ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 649-Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԾԱՌԱՅԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՐԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 19 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԾԱՌԱՅԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՐԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարաբերությունները:
2. Արտակարգ դրության դադարեցումից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ՝ տուժած անձինք) կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
3. Հանձնաժողովն ստեղծվելուց հետո տասնօրյա ժամկետում առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում հրատարակելով ու զանգվածային լրատվության այլ միջոցներով տուժած անձանց իրազեկում է հանձնաժողովի ստեղծման և տուժած անձանց դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ:
4. Տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով հանձնաժողովն իր ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում տուժած անձանցից ընդունում է համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը, շարժական գույքի դեպքում՝ դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը՝ դրանց առկայության դեպքում (իրավաբանական անձի դեպքում` նաև իրավաբանական անձի պետական գրանցման համարի վերաբերյալ տեղեկատվություն), իսկ ֆիզիկական անձանց առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում՝ պատճառված վնասների վերացման արդյունքում առաջացած նյութական վնասները հավաստող փաստաթղթերը:
5. Եթե դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում առկա են ոչ էական թերություններ (սխալներ, վրիպակներ և այլ նման բացթողումներ) կամ եթե սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը չի ներկայացվել հանձնաժողովին, ապա դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանձնաժողովը դիմողին տեղյակ է պահում դրա մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո երեք օրվա ընթացքում շտկելու առկա թերությունները և ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը։
6. Հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով տուժած անձանց պատճառված վնասների վերաբերյալ փաստաթղթերում նշված փաստերը տեղում ուսումնասիրվում են:
7. Հանձնաժողովը դիմումը և համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն: Փոխհատուցում և օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման և օգնության չափը:
8. Տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և օգնություն տրամադրելու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձի կողմից չի ներկայացվել սույն կարգի 4-րդ կետով սահմանված որևէ փաստաթուղթ կամ ներկայացված փաստաթղթերում առկա փաստերը սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով տեղում ուսումնասիրելու արդյունքում պարզվում է, որ վնասը պատճառելը չի բխել արտակարգ դրությունից:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն կարգի 7-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն երկամսյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում` սահմանելով փոխհատուցման և օգնության տրամադրումը բավարարված կամ մերժված անձանց ցանկը, փոխհատուցվող նյութական վնասի և անհրաժեշտ օգնության տրամադրման չափը և ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |