ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2012 թվականի N 294-Ն
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-2011» ՏԱՐԵԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայկական սփյուռք-2011» տարեգրքի հրատարակման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայկական սփյուռք-2011» տարեգրքի հրատարակման ծրագիրը հաստատելու մասին» N 226-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 294-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ - 2011» ՏԱՐԵԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Աշխարհի ավելի քան հարյուր երկրների հայ համայնքներում հասարակական-քաղաքական կազմակերպություններ` հոգևոր կառույցներ, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, մշակութային և կրթական կազմակերպություններ, կուսակցություններ, հայագիտական կենտրոններ և ամբիոններ, երիտասարդական, կանանց, մարզական կառույցներ, գրադարաններ, մասնագիտական և հայրենակցական միություններ, ճանաչված սփյուռքահայեր ու անհատ բարեգործներ հսկայածավալ աշխատանքներ են կատարում հայապահպանության համար: Նրանց գործունեությունը կարիք ունի հավուր պատշաճի լուսաբանման և ներկայացման:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ պարբերաբար հրատարակվում է «Հայկական սփյուռք» տարեգիրքը, որի տպագրությունն էապես նպաստում է Հայաստան-սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Արդեն հրատարակվել և սփյուռքյան կառույցներին է տրամադրվել «Հայկական սփյուռք-2009» և «Հայկական սփյուռք-2010» տարեգրքերը:
II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Մինչև 2009 թվականը «Հայկական սփյուռք» տարեգրքի նման ձևաչափով հրատարակություն չի իրականացվել: Առկա հրատարակությունները հայ համայնքների, համահայկական կազմակերպությունների, հոգևոր և այլ կառույցների իրականացրած ծրագրերի, հայապահպան ձեռնարկների և հիշարժան իրադարձությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն չէին պարունակում: Նշված կառույցների միջև տեղեկատվության փոխանակման, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ առկա էին որոշակի դժվարություններ: Անհրաժեշտ է էական քայլեր իրականացնել սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների բարելավման և տվյալների միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
4. Ակնկալվող արդյունքներն են՝
1) սփյուռք-սփյուռք և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումը, աշխարհասփյուռ հայերի համագործակցության հնարավորությունների ընդլայնումն ու միջհամայնքային կապերի սերտացումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տարվա ընթացքում սփյուռքի հետ իրականացված ծրագրերը, համահայկական կազմակերպությունների և հոգևոր կառույցների ազգապահպան ձեռնարկներն աշխարհասփյուռ հայությանը հասանելի դարձնելը.
3) հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս բնակվող յուրաքանչյուր հայի կամ կազմակերպությանը Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության իրականացմանը մասնակից դարձնելը:
5. «Հայկական սփյուռք» տարեգիրքը նախատեսվում է հրատարակել արևելահայերեն-ռուսերեն, արևելահայերեն` դասական ուղղագրությամբ-անգլերեն տարբերակներով:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
6. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով մրցութային եղանակով հաղթող ճանաչված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականացնի «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակումը:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
7. «Հայկական սփյուռք» եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) տարեգիրքը նախատեսվում է հրատարակել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |