է մեկնաբանվի որպես մեկ ամբողջություն՝ դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակության հիման վրա՝ իրենց համատեքստում։ Առանձին կետերի վերտառությունները սահմանված են միայն տեխնիկական նկատառումներով և չեն սահմանափակում, բնորոշում կամ ընդարձակում դրանցում պարունակված դրույթների բովանդակությունը։

3. Հողամասի և ենթակառույցների օգտագործման նպատակներն ու պայմանները.

3.1. Նվիրառուն պարտավորվում է հողամասի վրա իրականացնել ենթակառույցների շինարարություն՝ հավաստագրման հանձնաժողովին իր կողմից ներկայացված դիմումին համապատասխան:

3.2. Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն նվիրառուի կողմից դիմումով սահմանված ժամանակացույցին համապատասխան, իսկ դրանց շահագործումը սկսվի ոչ ուշ, քան [...........] թ.:

3.3. Հողամասը և վերջինիս վրա նվիրառուի կողմից կառուցված ենթակառույցները կարող են օգտագործվել բացառապես և միայն մասնակցության չափորոշիչներին և նվիրառուի կողմից ներկայացված դիմումին և ծրագրային նպատակներին համապատասխան, որոնք ի թիվս այլոց ենթադրում են հողամասի և ենթակառույցների օգտագործումը որպես ինժեներական և ԲՏ ոլորտի գրասենյակային տարածքներ, լաբորատորիաներ, հետազոտական նշանակության կամ ոլորտային կազմակերպությունների աքսելերացիայի, ինկուբացիայի համար օգտագործվող տարածքներ և դրանց սպասարկման համար նախատեսված այլ նպատակներով:

3.4. Հողամասի և ենթակառույցների սեփականության իրավունքի փոխանցումը երրորդ անձանց կարող է իրականացվել միայն ՀՀ կառավարության N------- որոշմամբ սահմանված ընթացակարգով:

3.5. Հողամասի և ենթակառույցների նկատմամբ ցանկացած ճանապարհով երրորդ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքներ փոխանցելու (այդ թվում՝ վարձակալության տրամադրման) դեպքում նվիրառուն պարտավորվում է երաշխավորել այդ երրորդ անձանց կողմից սույն պայմանագրով սահմանված ծրագրային նպատակների պահպանումը։ Ծրագրային նպատակների խախտմամբ հողամասի և ենթակառույցների օգտագործումը այդ երրորդ անձանց կողմից համարվում է պայմանագրի խախտում նվիրառուի կողմից։

3.6. Հողամասի և ենթակառույցների ծրագրային նպատակներին համապատասխան օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացվում է նվիրատուի կամ վերջինիս կողմից լիազորված ներկայացուցչի կողմից:

4. Շինարարական աշխատանքները.

4.1. Շինարարական աշխատանքների իրականացման և ավարտին հասցնելու համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների, լիցենզիաների և ՀՀ օրենսդրությամբ կիրառելի այլ պարտադիր նախադրյալների ձեռքբերումն ու ապահովումը նվիրառուի պարտականությունն են։

4.2. Շինարարական աշխատանքների ընթացքում պետք է պահպանվեն անվտանգության՝ ՀՀ օրենսդրությամբ կիրառման ենթակա չափանիշները և քաղաքաշինական նորմերն և կանոնները։

4.3. Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրումից հետո 1 տարվա ընթացքում։

4.4. Վերը նշված 4.2-րդ և 4.3-րդ կետերով սահմանված պարտավորությունների խախտումը համարվում է պայմանագրի էական խախտում։

5. Պայմանագրի խախտման հետևանքները.

5.1. Պայմանագրով և (կամ) ՀՀ կառավարության N--- որոշմամբ սահմանված օգտագործման նպատակները և պայմանները խախտելու դեպքում նվիրաբերողն իրավասու է պահանջելու նվիրառուից վերացնել խախտումը՝ տրամադրելով նվիրառուին 15 (տասնհինգ) աշխատանքային օր արտոնյալ ժամանակահատված։

5.2. Արտոնյալ ժամանակահատվածի ավարտին նվիրառուն իրավասու է գրավոր եղանակով պահանջելու հավելյալ արտոնյալ ժամանակահատված մինչև 120 օր տևողությամբ ՀՀ կառավարության N-------- որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող գնորդ գտնելու և նրան նույն որոշմամբ սահմանված կարգով ենթակառույցն օտարելու կամ ընդհանուր ենթակառուցվածքների կառավարումն իրականացնող մարմնին ենթակառույցը պայմանագրի 5․2․1-ին կետով նշված պայմաններով օտարելու նպատակով։

5.2.1. Ընդհանուր ենթակառուցվածքների կառավարումն իրականացնող մարմնին ենթակառույցի օտարումն իրականացվելու է օտարման պահին ենթակառույցի շուկայական արժեքի (համապատասխան գնահատման եզրակացությամբ սահմանվող) ոչ ավելի, քան 70 տոկոսի չափով։

5.3. Արտոնյալ ժամանակահատվածում թերացումը չշտկելու կամ պայմանագրի 5․2-րդ կետով սահմանված հավելյալ արտոնյալ ժամանակահատվածում նույն կետով սահմանված կարգով հողամասը և դրա վրա կառուցված ենթակառույցը չօտարվելու դեպքում նվիրաբերողն իրավասու է պահանջելու սույն պայմանագրով սահմանված նվիրաբերության վերացում՝ կամ կողմերի միջև ստորագրվող համապատասխան համաձայնությամբ կամ դատական կարգով։

5.4. Նվիրառուն համաձայնում է, որ պայմանագրի 5․3-րդ կետով սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրառուն պարտավորվում է հողամասում առկա ենթակառույցները վաճառել նվիրատուին կադաստրային արժեքի 70 տոկոսի չափով։

6. Կողմերի իրավունքները և պարտականությունները.

6.1. Նվիրատուն պարտավոր է սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից տասն օրվա ընթացքում նվիրառուին հանձնել հողամասը։

6.2. Նվիրատուն իրավունք ունի`

6.2.1. պահանջելու նվիրառուից հողամասը օգտագործել սույն պայմանագրի պայմաններին և նվիրաբերության նպատակներին համապատասխան.

6.2.2. սույն պայմանագրով նախատեսված իրավունքի իրականացման նպատակով՝ նվիրառուից պահանջելու և ստանալու համապատասխան տեղեկություններ.

6.2.3. պահանջելու նվիրառուից վերացնել սույն պայմանագրի խախտումները (կատարման թերացումները) արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում.

6.2.4. պահանջելու վերացնել նվիրաբերությունը, եթե նվիրառուն հողամասն օգտագործել է նվիրաբերության նպատակներին անհամապատասխան.

6.3. նվիրառուն իրավունք ունի նվիրատուից պահանջելու իրեն հանձնել հողամասը սույն պայմանագրով սահմանված ժամկետում։

6.4. Նվիրառուն պարտավոր է՝

6.4.1. պահպանել սույն պայմանագրով և ՀՀ կառավարության N---------որոշմամբ սահմանված օգտագործման նպատակներն ու պայմանները.

6.4.2. համապատասխան պահանջ ստանալու դեպքում՝ նվիրատուին տրամադրել վերջինի պայմանագրով նախատեսված իրավունքի իրականացման նպատակով պահանջվող տեղեկություններ.

6.4.3. ապահովել շինարարական աշխատանքների իրականացման և ավարտին հասցնելու համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների, լիցենզիաների և ՀՀ օրենսդրությամբ կիրառելի այլ պարտադիր նախադրյալների ձեռքբերումն ու պահպանումը.

6.4.4. շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ապահովել անվտանգության՝ ՀՀ օրենսդրությամբ կիրառման ենթակա չափանիշները և քաղաքաշինական նորմերն և կանոնները.

6.4.5. հավաստագրի դադարեցման դեպքում՝ նվիրատուին առնվազն 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել հողամասը։

7. Անդամավճարներ.

7.1. Նվիրառուն պարտավորվում է ընդհանուր ենթակառուցվածքների կառավարումն իրականացնող մարմնին (առկայության դեպքում) ամսական վճարել նշված մարմնի կողմից ընդունվող համապատասխան իրավական ակտով (որոշմամբ) սահմանվող անդամավճարը (եթե նման իրավական ակտ ընդունվել է)։ Անդամավճարներն օգտագործվում են տարածքի և ընդհանուր ենթակառույցների սպասարկման ծախսերի հատուցման համար։

7.2. Տարաձայնություններից խուսափելու համար՝ անդամավճարներ կատարելը համարվում է հողամասի և ենթակառույցների օգտագործման պայման սույն պայմանագրի իմաստով, և այդ պարտավորությունների խախտումը նվիրառուի կողմից կարող է հանգեցնել նվիրաբերության վերացման։

7.3. Նվիրառուի և ընդհանուր ենթակառուցվածքների կառավարումն իրականացնող մարմնի միջև հարաբերությունները առավել մանրամասն կարգավորվում են Ինժեներական քաղաքի անդամակցության պայմանագրով։

8. Նվիրառուի պարտավորությունների կատարման ապահովում.

8.1 Նվիրառուն հողամասը, իսկ այդ հողամասի վրա կառուցվող ենթակառույցների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո՝ նաև այդ ենթակառույցները 20 տարի ժամկետով գրավադրում են նվիրաբերողի օգտին՝ որպես նվիրաբերողի հանդեպ սույն պայմանագրով նվիրառուի ստանձնած բոլոր պարտավորությունների համալիր կատարման ապահովման միջոց։ Գրավի առարկան ՀՀ օրենսդրությանը համապատասխան ենթակա է պարտադիր գրանցման՝ իրավասու պետական մարմնում:

8.2 Ընդ որում՝ կողմերը, որպես գրավի առարկա, սահմանում են հողամասը և այդ հողամասի վրա կառուցվող ենթակառույցները, իսկ որպես գրավով ապահովված պարտավորություն՝ սույն պայմանագրով նվիրառուի ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 20 տարվա ընթացքում։

8.3 Գրավի իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը կատարում է նվիրառուն:

8.4 Սույն պայմանագրով գրավի առարկայի փոխարինում չի թույլատրվում։

9. Գործողության ժամկետը.

9.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից, իսկ սեփականության իրավունքի և գրավի իրավունքի մասերով՝ համապատասխան պետական գրանցումներն իրականացնելու պահից։ Սույն պայմանագիրը գործում է անժամկետ՝ բացառությամբ գրավի իրավունքի, գույքի օտարման և գործունեության տեսակների մասով սամանափակումներից, որոնք գործում են 20 տարի ժամկետով։

10. Ծանուցումներ.

10.1. Սույն պայմանագրի շրջանակներում կողմերի ցանկացած ծանուցում կամ նամակագրություն պետք է լինի գրավոր։ Կողմերի նման ծանուցումները և նամակագրությունը կհամարվեն պատշաճ ներկայացված, եթե դրանք հանձնվեն պատվիրված նամակով կամ առաքանի ծառայության միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ հասցեներին՝

Նվիրաբերող՝ ՀՀ, ք. Երևան […], էլեկտրոնային հասցե՝----

Նվիրառու՝ […], էլեկտրոնային հասցե՝-----

10.2.Նվիրառուն պարտավոր է տեղեկացնել նվիրաբերողին իր իրավաբանական հասցեի փոփոխության դեպքում։ Հասցեի փոփոխության դեպքում չծանուցելու պարագայում անգործության բացասական հետևանքները կրում է նվիրառուն, և վերջինիս ներկայացվող նամակագրությունը և ծանուցումները համարվում են պատշաճ հանձնված վերջինիս նախկին ծանուցման հասցեով առաքելու դեպքում։

11. Իրավունքից հրաժարման բացառում.

11.1. Կողմերից որևէ մեկի կողմից սույն պայմանագրով ամրագրված իրավունքներից չօգտվելը կամ նման իրավունքներից օգտվելը հետաձգելը չի կարող մեկնաբանվել որպես նման իրավունքի սահմանափակում կամ այդ իրավունքից հրաժարում, քանի դեռ նման իրավունքից հրաժարումը չի արվում գրավոր կողմի կամ վերջինիս լիազոր ներկայացուցչի ստորագրությամբ։

12. Ամբողջական համաձայնություն, փոփոխություններ.

12.1. Սույն պայմանագիրը և դրանում վկայակոչվող այլ փաստաթղթերը կազմում են պայմանագրի խնդրո առարկայի վերաբերյալ կողմերի միջև ամբողջական պայմանավորվածությունը, ինչպես նաև արտացոլում են կողմերի բոլոր պարտավորությունները և գերակայում են ցանկացած հայտարարության, մտադրության արտահայտման կամ ընկալման նկատմամբ, որը կողմերը կարող էին արած լինել մինչ օրս։

12.2. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն, ինչպես նաև որևէ իրավունքից հրաժարում պետք է արվի գրավոր և ստորագրված լինի կողմերի կամ վերջիններիս լիազոր ներկայացուցիչների կողմից։

13. Դրույթների անվավերության հետևանքները.

13.1. Սույն պայմանագրի որևէ դրույթի անվավերություն կամ կիրարկման անհնարինություն չի ազդում մյուս դրույթների վավերականության և գործողության վրա։ Եթե որևէ դրույթ ճանաչվի անվավեր, կողմերը պարտավորվում են բարեխղճորեն բանակցել այդ դրույթին բովանդակությամբ առավել մոտ այլ դրույթով պայմանագիրը փոփոխելու շուրջ։

14. Կիրառելի օրենսդրությունը.

14.1. Սույն պայմանագիրը ենթարկվում և մեկնաբանվում է ՀՀ գործող օրենսդրության համաձայն։

15. Վեճերի կարգավորումը.

15.1. Կողմերի միջև ցանկացած վեճ կամ տարաձայնություն, որը կվերաբերվի սույն պայմանագրի կիրառմանը կամ մեկնաբանմանը, ինչպես նաև դրա վավերականությանը, ենթակա կլինի լուծման բանակցությունների միջոցով։

15.2. Եթե վերը նշված որևէ վեճ կամ տարաձայնություն չի լուծվում Կողմերի միջև բանակցությունների արդյունքում, նման բանակցություններ նախաձեռնելուց հետո 50 (հիսուն) աշխատանքային օրվա ընթացքում, կողմերից յուրաքանչյուրն իրավասու կլինի նման վեճի լուծումը հանձնելու ՀՀ դատարաններին։

16. Պայմանագրի օրինակներ.

16.1. Սույն պայմանագիրը կազմված է 4 (չորս) օրինակից՝ մեկական օրինակ տրամադրվում է կողմերից յուրաքանչյուրին, մեկ օրինակ՝ պայմանագրի նոտարական վավերացումն իրականացրած նոտարին և ևս մեկ օրինակ՝ Կադաստրի կոմիտեին։

16.2. Յուրաքանչյուր օրինակ համարվում է բնօրինակ, օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ։

17. Կողմերի տվյալները և ստորագրությունները:

 

(Սույն պայմանագրի օրինակելի ձևը կարող է ներառել ստորագրման պահին ՀՀ օրենսդրությամբ պարտադիր համարվող այլ կարգավորումներ կամ փոփոխվել նման կարգավորումներին համապատասխանեցվելու նպատակով)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան