ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1285-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 12.04.12 N 426-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
(վերնագիրը լրաց. 12.04.12 N 426-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը:
(1-ին կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)
2. Պետական պատվերն ու աջակցությունն իրականացնող պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):
(2-րդ կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)
3. Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով պետական լիազոր մարմնի ղեկավարին կից ստեղծվում է պետական պատվերով և աջակցությամբ տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգը:
(3-րդ կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)
4. Պետական լիազոր մարմինը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականությունն անվճար բաշխում և իրացնում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
(4-րդ կետը փոփ. 08.09.11 N 1297-Ն, լրաց. 12.04.12 N 426-Ն)
II. ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՈՒՄ
5. Նախարարությունը գրականության հրատարակման գծով պետական պատվեր իրականացնող, ինչպես նաև պետական աջակցություն ստացող հրատարակչությունների հետ կնքում է հրատարակչական աշխատանքների կատարման պայմանագրեր: Այդ պայմանագրերի հավելվածով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխան՝ հանձնման-ընդունման արձանագրությամբ, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ նախարարությունն ընդունում և ամբողջ տպաքանակը փոխանցում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(5-րդ կետը փոփ. 08.09.11 N 1297-Ն, լրաց., փոփ. 12.04.12 N 426-Ն)
6. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականությունն անվճար բաշխում է`
1) «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններին.
2) նախարարությանը` հայ մշակույթի քարոզչության և գրքի, տպագիր արտադրանքի ու այլ հրատարակությունների միջազգային և հանրապետական ցուցահանդեսներին և այլ մշակութային միջոցառումներին ներկայացնելու նպատակով մինչև 15 օրինակ.
3) հրատարակչության արխիվային ֆոնդին` 3 օրինակ.
4) հեղինակներին` համաձայն հեղինակային պայմանագրերի տպաքանակի` 5 տոկոս.
5) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 1 օրինակ.
6) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին` 1 օրինակ.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 1 օրինակ.
8) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմին` 1 օրինակ.
9) պետական կառավարման մարմինների աշխատակազմերին՝ իրենց ոլորտին վերաբերող գրականությունը` 1 օրինակ:
(6-րդ կետը փոփ. 08.09.11 N 1297-Ն, լրաց. 12.04.12 N 426-Ն, 29.12.16 N 1375-Ն)
7. Հանձնաժողովի առաջարկով՝ լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով պետական պատվերով և աջակցությամբ տպագրված գրականության յուրաքանչյուր անվան վերաբերյալ տպաքանակի որոշակի մասը այլ նպատակով անվճար տրամադրվում է (սեփական նախաձեռնությամբ կամ ներկայացված դիմումներով)`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարների հյուրերին՝ որպես նվեր, պաշտոնական հանդիպումների ընթացքում.
2) հոբելյանական տարեթվերի կապակցությամբ` պետական հոբելյանական հանձնաժողովներին.
3) Հայաստանի Հանրապետության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և սփյուռքի հաստատություններին` հայ մշակույթի քարոզչության և ընթերցանության խթանման նպատակով՝ ելնելով անհրաժեշտ քանակից և պահանջարկից:
(7-րդ կետը լրաց. 05.03.09 N 217-Ն, խմբ. 12.04.12 N 426-Ն, 29.12.16 N 1375-Ն)
III. ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄԸ
8. Պետական լիազոր մարմինը հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա սահմանում է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության իրացման գինը:
(8-րդ կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)
9. Վաճառքից առաջացած հասույթը (հանած անվճար բաշխման և իրացման հետ կապված ծախսերը) ուղղվում է նոր գրքերի հրատարակմանը, որոնց ցանկը համաձայնեցվում է լիազորված պետական մարմնի հետ:
10. Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված, սակայն 3 տարվա ընթացքում չիրացված գրականության մասին «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, մինչև յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող եռամսյակի վերջը, պետական լիազոր մարմին է ներկայացվում մնացորդային հաշվետվություն: Պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունը, ինչպես նաև առաջնահերթության կարգով Հայաստանի Հանրապետության մարզային, սահմանամերձ գյուղերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի զորամասերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանների պահանջարկը, գրքային ֆոնդի թարմացման պարբերականությունը, գրադարանից օգտվողների քանակը, գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները և, ըստ գրքերի անվանումների և քանակի, առաջարկություն է ներկայացնում հանձնաժողովին: Հանձնաժողովի որոշման հիման վրա նշված գրականությունն անվճար բաշխվում է վերոնշյալ շահառուներին` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(10-րդ կետը խմբ. 14.10.10 N 1342-Ն, փոփ. 08.09.11 N 1297-Ն, 12.04.12 N 426-Ն)
11. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի պահանջները կատարելուց հետո, մեկամսյա ժամկետում լիազորված պետական մարմին է ներկայացնում ամփոփ տեղեկանք հրատարակված գրականության անվճար բաշխման մասին:
(11-րդ կետը փոփ. 08.09.11 N 1297-Ն)
(հավելվածը լրաց. 05.03.09 N 217-Ն, խմբ. 14.10.10 N 1342-Ն, փոփ. 08.09.11 N 1297-Ն, լրաց., փոփ., խմբ. 12.04.12 N 426-Ն, լրաց., խմբ. 29.12.16 N 1375-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, N 389-Ն | 19.04.2018, N 1285-Ն | |
29.12.2016, N 1375-Ն | 30.12.2016, N 1285-Ն | |
12.04.2012, N 426-Ն | 26.04.2012, N 1285-Ն | |
08.09.2011, N 1297-Ն | 23.09.2011, N 1285-Ն | |
14.10.2010, N 1342-Ն | 28.10.2010, N 1285-Ն | |
05.03.2009, N 217-Ն | 19.03.2009, N 1285-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|