ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 սեպտեմբերի 2016 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԲՈՒՐԱԲԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 10 օգոստոսի 2016 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման մասին համաձայնագիրն (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Բուրաբայում: Համաձայնագրի նպատակն է ձևավորել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ), որն Անկախ պետությունների համագործակցության ճյուղային համագործակցության մարմին է և նախատեսված է քրեակատարողական ոլորտում քրեակատարողական ծառայությունների փոխգործակցության համակարգումն ապահովելու համար:
Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցությամբ: Խորհուրդն իր գործունեության համար հաշվետու է Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդին:
Համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին» կանոնակարգը, որի հիման վրա էլ Խորհուրդն իրականացնում է իր գործունեությունը: Կանոնակարգում սահմանված են Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները, Խորհրդի իրավունքները, Խորհրդի գործունեության կազմակերպման առանձնահատկությունները:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Համաձայնագրի մյուս կողմերի հետ համատեղ ձևավորել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդ (հոդված 2),
- սահմանել Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմին և այդ մասին տեղեկացնել ավանդապահին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ (հոդված 4),
- Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմնի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնել ավանդապահին (հոդված 4),
- որպես ընդունող պետություն հանդես գալու պարագայում՝ ապահովել, որպեսզի ՀՀ քրեակատարողական ծառայությունն իր միջոցների հաշվին կատարի Խորհրդի նիստի անցկացումը ֆինանսավորելու հետ կապված ծախսերը (Կանոնակարգ, Բաժին VI, կետ 22),
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական իշխանության գործուղող մարմինները կամ կազմակերպությունները կատարեն Խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման ծախսերը (Կանոնակարգ, Բաժին VI, կետ 23):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|