Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները,
նկատի ունենալով տնտեսական համագործակցության կարևոր դերը երկու երկրների համար,
ցանկանալով ընդլայնել և խթանել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև փոխշահավետության, ինքնիշխանության հարգման և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը պայմանավորվում են խթանել և ուժեղացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը` համաձայն իրենց ազգային օրենսդրությունների:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի շրջանակներում տնտեսական համագործակցությունը կիրականացվի Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերի միջոցով` երկու պետությունների ազգային օրենսդրությունների և սույն Համաձայնագրի դրույթների համաձայն: Որևէ Կողմ պատասխանատու չէ պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև (ֆիզիկական և իրավաբանական անձանց) կնքված պայմանագրերից բխող պարտավորությունների չկատարման համար:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի գործողության ընթացքում Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև առևտրային գործարքներով նախատեսվող բոլոր վճարումները կկատարվեն ազատ փոխարկելի տարադրամով յուրաքանչյուր Կողմի ազգային օրենսդրության համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև իրենց գործարքների շրջանակներում:
Հոդված 4
Յուրաքանչյուր Կողմ իր տարածքում կաջակցի և կնպաստի միջոցառումների անցկացմանը, այն է` ցուցահանդեսներ, տոնավաճառներ, սեմինարներ և դասախոսություններ, համաձայն իր ազգային օրենսդրության:
Այդ նպատակով, յուրաքանչյուր Կողմը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ աջակցելու և ստեղծելու բարենպաստ պայմաններ նշված միջոցառումներին իրենց երկրների տնտեսվարող սուբյեկտների մասնակցության համար:
Հոդված 5
1. Կողմերը կխթանեն տնտեսական համագործակցությունը հետևյալ նպատակներով.
ա/ տնտեսական համագործակցության ակտիվացում և ընդլայնում,
բ/ նոր շուկաների ստեղծում և զարգացում,
գ/ տեխնոլոգիաների փոխանակում,
դ/ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդյունաբերական ոլորտների զարգացում,
ե/ պալատների, միությունների և առևտրային ու ոլորտային ընկերությունների միջև համագործակցության զարգացում:
2. Սույն Համաձայնագրի արդյունավետ կիրառման նպատակով Կողմերը կարող են մշակել տնտեսական ոլորտի ծրագրեր:
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրի իրականացման դյուրացման և տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման նպատակով Կողմերը կստեղծեն Համատեղ Հանձնաժողով, որի նիստերը կգումարվեն Կողմերի նախաձեռնությամբ և համաձայնությամբ:
2. Համատեղ Հանձնաժողովը կիրականացնի սույն Համաձայնագրի դրույթների կատարման հսկողությունը, կքննարկի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունները:
3. Համատեղ Հանձնաժողովի նիստերը կգումարվեն հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի գործողության ընթացքում, տնտեսական համագործակցության դյուրացման և խթանման նպատակով, Կողմերը կփոխանակեն անհրաժեշտ տեղեկատվություն իրենց երկրներից ապրանքների հնարավոր մատակարարումների վերաբերյալ:
Հոդված 8
Կողմերը կաջակցեն պատվիրակությունների, խմբերի և առևտրային գործակալների փոխանակմանը, կխրախուսեն տեխնոլոգիաների փոխանակումը, ինչպես նաև կաջակցեն մյուս Կողմին կազմակերպություններին ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպման համար երկու երկրների միջև առևտրական կապերի զարգացման նպատակով` իրենց ազգային օրենսդրությունների և ընդունված կարգի համաձայն:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում ծագած վեճերը Կողմերը կլուծեն բանակցությունների միջոցով դիվանագիտական ուղիներով` միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի համաձայն:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի դրույթները չեն խոչընդոտի Կողմերին կիրառելու սահմանափակումներ` ազգային անվտանգության, մարդու առողջության, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև շրջակա միջավայրի, բնության սպառվող ռեսուրսների և գեղարվեստական, պատմական ու հնագիտական ազգային արժեքների պահպանման նպատակով:
Հոդված 11
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին Արձանագրություններով:
Այդ Արձանագրությունը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի դրանով սահմանված կարգով:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումն ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է նույն ժամկետներով: Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել ցանկացած ժամանակ՝ Կողմերից մեկի այդպիսի մտադրության մասին վեց (6) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու պահից:
Ի հաստատումն վերոնշյալի, համապատասխան կառավարությունների լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Մոնտեվիդեո քաղաքում, 2014 թվականի հուլիսի 9-ին, երեք լեզուներով՝ հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 8-ին
