ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 848-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1403-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3.1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 54-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ունենալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին 50 000 ԱՄՆ-ի դոլարի չափով բանկային քարտային հաշվի չափաքանակ (բանկային վճարային քարտով)` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար արագ արձագանքում իրականացնելու նպատակով:
(2-րդ կետը խմբ. 20.08.20 N 1374-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1403-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 4 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի մեկնելու հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների մեկնող փրկարար ուժերի կազմում, բացի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներից, կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների` «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որակավորված փրկարարները և այլ մասնագետները:
(2-րդ կետը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՄԵԿՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներին փրկարար ուժերն ընդգրկելու համար հիմք են հանդիսանում`
1) աղետից տուժած երկրի հետ նախապես կնքված արտակարգ իրավիճակներում համագործակցության, փոխօգնության համապատասխան համաձայնագիրը.
2) աղետից տուժած երկրի կողմից ուղղակի կամ միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված օգնության պաշտոնական դիմումը:
4. Աղետից տուժած երկրի համապատասխան մարմինների հետ փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման նպատակահարմարությունը պարզելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջարկությամբ:
(4-րդ կետը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՄԵԿՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ պետական կառավարման համակարգի մարմինների ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝
1) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ փրկարարական ջոկատների, այդ թվում` պահեստային ջոկատների, կառուցվածքը, կազմը և պատրաստականության բերման ժամանակը.
2) կազմակերպում է նախապատրաստական միջոցառումներ փրկարար ուժերն աղետից տուժած երկիր ուղարկելու նպատակով.
3) համակարգում է փրկարար ուժերը Հայաստանի Հանրապետությունից դուրս ուղարկմանն ուղղված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից իրականացվող միջոցառումները.
4) նախապես`
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն է ներկայացնում ռազմական նշանակության արտադրանքների ցանկը՝ արտադրանքների ժամանակավոր արտահանման և ներմուծման լիցենզավորման նպատակով,
բ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում երկակի նշանակության ապրանքների ցանկը՝ ապրանքների ժամանակավոր արտահանման և ներմուծման թույլտվության տրամադրման նպատակով:
(5-րդ կետը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը`
1) կազմակերպում է աղետից տուժած երկրի արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր մարմնի հետ փոխգործողությունը և համագործակցությունը.
2) աջակցում է երրորդ երկրի տարածքով, անհրաժեշտության դեպքում, փրկարար ուժերի արագ տեղափոխմանը.
3) ապահովում է աղետից տուժած երկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունից աշխատողի տրամադրումը` աղետից տուժած երկրի արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ համագործակցության ապահովման և փրկարար ուժերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով.
4) աջակցում է փրկարար ուժերի անձնակազմին աղետից տուժած երկրի մուտքի վիզաների տրամադրման հարցում:
7. Պետական եկամուտների կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում ապահովում են միջազգային պայմանագրերին համապատասխան պարզեցված կարգով փրկարար ուժերի փրկարարական միջոցների ձևակերպման և անձնակազմի սահմանահատման գործընթացները:
(7-րդ կետը խմբ. 20.08.20 N 1374-Ն)
8. Աղետից տուժած երկիր մեկնած Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ղեկավար կազմը, աղետից տուժած երկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության հետ համագործակցում է՝
1) աղետից տուժած երկրի ժամանման վայրից դեպի փրկարարական աշխատանքների իրականացման վայր հասնելու համար աշխատողի, ուղեկցողի և տրանսպորտային միջոցների ապահովման ուղղությամբ.
2) աղետից տուժած երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և տեղանքի վերաբերյալ համապատասխան քարտեզներով ապահովման ուղղությամբ:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՄԵԿՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
9. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծագած արտակարգ իրավիճակների դեպքում, փրկարար ուժերի մեկնումն աղետից տուժած երկիր, ելնելով նպատակահարմարությունից, իրականացվում է ավտոմոբիլային, երկաթուղային կամ օդային տրանսպորտի միջոցով:
10. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերն օդային տրանսպորտով ուղարկելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապես պայմանագրեր է կնքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային ավիափոխադրողների հետ և, անհրաժեշտության դեպքում, ապահովագրում տրանսպորտային միջոցը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:
(10-րդ կետը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
11. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման հետ կապված` անձնակազմի տասնօրյա ինքնաբավ կեցության, ճանապարհորդական փաստաթղթերի, անձնակազմի ապահովագրման ու գործուղման, գույք-սարքավորումների և անձնակազմի տեղափոխման նպատակով տրանսպորտային միջոցների վարձակալության ու այլ ծախսերը, այդ թվում` փրկարարական (մարդասիրական) առաքելության ընթացքում արտերկրում չնախատեսված այլ ծախսերի համար 50000 ԱՄՆ-ի դոլարի չափով արտարժութային քարտային հաշվի (վճարային քարտով) օպերատիվ ռեզերվի ձևավորումը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:
(11-րդ կետը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
12. Փրկարարական ուժերի գործուղման` օրապահիկ, գիշերավարձ և այլն, ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմանը համապատասխան:
13. Սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված լիցենզավորման և թույլտվության տրամադրման համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից վճարներ չեն գանձում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից պետական տուրքի հետագա փոխհատուցման պայմանով:
(13-րդ կետը փոփ., լրաց. 20.08.20 N 1374-Ն)
14. Սույն կարգի 11-րդ կետում նշված արտարժույթի`
1) օպերատիվ ռեզերվի օգտագործման թույլտվություն տալու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին.
2) օպերատիվ ռեզերվն օգտագործվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծագած արտակարգ իրավիճակներին արձագանքելու ընթացքում:
(14-րդ կետը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
15. Աղետից տուժած երկրից Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը սահմանված կարգով`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն` գործուղման արդյունքների, կատարված ծախսերի, այդ թվում` օպերատիվ ռեզերվից, վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` կատարված ծախսերի, այդ թվում` օպերատիվ ռեզերվից, վերաբերյալ:
(15-րդ կետը փոփ. 20.08.20 N 1374-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 20.08.20 N 1374-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |