ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի որոշում Քաղաքացիական գործ թիվ 2-885 |
Քաղաքացիական գործ թիվ |
2-885 |
3-203(ՎԴ) |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն Պողոսյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ դիմումի Կարեն Պողոսյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու, դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողի նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կարեն Պողոսյանը պահանջել է գույքը տիրազուրկ ճանաչել և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը 500քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ, ինչպես նաև ճանաչել իր օգտագործման իրավունքը 1.000քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ա. Մերանգուլյան) (այսուհետ՝ Դատարան) 08.06.2001 թվականի վճռով Կարեն Պողոսյանի դիմումը բավարարվել է՝ վճռվել է Երևանի Բագրատունյաց փողոցի վրա՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող 500քմ մակերեսով անշարժ գույքը ճանաչել տիրազուրկ և այն որպես տիրապետող անձի հանձնել Կարեն Պողոսյանին՝ սեփականության իրավունքով, և նրա օգտագործմանը թողնել 1.000քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանմանը կատարել Կարեն Պողոսյանի սեփականությունը հանդիսացող վերոնշյալ անշարժ գույքի և 1.000քմ մակերեսով հողատարածքի իրավունքների պետական գրանցումը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Թումանյան, Գ. Մատինյան, Լ. Գրիգորյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.07.2009 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, Դատարանի 08.06.2001 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ Կարեն Պողոսյանի դիմումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ Կարեն Պողոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Պողոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի 08.06.2001 թվականի վճռով Կարեն Պողոսյանի դիմումը` ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ, բավարարվել է: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 8 տարի անց Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ և բավարարվել են: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ Կարեն Պողոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Կարեն Պողոսյանի կողմից ներկայացված գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 31.03.2016 թվականի վճռով արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ, այն է՝ խախտվել են իրավական որոշակիության սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.06.2001 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանը, 08.06.2001 թվականի վճռով Կարեն Պողոսյանի դիմումը բավարարելով, վճռել է Երևանի Բագրատունյաց փողոցի վրա՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող 500քմ մակերեսով գույքը ճանաչել տիրազուրկ, այն՝ որպես տիրապետող անձի հանձնել Կարեն Պողոսյանին՝ սեփականության իրավունքով, և նրա օգտագործմանը թողնել 1.000քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանմանը կատարել Կարեն Պողոսյանի սեփականությունը հանդիսացող վերոնշյալ անշարժ գույքի և 1.000քմ մակերեսով հողատարածքի իրավունքների պետական գրանցում (գ.թ. 12-14):
2) Դատարանի 08.06.2001 թվականի վճռի դեմ 12.05.2009 թվականին և 20.05.2009 թվականին վերաքննիչ բողոքներ են ներկայացրել համապատասխանաբար ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ՝ Դատախազություն) և Երևանի քաղաքապետարանը (այսուհետ՝ Քաղաքապետարանը) (գ.թ. 19-22, 26-30):
3) Վերաքննիչ դատարանի 12.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 08.06.2001 թվականի վճռի բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի է համարվել՝ Քաղաքապետարանի ու Դատախազության վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ (գ.թ. 37):
4) Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշմամբ Դատախազության և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են. Դատարանի 08.06.2001 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ Կարեն Պողոսյանի դիմումը մերժվել է (գ.թ. 104-111):
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ Կարեն Պողոսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (գ.թ. 133-136):
6) Կարեն Պողոսյանի գանգատի (գանգատ թիվ 62356/09) հիման վրա Եվրոպական դատարանը 31.03.2016 թվականին կայացված վճռում նշել է, որ «…սույն գործը կապված է ոչ թե վերջնական և կատարման ենթակա վճռի՝ լրացուցիչ բողոքի միջոցով կամ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հետ (...), այլ զգալի ժամանակահատված բաց թողնելուց հետո վարույթն այն հիմքով վերսկսելու հետ, որ տուժող կողմը տեղեկացված չի եղել դրա մասին, ինչը, ըստ էության, համարժեք է սովորական բողոքարկման ժամկետի վերականգնմանը: (...) եթե սովորական բողոքարկման ընթացակարգի համար նախատեսված ժամկետը վերականգնվել է զգալի ժամանակահատված անցնելուց հետո և այնպիսի հիմքերով, որոնք հատկապես համոզիչ չեն թվում, ապա այդպիսի որոշումը կարող է խախտել իրավական որոշակիության սկզբունքը: Մինչդեռ սովորական բողոքարկման ժամկետի վերականգնումը կամ երկարաձգումը սկզբնապես թողնված են ներպետական դատարանների հայեցողությանը, որպիսի հայեցողությունն անսահմանափակ չէ: Դատարաններից յուրաքանչյուր դեպքում պահանջվում է նշել իրենց կողմից կայացված որոշման հիմքերը, ինչպես նաև ստուգել՝ արդյո՞ք բողոքարկման ժամկետի վերականգնման հիմքերը կարող են արդարացնել res judicata սկզբունքին կատարվող միջամտությունը, հատկապես, երբ ներպետական օրենսդրությունը թե՛ ժամանակի, թե՛ ժամկետների վերականգնման հիմքերի առումով չի սահմանափակում դատարանների հայեցողությունը (…): Եթե այս առնչությամբ ներպետական օրենսդրությամբ որևէ արգելող բնույթի սահմանափակում չի նախատեսվում, ապա վերջնական վճռի դեմ բողոքարկման ժամկետի վերականգնումը չարաշահելու վերաբերյալ ենթադրությունը պահանջում է [Եվրոպական] դատարանի կողմից խիստ վերահսկողության իրականացում (…)»: Եվրոպական դատարանը նշել է, որ «դիմումատուն թե՛ ներպետական դատարաններում, թե՛ [Եվրոպական] դատարանում վիճարկել է հակառակ կողմի ներկայացրած փաստարկներն այդքան ուշ բերված վերաքննիչ բողոքների և դրանց պնդումների բովանդակությունը հիմնավորելու նպատակով (...): (...) նման հարցերին անդրադառնալը, ներկայացված ապացույցների ուսումնասիրությունը և գնահատումը, ինչպես նաև այդ փաստի հաստատումը ներպետական դատարանների՝ հատկապես Վերաքննիչ դատարանի գործառույթն է»: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ «Վերաքննիչ դատարանն այս հարցով որևէ ուսումնասիրություն չի կատարել և այս առնչությամբ դիմումատուի փաստարկներին չի անդրադարձել»: Եվրոպական դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի հիմնավորել իր որոշումը, այլ նաև անտեսել է մի շարք որոշիչ հանգամանքներ և կատարել ակնհայտ սխալ եզրակացություններ: Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել այն հարցին, թե համապատասխան մարմինները երբ պետք է տեղեկացված լինեին 08.06.2001 թվականի վճռի կայացման մասին: Ուստի Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Վերաքննիչ դատարանը չի կատարել իր պարտականությունը՝ ստուգելու, թե արդյոք առկա էին բավարար հիմքեր այդպիսի զգալի ժամանակահատված անցնելուց հետո սահմանված ժամկետների բաց թողնմամբ բերված վերաքննիչ բողոքների վարույթ ընդունումը հիմնավորելու վերաբերյալ, կատարելու նման լուրջ հարցի հանգամանալից ուսումնասիրություն և, հետևաբար, ապահովելու արդարացի հավասարակշռություն դիմումատուի շահերի և պատշաճ արդարադատություն ապահովելու անհրաժեշտության միջև, ինչը ներառում է երրորդ անձանց շահերը»: Վերը նշված հիմքերով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանի նշված վճիռը վերջնական է դարձել 31.06.2016 թվականին (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 08.06.2001 թվականի վճռով Կարեն Պողոսյանի դիմումը բավարարել է: Դատարանի 08.06.2001 թվականի վճռի դեմ 12.05.2009 թվականին և 20.05.2009 թվականին վերաքննիչ բողոքներ են ներկայացրել համապատասխանաբար Դատախազությունը և Քաղաքապետարանը: Վերաքննիչ դատարանի 12.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 08.06.2001 թվականի վճռի բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի է համարվել, Քաղաքապետարանի ու Դատախազության վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ: Վերաքննիչ դատարանը սույն որոշմամբ միայն նշել է, որ Քաղաքապետարանի ու Դատախազության միջնորդությունները հիմնավոր են և ենթակա են բավարարման՝ առանց հիմնավորելու իր նման եզրահանգումը:
Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշմամբ Դատախազության և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, Դատարանի 08.06.2001 թվականի վճիռը բեկանվել է՝ Կարեն Պողոսյանի դիմումը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ Կարեն Պողոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Կարեն Պողոսյանի գանգատի (գանգատ թիվ 62356/09) հիման վրա Եվրոպական դատարանը 31.03.2016 թվականին կայացված վճռում նշել է, որ «(…) սույն գործը կապված է ոչ թե վերջնական և կատարման ենթակա վճռի՝ լրացուցիչ բողոքի միջոցով կամ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հետ (...), այլ զգալի ժամանակահատված բաց թողնելուց հետո վարույթն այն հիմքով վերսկսելու հետ, որ տուժող կողմը տեղեկացված չի եղել դրա մասին, ինչը, ըստ էության, համարժեք է սովորական բողոքարկման ժամկետի վերականգնմանը: (...) եթե սովորական բողոքարկման ընթացակարգի համար նախատեսված ժամկետը վերականգնվել է զգալի ժամանակահատված անցնելուց հետո և այնպիսի հիմքերով, որոնք հատկապես համոզիչ չեն թվում, ապա այդպիսի որոշումը կարող է խախտել իրավական որոշակիության սկզբունքը: Մինչդեռ սովորական բողոքարկման ժամկետի վերականգնումը կամ երկարաձգումը սկզբնապես թողնված են ներպետական դատարանների հայեցողությանը, որպիսի հայեցողությունն անսահմանափակ չէ: Դատարաններից յուրաքանչյուր դեպքում պահանջվում է նշել իրենց կողմից կայացված որոշման հիմքերը, ինչպես նաև ստուգել՝ արդյո՞ք բողոքարկման ժամկետի վերականգնման հիմքերը կարող են արդարացնել res judicata սկզբունքին կատարվող միջամտությունը, հատկապես, երբ ներպետական օրենսդրությունը թե՛ ժամանակի, թե՛ ժամկետների վերականգնման հիմքերի առումով չի սահմանափակում դատարանների հայեցողությունը (…): Եթե այս առնչությամբ ներպետական օրենսդրությամբ որևէ արգելող բնույթի սահմանափակում չի նախատեսվում, ապա վերջնական վճռի դեմ բողոքարկման ժամկետի վերականգնումը չարաշահելու վերաբերյալ ենթադրությունը պահանջում է [Եվրոպական] դատարանի կողմից խիստ վերահսկողության իրականացում (…)»: Եվրոպական դատարանը նշել է, որ «դիմումատուն թե՛ ներպետական դատարաններում, թե՛ [Եվրոպական] դատարանում վիճարկել է հակառակ կողմի ներկայացրած փաստարկներն այդքան ուշ բերված վերաքննիչ բողոքների և դրանց պնդումների բովանդակությունը հիմնավորելու նպատակով (...): (...) նման հարցերին անդրադառնալը, ներկայացված ապացույցների ուսումնասիրությունը և գնահատումը, ինչպես նաև այդ փաստի հաստատումը ներպետական դատարանների՝ հատկապես Վերաքննիչ դատարանի գործառույթն է»: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ «Վերաքննիչ դատարանն այս հարցով որևէ ուսումնասիրություն չի կատարել և այս առնչությամբ դիմումատուի փաստարկներին չի անդրադարձել»: Եվրոպական դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի հիմնավորել իր որոշումը, այլ նաև անտեսել է մի շարք որոշիչ հանգամանքներ և կատարել ակնհայտ սխալ եզրակացություններ: Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել այն հարցին, թե համապատասխան մարմինները երբ պետք է տեղեկացված լինեին Դատարանի 08.06.2001 թվականի վճռի կայացման մասին: Ուստի Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Վերաքննիչ դատարանը չի կատարել իր պարտականությունը՝ ստուգելու, թե արդյոք առկա էին բավարար հիմքեր այդպիսի զգալի ժամանակահատված անցնելուց հետո սահմանված ժամկետների բաց թողնմամբ բերված վերաքննիչ բողոքների վարույթ ընդունումը հիմնավորելու վերաբերյալ, կատարելու նման լուրջ հարցի հանգամանալից ուսումնասիրություն և, հետևաբար, ապահովելու արդարացի հավասարակշռություն դիմումատուի շահերի և պատշաճ արդարադատություն ապահովելու անհրաժեշտության միջև, ինչը ներառում է երրորդ անձանց շահերը»: Վերը նշված հիմքերով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է Կարեն Պողոսյանի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի և Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված սեփականության իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման հիմք է հանդիսանում։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի և 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու ու Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ հաշվի առնելով, որ Եվրոպական դատարանը կասկած է հայտնել սույն գործով վերաքննությունը բացառող ժամկետային սահմանափակումների առկայության վերաբերյալ՝ արձանագրելով, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի խախտում, Վճռաբեկ դատարանը սույն գործն ուղարկում է Վերաքննիչ դատարան նոր քննության՝ այդ հարցին Եվրոպական դատարանի վերոնշյալ վճռի իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատական տալու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.09.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |