ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/2431/03/12 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2431/03/12 |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի փետրվարի 22-ին,
քննարկելով «Ձորագյուղ» ԱԿ-ի (այսուհետ՝ Կոոպերատիվ) տնօրեն Աշոտ Սուքիասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.06.2012 թվականի որոշման դեմ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանի՝ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանի կողմից 772.800 ՀՀ դրամ վճարելու վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի՝ Քաղաքապետարանի 23.11.2011 թվականի թիվ Վ-38/15 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է արձակել վճարման կարգադրություն՝ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանի կողմից 772.800 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ։ՀՀ վարչական դատարանը 15.02.2012 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ՝ Դատարան) 18.05.2012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանի հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.06.2012 թվականի որոշմամբ Դատարանի 18.05.2012 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ 15.02.2012 թվականի վճարման կարգադրության դեմ բերված բողոքը վերադարձվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.05.2012 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Աշոտ Սուքիասյանի պատշաճ ծանուցման հարցին և հաշվի չի առել, որ Աշոտ Սուքիասյանը վճարման կարգադրության վերաբերյալ պատշաճ ծանուցում չի ստացել։
Ավելին, Աշոտ Սուքիասյանը չի ծանուցվել ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի 21.02.2006 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատված «Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի և դրա փաստաթղթավորման օրինակելի կարգ»-ի 8-րդ կետի պահանջների պահպանմամբ։
2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնելիս դատարանը պարտավոր է անվերապահորեն ստուգել՝ արդյոք վճարման կարգադրություն արձակելու հիմք հանդիսացող վարչական ակտը բողոքարկվում է, թե ոչ։
Նման պարագայում դատարանը վճարման կարգադրություն արձակելու դիմումը ստանալուն պես պարտավոր էր տեսնել, որ վճարման կարգադրությունը չի պարունակում տեղեկություններ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ, հատկապես այն դեպքում, երբ Կոոպերատիվի կողմից 25.01.2012 թվականին ներկայացված հայցադիմումը՝ Երևանի քաղաքապետի 23.11.2011 թվականի թիվ Վ-38/15 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 26.01.2012 թվականի թիվ ՎԴ/0348/05/12 նույն դատարանի (դատավոր Ա. Դարբինյան) որոշմամբ ընդունվել է վարույթ։ Իսկ այդ դեպքում Դատարանը պարտավոր էր գործերի վարույթը միացնել մեկ վարույթում, իսկ ներկայացված հայցադիմումն էլ դիտարկեր որպես հակընդդեմ հայց։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավաuար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի կամ դատավարական գործողությունների մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի կամ դատավարական գործողության մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործով Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 20.02.2012 թվականի գրությամբ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանին է ուղարկել 15.02.2012 թվականի թիվ ՎԴ/2431/03/12 վճարման կարգադրությունը, Քաղաքապետարանի հայցադիմումը՝ կից փաստաթղթերով։ Գործում առկա փոստային ծանուցագրից երևում է, որ վերը նշված վճարման կարգադրությունը և Քաղաքապետարանի հայցադիմումն Աշոտ Սուքիասյանը ստացել է 28.04.2012 թվականին, իսկ հակընդդեմ հայցը ներկայացրել է 16.05.2012 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետի խախտմամբ։ Ուստի, Դատարանը, մերժելով հակընդդեմ հայցադիմումի ընդունումը, թույլ չի տվել օրենքի խախտում։
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը բողոքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճարման կարգադրության` որպես վարչական դատավարական ձևի օրենսդրական կարգավորման նպատակներին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժվում է այն մասով, որով այն չի համապատասխանում սույն oրենսգրքի դրույթներին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումն ստանալու օրվանից կամ նույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցումից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, դատարանը հակընդդեմ հայց չի ստանում, ապա վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում, անդրադառնալով վճարման կարգադրությանը, նշել է, որ վճարման կարգադրություն արձակելու վարույթը, գտնվելով ընդհանուր դատավարական ձևի շրջանակներից դուրս, միաժամանակ դատավարական ինքնուրույն, հատուկ և պարզեցված տեսակ է, որը հարուցվում է հայցադիմումի հիման վրա։ Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի ընթացակարգում միայն հակընդդեմ հայցն է, որ արգելակում է վճարման կարգադրության օրինական ուժ ստանալը և հարկադիր կատարումը, այն է՝ պատասխանողը վարչական ակտի վիճարկման իր իրավունքը կարող է իրականացնել հակընդդեմ հայց ներկայացնելու եղանակով։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճարման կարգադրության դատավարական ձևի կիրառման հիմնական հատկանիշը վարչական ակտի և դրա հիման վրա բռնագանձվող գումարի անվիճարկելիությունն է:
Հետևաբար այն դեպքերում, երբ վճարման կարգադրության վարույթի ժամանակ արդեն իսկ բացակայում է վարչական ակտի և դրա հիման վրա բռնագանձվող գումարի անվիճարկելիության հատկանիշը, վճարման կարգադրության վարույթի ձևով գումարի բռնագանձման հարցը քննվել չի կարող, իսկ վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը պետք է մերժվի կամ արձակված վճարման կարգադրությունը պետք է վերացվի։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճարման կարգադրություն արձակելու դեպքում դատարանը պետք է հաշվի առնի անձի` վարչական դատարան դիմելու իրավունքի և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի պահանջները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վարչական դատավարության շրջանակներում անձի իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ոչ միայն վճարման կարգադրության վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց ներկայացնելով, այլև անձի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 65-րդ հոդվածների հիման վրա վարչական ակտը վիճարկելով:
Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 65-րդ հոդվածների հիման վրա վարչական ակտի վիճարկման պարագայում վճարման կարգադրության վարույթի կիրառումը չի բխի անձի` դատական կարգով իր իրավունքների պաշտպանության սահմանադրական իրավունքից, իսկ վճարման կարգադրության շրջանակներում առկա չի լինի վարչական ակտի և դրա հիման վրա բռնագանձվող գումարի անվիճարկելիության հատկանիշը:
Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարան դիմելու արդյունավետ իրավունքի երաշխավորումը չի նշանակում ընդամենը միջամտության բացակայություն, այլ կարող է պահանջել, որ պետությունը ձեռնարկի որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ (տե'ս` Էյրին ընդդեմ Իռլանդիայի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետեր 25-26):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի՝ դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, և դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնի, որ հայցադիմումի ընդունումը մերժելու լիազորությունը սերտորեն կապված է անձի դատական պաշտպանության, ինչպես նաև խախտված սուբյեկտիվ իրավունքները վերականգնելու իրավունքների հետ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ իրավունքները գործնականում իրականանալի լինեն և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը միշտ կիրառվի այնպես, որ ապահովվի այդ խնդրի կատարումը:
Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ գործող իրավակարգավորման պայմաններում վճարման կարգադրությունը վերանում է, երբ
- անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ և 159-րդ հոդվածներով սահմանված կարգով հակընդդեմ հայց է ներկայացրել,
- անձը մինչև վճարման կարգադրություն արձակելը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 65-րդ հոդվածների հիման վրա վիճարկում է վճարման կարգադրության հիմքում դրված վարչական ակտը:
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածից, որի համաձայն` վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն: Հակառակ պարագայում անձը կարող է առանձին վիճարկել վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումի հիմքում դրված վարչական ակտը, սակայն վճարման կարգադրության վարույթի պայմաններում հնարավորություն չի ունենա ներկայացնել իր դիրքորոշումն այն պարագայում, երբ վճարման կարգադրությունն
արդեն արձակվել է: Նման իրավիճակը չի բխում արդարադատության արդյունավետությունից և հանգեցնում է անձի արդար դատաքննության իրավունքի խախտման:
Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը
Սույն գործով Երևանի քաղաքապետն իր 23.11.2011 թվականի թիվ Վ-38/15 որոշման հիման վրա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանից 772.800 ՀՀ դրամ բռնագանձելու համար և պահանջել է արձակել վճարման կարգադրություն: Երևանի քաղաքապետարանի հայցադիմումը վճարման կարգադրություն արձակելու մասին Դատարան մուտք է եղել 26.01.2012 թվականին, որն էլ բավարարվել է, և ՀՀ վարչական դատարանը 15.02.2012 թվականին արձակել է «Վճարման կարգադրություն» (գ.թ. 19), վճարման կարգադրության հետադարձ ծանուցման համաձայն, Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանն այն ստացել է 28.04.2012 թվականին (գ.թ. 21): Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել 16.05.2012 թվականին:
Միաժամանակ Կոոպերատիվը դեռևս 25.01.2012 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևան համայնքի՝ Երևանի քաղաքապետի 23.11.2011 թվականի թիվ Վ-38/15 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը և ՀՀ վարչական դատարանի 26.01.2012 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (գործ թիվ ՎԴ/0348/05/12, դատավոր՝ Ա. Դարբինյան) (գ.թ.43)։
Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա մերժելով հակընդդեմ հայցադիմումի ընդունումը, պատճառաբանել է, որ ինչպես երևում է Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանի կողմից վճարման կարգադրության հետադարձ ծանուցումից, վերջինս այն ստացել է 28.04.2012 թվականին: Սակայն, քանի որ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանը հակընդդեմ հայցադիմումը ներկայացրել է 16.05.2012 թվականին` օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, հետևաբար հակընդդեմ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման: Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ 14.05.2012 թվականի աշխատանքային օրը վճարման կարգադրությունն ստացել է գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ:
Վերաքննիչ դատարանը 13.06.2012 թվականի որոշմամբ պատճառաբանել է, որ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել։ Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է։ Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի գոյությունն ուղղակիորեն պայմանավորված է միջանկյալ դատական ակտի վերաքննության կարգով վերանայման արդյունքից։ Այսինքն, հակընդդեմ հայցը հանդիսանալով վճարման կարգադրության օրինական ուժի մեջ մտնելը արգելակող հանգամանք, դրա ընդունմամբ կստացվի նախ վճարման կարգադրությունն օրինական ուժի մեջ չի մտել, հետևաբար գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ չունի և դրա դեմ վերաքննիչ բողոք բերվել չի կարող, երկրորդ՝ հակընդդեմ հայցի ընդունմամբ օրենքի ուժով վճարման կարգադրությունը վերանում է և հետևաբար գոյություն չունեցող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերվել նույնպես չի կարող։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն մասով բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման»։
Վերաքննիչ դատարանը, 29.06.2012 թվականի որոշմամբ մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ սույն գործով Դատարանի 15.02.2012 թվականի վճարման կարգադրությունը Աշոտ Սուքիասյանն ստացել է 28.04.2012 թվականին, իսկ հակընդդեմ հայցը վերջինս ներկայացրել է 16.05.2012 թվականին: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի որոշման պատճառաբանությունները հիմնավոր են, քանի որ սույն գործի փաստերով հաստատվում է այն հանգամանքը, որ Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանը Դատարանի կողմից արձակված վճարման կարգադրությունը ստանալուց հետո հակընդդեմ հայցադիմումը ներկայացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո, այսինքն՝ վերջինս բաց է թողել հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետը, ինչի հետևանքով էլ նշված վճարման կարգադրությունն ստացել է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ:
Վերոնշյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի 13.06.2012 թվականի և 29.06.2012 թվականի որոշումներում Վերաքննիչ դատարանը հակասական եզրահանգումներ է կատարել կապված՝ վճարման կարգադրության օրինական ուժի մեջ լինելու հանգամանքի հետ: Վերաքննիչ դատարանը 13.06.2012 թվականի որոշմամբ արձանագրել է, որ վճարման կարգադրությունը ուժի մեջ չի մտել, քանի որ առկա է հակընդդեմ հայցադիմում: Այնուհետև, Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Դատարանի եզրահանգումների հետ, 29.06.2012 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Կոոպերատիվը բաց է թողել հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետը, ինչի հետևանքով էլ նշված վճարման կարգադրությունն ստացել է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Կոոպերատիվը դեռևս 25.01.2012 թվականին հայցադիմում է մուտքագրել Դատարան՝ Երևանի քաղաքապետի 23.11.2011 թվականի թիվ Վ-38/15 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Նշված հայցադիմումը Դատարանի 26.01.2012 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (գործ թիվ ՎԴ/0348/05/12, դատավոր՝ Ա. Դարբինյան), Երևանի քաղաքապետարանի հայցադիմումը վճարման կարգադրություն արձակելու մասին Դատարան մուտք է եղել 26.01.2012 թվականին, իսկ Դատարանի 15.02.2012 թվականի որոշմամբ արձակվել է վճարման կարգադրություն, այսինքն՝ Դատարանը վճարման կարգադրությունն արձակել է այն ժամանակ, երբ Կոոպերատիվի հայցադիմումը՝ Երևանի քաղաքապետի 23.11.2011 թվականի թիվ Վ-38/15 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, արդեն գտնվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի վարույթում։
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 23.11.2011 թվականի թիվ Վ-38/15 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումի առկայության պայմաններում այդ ակտի հիման վրա վճարման կարգադրություն արձակվել չէր կարող, քանի որ տվյալ դեպքում առկա չէ վճարման կարգադրության վարույթի այնպիսի հատկանիշ, ինչպիսին է Երևանի քաղաքապետի 23.11.2011 թվականի թիվ Վ-38/15 որոշման և դրա հիման վրա Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Սուքիասյանից 772.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի անվիճարկելիությունը: Այսինքն` մինչև վճարման կարգադրության հայցադիմումի ներկայացումն արդեն այդ ակտի վիճարկման հայց է ներկայացվել դատարան, որպիսի հանգամանքի առկայության պարագայում գործի քննությունը կարող էր իրականացվել միայն հայցային վարույթի կարգով:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքի ընթացքի հետ կապված հարցը լուծել է միանձնյա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ, իսկ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։
Նույն օրենսգրքի 117.10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված բողոքները` 5 դատավորի կազմով։
Վերոնշյալ հոդվածների վերլուծության և սույն որոշման մեկնաբանությունների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճարման կարգադրությունների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները, որպես գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներ, ենթակա են քննության կոլեգիալ կազմով:
Մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի 15.02.2012 թվականի վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքը վերադարձրել է միանձնյա կայացված որոշմամբ` անտեսելով վերը նշված կանոնակարգումները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, տառացի իրավական մեկնաբանմամբ անփոփոխ թողնելու դեպքում, սույն որոշման մեկնաբանությունների համատեքստում զրկում է բողոքաբերին իր իրավունքների դատական պաշտպանության իրավունքից: Նման մոտեցումն արդարացված չէ և նվազեցնում է արդարադատության արդյունավետությունը: Մինչդեռ վերջինս պայմանավորում է այնպիսի միջոցների կիրառում և պայմանների ստեղծում, որ յուրաքանչյուր անձ ոչ միայն իրավաբանորեն, այլև գործնականում հնարավորություն ունենա իրացնելու անկախ և անաչառ դատարանի առջև լսված լինելու իրավունքը:
Նշված պատճառաբանությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ վերաքննիչ բողոքի պատշաճ քննություն իրականացնելու նպատակով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Ե. Սողոմոնյան
Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան