Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 369-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.01.15/2(514) Հոդ.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014582

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 369-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 2-ի 24.1-րդ կետում «24» թիվը փոխարինել «20» թվով:

2) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով, այնպես, որ փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:

Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է օրական կտրվածքով, այնպես, որ փաստացի պահուստավորման ժամանակահատվածում յուրաքանչյուր օր փաստացի պահուստավորված գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:

Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց՝ հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների գումարը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է` հիմք ընդունելով արտարժույթով ներգրավված միջոցների օրական դրամային համարժեքը: Օրական դրամային համարժեքը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների օրական դրամային համարժեքը որոշվում է` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային գները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի դեկտեմբերի 24-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 23

Երևան