Գլխավոր տեղեկություն
Համար
N 655-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 05.05.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 655-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-499-04.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 4

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-499-04.03.2020-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացնել 22.1-ին գլխով՝ «Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթը» վերնագրով:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պատվի և արժանապատվության արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությամբ:

Այդ կապակցությամբ ըստ նախագծի հիմնավորման՝

1) պատվի և արժանապատվության պաշտպանությունն իրականացվում է միայն դատական կարգով:

Այս առնչությամբ պետք է նշել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջելու հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:

Այսինքն՝ քննարկվող ոչ նյութական բարիքների պաշտպանությունն իրականացվում է նաև արտադատական կարգով, ընդ որում՝ հիշյալ արտադատական կարգի պահպանումը դատական պաշտպանության անհրաժեշտ նախապայման չէ: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 2012 թվականի ապրիլի 27-ին կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը բոլոր դեպքերում կատարում է տուժողը: Վերջինս էլ կարող է մի դեպքում նախապատվություն տալ անմիջապես զանգվածային լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում` իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն: Վճռաբեկ դատարանը նաև ընդգծել է, որ խախտված իրավունքի վերականգնման համար արտադատական կարգով զանգվածային լրատվամիջոցին դիմելը թեև պարտադիր պայման չէ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար, այդուհանդերձ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնեն այն, թե արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմե՞լ է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է՞, թե՞ ոչ:

2) Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է պատվի և արժանապատվության պաշտպանության գործերով դատական քննության առավել սեղմ ժամկետներ սահմանելը, որպեսզի ապահովվի այդ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով 2012 թվականի դեկտեմբերի 25-ին կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ վիրավորանքի և զրպարտության դեպքում դրա տարածման մակարդակը նվազում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում, որից հետո առարկայազուրկ է դառնում նման պահանջի ներկայացումը:

Սակայն նախագծով միաժամանակ նախատեսվում են գործերի քննության այնպիսի սեղմ ժամկետներ, որոնց դեպքում օբյեկտիվորեն անհնար է դառնում գործերի պատշաճ քննությունը: Մասնավորապես՝ նախատեսվում է առաջին ատյանի դատարանում գործերի քննության և լուծման երկամսյա ժամկետ:

Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների առնչությամբ վերոնշյալ ժամկետի պահպանման առումով կարող են խնդիրներ առաջանալ: Այսպես՝ եթե, օրինակ՝ գործին մասնակցող անձանցից մեկը չստանա ուղարկված ծանուցագիրը, ապա ծանուցումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, որի դեպքում անձը համարվում է ծանուցված 15-րդ օրը: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Նման դեպքում անհնար կլինի ապահովել երկամսյա ժամկետում գործի քննությունը՝ առնվազն այն պատճառով, որ գրեթե մեկ ամիսը (ծանուցման 15 օր + պատասխանի 14 օր = 29 օր) կծախսվի դատական քննության կազմակերպման համար:

Դատավորի վարքագծի կանոնների համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է, առանց արդարադատության շահերը վնասելու, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ, քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը (ՀՀ դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ): Առաջարկվող կարգավորման դեպքում, օբյեկտիվ գործոններով պայմանավորված (դատավորների ծանրաբեռնվածություն, գործի բարդություն, ապացույցների ապահովում և այլն), գործնականում անհնար է լինելու ապահովել արդարադատության շահերը երկամսյա ժամկետում: Անհրաժեշտ է նշել, որ նախագծով որևէ կերպ չեն հիմնավորվել պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթի գործերի քննության հետ կապված դատավարական ժամկետները, ինչը սակայն հանգեցնելու է դատարանների լրացուցիչ ծանրաբեռնվածության ավելացմանը:

 Դատավորի վարույթում առկա են բազմաթիվ այլ գործեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նույնպես հրատապ լուծում են պահանջում (օրինակ՝ հայցի ապահովման վերացման միջնորդություն (15-օրյա ժամկետ), աշխատանքային վեճեր (երեք ամիս), պաշտպանական որոշման կիրառման մասին վեճեր (10-օրյա ժամկետ), Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ վեճեր (10-օրյա ժամկետ) և այլն:

Դատական նիստերի նշանակման վիճակագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Երևան քաղաքում դատական նիստերը լավագույն դեպքում նշանակվում են մեկ-երկու ամիս հետո, ընդ որում՝ օբյեկտիվ պատճառներով, առանց որևէ չարաշահման:

Հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի N 1 հավելվածի համաձայն՝ որպես ռազմավարական ուղղություն նշվում է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովումը։ Ըստ վիճակագրության՝ եթե 2013 թվականի ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 48 540 քաղաքացիական գործ, ապա 2017 թվականին այդ թիվը կազմել է 137 003 գործ, իսկ 2018 թվականին՝ 129 941 քաղաքացիական գործ: Դատարանների գերբեռնվածությունը խոչընդոտում է դատական գործերի արագ և արդյունավետ քննությանը՝ հանգեցնելով անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումների: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ավելացնել դատավորների և դատավորի օգնականների թիվը, ներդնել վեճի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցներ, այդ թվում՝ էլեկտրոնային գործիքներ, ինչպես նաև ներդնել և ակտիվորեն օգտագործել էլեկտրոնային կառավարման համակարգեր:

Այս կապակցությամբ նախատեսվում է հետևյալ գործողությունների իրականացումը՝ դատավորների և դատավորների օգնականների թվի ավելացում, աշխատակազմի ընդլայնում տարբեր ոլորտի մասնագետներով, դատավորների կարողությունների շարունակական զարգացում և այլն։

Ինչ վերաբերում է առհասարակ ՀՀ դատարանների ծանրաբեռնվածությանը, ապա պետք է նշել, որ թեև մի քանի տարի առաջ դատավորների ծանրաբեռնվածությունն արդեն իսկ բարձր էր, սակայն ներկայումս դատարանների ծանրաբեռնվածությունն էլ ավելի բարձր է: Երևան քաղաքում քաղաքացիական մասնագիտացում ունեցող մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 թվականին կազմել է 632 քաղաքացիական գործ, 2014 թվականին՝ 1068 քաղաքացիական գործ, իսկ 2018 թվականին՝ արդեն 1290 գործ: Այսինքն՝ 2013-2014 թվականների ընթացքում տարիների կտրվածքով Երևան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմում էր 850 քաղաքացիական գործ (632+1068=1700:2=850), ինչը 2018 թվականի դրությամբ արդեն իսկ զգալիորեն ավելացել է: Ելնելով նաև Եվրոպայի խորհրդի կողմից անցկացված վիճակագրական տվյալների համակարգման արդյունքներից՝ պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում 100 000 բնակչին բաժին է ընկնում 8 դատավոր, մինչդեռ այլ երկրներում այդ թիվը էականորեն ավելի մեծ է։ Օրինակ՝ Սերբիայում՝ 38, Սլովենիայում՝ 43, Մոնակոյում՝ 99, Ավստրիայում՝ 27, ՌԴ-ում՝ 18, Իտալիայում՝ 11, ԳԴՀ-ում՝ 24, Նորվեգիայում՝ 11, Շվեյցարիայում՝ 15, Շվեդիայում՝ 12, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 29, Մոնտենեգրոյում՝ 51, Լեհաստանում՝ 26, Ուկրաինայում՝ 15։

Միաժամանակ նախագծով բարձրացվող հարցերի լուծմանն են ուղղված նաև ՀՀ դատական օրենսգրքի 19-րդ («Դատավորի կարգապահական պատասխանատվությունը») գլխի կարգավորումները, այդ թվում՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, որոնց հիման վրա դատավորի նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ։

Հիշյալ հիմնավորումների լույսի ներքո գտնում ենք, որ նպատակահարմար չէ նախատեսել պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության գործերի քննության կարգ՝ հատուկ վարույթի ձևով:

 3) Պետք է նշել, որ Կոմինգերսոլն ընդդեմ Պորտուգալիայի վերաբերյալ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատական քննության ողջամիտ ժամկետի գնահատման համար հիմք են ընդունվում հետևյալ չափանիշները՝ գործի բարդությունը, կողմերի, ինչպես նաև վարույթում մասնակցող դատական և վարչական իշխանությունների վարքագիծը, շահագրգիռ կողմի համար գործի քննության առարկայի կարևորությունը։ Ընդ որում՝ այս գնահատման չափանիշները անհատական են յուրաքանչյուր գործի համար, ուստի չեն կարող լինել որոշակի կատեգորիայի գործերի քննության ունիվերսալ ժամկետներ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ դատական քննության՝ ողջամիտ ժամկետում իրականացման գնահատումն անհրաժեշտ է կատարել ՄԻԵԴ-ի կողմից հիշյալ գործում մատնանշված բոլոր չափանիշների ընդհանրական գնահատման համատեքստում: Եվ եթե հիշյալ բոլոր չափանիշների ընդհանրական գնահատման արդյունքում պարզվում է, որ խախտումները կապված են, օրինակ՝ դատական իշխանության ներկայացուցչի գործունեության հետ, ապա հիշյալ դատավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ենթարկվել պատասխանատվության:

4) Բացի այդ՝ պետք է նշել, որ նախագծի 1-ին հոդվածից հստակ չէ, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ո՞ր հոդվածից հետո պետք է կատարվի համապատասխան լրացումը։

5) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածով նախատեսվում են հատուկ հայցային վարույթների կարգով քննվող դատական գործերի տեսակները, ընդ որում՝ այդ ցանկը սպառիչ է։ Ուստի նախագծով նախատեսելով համապատասխան կարգավորումներ՝ անհրաժեշտ է համապատասխան հատուկ հայցային վարույթ նախատեսել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան