«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012143
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 մարտի 2012 թ. ք. Երևան |
N 65-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Էլեկտրական ցանցին պարզեցված միացում - նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացում, երբ միացման համար նախատեսված է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված ստանդարտ միացման վճար և չի պահանջվում նախագծային փաստաթղթերի կազմում.».
2) Կանոնների 13.4 և 13.5 կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«13.4 Դիմումն ստանալու օրվանից մինչև միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝
1) 10 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,
2) 10 աշխատանքային օրը` էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ պարզեցված միացման դեպքում, և 45 օրը՝ էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,
3) 60 օրը՝ էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում,
4) 75 օրը` էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում:
13.5 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման օրվանից մինչև Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝
1) 10 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,
2) էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ՝
ա. 10 աշխատանքային օրը՝ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ պարզեցված միացման դեպքում,
բ. 45 օրը՝ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ միացման մնացած բոլոր դեպքերում,
գ. 90 օրը՝ 30 կՎԱ-ից բարձր միացման դեպքերում,
3) 120 օրը` էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում,
4) 270 օրը՝ էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |