ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/8923/05/11 |
Վարչական գործ թիվ ՎԴ/8923/05/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան |
Դատավորներ՝ |
Ա. Աբովյան |
Ա. Սարգսյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի հունվարի 14-ին
քննարկելով ըստ հայցի ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Գայանե Սողոմոնյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.05.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գայանե Սողոմոնյանի ներկայացուցիչ Սողոմոն Թրաշյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Գայանե Սողոմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 26.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2014 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բողոք բերելու իրավունքը վերականգնելու մասին Գայանե Սողոմոնյանի ներկայացուցիչ Սողոմոն Թրաշյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Սողոմոնյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի 26.12.2013 թվականի վճիռը Գայանե Սողոմոնյանին չի ուղարկվել և վերջինս վերաքննիչ բողոքը սահմանված մեկամսյա ժամկետում ներկայացնելու հնարավորություն չի ունեցել, քանի որ վճռի մասին տեղեկացել է Տեսչության աշխատակցից միայն 2014 թվականի ապրիլին, որից հետո կարողացել է փաստաբան Ներսես Հարությունյանից ստանալ վճիռը և դիմել այլ փաստաբանի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածը, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե′ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե′ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51,55):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը՝ բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:
Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում նշել, որ բողոք բերող անձը որպես բողոքի իրավական հիմք նշել է 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասը, սակայն նկատի ունենալով, որ Դատարանի վճիռը կայացվել և հրապարակվել է 26.12.2013 թվականին, Վճռաբեկ դատարանն անդրադառնում է դատական ակտի կայացման պահին գործող համապատասխան իրավանորմերի վերլուծությանը:
Գործի քննության պահին գործող (ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքը դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պետք է իրականացնի` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ՀՀ դատավարական օրենսդրության իրավակարգավորումներով սահմանված է վճռի (գործն ըստ էության լուծող դատական ակտի) հրապարակմանը գործին մասնակցող անձանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը վերջինիս ուղարկելու դատարանի պարտականությունը: Ընդ որում, օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում՝ վերջինիս ներկայացուցչին ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք, հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է անձի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը: Անձը կարող է լիարժեք իրականացնել վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքը միայն այն դեպքում, երբ ծանոթ է ստորադաս դատարանի կողմից իր իրավունքների (պարտականությունների) կամ օրինական շահերի վերաբերյալ կայացված դատական ակտին և դրա բովանդակությանը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով Գայանե Սողոմոնյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բողոք բերելու իրավունքը վերականգնելու մասին, պատճառաբանել է, որ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետն իրենից անկախ պատճառներով բաց թողնելու բողոքաբերի փաստարկն առ այն, որ վերջինս Դատարանի 26.12.2013 թվականի վճռի մասին տեղեկացված չի եղել և իր ներկայացուցիչ Ներսես Հարությունյանից վճիռը ստացել է միայն 2014 թվականի ապրիլին, ծանրակշիռ ու հիմնավոր չէ և չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, քանի որ գործով կայացրած 26.12.2013 թվականի վճիռը փոստային առաքմամբ ուղարկվել է Ներսես Հարությունյանին և վերջինիս կողմից այն ստացվել է 10.01.2014 թվականին, իսկ գործում բացակայում է Գայանե Սողոմոնյանի հայտարարությունը Ներսես Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչությունը, հայցադիմում ներկայացնելով դատարան, որպես Գայանե Սողոմոնյանի հասցե՝ նշել է Երևանի Բաղրամյան թիվ 1, 56-րդ շենք: Գայանե Սողոմոնյանին նշված հասցեով ուղարկված դատական ծանուցագրերը փոստային ծառայությունից հետ են վերադարձվել «անհայտ» գրառմամբ (գ.թ. 22-րդ, 28-րդ): Գայանե Սողոմոնյանի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով Դատարանը 28.06.2012 թվականի որոշմամբ հայտարարել է Գայանե Սողոմոնյանի և նրա գույքի հետախուզում: 05.12.2012 թվականին Գայանե Սողոմոնյանը դիմում է ներկայացրել Դատարան (գ.թ. 44-րդ), որով հայտնել է, որ բնակվում է Երևանի Եղբայրության 24 բնակարան թիվ 14 հասցեում, սակայն Դատարանը դատական նիստերի ժամանակի և վայրի մասին շարունակել է վերջինիս ծանուցել Երևանի Բաղրամյան թիվ 1, 56-րդ շենք հասցեով (գ.թ. 69-րդ, 81-րդ)՝ միաժամանակ ծանուցագրեր ուղարկելով նաև վերջինիս ներկայացուցիչ Ներսես Հարությունյանին: Դատարանը 26.12.2013 թվականին վճիռը հրապարակելուց հետո ևս վճռի օրինակն ուղարկել է Ներսես Հարությունյանին, իսկ Դատարանի 26.12.2013 թվականի վճիռը Գայանե Սողոմոնյանին հրապարակման կամ առնվազն դրա հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործում առկա չէ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի ուժով պարտավոր էր կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի պահանջը՝ վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով գործին մասնակցած անձանց ուղարկելու վերաբերյալ: Սույն գործով գործին մասնակցած անձ (գործի քննության պահին գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատավարության մասնակից) է հանդիսանում Գայանե Սողոմոնյանը, որին վճռի օրինակը չի ուղարկվել, ինչի հետևանքով էլ վերջինս զրկվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման հնարավորությունից, որպիսի հանգամանքը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասով, 19-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.05.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ե. Սողոմոնյան |