ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/3902/05/11 2012 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/3902/05/11 |
|
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2012 թվականի հունվարի 18-ին,
քննարկելով ըստ հայցի Գոհար Սահակյանի, Էմմա Արիստակեսյանի, Լիլի Երեմյանի, Անուշ Բալասանյանի, Հասմիկ Գրիգորյանի, Ռիտա Սահակյանի, Սուսաննա Արիստակեսյանի, Լիլիա Նինովայի, Գասպար Վարդանյանի, Սաթենիկ Վարդանյանի, Ռաֆայել Երզինկյանի, Ելենա Երզինկյանի, Օֆելյա Կոջոյանի, Աղունիկ Պողոսյանի, Գոհար Մաթևոսյանի, Ռոզա Աբրահամյանի, Սուսաննա Թերզյանի, Ֆաթմա Ռևազյանի, Սամվել Աբրահամյանի, Նունե Շահգելդյանի, Սաթինե Հարությունյանի, Ժիրայր Շահգելդյանի, Աննա Պետրոսյանի, Արսեն Քոռ-Ողլյանի, Նարինե Հովագիմյանի, Գալյա Ուստյանի (այսուհետ` Հայցվորներ) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ «Լիբեր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 25.11.2005 թվականի թիվ 2616-Ա որոշումը և 28.07.2010 թվականի շինարարության թիվ 01/50-15303-396 թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.09.2011 թվականի «Բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Հայցվորների (բացառությամբ` Նարինե Հովագիմյանի) բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 25.11.2005 թվականի թիվ 2616-Ա որոշումը և 28.07.2010 թվականի շինարարության թիվ 01/50-15303-396 թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 08.08.2011 թվականի որոշմամբ Հայցվորների միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին, բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 22.08.2011 թվականի որոշմամբ Հայցվորների միջնորդությունը` հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին, բավարարվել է` որոշվել է արգելել Ընկերությանը Երևանի Կոմիտասի թիվ 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.09.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է վերացնել Դատարանի 08.08.2011 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» և 22.08.2011 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշումները:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայցվորները (բացառությամբ` Նարինե Հովագիմյանի):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 33.2-րդ, 34-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 52-րդ, 55-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ, 117.7-րդ, 117.12-րդ, 117.13-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, խեղաթյուրելով Դատարանի 08.08.2011 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման հիմնավորումը, գտել է, որ Դատարանի կողմից չի ստուգվել քաղաքացիական հայցով դատարան չդիմած Հայցվորների կողմից բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությամբ ներկայացված հանգամանքների հիմնավորվածությունը, իսկ Հայցվորների ներկայացրած Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0865/02/11 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդության պատճենով չի հիմնավորվում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությամբ ներկայացված այն պնդումը, որ Հայցվորները վիճարկվող ակտերի մասին իրազեկվել են 03.06.2011 թվականին:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի նշված իրավական դիրքորոշումը չի բխում օրենսդրության հիմնարար պահանջներից, քանի որ դատավարական ժամկետի բաց թողնման հիմնավորումը չպետք է վերածվի դատարանի կողմից սուբյեկտիվ գնահատման, իսկ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման համաձայն` տվյալ դեպքում Դատարանը, առանց որևիցե հակափաստարկի առկայության, պետք է կասկածի տակ դներ առնվազն 11 Հայցվորի կողմից վիճարկվող ակտերի մասին հենց 03.06.2011 թվականին իրազեկված լինելու հանգամանքը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վերոգրյալ իրավական դիրքորոշումն արտահայտելիս ևս որևիցե հիմնավորում չի մատնանշել, որը թույլ կտար հանգել այն եզրակացության, որ քաղաքացիական հայցով դատարան չդիմած Հայցվորներն ավելի վաղ են իմացել վիճարկվող ակտերի մասին, քան Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0865/02/11 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովումը վերացնելու մասին այդ գործով պատասխանող Ընկերության 03.06.2011 թվականին ներկայացրած միջնորդության պատճեն ձեռք բերելու արդյունքում:
Ինչ վերաբերում է Դատարանի 22.08.2011 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշմանը, ապա այն ուղիղ պատճառահետևանքային կապ ունի Դատարանի 08.08.2011 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել» Վերաքննիչ դատարանի 26.09.2011 թվականի «Բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վերաքննիչ բողոքի պատասխանում Հայցվորները նշել են, որ իրենցից ոմանք խնդրի (շինարարության թույլտվության) մասին իմացել են ավելի ուշ, քան մյուսները, սակայն դա չի կարող վճռաբեկ բողոքը բավարարելու հիմք հանդիսանալ, քանի որ վեճի մասին բնակիչների բողոքը տեղադրված է եղել բազմաթիվ ինտերնետային կայքերում, իսկ դատավարությունն էլ սկսվել է դեռևս 2010 թվականի մայիսին:
Բացի այդ, դեռևս 17.05.2011 թվականին Ժիրայր և Նունե Շահգելդյանների և մյուսների կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում, որը ստորագրվել է ոչ թե վերջիններիս ներկայացուցչի, այլ անձամբ նրանց կողմից, իսկ այդ հայցադիմումին կից ներկայացվել են նաև «քաղաքապետի որոշման և շինարարության թույլտվության պատճեներ»-ը, այսինքն` դրանով նույնպես բացառվում է իրազեկված չլինելու հանգամանքը:
Հետևաբար, Հայցվորները քաջատեղյակ են եղել, որ Ընկերության կողմից Երևանի Կոմիտասի թիվ 5 հասցեում շինարարությունն իրականացվում է բացառապես քաղաքաշինական փաստաթղթերի առկայությամբ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության և հայցադիմումի ընդունումը մերժելու հարցերին (տե'ս` Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/1327/05/10 գործով 30.07.2010 թվականի որոշումը):
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտել է, որ անձի դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, և դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնի, որ հայցադիմումի ընդունումը մերժելու լիազորությունը սերտորեն կապված է անձի դատական պաշտպանության, ինչպես նաև խախտված սուբյեկտիվ իրավունքները վերականգնելու իրավունքների հետ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ իրավունքները գործնականում իրականանալի լինեն և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը միշտ կիրառվի այնպես, որ ապահովվի այդ խնդրի կատարումը:
Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարան դիմելու արդյունավետ իրավունքի երաշխավորումը չի նշանակում ընդամենը միջամտության բացակայություն, այլ կարող է պահանջել, որ պետությունը ձեռնարկի որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ (տե'ս` Էյրին ընդդեմ Իռլանդիայի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետեր 25-26):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է նաև այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե'ս` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Երևան-5» ԼՏԸ-ի, երրորդ անձինք Արմեն Համբարձումյանի, Գրիգոր Հովակիմյանի, Ռաֆիկ Վիրաբյանի, թիվ ԵՇԴ/0507/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, 08.08.2011 թվականի որոշմամբ վերականգնելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ Հայցվորների միջնորդությունը և հայցադիմումն ընդունելով վարույթ, պատճառաբանել է, որ Հայցվորները վիճարկվող որոշման և շինարարության թույլտվության մասին տեղեկացել են 03.06.2011 թվականին, հետևաբար օրենքով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը պետք է հաշվարկել նշված օրվանից:
Վերաքննիչ դատարանը, 26.09.2011 թվականի «Բողոքը բավարարելու մասին» որոշմամբ բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը և վերացնելով Դատարանի 08.08.2011 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, պատճառաբանել է, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները, մասնավորապես` չի ստուգել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված հանգամանքների հիմնավորվածությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ Դատարանը, վերականգնելով բաց թողնված դատավարական ժամկետը, քննության առարկա է դարձրել դրա բաց թողնելու պատճառները, ինչպես նաև ստուգել է այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված հանգամանքների հիմնավորվածությունը, իսկ Վերաքննիչ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս չի առաջնորդվել Հայցվորների իրավունքների պաշտպանության, այդ թվում` վերջիններիս իրավունքների դատական պաշտպանության գերակայության ապահովման սկզբունքով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 26.09.2011 թվականի «Բողոքը բավարարելու մասին» որոշումը ենթակա է վերացման նաև Դատարանի 22.08.2011 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշումը վերացնելու մասով, քանի որ Վերաքննիչ դատարանն այդ մասով պատճառաբանել է, որ Դատարանի 08.08.2011 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման վերացման պայմաններում կիրառված հայցի ապահովման միջոցը կորցնում է իր նպատակային նշանակությունը, իսկ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումն այդ մասով վերացվում է:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.09.2011 թվականի «Բողոքը բավարարելու մասին» որոշումը և ՀՀ վարչական դատարանի 08.08.2011 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» և 22.08.2011 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշումները թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|