ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հունիսի 2016 թ |
ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 207-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 140-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմող Վ. Գասպարիի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի, Գ. Պետրոսյանի և Լ. Հակոբյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Վարտգեզ Գասպարիի` 2016 թվականի փետրվարի 11-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:
Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող 140-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի»:
Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող 207-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը»:
Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող 213-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Ա.Դեմիրխանյանը պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար հրապարակավ ներողություն խնդրելու և վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Վարտգեզ Գասպարիի: Դատարանի 19.12.2014թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի:
Սույն քաղաքացիական գործով 26.01.2015թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք` օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկելով վճիռը բողոքաբերներին մատչելի դառնալու պահից, այն է` 24.12.2014 թվականից:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 12.02.2015թ. կայացրել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում, որը բողոքաբերներն ստացել են 19.02.2015թ.: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ հիմնավորմամբ. «...վերաքննիչ բողոքը ներկայացվել է 26.01.2015 թվականին` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի` չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման»:
Սույն քաղաքացիական գործով 05.03.2015թ. կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք` երկշաբաթյա ժամկետի պահպանմամբ, ներկայացվել է նաև միջնորդություն` դատական ակտի հրապարակման պահից հաշվարկվող մեկամսյա ժամկետի՝ բողոքաբերներից անկախ պատճառներով բացթողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի և վերականգնված ճանաչելու, իսկ վերաքննիչ բողոքը պատշաճ ժամկետում ներկայացված ճանաչելու խնդրանքով, հաշվի առնելով այն, որ բողոքաբերների համար այն մատչելի դառնալու պահից մեկամսյա ժամկետը լրանում է 26.01.2015թ.:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.05.2015թ. որոշում է կայացրել` վճռի բողոքարկման ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել, իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2014թ. վճռի դեմ Վ. Գասպարիի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնել:
Վերոնշյալ որոշման դեմ 10.06.2015թ. բողոքաբերների կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանը 08.07.2015թ. որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
3. Դիմողը` վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները, նշում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացվել է դատավարական ժամկետի խախտմամբ և չի պարունակում ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, վերաքննիչ բողոքը վերադարձվում է առանց թույլ տրված խախտումը վերացնելու համար ժամկետ տրամադրելու, ինչն այդ դեպքում հանգեցնում է բողոքի ընդունման մերժմանը: Նման սահմանափակմամբ չի հետապնդվում որևէ իրավաչափ ողջամիտ նպատակ, որի պարագայում արդարացված կարող է համարվել նման թերացում թույլ տված անձին վերաքննիչ բողոքի ներկայացման հնարավորությունից զրկելը:
Ըստ դիմողի` «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն այս դեպքում նախատեսում է տրամագծորեն այլ իրավական կարգավորում` ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը գնահատելով որպես ձևական սխալ»։ Նման պարագայում բողոք բերող անձին հնարավորություն է ընձեռվում սահմանված ժամկետում այդ ձևական սխալն ուղղելուց հետո վերստին ներկայացնելու վերաքննիչ բողոքը։
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները սույն գործով դատարանների կողմից կիրառվել են այն մեկնաբանությամբ, ըստ որի` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել համապատասխան դատական ակտի հրապարակման, այլ ոչ` դատական ակտը կողմի համար մատչելի դառնալու պահից մեկ ամիս հետո, իսկ դատական ակտն ստանալու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում այն բողոքարկելու հնարավորությունը կարող է իրականացվել բացառապես բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության ներկայացման պարագայում:
Դիմողը նաև գտնում է, որ վիճարկվող դրույթները, դատական պրակտիկայում դրանց տրված վերոգրյալ մեկնաբանությամբ, ուղղակիորեն հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 28 և 29-րդ հոդվածներին, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին առ այն, որ բողոքարկման ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման, այսինքն` դատական ակտն ստանալու պահից:
Համադրված վերլուծելով վիճարկվող դրույթները` դիմողը խնդրում է որոշել օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի, 207-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1, 3, 28, 29, 78-81-րդ հոդվածներին, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխանության հարցը:
4. Վիճարկվող նորմերի սահմանադրականության առնչությամբ պատասխանողի դիրքորոշումը հետևյալն է.
ա) դատարանի մատչելիության իրավունքը կարող է օրենքով ենթարկվել իրավաչափ սահմանափակումների, ինչն առկա է, երբ` սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն, և տվյալ սահմանափակման պայմաններում դատարանի մատչելիությունն արդյունավետ է:
Քննարկվող իրավակարգավորման դեպքում օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով անձը փաստացիորեն զրկվում է տեխնիկական սխալն ուղղելու հնարավորությունից, որի բացասական հետևանքը վերջինիս կողմից դատարան դիմելու իրավունքի փաստացի սահմանափակումն է: Նման սահմանափակումը, պատասխանողի կարծիքով, իրավաչափ նպատակ հետապնդել չի կարող, քանզի չկա ողջամիտ և օբյեկտիվ արդարացում նշված պայմանի և օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված այլ պայմանների տարբերակման հիմքում: «Նման իրավակարգավորման պայմաններում անձը զրկվում է հստակ և գործնական հնարավորությունից բողոքարկելու իր իրավունքները շոշափող դատական ակտը», ինչը սահմանափակում է անձի`դատարան դիմելու իրավունքը.
բ) դատական ակտի բողոքարկման` օրենքով սահմանված ժամկետի հաշվարկման սկզբի և համապատասխան միջնորդության վերաբերյալ «ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները հանգում են հետևյալին` 1) բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի մեկնարկը պետք է հաշվել ոչ թե դատական ակտի հրապարակման պահից, այլ դատական ակտը փաստացի անձին հասանելի դառնալու պահից, 2) օրենքով սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետի ավարտից հետո բողոքարկման համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունն օբյեկտիվ իրավական անհրաժեշտություն է»:
Պատասխանողի կարծիքով` համապատասխան միջնորդություն ներկայացնելու` քննարկվող կառուցակարգն ամբողջովին համահունչ է ՀՀ Սահմանադրության պահանջներին, այն է` միջնորդության մեխանիզմի առկայության պայմաններում դատարանի մատչելիությունն արդյունավետ է, քանզի անձն ունի հստակ և գործնական հնարավորություն բողոքարկելու կոնկրետ դատական ակտը։
Կոնկրետ դեպքում անձի համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել դատարան համապատասխան միջնորդություն չներկայացնելը, այդ հիմքով բողոքը վերադարձնելը և վերջինիս կապակցությամբ դատարանի իրավական մեկնաբանությունները, այլ ոչ թե բողոքարկման ժամկետի հաշվարկի վերաբերյալ դատարանի իրավական մեկնաբանությունը.
գ) իրավական որոշակիության սկզբունքի իմաստով օրենսգրքի վիճարկվող դրույթներում քննարկվող ձևակերպումները բավականաչափ հստակ են և ամբողջությամբ համապատասխանում են իրավական օրենքին ներկայացվող պահանջներին: Ինչ վերաբերում է օրենսգրքի վիճարկվող 140 և 207-րդ հոդվածների 1-ին մասերին, ապա վերջիններս, պատասխանողի կարծիքով, իրավաչափ կարգավորումներ են նախատեսում` համապատասխանելով ՀՀ Սահմանադրությանը:
Պատասխանողը նաև գտնում է, որ` «Օրենսգրքի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի տարբերակված իրավակարգավորումները խտրական են, քանի որ հիմնավորված չէ այդ տարբերակման հիմքը որևէ իրավաչափ նպատակով, իսկ Օրենսգրքի խնդրո առարկա սահմանափակումը չունի ողջամիտ և օբյեկտիիվ արդարացում»:
Պատասխանողի եզրահանգումն այն է, որ՝ «1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի և 140-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին։ 2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով չապահովելով համապատասխան միջնորդությունը չներկայացնելու դեպքում տվյալ սխալի շտկման հնարավորություն, չի երաշխավորում անձի համար դատարան դիմելու բավարար մատչելիություն, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին»:
5. Սույն գործով սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս ելնել.
- հանրային իշխանության կողմից մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա արդյունավետ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից (ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 3 և 81-րդ հոդվածներ),
- ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերում ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից` հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանդրական դատարանը վերահաստատում է համանման իրավակարգավորման վերաբերյալ ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում արտահայտած իր իրավական դիրքորոշումները։
6. Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ քննության առարկա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՍԴՈ-1062 որոշմամբ քննության առարկա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի, ՍԴՈ-1254 որոշմամբ քննության առարկա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի և ՍԴՈ-1268 որոշմամբ քննության առարկա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների տրամաբանության հետ:
Հաշվի առնելով ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում քննության առարկա դարձած դրույթների և սույն գործով վիճարկվող օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի բովանդակային համարժեքությունը, փաստելով, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով քննության առարկա` վերը նշված դրույթի առնչությամբ, Սահմանադրական դատարանը հիմք է ընդունում հիշյալ որոշումներում քննության առարկա դարձած դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վերոհիշյալ որոշումների շրջանակում Սահմանադրական դատարանը որպես վիճարկվող դրույթների սահմանադրականության պայման նշել է, որ, նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Ընդ որում, Սահմանադրական դատարանի գնահատմամբ` միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։
7. Գործի նյութերի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմողի դիրքորոշումների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից վկայակոչված` իր արդար դատաքննության և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումը և իր համար առաջացած ոչ բարենպաստ հետևանքները պայմանավորված չեն օրենսգրքի տվյալ հոդվածի վիճարկվող մասի սահմանադրականությամբ, ինչպես նաև սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում բացակայում է դատարանների կողմից դիմողի նկատմամբ հիշյալ դրույթի կիրառման և դիմողի սահմանադրական վերոհիշյալ իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսգրքի 140-րդ հոդվածի հիշյալ դրույթը սահմանում է ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու կարգը։ Վերջինիս կիրառումը դիմողին անմիջականորեն չի զրկում օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից: Հետևաբար, դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները, այն է` վերաքննիչ բողոք ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետը դիմողից անկախ պատճառներով բաց թողնելու պարագայում վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելը, պայմանավորված չեն դատարանների կողմից դիմողի նկատմամբ հիշյալ դրույթի կիրառմամբ:
Հետևաբար` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների հիման վրա «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը մասամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի մասով ենթակա է կարճման:
8. Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցին և հաշվի առնելով հիշյալ դրույթի սահմանադրականության վերաբերյալ դիմողի և պատասխանողի դիրքորոշումները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում հիշյալ դրույթի սահմանադրականությունը գնահատվում է բացառապես այն մասով, որ վիճարկվող դրույթը չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորման համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, սակայն վերջիններիս շարքում ներառված չէ բողոք ներկայացնելու ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքը: Այսինքն` օրենսգրքի 213-րդ հոդվածի վիճարկվող դրույթը չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորություն:
Հաշվի առնելով վերը նշվածը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձվում է առանց թույլ տրված խախտումը վերացնելու համար ժամկետ տրամադրելու, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է բողոքի ընդունման փաստացի մերժման։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ, համաձայն որոնց` օրենսդրական բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են սահմանադրական դատարանի սահմանած չափանիշները՝ կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն, կամ էլ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա։
Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով (2015թ. խմբագրությամբ) նախատեսված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, ի թիվս այլնի, կարող է ապահովվել այն դեպքում, երբ առկա են բաց թողնված ժամկետի վերականգնման մասին միջնորդությունը վերադաս դատարանի կողմից պարտադիր քննության առարկա դարձնելու օրենսդրական երաշխիքներ։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը (2015թ. խմբագրությամբ) սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:
Սահմանադրության հիշատակված դրույթների համատեքստում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորություն թույլ չտալու հանգամանքը:
Այդ իմաստով` Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում դիմող և պատասխանող կողմերի մոտեցումն այն հարցում, որ օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումն անձանց համար ստեղծում է դատարանի մատչելիության իրավունքի պաշտպանության խոչընդոտներ և չի հետապնդում որևէ իրավաչափ ողջամիտ նպատակ:
Նման սահմանափակման անհամաչափությունն առավել ակնհայտ է դառնում օրենսգրքի 210-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերի հետ (օրինակ` բողոքաբերի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը, վերաքննիչ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներ չներկայացնելը, բողոքաբերի պահանջը չներկայացնելը, վերաքննիչ բողոքը չստորագրելը) համադրման պարագայում, որոնց դեպքում նախատեսվում է թույլ տրված խախտումը շտկելու և վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու հնարավորություն:
9. Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի վերոհիշյալ անհամաչափ սահմանափակումներն օրենսդրի կողմից ամրագրվել են ոչ միայն քաղաքացիական դատավարության, այլ նաև քրեական և, մասամբ, վարչական դատավարությունների շրջանակներում, և վերաբերելի են դատական ակտերի ինչպես վերաքննության, այնպես էլ վճռաբեկության կարգով բողոքարկման ինստիտուտին:
Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում պատասխանողի բացատրության շրջանակներում ներկայացված այն տեղեկատվությունը, համաձայն որի` «... քննարկվող իրավական խնդիրն արդեն իսկ հարթվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և քննարկման փուլում գտնվող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որով առաջարկվում է Օրենսգիրքը շարադրել նոր խմբագրությամբ: Հիշյալ նախագիծը, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները հաշվի առնելով հայեցակարգային լուծումներ տալ քաղաքացիադատաիրավական մի շարք ինստիտուտների, առաջարկում է նախատեսել նաև վերադարձման հիմք` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, և 15-օրյա ժամկետում այդ խախտումը վերացնելու դեպքում նորից բողոքը դատարան ներկայացնելու հնարավորություն»:
Կարևորելով քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը, համապատասխան օրենսդրական համալիր կանոնակարգումը, բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունների համար պատշաճ իրավակարգավորված ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման բացով պայմանավորված` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորության բացառումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի` արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի մասով կարճել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոքներ կայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի:
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա վեճի առարկա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ դիմողի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքների ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-1290 |