ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 փետրվարի 2017 թ. |
1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված` Ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի փետրվարի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան (կից հայտարարությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիան (կից հայտարարությամբ) (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 1990թ. հունիսի 26-ին` Ստամբուլում:
Կոնվենցիայի նպատակն է դյուրացնել ժամանակավոր ներմուծումը՝ պարզեցնելով և ներդաշնակեցնելով ընթացակարգերը, հետապնդելով տնտեսական, մարդասիրական, մշակութային, սոցիալական կամ զբոսաշրջային նպատակներ:
2. Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- տրամադրել ժամանակավոր ներմուծման ռեժիմ՝ Կոնվենցիայի հավելվածներում նշված ապրանքների (ներառյալ՝ տրանսպորտային միջոցների) համար՝ ներմուծման տուրքերի և հարկերի վճարումից ամբողջական պայմանական ազատումով և առանց ներմուծման արգելքների կամ տնտեսական բնույթի սահմանափակումների կիրառման (հոդված 2),
- ներպետական մաքսային փաստաթղթերի փոխարեն և որպես Կոնվենցիայի «Ա» հավելվածի 8-րդ հոդվածում նշված գումարների համար սահմանված երաշխիք, ընդունել վավեր համարվող ժամանակավոր ներմուծման փաստաթղթերը, որոնք տրամադրվում և օգտագործվում են այն ապրանքների համար (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների), որոնք ժամանակավոր ներմուծվել են Կոնվենցիայի մյուս հավելվածների համաձայն (հոդված 5),
- կասեցնել վերաարտահանումն առգրավման ժամանակահատվածով, եթե ժամանակավոր ներմուծման իրավունք ստացած ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) չեն կարող վերաարտահանվել առգրավման հետևանքով, բացառութամբ մասնավոր անձանց հայցի հիման վրա կատարված առգրավման (հոդված 7, մաս 3),
- նվազագույնի հասցնել Կոնվենցիայով նախատեսված պայմանների առնչությամբ պահանջվող մաքսային ձևակերպումները, անհապաղ հրապարակել այդ ձևակերպումներին առնչվող բոլոր կանոնակարգերը (հոդված 15),
- կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցներ Կոնվենցիայի դրույթների ցանկացած խախտման դեպքում, եթե խախտումը կատարվել կամ հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում (հոդված 20),
- համապատասխան պահանջի դեպքում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, Կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ Կոնվենցիայի անդամ պետություններին (հոդված 21)։
3. Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում «Ա», «Բ.1»-«Բ.9», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներն ու համապատասխան ենթահավելվածները: «Ա» հավելվածում սահմանված են ժամանակավոր ներմուծման համար անհրաժեշտ գործողությունները, մաքսային մարմինների և երաշխիքային ընկերությունների փոխգործակցության կարգը, նրանց պարտավորությունների և լիազորությունների, ինչպես նաև մաքսային ձևակերպումների ընթացակարգերը: «Բ.1»-«Բ.9», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներում նկարագրված են այն ապրանքախմբերն ու միջոցառումները, որոնց շրջանակներում պայմանավորվող կողմերն իրականացնում են Կոնվենցիայով սահմանված ժամանակավոր ներմուծման գործառույթներ:
4. Կոնվենցիային միանալու նպատակահարմարության դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից պետք է նշվի ընդունելի հավելվածները, սակայն «Ա» հավելվածի և առնվազն մեկ այլ հավելվածի ընդունումը համարվում է պարտադիր (հոդված 24, կետ 4):
Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարության համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Կոնվենցիայի «Ա», «Բ.1», «Բ.2», «Բ.3» և «Բ.5» հավելվածները:
5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված` Ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 28 փետրվարի 2017 թվականի ՍԴՈ-1350
Գ. Հարությունյան