ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0420/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0420/02/10 2012 թ. |
թիվ ԵՇԴ/0460/02/11 | |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյանի | |
դատավորներ՝ Ա. Մաթևոսյանի | |
Կ. Չիլինգարյանի |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի փետրվարի 01-ին
քննարկելով Արսեն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Աղավնի Մանուկյանի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` երեխայի ապրելու իրավունքը ճանաչելու, ալիմենտ բռնագանձելու, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու» (թիվ ԵՇԴ/0460/02/11 քաղաքացիական գործով ըստԱղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` ալիմենտի չափը փոփոխելու) պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Թիվ ԵՇԴ/0460/02/11 քաղաքացիական գործով դիմելով դատարան՝ Աղավնի Մանուկյանը պահանջել է «Արսեն Հովհաննիսյանից բռնագանձման ենթակա ալիմենտի գումարը սահմանել կայուն դրամական գումարով, ամենամսյա վճարման տեսքով` ամսական 30.000 ՀՀ դրամի չափով»:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Փոփոխել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010թ. հա. ԵՇԴ/0420/02/10 վճռով Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի` որպես իրենց անչափահաս դստեր` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված 23.12.2008թ./ ապրուստի միջոց, մինչև վերջինիս չափահաս դառնալը, նրա ամսական վաստակի և այլ եկամուտի մեկ քառորդի չափով` բայց ոչ պակաս 10.000 ՀՀ դրամը, ամսական բռնագանձվող ալիմենտի չափը, և Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի որպես իրենց անչափահաս երեխայի` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված 23.12.2008թ./, ապրուստի միջոց մինչև վերջինիս չափահաս դառնալը բռնագանձել ամսական 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամ ալիմենտ»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.08.2011 թվականի որոշմամբ Արսեն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Հովհաննիսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ, 207-րդ հոդվածների 1-ին կետերը, 210-րդ հոդվածը, 213-րդ հոդվածի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ չնայած վերաքննիչ բողոքի բովանդակությունից հստակ երևում է, որ ներկայացվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռի դեմ, այնուամենայնիվ «թյուրիմացաբար եզրահանգել է, որ պատասխանողը բողոք է ներկայացրել «09.07.2010 թվականին կայացրած և 05.11.2010 թվականին բեկանված վճռի դեմ»», ինչի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործով կայացրած 03.08.2011 թվականի որոշումը և այն վերացնել` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի վճռի դեմ Արսեն Հովհաննիսյանի կողմից 27.07.2011 թվականին բերված վերաքննիչ բողոքը` վերաքննիչ դատարանում ընդունված համարելով սկզբնական ներկայացնելու օրը»։
3. Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 04.06.2010 թվականի թիվ ԵՇԴ/0420/02/10 որոշմամբ ըստ Աղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` երեխայի ապրելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործը, ըստ Աղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵՇԴ/0418/02/10 քաղաքացիական գործը և ըստ Աղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջի մասին ԵՇԴ/0422/02/10 քաղաքացիական գործը միացվել են մեկ վարույթում թիվ ԵՇԴ/0420/02/10 համարով:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010 թվականի թիվ ԵՇԴ/0420/02/10 վճռով վճռվել է. «Աղավնի Մանուկյանի հայցն ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, բավարարել։ Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի, որպես իրենց անչափահաս դստեր` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված` 23.12.2008թ./ ապրուստի միջոց, մինչև վերջինիս չափահաս դառնալը, բռնագանձել ալիմենտ նրա ամսական վաստակի և այլ եկամուտի մեկ քառորդի չափով` բայց ոչ պակաս ամսական 10.000 ՀՀ դրամից։ Ալիմենտի բռնագանձումը կատարել 2010թ. ապրիլի 20-ից։ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Աղավնի Մանուկյանի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` երեխայի ապրելու իրավունքը ճանաչելու, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջների մասին, կարճել»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի թիվ ԵՇԴ/0420/02/10 որոշմամբ Աղավնի Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010 թվականի թիվ ԵՇԴ/0420/02/10 վճռի` երեխայի ապրելու իրավունքը ճանաչելու, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասը և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:
Ըստ Աղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` ալիմենտի չափը փոփոխելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործով կայացված` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Փոփոխել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010թ. հա. ԵՇԴ/0420/02/10 վճռով Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի որպես իրենց անչափահաս դստեր` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված 23.12.2008թ./ ապրուստի միջոց, մինչև վերջինիս չափահաս դառնալը, նրա ամսական վաստակի և այլ եկամուտի մեկ քառորդի չափով` բայց ոչ պակաս 10.000 ՀՀ դրամը, ամսական բռնագանձվող ալիմենտի չափը, և Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի` որպես իրենց անչափահաս երեխայի` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված 23.12.2008թ./, ապրուստի միջոց մինչև վերջինիս չափահաս դառնալը բռնագանձել ամսական 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամ ալիմենտ»:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում բողոք է ներկայացվել այն դատական ակտի դեմ, որն այլևս գոյություն չունի, և Վերաքննիչ դատարանի 05.11.2010 թվականի որոշմամբ բեկանվել է, հետևաբար չի կարող բողոքարկվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն` դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 5-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման, իսկ 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն oրենuգրքի 144 հոդվածի 2-րդ կետով uահմանված կարգով, գործը uտանալու oրվանից հետո` եռoրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մաuին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը: Նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Սույն գործի փաստերի համաձայն` Արսեն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի բովանդակությունից պարզ է, որ վերջինս վերաքննիչ բողոք ներկայացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռի դեմ, սակայն վերաքննիչ բողոքում վիճարկվող դատական ակտի համարը նշվել է թիվ ԵՇԴ/0420/02/10, իսկ վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը 04.07.2011 թվական, ինչի արդյունքում սույն վերաքննիչ բողոքը քննարկվել է թիվ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի սխալ կիրառմամբ: Բացի այդ, թիվ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտի տարին, ամիսը, ամսաթիվը 09.07.2010 թվականն է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում կայացրած վճռի գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը սխալ նշելն արդեն իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների խախտում է, որպիսի խախտումների առկայությունը վերաքննիչ բողոքը վերադարձնելու և թույլ տրված խախտումները վերացնելու համար երկշաբաթյա ժամկետ տրամադրելու հիմք է, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի սխալ կիրառման արդյունքում բողոք բերող անձը զրկվել է վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու իրավունքների իրականացման հնարավորությունից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Ավելին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարանի) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովվել առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերաքննության կարգով վերանայման հնարավորությունը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը ենթակա էր վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, որպիսի պարագայում բողոք բերած անձը հնարավորություն կունենար օգտվելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դատավարական իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 03.08.2011 թվականի որոշումը վերացնելու։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռի դեմ Արսեն Հովհաննիսյանի 27.07.2011 թվականի վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի հիմքով վերադարձնել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |