Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

   

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1395/02/10

2011թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1395/02/10

 

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

 

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

   

    

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի
 

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

    

Վ. Աբելյանի

    

Վ. Ավանեսյանի

     Ա. Բարսեղյանի
     Մ. Դրմեյանի
     Գ. Հակոբյանի
     Ե. Սողոմոնյանի

        

2011 թվականի հուլիսի 07-ին

      

քննարկելով Ռուդոլֆ Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ռուդոլֆ Բաբայանի հայցի ընդդեմ Լևոն Համբարձումյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին,

      

ՊԱՐԶԵՑ

      

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռուդոլֆ Բաբայանը պահանջել է Լևոն Համբարձումյանին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մանանդյան փողոցի թիվ 26 շենքի 5-րդ բնակարանից։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.04.2011 թվականի որոշմամբ Լևոն Համբարձումյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, և քաղաքացիական գործի վարույթը` կասեցվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.05.2011 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Բաբայանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.04.2011 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդոլֆ Բաբայանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 274-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 26 շենքի 5-րդ բնակարանի սեփականատերը Ռուդոլֆ Բաբայանն է, իսկ Լևոն Համբարձումյանը նշված բնակարանի նկատմամբ որևէ իրավունք չունի, հետևաբար, վերջինիս գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը լիարժեք տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իր սեփական գույքը։ Ավելին, սույն քաղաքացիական գործը որևէ կապ չունի առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող մեկ այլ քաղաքացիական գործով Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրատվության պայմանագիրը վիճարկելու մասին պահանջի հետ։

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի 06.05.2011թ. գործ թիվ ԵՇԴ/1395/02/10 որոշումը և օրինական ուժ տալ ԵՇԴ/0566/02/08 օրինական ուժի մեջ մտած վճռին»։

     

3. Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է այն դեպքում, երբ տվյալ վեճի քննությունն անհնար է մինչ այլ գործի քննության ավարտը, որը վերապահված է սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական գործեր քննող դատարանին։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այլ` սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական, դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար (որոշ դեպքերում նաև նախադատելի) նշանակություն ունեն։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթի կասեցման դատարանի պարտականությունը չի ծագում, եթե տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում։

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պարտավոր է նշել`

1. այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն,

2. ցույց տալ գործի քննության անհնարինությունը, այսինքն` ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում։

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետից, որի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։

Սույն գործի փաստերի համաձայն` նոտարական կարգով վավերացված 18.02.2008 թվականի առուվաճառքի պայմանագրով Օֆելյա Մովսեսյանը Երևանի Մանանդյան փողոցի թիվ 26 շենքի 5-րդ բնակարանը վաճառել է Ռուդոլֆ Բաբայանին, որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման և Ռուդոլֆ Բաբայանին 27.02.2008 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2287932 վկայականը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.11.2010 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2010 թվականի թիվ ԵՇԴ/0866/02/08 վճիռը և փոփոխվել, այն է` «Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Օֆելյա Մովսեսյանի, Ռուդոլֆ Բաբայանի, երրորդ անձ Լևոն Համբարձումյանի՝ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն ու բնակարանի 1/2-րդ մասի նկատմամբ Օֆելյա Մովսեսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժել»։

Տվյալ դեպքում Դատարանը կասեցրել է սույն քաղաքացիական գործի վարույթը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհնարին է սույն գործի քննությունը մինչև «թիվ ԵՇԴ/0372/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Օֆելյա Մովսեսյանի, Ռուդոլֆ Բաբայանի, երրորդ անձ Լևոն Համբարձումյանի` Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 26 շենքի թիվ 5 բնակարանի նվիրատվության պայմանագիրն ու դրանից բխող սեփականության իրավունքի պետական գրանցումը 1/2-րդ մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերջնական որոշում կայացնելը»։

Վերաքննիչ դատարանը, Ռուդոլֆ Բաբայանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերանայելով Դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, պատճառաբանել է, որ Ռուդոլֆ Բաբայանի հայցի առարկան ներառում է Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 26 շենքի 5-րդ բնակարանից պատասխանողին վտարելու պահանջը։ Թիվ ԵՇԴ/0372/02/11 քաղաքացիական գործով, որի կապակցությամբ կասեցվել է սույն գործի վարույթը, Երևանի քաղաքապետարանի հայցի առարկան վերաբերում է վեճի առարկա բնակարանի նվիրատվության պայմանագիրը և դրանից բխող սեփականության իրավունքի պետական գրանցումը 1/2-րդ մասով անվավեր ճանաչելուն, հետևաբար, նույն անշարժ գույքի նկատմամբ առկա են քաղաքացիական վեճեր, իսկ թիվ ԵՇԴ/0372/02/11 քաղաքացիական գործի լուծման բովանդակային կազմը կարող է որոշիչ նշանակություն ունենալ սույն գործով վերջնական դատական ակտի կայացման համար։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող մեկ այլ քաղաքացիական գործը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և Օֆելյա Մովսեսյանի, Ռուդոլֆ Բաբայանի միջև ծագած իրավահարաբերություններին` Երևանի Մանանդյան փողոցի թիվ 26 շենքի 5-րդ բնակարանի նվիրատվության պայմանագիրն ու դրանից բխող սեփականության իրավունքի պետական գրանցումը 1/2-րդ մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, այսինքն` որևէ կապ չունի Ռուդոլֆ Բաբայանի և Լևոն Համբարձումյանի միջև սույն գործով նշված բնակարանից վտարելու իրավահարաբերությունների հետ, հետևաբար դրանք միմյանց համար գործի քննության անհնարինություն չեն կարող առաջացնել։

        

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է կազմում գործի ողջամիտ ժամկետում քննությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ նույնիսկ քաղաքացիական դատավարության ժամանակ, երբ ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կողմերից են պահանջում նախաձեռնություն ցուցաբերել դատավարական շարժի համար, պետությունը պարտավոր է երաշխավորել դատավարության ողջամտությունը (Տե՛ս Կռոտերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 01.02.2005 թվականի վճիռը, կետ 29, CROWTHER v. THE UNITED KINGDOM, 1 February 2005, par. 29)։

     

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 06.05.2011 թվականի որոշումը վերացնելու համար։

    

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

    

ՈՐՈՇԵՑ

      

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.04.2011 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

        

Նախագահող`

  

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան