Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1140
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.05/10(1023) Հոդ.127
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.02.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

25 փետրվարի 2014 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող Գ. Վահանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գրիգորի Վահանյանի դիմումի հիման վրա՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Վահանյանի՝ 27.06.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ օրենսդրության այլ ակտեր, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001թ. դեկտեմբերի 4-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2001թ. դեկտեմբերի 27-ին և ուժի մեջ է մտել 2002թ. մարտի 1-ից:

Սույն գործով վիճարկվող նորմերը սահմանում են.

«Հոդված 67. Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացումը

1. Նոտարը վավերացնում է այն բոլոր փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ:

2. Նոտարը, վավերացնելով ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարել է որոշակի անձ»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Ըստ գործում առկա նյութերի` դիմողի հայրը 06.11.1992թ. կազմված կտակի համաձայն իր ողջ գույքը` ներառյալ նաև բնակարանը, կտակել է դիմողին: 06.07.2004թ. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից դիմողին տրվել է ժառանգության իրավունքի վկայական այն մասին, որ, ի թիվս այլ գույքի, նա հանդիսանում է կտակարարի բնակարանի նկատմամբ ժառանգորդ, որի հիման վրա 09.07.2004թ. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից դիմողին է տրվել վերոհիշյալ բնակարանի նկատմամբ նրա սեփականատեր հանդիսանալու վերաբերյալ վկայական: Գործում առկա մեկ այլ փաստաթղթի համաձայն դիմողի հայրը 20.10.2003թ. դիմելով Երևանի Էրեբունու նոտարական տարածքի նոտարին` խնդրել է անվավեր ճանաչել իր՝ 06.11.1992թ. կազմած կտակը: Վկայակոչելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հիշյալ դիմումի վրա նոտարը կատարել է գրառում, ըստ որի՝ հաստատել է որոշակի անձի կողմից կատարված ստորագրության իսկությունը, այլ ոչ թե փաստաթղթում շարադրված փաստերը: Դիմողը վիճարկել է նաև այդ փաստաթղթի իսկությունը` մատնանշելով, որ այն կազմված է օրենքի պահանջների խախտմամբ:

Դիմողը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, ի թիվս այլնի, առոչինչ ճանաչել կտակն անվավեր ճանաչելու մասին 20.10.2003թ. Երևան քաղաքի «Էրեբունի» նոտարական տարածքի նոտարական գրասենյակ հանձնված փաստաթուղթը, որի վրա եղած ստորագրության իսկությունը վավերացվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն: Նոտարը 20.10.2003թ. փաստաթղթում շարադրված փաստերը չի հաստատել, այլ սոսկ հաստատել է, որ ստորագրությունը կատարվել է որոշակի անձի կողմից:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր՝ 25.09.2012թ. թիվ ԵԿԴ/1923/02/2011 վճռով մերժել է դիմողի հայցը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր՝ 25.12.2012թ. թիվ ԵԿԴ/1923/02/11 որոշմամբ մերժել է քաղաքացի Գ. Վահանյանի վերաքննիչ բողոքը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել է ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ 20.02.2013թ. թիվ ԵԿԴ/1923/02/11 որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:

 

3. Դիմող կողմը վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ բերում է հետևյալ հիմնավորումները.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի բովանդակությունն իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվել և կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ` այն նույնականացնելով այլ իրավանորմերի դրույթների հետ, մասնավորապես, «կտակի վերացում» եզրույթը մեկնաբանվել է որպես «կտակն անվավեր ճանաչել» եզրույթ` այն դեպքում, երբ նոտարն իրավասու չէ անվավեր ճանաչել կտակը, քանի որ նման իրավասությունը վերապահված է դատարանին, ինչպես նաև գործարքի բնույթ ունեցող փաստաթղթի դեպքում «ստորագրության վավերացում» եզրույթը նույնացվել է գործարքի բնույթ չունեցող փաստաթղթի տակ եղած «ստորագրության իսկության վավերացում» եզրույթի հետ:

Ըստ դիմողի` վիճարկվող դրույթները չեն համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի պահանջներին, իրավանորմի կառուցվածքը կուռ չէ՝ տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված, լիակատար ու ավարտված չէ և լիովին չի կարգավորում «իրավանորմերով նախատեսված իրավահարաբերությունների բոլոր առանձնահատկությունները»: «Իրավանորմն անհիմն բաժանվել է երկու մասի և պարունակում է խիստ կոռուպցիոն ռիսկեր»:

Դիմողը պնդում է, որ «վիճարկվող դրույթների նենգափոխված բովանդակության առկայությունն ու դրանց կամայական մեկնաբանությունը» հակասում են նաև միջազգային իրավունքին, Հաագայի կոնվենցիայի՝ «Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների մասին» դրույթներին՝ դրանով իսկ հակասելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին:

Փաստարկելով, որ վիճարկվող դրույթների իրավական անորոշությունը, դրանց ներքին և արտաքին հակասությունը ոչ միայն խախտում են ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արդար դատաքննության իր իրավունքները, դիմողը գտնում է, որ դրանք հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված՝ իրավական պետության սկզբունքին և 14.1-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելման սկզբունքներին:

Ըստ դիմողի` իրավական անորոշությունն իրավակիրառողին տալիս է սուբյեկտիվ մեկնաբանության լայն հնարավորություն, առաջացնելով իրավունքի գերակայության և իրավական պետության սկզբունքների պահանջների խախտում՝ դրանով իսկ սահմանափակելով մարդու իրավունքները: Իրավակիրառ պրակտիկայում ստեղծված իրավական անորոշության պայմաններում նոտարները հնարավորություն են ստացել կտակարարի մահից հետո ժառանգներին և դատարաններին ոչ հավաստի ու ըստ էության հայեցողական տեղեկություններ տրամադրել կտակի և իրավական հետևանքների ու կտակարարի իրական կամահայտնության մասին: Ստեղծված վիճակը Սահմանադրության սկզբունքների լուրջ խախտման հիմք է, ինչպես նաև լի է կոռուպցիոն ռիսկերով, կամայական ու չհիմնավորված դատական ակտեր ընդունելու վտանգով, և այդ առումով ձևավորվել է այնպիսի պրակտիկա, ինչի վերաբերյալ ահազանգել է նաև ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը` ՀՀ կառավարություն 02.04.2013թ. ներկայացված թիվ ԱԽ-1/259 գրությամբ:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 8-րդ, 14.1-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին՝ այն հիմնավորմամբ, որ վիճարկվող նորմն իրավական որոշակիության տեսակետից որևէ իրավական խնդիր չի հարուցում, քանի որ հստակ և միանշանակ կերպով, առանց հայեցողական լիազորություններ վերապահելու սահմանում է այն փաստաթղթերի որոշակի շրջանակը, որոնց վրա եղած ստորագրությունների իսկությունը ենթակա է նոտարական վավերացման, դրանք են՝ գործարքի բնույթ չկրող փաստաթղթերը:

Ըստ պատասխանող կողմի` վիճարկվող նորմի հետագա շարադրանքն ընդգծում է նոտարական գործողության իմաստը, դերը և ապացուցողական նշանակության աստիճանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման փաստաթղթերը գործարքի բնույթ չունեն, հետևաբար` իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն և դադարեցնելուն ուղղված չեն, ուստի նոտարը, փաստաթղթի բովանդակային կողմին չանդրադառնալով, պարզապես հավաստում է հանգամանքն առ այն, որ տվյալ փաստաթուղթն ստորագրված է կոնկրետ անձի կողմից:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ ՀՀ Սահմանադրության այլ դրույթների, մասնավորապես` 3-րդ, 8-րդ, 14.1-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների հետ ևս վիճարկվող դրույթը որևէ հակասություն չի առաջացնում, քանի որ այն, ըստ էության, չի ենթադրում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներ այն պարզ պատճառով, որ դրանում ամրագրված կարգավորումները վերաբերում են ոչ թե սուբյեկտային որևէ խմբի, այլ պարզապես առնչվում են փաստաթղթի կոնկրետ տեսակների, որոնք կարող են ներկայացվել ցանկացած ֆիզիկական անձի կողմից, այդպիսով այն նաև չի ենթադրում որևէ խտրականություն կամ խտրական վերաբերմունք, չի խախտում օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, չի սահմանափակում դատական ատյաններում խախտված իրավունքները վերականգնելու անձի հնարավորությունները:

Պատասխանողը, վերլուծելով վեճի առարկա օրենքի 36, 56 և 67-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289, 290, 1192-րդ հոդվածների իրավակարգավորումների ընդհանուր տրամաբանությունը` արձանագրում է, որ «...ինչպես կտակն, այնպես էլ կտակի վերացման մասին գրությունը, և ոչ թե գրության վրա առկա ստորագրության իսկությունը, ենթակա է նոտարական վավերացման»: Նշվում է նաև, որ «...թերևս որոշ խնդիրներ են ծագել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի դրույթների իրավակիրառական պրակտիկայի ընթացքում»:

Ըստ պատասխանողի` «կտակի վերացման ընթացակարգի իրականացման օրենսդրորեն ամրագրված տրամաբանական-իրավական շղթայից տեղի ունեցած ենթադրյալ շեղումներն», որոնք առիթ են տվել դիմումատուին անդրադառնալու վիճարկվող նորմի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին հարցին, սակայն «իրականում իրավակիրառ պրակտիկայում տեղ գտած թերությունները չեն կարող հանգեցնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականությանը, եթե դրանք իրենց նորմատիվ բովանդակությամբ և պատշաճ կիրառության պարագայում ՀՀ Սահմանադրության հետ հակասություն չունենան»:

 

5. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասով, 14.1-րդ, 18-րդ, 19-րդ և 31-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով սեփականության իրավունքի պաշտպանությունն ամեն տեսակ ոտնձգություններից (այդ թվում՝ արդար, արդյունավետ և մատչելի դատական պաշտպանության միջոցով), ինչպես նաև սեփականատիրոջ անօտարելի իրավունքը՝ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իրեն պատկանող գույքը: Միաժամանակ, որպես սահմանադրաիրավական երաշխիք, դատարանին է վերապահված՝ օրենքով նախատեսված հիմքերով անձին սեփականությունից զրկելու բացառիկ իրավասությունը:

Օրենսդրության խնդիրն է նորմատիվ իրավական կարգավորումներով ապահովել սեփականության և, մասնավորապես, կտակի (ժառանգման) իրավունքի իրացման հետ կապված` Սահմանադրության վերոհիշյալ նորմերում ամրագրված դրույթների երաշխավորված կիրառումը: Այդ խնդրի անմիջական լուծմանն են կոչված, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համապատասխան նորմերը:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ գլխի նորմերով կարգավորվում են ըստ կտակի ժառանգության հետ կապված հարաբերությունները. սահմանվում են կտակի հասկացությունը և այն կազմելու սկզբունքները, կտակը վերացնելու, փոփոխելու և լրացնելու, ինչպես նաև կտակված գույքն ըստ ժառանգների բաժանելու կարգն ու պայմանները: Օրենսգրքի 1192-րդ հոդվածի համաձայն` կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Ըստ նույն հոդվածի` կտակը միակողմանի գործարք է: Այն քաղաքացու ազատ կամաարտահայտության արդյունք է (օրենսգրքի 1193-րդ հոդված):

Կտակի, որպես գործարքի, իրավական բովանդակությունը բացահայտելի է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-292-րդ հոդվածներից, որոնց ընդհանուր իմաստից հետևում է, որ.

- այն ուղղված է քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն,

- կտակ կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի (կտակարարի) կամաարտահայտությունը,

- պարտականություններ է ստեղծում այն կնքած անձի համար,

- կտակի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են պարտավորությունների և պայմանագրերի մասին ընդհանուր դրույթները՝ այնքանով, որքանով չեն հակասում օրենքին, այդ գործարքի միակողմանի բնույթին ու էությանը:

Վերոհիշյալ օրենսգրքի 71-րդ գլխի մի շարք նորմերի (1202-րդ, 1203-րդ, 1205-րդ, 1211-րդ հոդվածներ) իրավական ընդհանուր բովանդակությունից հետևում է նաև, որ.

- կտակը պետք է կազմվի գրավոր ձևով, որի չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության, ընդ որում, կտակն անվավեր ճանաչելու բացառիկ իրավասությունը պատկանում է դատարանին,

- կտակը` որպես գործարք, ենթակա է նոտարական վավերացման՝ նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով,

- կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի՝ կտակի հետ կապված և սույն գործով դիմումի առարկային առնչվող հարաբերությունները կարգավորող նորմերի (5-րդ, 56-րդ, 63-րդ հոդվածներ) իրավական ընդհանուր բովանդակությունից հետևում է, որ.

- կտակի կամ նրա բովանդակության վերաբերյալ տեղեկություններ կարող են հրապարակվել միայն կտակարարի մահից հետո,

- վավերացման են ենթակա գործունակ անձանց կտակները,

- կտակը կարող է վերացվել կամ փոփոխվել կտակարարի կողմից համապատասխան դիմում տալու կամ նոր կտակ կազմելու ձևով,

- ըստ կտակի ժառանգության իրավունքը հավաստվում է համապատասխան վկայագրով:

Կարևոր հանգամանք է նաև արձանագրել, որ կտակի հետ կապված հարաբերությունների՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող իրավասուբյեկտը, նոտարը (կամ՝ նրա կարգավիճակին հավասարեցված անձը) իր գործունեությունը (հանրային ծառայությունները) իրականացնում է անկախության և միայն օրենքին ենթարկվելու սկզբունքով («Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներ):

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածն իր հերթին տարանջատում է գործարքների, այդ թվում` կտակի, վավերացման գործառույթը /մաս 1-ին, կետ 1-ին/ փաստաթղթերի վրա եղած ստորագրությունը վավերացնելու գործառույթից /մաս 1-ին, կետ 6-րդ/:

Այսպիսով, կտակի հետ կապված հարաբերությունները կարգավորող վերոհիշյալ իրավանորմերի իրավաբովանդակային ընդհանուր վերլուծությունը փաստում է, որ օրենսդրությամբ նախատեսված են իրավակարգավորման համապատասխան սկզբունքներ, ընթացակարգեր, միջոցներ ու ձևեր, որոնք կոչված են ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի և, մասնավորապես, սեփականատիրոջ՝ իր գույքը կտակելու իրավունքի պաշտպանությունը:

Կտակը վերացնելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով (4-րդ և 5-րդ մասեր) և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածով, որոնց համաձայն` կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել իր կտակը: Այդպիսի մտադրությունը կտակարարը, ըստ հիշյալ նորմերի, իրացնում է.

ա/ նոտարին դիմում («Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մաս), հայտարարություն (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի 6-րդ մաս) տալու կամ,

բ/ նոր կտակ կազմելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածում (6-րդ մաս) ամրագրված է նորմատիվ պահանջ, համաձայն որի` կտակը վերացնելու մասին դիմումը պետք է տրվի (հայտարարությունն արվի) կտակ կազմելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձևով, այսինքն՝ օրենսգրքի 1203-րդ հոդվածի կանոններին համապատասխան, այն է` կազմվի գրավոր, նշվի հայտարարություն անելու (դիմումը տալու) վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Այսինքն` նորմատիվ այսպիսի պահանջների առկայությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ օրենսդիրը կարևոր իրավական նշանակություն է հաղորդել կտակը վերացնելու վերաբերյալ դիմումին (հայտարարությանը)՝ անձի սահմանադրական (նաև՝ քաղաքացիական) իրավունքների իրացման երաշխավորման առումով, դիտարկելով այն որպես իրավաբանական փաստ՝ իրավակիրառական պրակտիկայում այդ իրավունքների ծագման կամ դադարման պահն օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրելու համար:

Կտակը վերացնելու վերաբերյալ դիմումի (հայտարարության) իրավական բովանդակության բացահայտման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ այդ դիմումը, ինչպես և կտակը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմատիվ սկզբունքին համապատասխան ունի միակողմ գործարքի հատկանիշներ, քանի որ միակողմ կամաարտահայտմամբ ուղղված է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների դադարմանը, իսկ տվյալ դեպքում՝ նախկին կտակով ժառանգման ենթակա գույքը որպես սեփականություն ձեռք բերելու իրավունքից զրկելուն: Այլ կերպ, եթե կտակով կոնկրետացված են ժառանգման ենթակա գույքը և դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանները և ժառանգորդը (ժառանգորդները), ապա կտակը վերացնելու վերաբերյալ դիմումով (հայտարարությամբ) կտակի առարկա հանդիսացող գույքի ժառանգորդի (ժառանգորդների) սեփականության իրավունքը, որը կառաջանար կտակարարի մահվանից հետո, դադարում է: Հետևաբար, կտակը վերացնելու վերաբերյալ դիմումը (հայտարարությունը) որպես քաղաքացիաիրավական ինստիտուտ, կարևոր երաշխիք է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքի իրացման համար, և իրավակիրառական պրակտիկայում այդ ինստիտուտը պետք է մեկնաբանվի ու կիրառվի իր՝ սահմանադրաիրավական վերոհիշյալ բովանդակությանը համապատասխան: Այն միանշանակ որոշակի կերպով է երաշխավորում սեփականատիրոջ՝ իր գույքը հայեցողաբար (ազատ կամաարտահայտմամբ) կտակելու իրավունքը, քանի որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կտակի և դրա հետ կապված քաղաքացիաիրավական մյուս գործողությունների (կտակը վերացնելու, փոփոխելու և այլն) օրինականության նկատմամբ իրականացվող նոտարական հսկողությունը կոչված է լրացուցիչ երաշխիք հանդիսանալու ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածում ամրագրված իրավունքն օրենքով սահմանված կարգով իրացնելու համար: Նման եզրահանգման հիմք է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի իրավադրույթն այն մասին, համաձայն որի. «…Կտակի վերացումը … վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը»: Ընդ որում, հիշյալ նորմը կտակը վերացնելու մասին դիմումի (հայտարարության) այլ վավերապայմաններ չի նախատեսում:

Այսպիսով, սահմանադրական դատարանը գտնում է, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի` սույն գործով վիճարկվող 67-րդ հոդվածի նորմերը տվյալ իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում ինքնին սահմանադրականության խնդիր չեն առաջացնում և չեն առնչվում գործարքի բնույթ ունեցող իրավահարաբերություններին: Կտակի հետ կապված գործարքների առնչությամբ այն չի կարող կիրառվել նոտարների կողմից, քանի որ օրենքով հստակ ամրագրված է, որ հիշյալ հոդվածը վերաբերում է այն փաստաթղթերի վրա եղած ստորագրության իսկության վավերացմանը, որոնք չունեն գործարքի բնույթ: Օրենքի կիրառման համատեքստում այս հանգամանքը կարևոր նշանակություն ունի:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, մի կողմից, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտով վեճի առարկա նորմն անմիջականորեն չի կիրառվել, մյուս կողմից` նույն դատական ակտում գործնականում անտեսվել է նոտարի կողմից գործարքի բնույթ ունեցող իրավահարաբերություններում օրենքի 67-րդ հոդվածի կիրառման փաստը:

Կտակի և դրա վերացման ինստիտուտի կիրառման միջազգային իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ միայն անձանց ստորագրության իսկության նոտարական վավերացման կարգ նախատեսված է այն դեպքերում, երբ փաստաթղթում շարադրվածը գործարքի բնույթ չի կրում: Միևնույն ժամանակ, խնդիր է դրվում նոտարի առջև ստուգել փաստաթղթի բովանդակության համապատասխանությունն օրենսդրության պահանջներին (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Լատվիա, Ղազախստան, Կոսովո, Վրաստան, Գերմանիա և այլն):

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ կտակների հետ կապված իրավահարաբերությունների առնչությամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի փաստացի կիրառումը և այդ երևույթի նկատմամբ դատական պրակտիկայում առկա մոտեցումները, ինչպես նաև նույն օրենքի 56-րդ հոդվածի իրավակարգավորումների ոչ հստակությունը կարող են մարդկանց իրավունքների խախտման լուրջ պատճառ դառնալ: Խնդիրը ոչ միայն իրավակիրառական պրակտիկային է առնչվում, այլև օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն է ենթադրում, ինչպես նաև պահանջում է կառուցակարգային համարժեք լուծումներ` կտակների միասնական շտեմարանի գործուն համակարգ ներդնելու առումով:

ՀՀ սահմանադրական դատարանը գործի հանգամանքների ի պաշտոնե պարզման դատավարական սկզբունքի շրջանակներում հիշյալ հիմնախնդրին կարող էր համակարգային ամբողջականության մեջ անդրադառնալ վերացական ընթացակարգով գործի քննության շրջանակներում: Սակայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սահմանադրական դատարանն անհատական դիմումները կարող է դատաքննության առարկա դարձնել միայն տվյալ նորմերով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում: Գործի քննությունը հանգեցրեց այն հետևությանը, որ դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի` վեճի առարկա 67-րդ հոդվածն անմիջականորեն չի կիրառվել:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 60-րդ և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Քաղաքացի Գրիգորի Վահանյանի դիմումի հիման վրա՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

25 փետրվարի 2014 թ.

ՍԴՈ-1140