Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.251.30
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1761/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/1761/05/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.11.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), Կարապետ Մարտիրոսյանի, Ալվարդ Վարդանյանի` 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աշոտ Մարտիրոսյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին հատուցել 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով պատճառված վնասը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 16.04.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2015 թվականի որոշմամբ Կոմիտեի և Նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 16.04.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, հաշվի չառնելով, որ պատասխանողի ոչ իրավաչափ վարքագծի, վնասի և դրանց միջև պատճառահետևանքային կապի առկայության ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը, խախտելով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու իր պարտականությունը, քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե արդյոք հայցվորի նկատմամբ պարտքի մարումը հնարավոր չէր այլ եղանակներով, քան Շուշան Մկրտչյանին պատկանող և արգելանքի չվերցված Երևան քաղաքի Լյուքսենբուրգի 2-րդ նրբանցքի թիվ 6/11 հասցեի անշարժ գույքի արժեքից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից չի հիմնավորվել իր կրած վնասի առկայությունը, վնասի չափը և հետևանքների վերացման այլ միջոցների սպառված լինելու հանգամանքը, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության վրա դրել է անհամաչափ պարտականություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում պատճառված վնասի և պատասխանողի ոչ իրավաչափ վարչարարության միջև առկա չէ պատճառահետևանքային կապ, բացի այդ, հայցվորին վնասը պատճառվել է Շուշան Մկրտչյանի և Վահե Գրիգորյանի կողմից պարտավորությունը դիտավորյալ չկատարելու, այլ ոչ թե պատասխանողի ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.11.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ Գայանե, Շուշան Մկրտչյանների և Վահե Գրիգորյանի՝ պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 12.04.2010 թվականի «Հայցի ապահովում կիրառելու մասին» որոշմամբ արգելանք է դրել Գայանե, Շուշան Մկրտչյանների և Վահե Գրիգորյանի անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 12).

2) Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հայտնվել է, որ Շուշան Մկրտչյանի անվամբ Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 13).

3) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով 15.12.2011 թվականին կայացրած վճռով հաստատված հաշտության համաձայնության համաձայն` Շուշան Մկրտչյանը և Վահե Գրիգորյանը պարտավորվել են նշված քաղաքացիական գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր ամիս Աշոտ Մարտիրոսյանին վճարել 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ մինչև 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի մարումը:

Նշված հաշտության համաձայնությամբ կողմերը համաձայնել են նաև, որ վերացվի Վահե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը:

Նույն վճռով մասնակի վերացվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի «Հայցի ապահովում կիրառելու մասին» որոշմամբ դրված արգելանքը` արգելանքից հանվել է «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 պետհամարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 8-10).

4) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի 06.09.2012 թվականի որոշման համաձայն՝ թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով 26.03.2012 թվականին վերսկսված թիվ 01/07-1402/12 կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` կատարողական գործողությունների ընթացքում պարտապանը և նրան պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 18).

5) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի 11.09.2014 թվականի թիվ 15298/07 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/0525/02/10 կատարողական թերթերի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում հարուցված թիվ 01/07-1402/12 և թիվ 01/07-1550/12 կատարողական վարույթներով պարտապաններ Վահե Գրիգորյանից և Շուշանիկ Մկրտչյանից հօգուտ պահանջատեր Աշոտ Մարտիրոսյանի գումար չի բռնագանձվել (հատոր 1-ին, գ.թ. 69).

6) թիվ ՎԴ/3778/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.07.2013 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվությունը ճանաչվել է ոչ իրավաչափ (հատոր 1-ին, գ.թ. 19-23).

7) Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 20.02.2014 թվականի թիվ Ե-09 գրության համաձայն` Աշոտ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Արմեն Ասատրյանի դիմումը՝ պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 77):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության և անձանց պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք վարչական մարմնի գործողության ոչ իրավաչափությունը հաստատված լինելու հանգամանքն ինքնին բավարար է պատճառված նյութական վնասի հատուցման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նույն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով: Նշված կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ պատասխանատվություն կրողի վարչարարության հետևանքով առաջացած դրությունը, օրենքի կամ այլ իրավական ակտի ընդունման կամ փոփոխման ուժով, ոչ իրավաչափ է դառնում հետագայում, և այդ դրության հետևանքները կարող են վերագրվել տվյալ պատասխանատվությունը կրողին և ենթակա չեն վերացման այլ կարգով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Մհեր Հայրապետյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի սոցիալական ծառայությունների Հրազդանի տարածքային գործակալության պետ Վարդան Միրզոյանի թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել հետևյալը.

Իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան: Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել պետության գործողությունների կամ անգործության իրավաչափությունը, այլ նաև այդպիսի գործողության կամ անգործության հետևանքով առաջացած վնասը կհատուցվի:

Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն` սահմանելով վարչական մարմինների պատասխանատվության վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը:

Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետևանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նաև` այդ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն:

Որևէ պահանջ ներկայացնելու համար յուրաքանչյուր օրենք սահմանում է որոշակի նախապայմաններ` այդ պահանջի կատարման համար իրական հնարավորություն ստեղծելու և դրանով պաշտպանվող իրավունքի իրացումն ապահովելու համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանվել են վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու պայմանները: Այսպես` վարչական մարմինների վարչարարության արդյունքում պետության պատասխանատվությունը ծագում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- իրականացվել է ոչ իրավաչափ (իսկ նույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ) վարչարարություն,

- պատճառվել է վնաս,

- իրականացված վարչարարության և պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Ինչ վերաբերում է վարչարարություն իրականացրած անձի մեղքին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ելնելով վարչարարություն իրականացնող անձի գործառույթների բնույթից՝ վերջինիս կողմից իրականացված իշխանական գործողության արդյունքում անձին պատճառված վնասի հատուցման դեպքում վարչարարություն իրականացրած անձի մեղքը ենթադրվում է:

Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածների իրավական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման եղանակներն են հետևանքների վերացումը և դրամական միջոցներով հատուցումը, ընդ որում, նույն օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ դրամական միջոցներով հատուցումը կիրառվում է միայն սուբսիդիար, այսինքն` բոլոր այն դեպքերում, երբ հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

Հետևանքների վերացման պահանջի իրավունքը պարտավորեցնում է պետությանը վերացնելու ոչ իրավաչափ ձևով ի վնաս անձի փոփոխված փաստացի դրությունը կամ վերականգնել նախկին դրությունը, կամ էլ առնվազն ստեղծել դրան համարժեք դրություն: Միայն այն դեպքում, երբ դա անհնար է կամ անարդյունավետ, պետությունը կարող է վնասը հատուցել դրամական միջոցներով: Դրամական միջոցներով հատուցման պահանջը նպատակ է հետապնդում հատուցելու վնաս կրած անձի գույքի՝ դրամով արտահայտված այն նվազեցումը, որը պատճառվել է վարչական մարմնի վարչարարության արդյունքում: Այդ նվազեցումը ձևավորվում է վնաս կրած անձի՝ խախտման պահին առկա գույքային դրության և այն գույքային դրության տարբերությունից, որը կառաջանար, եթե վարչական մարմինը նման վարչարարություն չիրականացներ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ընդհանուր առմամբ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պայմանը վարչական մարմնի իրավական ակտի, գործողության կամ անգործության ոչ իրավաչափ լինելն է և դրանց ու պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապը, իսկ դրամական միջոցներով հատուցելու պայման է նաև նախկին դրությունը վերականգնելու կամ առնվազն դրան համարժեք դրություն ստեղծելու անհնարինությունը կամ անարդյունավետությունը, այն է՝ եթե վարչարարությամբ առաջացած հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն նշված պայմանների առկայության պարագայում է հնարավոր իրականացնել վնասի հատուցում: Հետևաբար վնասի հատուցման պահանջ քննող վարչական մարմինը կամ դատարանը նախևառաջ պարտավոր են պարզել վերը նշված բոլոր պայմանների առկայությունը, ինչը հնարավորություն կտա ճշգրտորեն որոշելու պատճառված վնասի չափը, հատուցման եղանակները և վնասի հատուցում իրականացնելու համար այլ կարևոր հանգամանքներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»)։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչական դատավարությունում առանցքային նշանակություն ունի գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը, որը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության և լուծման միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատավարական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու գործով օբյեկտիվ ճշմարտությունը և արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե'ս, Ալվարդ Եղիազարյանն և Տելեմակ Եղիազարյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/3654/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատարանի լիազորության իրացման առանձնահատկությունների վերաբերյալ` ընդգծելով, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձևական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետևողական: Իսկ այդպիսի հետևողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Միքանդ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0043/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է նաև, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածներով սահմանված պարտականությունների ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ դատաքննության իրականացմանը, ինչը գործնականում կբացառի վեճի պատշաճ քննության և ճիշտ լուծման հնարավորությունը, հետևաբար, եթե դատարանը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում վկայակոչված իրավանորմերի պահանջները և իր նախաձեռնությամբ չի ձեռնարկում համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, չի պահանջում, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, ապա դրա հետևանքով չի ապահովվում վարչական արդարադատության խնդիրների լուծումը, մասնավորապես՝ հանրային-իրավական վեճերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ու լուծումը, օրինականության վերականգնումն ու ամրապնդումը:

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ Գայանե, Շուշան Մկրտչյանների և Վահե Գրիգորյանի՝ պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 12.04.2010 թվականի «Հայցի ապահովում կիրառելու մասին» որոշմամբ արգելանք է դրել Գայանե, Շուշան Մկրտչյանների և Վահե Գրիգորյանի անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների վրա: Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հայտնվել է, որ Շուշան Մկրտչյանի անվամբ Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով 15.12.2011 թվականին կայացրած վճռով հաստատված հաշտության համաձայնության համաձայն` Շուշան Մկրտչյանը և Վահե Գրիգորյանը պարտավորվել են նշված քաղաքացիական գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր ամիս Աշոտ Մարտիրոսյանին վճարել 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ մինչև 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի մարումը: Նշված հաշտության համաձայնությամբ կողմերը համաձայնել են նաև, որ վերացվի Վահե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող` «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը: Նույն վճռով մասնակի վերացվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի հայցի ապահովում կիրառելու մասին որոշմամբ դրված արգելանքը` արգելանքից հանվել է «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի 06.09.2012 թվականի որոշման համաձայն՝ թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով 26.03.2012 թվականին վերսկսված թիվ 01/07-1402/12 կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` կատարողական գործողությունների ընթացքում պարտապանը և նրան պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել: Թիվ ՎԴ/3778/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.07.2013 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվությունը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Դատարանը, սույն գործով Աշոտ Մարտիրոսյանի հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ ,... առկա է եղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից ոչ իրավաչափ տեղեկատվության տրամադրման փաստ, որի արդյունքում հայցվորին հասցվել է նյութական վնաս, քանի որ պարտապան Շուշան Մկրտչյանին պատկանող գույքի և դրամական միջոցների չհայտնաբերման պատճառով ավարտվել է հարուցված կատարողական վարույթն և, ըստ էության, անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:

Այսինքն` հայցվորը զրկվել է իր սեփականությունից (դրամական միջոցներից) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ոչ իրավաչափ տեղեկատվության տրամադրման արդյունքում ... »:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները՝ հավելելով, որ սույն գործով առկա են օրենսդրի կողմից սահմանված վնասի հատուցման պայմանները, այն է՝ վարչարարության ոչ իրավաչափ ճանաչված լինելու հանգամանքը և վնասի հատուցման վերաբերյալ հայցվորի դիմումը մերժվելը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ վարչարարության ոչ իրավաչափ լինելն ինքնին բավարար չէ վնասի հատուցում իրականացնելու համար: Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ վնասը պատճառվել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում, դրա ուղղակի հետևանք է, այսինքն` առկա է անմիջական պատճառահետևանքային կապ: Մինչդեռ սույն գործով վնասի հատուցման պարտադիր պայման հանդիսացող ոչ իրավաչափ վարչարարության և վնասի միջև պատճառահետևանքային կապը հաստատված չէ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը հայցվորի պահանջի բավարարման հիմքում դրել է Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվության՝ թիվ ՎԴ/3778/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.07.2013 թվականի վճռով ոչ իրավաչափ ճանաչված լինելու հանգամանքը և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի 11.09.2014 թվականի թիվ 15298/07 գրությունը, որի համաձայն՝ պարտապաններ Վահե Գրիգորյանից և Շուշանիկ Մկրտչյանից հօգուտ պահանջատեր Աշոտ Մարտիրոսյանի գումար չի բռնագանձվել, սակայն չի պատճառաբանել, թե որն է վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարության և հայցվորի կրած վնասի միջև պատճառահետևանքային կապը: Դատարանը չի պարզել սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե հայցվորին պատճառված վնասն արդյո՞ք Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվության ուղղակի, անմիջական հետևանք է, թե հնարավոր է, որ այն առաջացած լիներ այլ անձանց գործողությունների արդյունքում: Ավելին` Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2011 թվականի վճռով, որով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, նույն համաձայնության հիման վրա մասնակի վերացվել է հայցվորի պահանջների բավարարման նպատակով կիրառված հայցի ապահովումը, և արգելանքից հանվել է պարտապան Վահե Գրիգորյանին պատկանող` «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 պետհամարանիշի ավտոմեքենան: Սույն գործով գնահատման պետք է արժանանար նաև այն հանգամանքը, թե արդյոք արգելանքը վերացվելու պայմաններում թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտի կատարման անհնարինության և Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված ոչ իրավաչափ տեղեկատվության միջև պատճառահետևանքային անմիջական կապն առկա է, թե հայցվորին պատճառված վնասը կարող էր հետևանք լինել նաև այլ գործողությունների (մասնավորապես՝ կիրառված արգելանքի վերացման):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողությունների և առաջացած վնասի միջև պատճառահետևանքային կապը հաստատված համարելու նպատակով սույն գործով Դատարանը չի կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը, դրամական միջոցներով վնասը հատուցել պարտավորեցնելուց առաջ պետք է քննարկեր նաև վնասի հատուցման օրենքով սահմանված եղանակների հարցը, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը նախատեսել է դրամական միջոցներով վնասի հատուցումից առաջ հետևանքների վերացումն անհնարին կամ անբավարար լինելը կամ հետևանքների վերացման համար պատճառված գույքային վնասից ավելի մեծ ծախսերի անհրաժեշտությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի ձեռնարկել համարժեք միջոցներ` սույն գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, և չի պահանջել, որ ներկայացվեն սույն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

 

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատավարական նորմերի վերը նշված խախտումները շտկելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանելու և գործն ամբողջությամբ նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.11.2015 թվականի որոշումը՝ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը մերժելու մասով, և գործն ամբողջությամբ ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան