ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2020 թվականի N 952-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 1-ին, 9-րդ, 10-րդ կետերը և 12-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերը «հողօգտագործման» բառից հետո լրացնել «, տիեզերական գործունեության» բառերով.
2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով՝
«5.1) տիեզերական գործունեության բնագավառում՝
ա. տիեզերական գործունեության բնագավառում օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
բ. տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում.
գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացում.
դ. տիեզերական գործունեության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ պարտադիր կատարման հանձնարարականներ (կարգադրագրեր) տալը, դրանց իրականացմանը հետևելը.
ե. օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական տույժերի նշանակում.»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 25 Երևան |