Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.02.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0420/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0420/02/10
ԵՇԴ/0460/02/11

2012 թ.

                                        թիվ ԵՇԴ/0460/02/11
Նախագահող դատավոր՝   Ա. Պետրոսյանի
                  դատավորներ՝   Ա. Մաթևոսյանի
                                             Կ. Չիլինգարյանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի փետրվարի 01-ին

քննարկելով Արսեն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Աղավնի Մանուկյանի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` երեխայի ապրելու իրավունքը ճանաչելու, ալիմենտ բռնագանձելու, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու» (թիվ ԵՇԴ/0460/02/11 քաղաքացիական գործով ըստԱղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` ալիմենտի չափը փոփոխելու) պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Թիվ ԵՇԴ/0460/02/11 քաղաքացիական գործով դիմելով դատարան՝ Աղավնի Մանուկյանը պահանջել է «Արսեն Հովհաննիսյանից բռնագանձման ենթակա ալիմենտի գումարը սահմանել կայուն դրամական գումարով, ամենամսյա վճարման տեսքով` ամսական 30.000 ՀՀ դրամի չափով»:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Փոփոխել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010թ. հա. ԵՇԴ/0420/02/10 վճռով Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի` որպես իրենց անչափահաս դստեր` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված 23.12.2008թ./ ապրուստի միջոց, մինչև վերջինիս չափահաս դառնալը, նրա ամսական վաստակի և այլ եկամուտի մեկ քառորդի չափով` բայց ոչ պակաս 10.000 ՀՀ դրամը, ամսական բռնագանձվող ալիմենտի չափը, և Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի որպես իրենց անչափահաս երեխայի` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված 23.12.2008թ./, ապրուստի միջոց մինչև վերջինիս չափահաս դառնալը բռնագանձել ամսական 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամ ալիմենտ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.08.2011 թվականի որոշմամբ Արսեն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Հովհաննիսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ, 207-րդ հոդվածների 1-ին կետերը, 210-րդ հոդվածը, 213-րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ չնայած վերաքննիչ բողոքի բովանդակությունից հստակ երևում է, որ ներկայացվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռի դեմ, այնուամենայնիվ «թյուրիմացաբար եզրահանգել է, որ պատասխանողը բողոք է ներկայացրել «09.07.2010 թվականին կայացրած և 05.11.2010 թվականին բեկանված վճռի դեմ»», ինչի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման: 

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործով կայացրած 03.08.2011 թվականի որոշումը և այն վերացնել` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի վճռի դեմ Արսեն Հովհաննիսյանի կողմից 27.07.2011 թվականին բերված վերաքննիչ բողոքը` վերաքննիչ դատարանում ընդունված համարելով սկզբնական ներկայացնելու օրը»։

 

3. Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները և եզրահանգումները  

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 04.06.2010 թվականի թիվ ԵՇԴ/0420/02/10 որոշմամբ ըստ Աղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` երեխայի ապրելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործը, ըստ Աղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵՇԴ/0418/02/10 քաղաքացիական գործը և ըստ Աղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջի մասին ԵՇԴ/0422/02/10 քաղաքացիական գործը  միացվել են մեկ վարույթում թիվ ԵՇԴ/0420/02/10 համարով:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010 թվականի թիվ ԵՇԴ/0420/02/10 վճռով վճռվել է. «Աղավնի Մանուկյանի հայցն ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, բավարարել։ Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի, որպես իրենց անչափահաս դստեր` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված` 23.12.2008թ./ ապրուստի միջոց, մինչև վերջինիս չափահաս դառնալը, բռնագանձել ալիմենտ նրա ամսական վաստակի և այլ եկամուտի մեկ քառորդի չափով` բայց ոչ պակաս ամսական 10.000 ՀՀ դրամից։ Ալիմենտի բռնագանձումը կատարել 2010թ. ապրիլի 20-ից։ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Աղավնի Մանուկյանի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` երեխայի ապրելու իրավունքը ճանաչելու, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջների մասին, կարճել»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի թիվ ԵՇԴ/0420/02/10 որոշմամբ  Աղավնի Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010 թվականի թիվ ԵՇԴ/0420/02/10 վճռի` երեխայի ապրելու իրավունքը ճանաչելու, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասը և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Ըստ Աղավնի Մանուկյանի հայցի ընդդեմ Արսեն Հովհաննիսյանի` ալիմենտի չափը փոփոխելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործով կայացված` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Փոփոխել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010թ. հա. ԵՇԴ/0420/02/10 վճռով Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի որպես իրենց անչափահաս դստեր` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված 23.12.2008թ./ ապրուստի միջոց, մինչև վերջինիս չափահաս դառնալը, նրա ամսական վաստակի և այլ եկամուտի մեկ քառորդի չափով` բայց ոչ պակաս 10.000 ՀՀ դրամը, ամսական բռնագանձվող ալիմենտի չափը, և Արսեն Հովհաննիսյանից հօգուտ Աղավնի Մանուկյանի` որպես իրենց անչափահաս երեխայի` Էլեն Արսենի Հովհաննիսյանի /ծնված 23.12.2008թ./, ապրուստի միջոց մինչև վերջինիս չափահաս դառնալը բռնագանձել ամսական 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամ ալիմենտ»:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում բողոք է ներկայացվել այն դատական ակտի դեմ, որն այլևս գոյություն չունի, և Վերաքննիչ դատարանի 05.11.2010 թվականի որոշմամբ բեկանվել է, հետևաբար չի կարող բողոքարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն` դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 5-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման, իսկ 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն oրենuգրքի 144 հոդվածի 2-րդ կետով uահմանված կարգով, գործը uտանալու oրվանից հետո` եռoրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մաuին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը: Նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Սույն գործի փաստերի համաձայն` Արսեն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի բովանդակությունից պարզ է, որ վերջինս վերաքննիչ բողոք ներկայացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռի դեմ, սակայն վերաքննիչ բողոքում վիճարկվող դատական ակտի համարը նշվել է թիվ ԵՇԴ/0420/02/10, իսկ վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը 04.07.2011 թվական, ինչի արդյունքում սույն վերաքննիչ բողոքը քննարկվել է թիվ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի սխալ կիրառմամբ: Բացի այդ, թիվ ԵՇԴ/0420/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտի տարին, ամիսը, ամսաթիվը 09.07.2010 թվականն է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում կայացրած վճռի գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը սխալ նշելն արդեն իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների խախտում է, որպիսի խախտումների առկայությունը վերաքննիչ բողոքը վերադարձնելու և թույլ տրված խախտումները վերացնելու համար երկշաբաթյա ժամկետ տրամադրելու հիմք է, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի սխալ կիրառման արդյունքում բողոք բերող անձը զրկվել է վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու իրավունքների իրականացման հնարավորությունից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:

Ավելին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարանի) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովվել առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերաքննության կարգով վերանայման հնարավորությունը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը ենթակա էր վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, որպիսի պարագայում բողոք բերած անձը հնարավորություն կունենար օգտվելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դատավարական իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 03.08.2011 թվականի որոշումը վերացնելու։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0460/02/11 վճռի դեմ Արսեն Հովհաննիսյանի 27.07.2011 թվականի վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի հիմքով վերադարձնել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան