ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
26 մայիսի 2020 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՆԻԼՅՈՒՔՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ) ՄԻՋԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Ա. Ղազարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի հունիսի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի փետրվարի 13-ի N 155-Ա որոշմամբ 2018 թվականի հունիսի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մարտի 13-ին:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի մարտի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի հունիսի 20-ին Բրյուսելում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված Համաձայնագրի (այսուհետև՝ Համաձայնագիր), որը ՀՀ կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113), կիրարկումը դյուրացնելու նպատակով:
2. Արձանագրությունը կիրարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության տարածքում, որտեղ կիրառելի է Եվրոպական միության գործողության մասին Պայմանագիրը:
3. Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ Արձանագրության 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ եթե Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը չի տրամադրել պահանջվող ճամփորդական փաստաթուղթը Արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում, ապա համարվում է, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնություն է տվել ԵՄ՝ վտարման համար օրինակելի ճամփորդական փաստաթղթի օգտագործմանը: Այդ նպատակով օգտագործվող փաստաթուղթը կցված է որպես Արձանագրության 3-րդ Հավելված:
4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- Կողմերի հետ փոխանակել Համաձայնագրի իրականացման իրավասություն ունեցող մարմինների և միմյանց պետությունների տարածքներում հավատարմագրված իրենց դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների ցուցակները՝ Արձանագրության կնքումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում և Կողմերին անմիջապես ծանուցել նշված ցուցակներում ցանկացած փոփոխության մասին (հոդված 1),
- անմիջապես տեղեկացնել Կողմերին Արձանագրության 1-ին Հավելվածում թվարկված սահմանային անցակետերի ցանկացած փոփոխության մասին (հոդված 2, կետեր 1 և 2),
- ապահովել, որ հետընդունման դիմումը Համաձայնագրի 5-րդ Հավելվածով սահմանված ձևով ներկայացվի անմիջապես հարցում ստացած պետության իրավասու մարմնին գրավոր, էլեկտրոնային փոստի, ֆաքսի կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով, ինչպես նաև ապահովել, որ հետընդունման դիմումով հարցազրույց հայցվելու պարագայում դիմումի պատճենն ուղարկվի նաև հարցում ստացած պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն (հոդված 3, կետեր 1 և 2),
- հետընդունման առանձին դիմումի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ տրամադրելու կամ ստանալու համար՝ որպես հարցում ներկայացրած պետություն, դիմել հարցում ստացած պետության իրավասու մարմնին (հոդված 3, կետ 3),
- ապահովել, որ հետընդունման դիմումի պատասխանն ուղարկվի հարցում ներկայացրած պետության իրավասու մարմնին գրավոր, էլեկտրոնային փոստի, ֆաքսի կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով՝ այդ պատասխանի պատճենը միաժամանակ ներկայացնելով հարցում ստացած պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը (հոդված 4, կետ 1),
- հետընդունման դիմումին պատասխանել տասներկու (12) օրացուցային օրվա ընթացքում` օգտագործելով Արձանագրության 2-րդ Հավելվածով սահմանված ձևը (հոդված 4, կետ 2),
- որպես հարցում ստացած պետություն՝ ապահովել, որ հետընդունման դիմումի դրական պատասխանի դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունն առանց հետաձգման, բայց ոչ ուշ, քան երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում, հարցում ներկայացրած պետության իրավասու մարմիններին տրամադրի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթը՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ պարբերության և 5-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն, վավերականության հարյուր քսան (120) օր ժամկետով (հոդված 5, կետեր 1 և 2),
- որպես հարցում ստացած պետություն՝ ապահովել, որ եթե հարցում ներկայացրած պետությունն անկարող է ներկայացնել Համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված որևէ փաստաթուղթ, և հարցում ստացած Հայաստանի Հանրապետությունն անկարող է հաստատել հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը որևէ այլ կերպ, ապա ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունն առանց հետաձգման, սակայն ցանկացած պարագայում հետընդունման դիմումն ստանալու օրվանից ամենաուշը հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում, անցկացնի հարցազրույց անձի քաղաքացիությունը պարզելու համար (հոդված 6, կետեր 1 և 2),
- որպես հարցում ստացած պետություն՝ անմիջապես և ցանկացած պարագայում հարցազրույցից հետո ամենաուշը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել հարցում ներկայացրած պետությանը հարցազրույցի արդյունքների մասին (հոդված 6, կետ 3),
- որպես հարցում ներկայացրած պետություն՝ ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինն առնվազն երկու օր առաջ գրավոր, էլեկտրոնային փոստի, ֆաքսի կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով ծանուցի հարցում ստացած պետությանը նախատեսված փոխադրման մասին՝ այդ նպատակով օգտագործելով Արձանագրությանը որպես 4-րդ Հավելված կցված ձևը և այդ ձևի պատճենը տրամադրելով հարցում ստացած պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը (հոդված 7, կետ 1),
- որպես հարցում ներկայացրած պետություն՝ հետընդունման ենթակա անձին երեք ամսվա ընթացքում փոխադրելու անկարողության դեպքում անհապաղ տեղեկացնել հարցում ստացած պետության իրավասու մարմնին, և երբ անձի փոխադրումը կարող է փաստացի տեղի ունենալ, ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը տեղեկացնի հարցում ստացած պետությանը` օգտագործելով Արձանագրության 7-րդ հոդվածի 1-ին կետում նշված ձևը և փոխադրման համար կիրառելի համապատասխան ժամկետները (հոդված 7, կետ 2),
- որպես կանոն՝ փոխադրումը իրականացնել օդային ճանապարհով, անհրաժեշտության դեպքում կիրառելով չարտերային չվերթներ, իսկ եթե առկա են ցամաքային փոխադրումը հիմնավորող պատճառներ, ապա որպես հարցում ներկայացրած պետություն՝ ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինները հատուկ նշում կատարեն այդ մասին Արձանագրության 7-րդ հոդվածի 1-ին կետում նշված ձևում (հոդված 7, կետեր 3 և 4),
- ապահովել, որ ծրագրված տարանցման օրվանից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ հարցում ստացած պետության իրավասու մարմիններին ներկայացվի Համաձայնագրի 6-րդ Հավելվածով սահմանված ձևով տարանցման դիմում՝ գրավոր, էլեկտրոնային փոստի, ֆաքսի կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով (հոդված 8, կետեր 1 և 2),
- ապահովել, որ տարանցման դիմումի պատասխանն Արձանագրության 5-րդ Հավելվածով սահմանված ձևով ուղարկվի հարցում ներկայացրած պետության իրավասու մարմիններին՝ գրավոր, էլեկտրոնային փոստի, ֆաքսի կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով, երեք աշխատանքային օրվա ընթացքում` նշելով, համաձայնությունը տարանցմանը (տարանցումը սկզբունքորեն կատարվում է օդային ճանապարհով), տարանցման ծրագրված ժամկետը, նշանակված սահմանային անցակետը, փոխադրման եղանակները և ուղեկցորդների օգտագործումը (հոդված 8, կետեր 3 և 4),
- որպես հարցում ներկայացրած պետություն՝ նշանակել ուղեկցորդներ, որոնք պատասխանատու են տարանցման կամ հետընդունման ենթակա անձին ուղեկցելու համար, որոնք հարցում ստացած պետության տարածքում բոլոր հանգամանքներում գործելու են hարցում ստացած պետության օրենսդրությանը համապատասխան, և որոնց իրավասությունը սահմանափակվում է ինքնապաշտպանությամբ (հոդված 10, կետեր 1, 2 և 3),
- երաշխավորել, որ ուղեկցորդներն իրենց առաջադրանքը կատարեն առանց զենքի և քաղաքացիական հագուստով, ունենան ուղեկցման թույլտվություն, հետընդունման կամ տարանցման համաձայնությունը և նույնականացման քարտ (հոդված 10, կետ 4),
- որպես հարցում ստացած պետություն՝ ապահովել, որ Համաձայնագրի շրջանակներում ուղեկցորդների պարտականությունների կատարման ժամանակ նրանց տրամադրվեն այն նույն պաշտպանությունն ու աջակցությունը, որը տրամադրվում է նույն գործողություններն իրականացնելու լիազորություն ունեցող ՀՀ պաշտոնատար անձանց (հոդված 10, կետ 5),
- որպես հարցում ներկայացրած պետություն՝ Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն, հոգալ հետընդունման և տարանցման գործողությունների կապակցությամբ հարցում ստացած պետության կրած ծախսերը, և փոխհատուցել հարցում ներկայացրած պետության կողմից հաշիվ-ապրանքագիրը ներկայացնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, որտեղ կնշվեն նաև հարցում ստացած պետության բանկային տվյալները (հոդված 11),
- համագործակցել Կողմերի հետ Համաձայնագրի և Արձանագրության իրականացման համատեքստում ծագող խնդիրները լուծելու համար (հոդված 12, կետ 1):
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Արձանագրության 18-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո դադարում է «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև 2009 թվականի հունիսի 3-ին ստորագրված՝ «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի գործողությունը, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին համաձայնագիր» վերտառությամբ՝ Ազգային Ժողովի 2010 թվականի հունիսի 7-ի ԱԺՈ-209-Ն որոշմամբ (ՍԴՈ-857):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի հունիսի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող` |
Հ. Թովմասյան |
26 մայիսի 2020 թվականի ՍԴՈ-1540 |