Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.269
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0030/01/12

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0030/01/12

Նախագահող դատավոր՝  Ե. Դարբինյան

  Դատավորներ` Գ. Ավետիսյան
    Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ մեղադրող

Տ. Հարությունյանի

պաշտպան

Վ. Բաբայանի

 

2013 թվականի հոկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Գևորգ Սերոբի Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վճռաբեկ բողոքները և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ մեղադրող Տ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90278811 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով Հարություն Կառլենի Պետրոսյանը, Վահե Վարուժանի Պարանյանը, Նարեկ Արկադիի Սահակյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումներով Սերգո Արմենի Մելիքբեկյանը, Տիգրան Ռուբենի Կոստանդյանը և Գևորգ Սերոբի Խնուսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2012 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Հ.Պետրոսյանը, Վ.Պարանյանը, Ն.Սահակյանը, Ս.Մելիքբեկյանը, Տ.Կոստանդյանը և Գ.Խնուսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Ն.Սահակյանի, Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանը, Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանը և Վ.Բաբայանը:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Վ.Պարանյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքով և 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթները կարճվել են` իրենց դիմումների հիման վրա, իսկ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Ն.Սահակյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

4. Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի, Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանի, Տ.Կոստանդյանի պաշտպան Գ.Մադոյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը Գ.Խնուսյանի, Վ.Պարանյանի, Տ.Կոստանդյանի մասով կարճել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցրել:

Հ.Պետրոսյանի պաշտպան Ղ.Պապոյանի, Ս.Մելիքբեկյանի պաշտպան Ա.Քալաշյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, Հ.Պետրոսյանին, Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել է, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` կարճելով քրեական գործի վարույթը:

Դատավարության մասնակիցները Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի, 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումները վճռաբեկության կարգով չեն բողոքարկել, և դրանք մտել են օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, Տ.Կոստանդյանի և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ մեղադրող Տ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերվել են վճռաբեկ բողոքներ:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, Տ.Կոստանդյանի և մեղադրող Տ.Հարությունյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Հ.Պետրոսյանին, Վ.Պարանյանին, Ս.Մելիքբեկյանին, Տ.Կոստանդյանին և Գ.Խնուսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչումով կրտսեր սերժանտներ, 2011 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում, առանց որևէ պատճառի շուրջ 7-ից 10 րոպե տևողությամբ ծաղրուծանակի են ենթարկել, ստորացրել պատիվն ու արժանապատվությունը և բռնություն են գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Սամվել Արսենի Պապիկյանի նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 14):

7. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման համաձայն՝ «(…) քրեական գործի նյութերով հիմնավորվել է, որ ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը 14.10.2011թ. ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում նվաստացրել և ծեծի են ենթարկել նույն զորամասի ականանետային մարտկոցի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Պապիկյանին, ինչի կապակցությամբ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ՌՈ բաժնի պետի կողմից նրանց տրվել է կալանք 10-ական օր ժամկետով:

Նույն անձանց նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել, իսկ հետագայում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.08.2012թ. դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը դատապարտվել են մեկական տարի ժամկետով ազատազրկման:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերով հաստատված է, որ սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով:

Նույն օրը Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական Ոստիկանության կարգապահական մեկուսարան: Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում գտնվել են 15.10.2011թ-ից մինչև 25.10.2011թ., երբ 15.10.2011թ. հարուցված սույն քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և մեղադրյալները տեղափոխվել են կալանավորվածներին պահելու վայր:

Իսկ Վահե Պարանյանը կարգապահական մեկուսարանում գտնվել է 15.10.2011թ-ից մինչև 22.10.2011թ.: Այսինքն` ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել են 10 (տասը) օր, իսկ Վահե Պարանյանը` 7 (յոթ) օր: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Գևորգ Խնուսյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 (տասը) օր, իսկ Վահե Պարանյանի նկատմամբ կիրառված` 7 (յոթ) օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:

(…)

Վերոգրյալի հիման վրա՝ վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի կողմից կարգապահական կալանքը կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը կրկին անգամ դատվել են նույն արարքի համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 141-142):

Վերաքննիչ դատարանն իր 2013 թվականի մարտի 19-ի որոշման եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ.

«1. Ամբաստանյալ Գևորգ Խնուսյանի պաշտպաններ Կրոմվել Գրիգորյանի և Վահագն Բաբայանի, ամբաստանյալ Վահե Պարանյանի շահերի պաշտպան Ժորա Վարոսյանի, ամբաստանյալ Տիգրան Կոստանդյանի շահերի պաշտպան Գուրգեն Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել:

2. Գևորգ Սերոբի Խնուսյանի, Վահե Վարուժանի Պարանյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, գործի վարույթը Գևորգ Սերոբի Խնուսյանի, Վահե Վարուժանի Պարանյանի և Տիգրան Ռուբենի Կոստանդյանի մասով կարճել և նրանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 142):

8. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման համաձայն՝ «Այսպիսով, նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերով հիմնավորվել և հաստատվել է Հարություն Պետրոսյանին և Սերգո Մելիքբեկյանին նույն արարքի համար կրկին դատվելու հանգամանքը, ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատավճռով խախտվել է նրանց` Սահմանադրության 22-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածներով երաշխավորված կրկին անգամ դատվելու անթույլատրելիության իրավունքը, (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 208):

Վերաքննիչ դատարանն իր 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ.

«1. Ամբաստանյալ Հարություն Պետրոսյանի շահերի պաշտպան Ղևոնդ Պապոյանի և ամբաստանյալ Սերգո Մելիքբեկյանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանի վերաքննիչ բողոքները բավարարել:

2. Հարություն Կառլենի Պետրոսյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, Հարություն Կառլենի Պետրոսյանին, Սերգո Արմենի Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը` կարճելով քրեական գործի վարույթը» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 208):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Տ.Կոստանդյանը և Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ, 6-րդ, 21-րդ և 66-րդ հոդվածների պահանջների խախտում: Բողոքների հեղինակները փաստարկել են, որ միևնույն փաստական հանգամանքների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը կայացրել է երկու իրարամերժ դատական ակտեր: Մասնավորապես, 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ Գ.Խնուսյանի, Վ.Պարանյանի, Տ.Կոստանդյանի մասով քրեական գործի վարույթը կարճել և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, մինչդեռ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Հ.Պետրոսյանին և Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում արդարացրել է:

Վերոգրյալի հիման վրա բողոքների հեղինակները խնդրել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը, Գ.Խնուսյանին և Տ.Կոստանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում արդարացնել:

10. Մեղադրող Տ.Հարությունյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 24-րդ, 385-րդ, 386-րդ և 395-րդ հոդվածների պահանջների խախտում: Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններից, 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման եզրափակիչ մասում անդրադարձել է առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությանը և արդարացրել Հ.Պետրոսյանին, Ս.Մելիքբեկյանին, մինչդեռ 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ նույն փաստական հանգամանքների պայմաններում Գ.Խնուսյանի, Վ.Պարանյանի, Տ.Կոստանդյանի մասով կայացրել է հիմնավորված և օրինական որոշում` կարճելով քրեական գործի վարույթը:

Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Հ.Պետրոսյանին և Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքի մատնանշման անհրաժեշտության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական, հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն այն դեպքում, երբ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե՝

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա,

(…)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:

Մեջբերված քրեադատավարական նորմը Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է Ֆ.Գալստյանի գործով կայացված որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված` եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(…) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

(…) շարադրված մոտեցմանը համահունչ իրավական դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում՝ ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Սkraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

14. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի բովանդակում որևէ նորմ, որը կսահմաներ դատարանի կողմից կայացվող այլ դատական ակտերի (որոշումների) օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու պահանջ: Այդուհանդերձ, հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև դատարանի կողմից կայացվող այլ դատական ակտերին, այդ թվում՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) բացակայում է հանցագործության դեպքը.

2) արարքի մեջ հանցակազմ չկա.

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.

6) անցել են վաղեմության ժամկետները.

7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.

8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.

9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.

12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

13) ընդունվել է համաներման ակտ»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ»:

Ա.Բաղդասարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ նշված հիմքերը դասակարգվում են երկու խմբի՝

ա) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «արդարացնող» («ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով.

բ) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «ոչ արդարացնող» («ոչ ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով» (տե՛ս Արմեն Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 15-րդ կետը):

16. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Բաղդասարյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն ապահովելու համար անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, այլև` բացառելու ցանկացած անձի անօրինական և չհիմնավորված մեղադրումը (դատապարտումը), նրա իրավունքների և ազատությունների սահմանափակումը, ինչպես նաև՝ վերականգնելու ապօրինի քրեական հետապնդման ենթարկվածների իրավունքները: Քրեական դատավարության նշված խնդիրն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասում իր ամրագրումը ստացած հիմնարար իրավունքից, որի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: Նշված սահմանադրական նորմի ուժով պետությունն իր վրա է վերցնում քրեական վարույթն իրականացնող մարմինների ապօրինի գործողություններով պատճառված վնասի հատուցման պարտականությունը, որի իրավական հիմքերը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածներում:

Շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման իրավական նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի նշված դատավարական ակտը ոչ միայն վերացնում է առաջադրված մեղադրանքը և բացառում գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, այլև կախված քրեական հետապնդումը դադարեցնելու օրենքով նախատեսված հիմքի բովանդակությունից, տարբեր իրավական հետևանքներ է առաջացնում շահագրգիռ անձանց համար: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս կամ գործի վարույթը կարճելիս անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, հետևաբար ստանում է նաև անօրինական կամ չհիմնավորված քրեական հետապնդման արդյունքում իր խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք: Մինչդեռ, քրեադատավարական օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս անձն արդարացվածի կարգավիճակ չի ստանում, հետևաբար չի ստանում նաև դատավարական այդ կարգավիճակից բխող այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը քրեական դատավարության ցանկացած փուլում անվերապահորեն պետք է հանգեցնի քրեական հետապնդման դադարեցման (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի), այնուամենայնիվ նշված հիմքերն իրենց բովանդակությամբ և կիրառման իրավական հետևանքներով տարբեր են: Հետևաբար, նշված հիմքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ոչ միայն որոշում կայացնել քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այլ նաև իր որոշման մեջ հստակ պետք է ամրագրի քրեադատավարական օրենքի այն նորմը, որի հիման վրա կայացվում է այդ որոշումը:

Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման մեջ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի հստակ ամրագրման պահանջը պարտադիր է ոչ միայն քննարկվող քրեադատավարական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջն ապահովելու համար, այլ նաև անհրաժեշտ նախապայման է դատական ակտի որոշակիության, արդարադատության մատչելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին համարժեք՝ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Այլ կերպ` քրեական հետապնդումը դադարեցնելու և (կամ) քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմքի հստակ ամրագրումը պարտադիր է և ի թիվս այլոց, պայմանավորված է.

ա) անձի իրավական կարգավիճակի հստակեցման, և դրանից ելնելով՝ քրեական հետապնդման հետևանքով խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք վերապահելու անհրաժեշտությամբ,

բ) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի, այդ թվում՝ արդարացման հիմքի մասով բողոքարկելու իրավունք վերապահող քրեադատավարական նորմերի գործողության ապահովման անհրաժեշտությամբ:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Խնուսյանը, Տ.Կոստանդյանը, Հ.Պետրոսյանը և Ս.Մելիքբեկյանը ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում նվաստացրել և ծեծի են ենթարկել նույն զորամասի ականանետային մարտկոցի պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Պապիկյանին, ինչի կապակցությամբ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ՌՈ բաժնի պետի կողմից նրանց տրվել է կալանք՝ 10-ական օր ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Գ.Խնուսյանը, Տ.Կոստանդյանը, Հ.Պետրոսյանը և Ս.Մելիքբեկյանը նույն արարքի համար մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել մեկական տարի ժամկետով ազատազրկումը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Վերաքննիչ բողոքների հիման վրա վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Վերաքննիչ դատարանը

ա) 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ արձանագրել է, որ նույն արարքի համար Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի դատապարտումը հանգեցրել է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտմանը, նրանց մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կարճել քրեական գործի վարույթը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

բ) 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ արձանագրել է, որ նույն արարքի համար Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի դատապարտումը հանգեցրել է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտմանը, նրանց մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, և վերջիններիս արդարացրել` կարճելով քրեական գործի վարույթը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը միևնույն գործի շրջանակներում միևնույն փաստական հանգամանքների պայմաններում կայացրել է երկու հակասական որոշում: Ընդ որում, կարճելով քրեական գործի վարույթը և դադարեցնելով քրեական հետապնդումը՝ Վերաքննիչ դատարանն ինչպես 2013 թվականի մարտի 19-ի որոշման, այնպես էլ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման մեջ չի արձանագրել, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հատկապես որ կետով է ղեկավարվում:

19. Սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:

Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք չմատնանշելով՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ.Խնուսյանի, Տ.Կոստանդյանի, Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Սույն որոշման 19-րդ կետում արձանագրված դատավարական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի դատական ակտերը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներում առկա հակասությունը և իր որոշման մեջ հստակեցնի, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված որ հիմքով է կարճում քրեական գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Գևորգ Սերոբի Խնուսյանի և Տիգրան Ռուբենի Կոստանդյանի մասով և նույն դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը Հարություն Կառլենի Պետրոսյանի, Սերգո Արմենի Մելիքբեկյանի վերաբերյալ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան