ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1179-Լ
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-379-01.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 26 Երևան |
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-379-01.10.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, որպես երեխայի ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքի ապահովման երաշխիք, արգելում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող ցանկացած տեղեկության, ինչպես նաև բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը: Երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելը գտնում ենք՝ արդարացված չէ: Բացի դրանից, լրացվող 18-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունն արդեն իսկ պարունակում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվության և գրականության տարածման արգելք, հետևաբար, նախագծի 1-ին հոդվածով լրացվող 1-ին մասը կրկնում է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ սահմանված նորմը, ինչը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախագծի սահմանումները պետք է «ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը», մինչդեռ նախագծում օգտագործված որոշ հասկացություններ միանշանակ չեն ընկալվում, հետևաբար, չեն կարող ունենալ միատեսակ կիրառում (օրինակ՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն» և «ավանդական սեռական հարաբերություն» և այլն):
Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված արարքի կատարման նպատակը շեշտելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվող 178.2-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ նշված արարքի համար պատասխանատվություն նախատեսվում է անկախ տեղեկատվություն տարածողի կամ քարոզողի մոտ դիտավորության առկայությունից:
Ելնելով նշվածից՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և առաջարկվում է գործող օրենքները թողնել անփոփոխ: