ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի |
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով`
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 2061 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:
Հոդված 2.
Հոդված 3. Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկված և ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով սահմանված կարգով:
Հոդված 4. Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:
Հոդված 5. Բռնադատվածի (սկսած 14 տարեկանից) ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամկետները մտցվում են տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի մեջ` եռակի չափով:
Բռնադատվելու հետևանքով անաշխատունակ դարձած անձը ապահովվում է աշխատանքային կենսաթոշակով` անկախ աշխատանքային ստաժից:
Հոդված 6. Բնակտարածությունը կորցրած բռնադատվածին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում իր նախկին բնակության վայրում, սեփականության իրավունքով, տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակով նրան հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:
Հոդված 7. Բռնադատվածն ազատվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից:
Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված երկամյա ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:
Հոդված 8. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ընթացքում Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատի իրավունք:
Հոդված 9. Բռնադատվածը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի քաղաքային և միջքաղաքային մարդատար պետական տրանսպորտի բոլոր տեսակներով (բացի տաքսուց) անվճար երթևեկելու իրավունք:
Հոդված 10. Բռնադատվածը Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տան բնակարանի և կոմունալ ծառայությունների վարձի, դեղորայքի արժեքի (ըստ դեղատոմսի) վճարի հիսուն տոկոս զեղչի իրավունք ունի:
Հոդված 11. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկ չափով:
Հոդված 12. Մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 և 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 հունիսի 1994 ՀՕ-106 |