ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0491/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0491/02/09 |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գրիշա Անտոնյանի ներկայացուցիչ Նաիրա Անտոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Օնիկ Ստեփանյանի, Գրիշա Անտոնյանի` 1.014.572,40 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի և 20.292 ՀՀ դրամ` որպես նախնական մուծված պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Օնիկ Ստեփանյանից և երաշխավոր Գրիշա Անտոնյանից համապարտության կարգով բռնագանձել 1.014.572,40 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի և 20.292 ՀՀ դրամ` որպես նախապես մուծված պետական տուրքի գումար, ինչպես նաև ժամկետանց վարկի մնացորդի` 750.000 ՀՀ դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը 28.09.2009 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 54% տոկոսադրույքով` հիմք ընդունելով 05.10.2007 թվականին կնքված թիվ Գ-67 վարկային պայմանագրի 4.3 կետով նախատեսված տոկոսադրույքը, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 28.09.2009 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0,2% տոկոսադրույքով` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 4.4 կետը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 29.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.06.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 29.03.2010 թվականի վճիռը և փոփոխվել` հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 18.08.2010 թվականի որոշումներով Օնիկ Ստեփանյանի և Գրիշա Անտոնյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիշա Անտոնյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 11.10.2011 թվականի դատավճռով հաստատվել է, որ Ընկերության և Օնիկ Ստեփանյանի միջև 05.10.2007 թվականի թիվ Գ-67 վարկային պայմանագիրը, Ընկերության և Գրիշա Անտոնյանի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը չեն ստորագրվել համապատասխանաբար Օնիկ Ստեփանյանի և Գրիշա Անտոնյանի կողմից: Վիկտորիա Ասատրյանը 05.10.2007 թվականի թիվ Գ-67 վարկային պայմանագրով սահմանված 1.000.000 ՀՀ դրամ գումարը տրամադրել է Օնիկ Ստեփանյանի որդի Բենիկ Ստեփանյանին, իսկ Գրիշա Անտոնյանն ինչպես Գ-67 վարկային պայմանագրի, այնպես էլ Գ-67 երաշխավորության պայմանագրի մասին տեղյակ չի եղել:
Տվյալ դեպքում թիվ ԳԴ5/0038/01/10 քրեական գործով դատավճռով հաստատված հանգամանքները սույն գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ են, քանի որ էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի 09.06.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2011 թվականի դատավճռով հաստատվել է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի տնտեսագետ Կարեն Ղասաբօղլյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Բենիկ Ստեփանյանի հետ, առանց վարկային գործեր կազմելու կամ կեղծ վարկային գործերով, ձևակերպել և յուրացրել են ընդհանուրը 13.150.000 ՀՀ դրամի վարկեր. Բենիկ Ստեփանյանի անվամբ` 800.000 ՀՀ դրամի, 1.000.000 ՀՀ դրամի և 1.000.000 ՀՀ դրամի, Հերմինե Համբարձումյանի անվամբ` 1.350.000 ՀՀ դրամի, Թամարա Համբարձումյանի անվամբ` 1.000.000 ՀՀ դրամի և 1.000.000 ՀՀ դրամի, Բենիկ Ստեփանյանի քրոջ` Քանաքարա Ստեփանյանի անվամբ` 2.000.000 ՀՀ դրամի և 1.000.000 ՀՀ դրամի, Բենիկ Ստեփանյանի հոր` Օնիկ Ստեփանյանի անվամբ` 1.000.000 ՀՀ դրամի և 1.000.000 ՀՀ դրամի, Էդուարդ Բարեղամյանի անվամբ` 1.000.000 ՀՀ դրամի և Քնքուշ Մելքոնյանի անվամբ` 1.000.000 ՀՀ դրամի (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։
2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.02.2012 թվականի որոշմամբ Կարեն Ղասաբօղլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2011 թվականի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
3. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 23.04.2012 թվականի որոշմամբ Կարեն Ղասաբօղլյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե´ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանքներ է վկայակոչել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 11.10.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, օրինական մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ շրջանակներում.
1. կատարվե՞լ են արդյոք որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),
2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից
(տե´ս ըստ Կարապետ Գրաչյանի հայցի ընդդեմ Ատոմ Ղազազյանի` գումարի պահանջի մասին և ըստ Ատոմ Ղազազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կարապետ Գրաչյանի` գումարի պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1091(ՎԴ) որոշումը)։
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2011 թվականի դատավճռով հաստատվել է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի տնտեսագետ Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Բենիկ Օնիկի Ստեփանյանի հետ, առանց վարկային գործեր կազմելու կամ կեղծ վարկային գործերով, ձևակերպել և յուրացրել են ընդհանուր 13.150.000 ՀՀ դրամի վարկեր. այդ թվում` Բենիկ Ստեփանյանի հոր` Օնիկ Ստեփանյանի անվամբ` 1.000.000 ՀՀ դրամի վարկ: Այսինքն` քննարկվող վարկային պայմանագիրը կնքվել է առանց վարկային գործ կազմելու կամ կեղծ վարկային գործով:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը կատարել է ապացուցման պարտականության ոչ ճիշտ բաշխում: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հենց պատասխանողներն են պնդել վարկային և երաշխավորության պայմանագրերն իրենց կողմից ստորագրված չլինելու հանգամանքը, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսագրքի 48-րդ հոդվածի համաձայն` պետք է ապացուցեին իրենց իսկ կողմից վկայակոչված փաստի առկայությունը կամ բացակայությունը: Ավելին, պատասխանողների պնդմամբ կեղծված են նաև Գ-67 վարկային գործում առկա այլ ստորագրություններ, մասնավորապես, գյուղապետի ստորագրությունը և այլն: Այս առումով ևս ապացույցներ ներկայացված չեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 11.10.2011 թվականի դատավճռով հաստատված վերոգրյալ հանգամանքներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար, համարվում են նոր երևան եկած հանգամանքներ և հիմք են Վճռաբեկ դատարանի 18.08.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի ուժով Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 09.06.2010 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.08.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |