Գլխավոր տեղեկություն
Номер
N 1442-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2012-09.05.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1327
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2010
Дата вступления в силу
04.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1442-Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ, ՀՈՒՄՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1228-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1901-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասի, 5-րդ հոդվածի, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ, ՄԹԵՐՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են կենդանիների, այդ թվում` տոհմային, տոհմային ծագման ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի, կենդանական ծագման մթերքի (միս և մսամթերք, կաթ և կաթնամթերք, վերամշակված ձուկ, ջրային կենդանիներ և դրանցից ստացված մթերք, ձու և ձվամթերք, մեղր, ցողամեղր, մեղրահաց), կենդանական ծագման հումքի (կաշի, մորթի, բուրդ, մորթեղեն, մազ, աղվամազ, փետուր, էնդոկրինային և աղիքային հումք, արյուն, ոսկոր, մորթափառ, կաշվեհումքի կտորներ, ալբումին, տեխնիկական կազեին, ժելատին, լեղի, կենդանիների արյուն, նրա բաղադրիչներ, հյուսվածքներ, օրգաններ, մանրէական աճեցվածքներ, տեխնիկական եղջյուրասմբակային հումք, կաթի, մսի արտադրության մնացորդներ ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն, օձի թույն), կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների (այսուհետ` անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռներ) և սննդամթերքի ներմուծման և արտահանման ընթացակարգը և դրա իրականացման պայմանները:

2. Անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռները և սննդամթերքը (այսուհետ` բեռներ) ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են բեռի տվյալ ապրանքախմբի անվտանգությունը հավաստող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկի` անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականների, լաբորատոր փորձարկումների արձանագրությունների կամ եզրակացությունների, արտադրողի համար միջազգային արտոնագրող (ակրեդիտացնող) մարմնի կամ այդ մարմնի կողմից արտոնագրված մարմնի կողմից տրված որակի կառավարման համակարգի` վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (HACCP) ներդրումը հավաստող կամ ISO 22000 կամ բեռի անվտանգության լաբորատոր փորձարկում իրականացնող կազմակերպության համար ԻՍՕ 17025 ստանդարտին համապատասխան տրված հավատարմագրման վկայագրի առկայությամբ, ընդ որում, HACCP և ISO սերտիֆիկատները պահանջվում են դրանց առկայության դեպքում:

(2-րդ կետը խմբ. 19.04.12 N 489-Ն)

3. Բեռների ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) իր կազմում գործող սահմանային հսկիչ կետերի միջոցով:

(3-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

4. Սահմանային հսկիչ կետում պետական վերահսկողություն իրականացնող տեսուչը զննում է ներմուծվող կամ արտահանվող կամ տարանցիկ փոխադրվող բեռը, ստուգում բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերի առկայությունը, դրանց համապատասխանությունը բեռին, լաբորատոր անվտանգությունը բացահայտելու նպատակով սահմանի վրա սննդամթերքի ռիսկերի գնահատման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում կատարում նմուշառում:

(4-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

5. Ներմուծման և արտահանման դեպքում բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերը ծառայության սահմանային հսկիչ կետում փոխարինվում են Հայաստանի Հանրապետությունում բեռի փոխադրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրված համապատասխան ուղեկցող փաստաթղթերով:

Տարանցիկ փոխադրման դեպքում բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերը ծառայության սահմանային հսկիչ կետում չեն փոխարինվում, բեռն ուղեկցում են տարանցիկ փոխադրման ամբողջ ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

6. Բեռների տարանցիկ փոխադրումն իրականացվում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով, կենդանիների դեպքում` ծառայության գրավոր թույլտվությամբ, որտեղ նշվում են երթուղին, երթուղու կանգառները, կենդանիների կերակրման տեղերը: Տարանցիկ փոխադրման թույլտվությունը տրվում է դրա մասին տեղեկությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում: Տարանցիկ փոխադրման թույլտվություն ստանալու համար տեղեկությանը կից տեսչություն ներկայացվում է կենդանիների տվյալ խմբաքանակի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատը կամ անասնաբուժական վկայականը` բնօրինակով:

Կենդանիների տարանցիկ փոխադրումն արգելվում է, եթե`

1) չկա ծառայության գրավոր թույլտվությունը.

2) հայտնաբերվել է վարակիչ հիվանդություն, և կենդանիները ենթարկվել են կարանտինացման.

3) բացակայում են բեռն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը.

4) համաճարակային իրավիճակով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում առկա են տարանցիկ փոխադրման սահմանափակումներ:

Բեռների` բացառությամբ կենդանիների, տարանցիկ փոխադրումն արգելվում է, եթե չեն ներկայացվել անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատը կամ անասնաբուժական վկայականը կամ անվտանգությունը հավաստող այլ ուղեկցող փաստաթուղթ:

Բեռի տարանցիկ փոխադրումը թույլատրելու դեպքում ծառայության սահմանային կետում բեռն ուղեկցող անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումը թույլատրվում է» դրոշմը: Տարանցիկ փոխադրումն արգելվելու դեպքում բեռն ուղեկցող անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի կամ անվտանգությունը հավաստող այլ ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը, իսկ անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:

(6-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

7. Բեռի ներմուծման համար ներմուծողը ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների դեպքում` տվյալ խմբաքանակի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատը կամ անասնաբուժական վկայականը` բնօրինակով, տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը.

2) կենդանական ծագման կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի արտադրողի մոտ վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (HACCP) կամ ISO 22000 կամ նշված բեռների անվտանգության լաբորատոր փորձարկում իրականացնող կազմակերպության միջազգային ստանդարտի` ISO 17025 ներդրումը հավաստող սերտիֆիկատների և բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ դրանց պատճենները` բացառությամբ ԱՊՀ անդամ երկրների և Վրաստանի արտադրության բեռների, իսկ ԱՊՀ անդամ երկրների և Վրաստանի արտադրության բեռների ներմուծման դեպքում` բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ եզրակացությունները կամ դրանց պատճենները:

(7-րդ կետը խմբ., փոփ. 19.04.12 N 489-Ն)

8. Բեռի ներմուծումը չի թույլատրվում, եթե արտադրող երկրում անասնահամաճարակային անկայուն իրավիճակի կամ կարանտինային հիվանդությունների բռնկման մասին առկա է համապատասխան պաշտոնական տեղեկատվություն և կան արտահանման սահմանափակումներ կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության կամ հավանական վտանգավորության մասին ստացվել է տեղեկատվություն և ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետի կողմից կատարված նմուշառման լաբորատոր հետազոտության արդյունքներով բեռը ճանաչվել է վտանգավոր կամ տվյալ բեռի ներմուծումը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կողմից:

(8-րդ կետը լրաց. 19.04.12 N 489-Ն)

9. Սահմանային պետական վերահսկողության նպատակով սահմանային հսկիչ կետերում ներմուծվող բեռների` բացառությամբ կենդանիների, նմուշառում կատարվում է լաբորատոր փորձարկումներով բեռի անվտանգությունը որոշելու համար, եթե չեն ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ դրանք չեն համապատասխանում բեռին: Նմուշառումը կատարվում է մաքսային հսկողության ներքո` մաքսային մարմինների կողմից թույլատրված և ապրանքներ տեղափոխող անձի կողմից խնդրարկված վայրում:

(9-րդ կետը խմբ. 19.04.12 N 489-Ն)

10. Սահմանային հսկիչ կետում կենդանիների զննման ընթացքում վարակիչ հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում կենդանիներից կատարվում է ախտաբանական նյութի նմուշառում, կենդանիների խմբաքանակը ենթարկվում է կարանտինացման:

11. Եթե անհրաժեշտություն է առաջանում որոշելու բեռի անվտանգությունը` լաբորատոր փորձաքննությամբ, ապա սահմանային հսկիչ կետում բեռը կապարակնքվում է, կազմվում է կարգադրագիր՝ ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին և թույլատրվում է բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

(11-րդ կետը փոփ., խմբ. 19.04.12 N 489-Ն)

11.1. Ներմուծվող բեռի տնօրինումն արգելված խմբաքանակի հետագա ընթացքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(11.1 կետը լրաց. 19.04.12 N 489-Ն)

12. Լաբորատոր փորձարկումներով անվտանգ ճանաչված ներմուծվող նմուշառված բեռի խմբաքանակի համապատասխանության պարտադիր հավաստումն իրացման փուլում կատարվում է համապատասխանության հայտարարագրի ձևով: Համապատասխանության հայտարարագրի համար հիմք է ներմուծվող բեռի նմուշառված խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձաքննության փաստաթուղթը:

13. Մաքսանենգ ճանապարհով ներմուծված կամ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր չունեցող բեռների հայտնաբերման դեպքում բեռը ենթարկվում է զննման, փաստաթղթային ստուգման, կատարվում է նմուշառում` լաբորատոր փորձարկումներով բեռի անվտանգությունը որոշելու համար:

(13-րդ կետը խմբ. 19.04.12 N 489-Ն)

14. Տնօրինումն արգելված բեռի վերադարձման կամ հետագա օգտագործման հնարավորությունը որոշվում է լաբորատոր փորձաքննության արդյունքներով:

(14-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

15. Տնօրինումն արգելված բեռի բացթողումը կատարվում է բեռի նկատմամբ պետական հսկողության իրականացման արդյունքների հիման վրա` ծառայության գրավոր թույլտվությամբ, որը տրվում է մաքսային մարմիններին և ներմուծողին` դրանց ստացումից հետո մեկօրյա ժամկետում:

(15-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

16. Տնօրինումն արգելված բեռի պետական հսկողության արդյունքներով վտանգավորության մասին լաբորատոր փորձարկումների եզրակացության առկայության կամ բեռի անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում բեռը ենթակա է ոչնչացման կամ օգտահանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ վերաարտահանման` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Ոչնչացման կամ օգտահանման կամ վերաարտահանման, դրա հետ կապված բեռի փորձաքննության փոխադրման, պահպանման ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից: (Նախադասությունը հանվել է 19.04.12 N 489-Ն)

(16-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

17. Ներմուծման թույլտվության դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար տրվում է անասնաբուժական վկայական, սննդամթերքի համար` անվտանգության սերտիֆիկատ կամ ներմուծվող բեռի տվյալ խմբաքանակի տնօրինումն արգելող կարգադրագիր, որի վրա դրվում է «Ներմուծումը թույլատրվում է» դրոշմը և նշվում են բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերի համարը, տալու ամսաթիվը, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային նշանակության մասին տեղեկություն:

Ներմուծման արգելման դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետում բեռն ուղեկցող անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի վրա դրվում է «Ներմուծումն արգելվում է» դրոշմը, իսկ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Ներմուծումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:

(17-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

18. Բեռն արտահանելու համար արտահանողը ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) կենդանիների, կենդանական ծագման մթերքի, այդ թվում` մեղվաբուծական, հումքի, կերի, կերային խառնուրդների, կերային հավելումների դեպքում տվյալ խմբաքանակի անասնաբուժական վկայականը կամ տեղեկանքը` բնօրինակով (տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում նաև` տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը).

2) կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձաքննության փաստաթուղթը (կենդանիների դեպքում անասնաբուժասանիտարական փորձաքննություն չի իրականացվում).

3) սննդամթերքի խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր հետազոտությունների արձանագրությունը կամ եզրակացությունը:

(18-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

19. Բեռների Եվրոպական միության երկրներ արտահանումը կատարվում է նաև տվյալ բեռի ներմուծմանը ներկայացվող Եվրամիության պահանջների պահպանմամբ:

20. Արտահանումը չի թույլատրվում, եթե`

1) չեն ներկայացվել կարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերը.

2) կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը և բեռը չեն համապատասխանում միմյանց.

3) բեռի զննման ընթացքում հայտնաբերվել են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոններով պայմանավորված բեռի անվտանգությունը չերաշխավորող պայմաններ կամ բեռի անորակության զգայորոշման` օրգանոլեպտիկ ցուցանիշների խախտումներ.

4) ներմուծող երկրից ստացվել է պաշտոնական տեղեկատվություն անասնահամաճարակային իրավիճակով պայմանավորված ներմուծման սահմանափակումների մասին կամ արտահանումը սահմանափակված է Հայաստանի Հանրապետությունից:

21. Ծառայության սահմանային հսկիչ կետում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների արտահանման համար տրվում է անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատ կամ անասնաբուժական վկայական, սննդամթերքի համար` անվտանգության սերտիֆիկատ, որտեղ նշվում են արտահանման երթուղին, լաբորատոր անվտանգությունը հավաստող փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում նաև տոհմային նշանակության մասին տեղեկություն:

Եվրամիության երկրներ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և սննդամթերքի արտահանման համար ծառայության սահմանային հսկիչ կետում տրվում են Եվրամիության օրենսդրությամբ սահմանված եվրամիության տարածք երրորդ երկրներից անասնաբուժական հսկման ապրանքների ներկրման համար ընթացակարգով սահմանված ձևի առողջության սերտիֆիկատներ: Բացի Եվրամիության և ԱՊՀ անդամ երկրներից` մյուս երկրներ բեռների արտահանման համար տրվում են ներկրող երկրի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող սերտիֆիկատներ:

(21-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

22. Արտահանման թույլտվության դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի վրա դրվում է «Արտահանումը թույլատրվում է» դրոշմը և նշվում է բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերի համարը, տալու ամսաթիվը, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային նշանակության մասին տեղեկություն:

Արտահանման արգելման դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետում բեռն ուղեկցող անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատ կամ անասնաբուժական վկայական չի տրվում և հանրապետության տարածքում բեռի փոխադրման անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Արտահանումն արգելվում է» դրոշմը:

(22-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

23. Բեռի մաքսային ձևակերպումը կատարվում է բեռի զննման, անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության և (կամ) լաբորատոր հետազոտությամբ բեռի անվտանգության հավաստման արդյունքների հիման վրա տրված անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի առկայությամբ:

(23-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

24. Արտահանող կամ ներկրող երկրում անասնահամաճարակային իրավիճակով կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության մասին ստացված տեղեկատվությամբ պայմանավորված` ներկրման կամ արտահանման սահմանափակումների մասին տեղեկատվությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և ծառայության էլեկտրոնային կայքերում: Նույն տեղեկատվությունը տեսչությունը տրամադրում է նաև ծառայության սահմանային հսկիչ կետերին: Նոր սահմանափակումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է դրանց պաշտոնական ստացումից հետո 1-օրյա ժամկետում:

(24-րդ կետը փոփ., լրաց. 19.04.12 N 489-Ն)

25. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների արտահանման դեպքում ներմուծող կամ տարանցիկ երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պաշտոնական պահանջի դեպքում ծառայության կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տրվում է բեռի արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար թույլտվություն խնդրելու վերաբերյալ գրությունը ռուսերենով կամ միջազգային ընդունված լեզվով` դրա մասին տեղեկությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

(25-րդ կետը փոփ. 19.04.12 N 489-Ն)

26. Սույն կարգի պահանջների կատարման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

27. Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում ստորև ներկայացվող աղյուսակով սահմանված սննդամթերքի և անասնակերի բնաիրային քանակությունների ներմուծման ժամանակ:

 

Աղյուսակ

 

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքատնտեսագիտական գործունեության դասակարգչի

Ապրանքի անվանումը

Բնաիրային չափը

02

Միս և մսի սննդային ենթամթերք

10 կգ

03

Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ՝ բացառությամբ կենդանի ձկան

10 կգ

0302 70 000

Ձկան խավիար

0.5 կգ

04

Կաթնամթերք, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերք՝ դասակարգչի այլ տեղում չհիշատակված կամ չներառված

10 կգ

0408 11

Ձվի փոշի

5 կգ

0407 00

Սննդային թռչնի ձու՝ կճեպով, թարմ պահածոյացված կամ եփած

100 հատ

08

Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի ու սեխի կեղևներ և կճեպներ

10 կգ

09

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

1 կգ

1201 00

Ընդավորներ՝ կոտորակված կամ չկոտորակված՝ բացառությամբ սերմացուի

10 կգ

1202

Գետնընկույզ

10 կգ

1203 00 000
1204 00
1205
1206 00
1207
1208

Հատիկավորներ, պտուղներ, յուղատու սերմեր, հատիկավորներ՝ կոտորակված կամ չկոտորակված, բոված կամ պատրաստված որևէ եղանակով, կեղևազրկված կամ չկեղևազրկված՝ բացառությամբ սերմացուների յուղատու կուլտուրաների սերմերից կամ պտուղներից ալյուր՝ մանր կամ խոշոր աղացած՝ բացառությամբ մանանեխի սերմերի

10 կգ

1212

Ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ՝ թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ չկոտորակված, պտուղների կորիզներ և դրանց միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ մթերք՝ դասակարգչի այլ տեղերում չհիշատակված կամ չներառված

10 կգ

15

Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագման մոմեր՝ բացառությամբ գերչակի

10 կգ

16

Պատրաստի մթերք մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից

5 կգ

1604 30

Թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ՝ պատրաստված այլ ձկան խավիարից

0.5 կգ

17

Շաքար, այլ շաքարներ՝ ներառյալ լակտոզա, ֆրուկտոզա, մալթոզա, գլյուկոզա, պինդ վիճակում, շաքարային սիրոպներ՝ առանց համահոտային և ներկանյութերի, արհեստական մեղր՝ խառնված կամ չխառնված բնական մեղրի հետ, մելասա շաքարից պատրաստված կակաո չպարունակող հրուշակեղեն՝ ներառյալ սպիտակ շոկոլադը

10 կգ

1704 10

Ծամոն՝ պատված կամ չպատված շաքարով

0.2 կգ

18

Կակաո և դրանից մթերք

5 կգ

19

Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից

15 կգ

1901 10 000

Մանկական կեր՝ փաթեթավորված վաճառքի համար

10 կգ

1901 20 000

Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի պատրաստման համար խառնուրդ և խմոր

10 կգ

1902

Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը՝ սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում

10 կգ

1904

Պատրաստի սննդամթերք՝ ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր՝ հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)՝ այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

5 կգ

1905 31
1905 32

Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր

5 կգ

20

Մթերք՝ ստացված բանջարեղենի, մրգերի, ընկույզների, սնկի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից

10 կգ

21

Սննդամթերքներ՝ տարբեր

5 կգ

2102

Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ),
այլ մեռած միաբջիջ օրգանիզմներ,
պատրաստի թխման փոշի

2 կգ

22

Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2 լիտր կամ
1 շիշ, եթե 1 շշի տարողությունը
2 լիտրից ավելի է

23

Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր

10 կգ

(27-րդ կետը լրաց. 19.04.12 N 489-Ն)

 

(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.04.12 N 489-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան