ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մարտի 2012 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 11 հունվարի 2012թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը /այսուհետ՝ Համաձայնագիր/ ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների զարգացումը խթանելը և հնարավոր առավելագույն միջոցներով այս բնագավառում միջազգային համագործակցությանը նպաստելը, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի և «Միջազգային օդային տարանցիկ հաղորդակցությունների մասին» համաձայնագրի սկզբունքները և դրույթներն այս հաղորդակցությունների նկատմամբ կիրառելն է:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է`
- Քուվեյթի Պետության կառավարությանը տրամադրել Համաձայնագրով սահմանված իրավունքները` նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից երթուղիների ցանկի համապատասխան մասում սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման և շահագործման նպատակով,
- Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս տրամադրել Համաձայնագրով նախատեսված արտոնություններ, ինչպիսիք են` Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելը, նշված տարածքում կանգառներ կատարելը ոչ առևտրային նպատակներով, նշված տարածքում կանգառներ կատարել` չվացուցակում նշված երթուղու կետում կամ կետերում միջազգային երթևեկության ընթացքում ուղևորներ, բեռ և փոստ օդանավ վերցնելու և իջեցնելու նպատակով,
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ավիաընկերության կամ ավիաընկերությունների նշանակման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով գրավոր հայտնել մյուս Պայմանավորվող կողմին` սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով,
- որպես արտոնություններ տրամադրող կողմ` թույլատրել մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանն սկսել օդային հաղորդակցություններ,
- Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օդանավակայանների և այլ ավիացիոն միջոցների օգտագործման համար Քուվեյթի Պետության կառավարության նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի համար սահմանված վճարները չնախատեսել ավելի բարձր, քան նույնպիսի միջազգային հաղորդակցություններում ներգրավված իր ազգային ավիաընկերության կամ ավիաընկերությունների համար սահմանված վճարներն են,
- Քուվեյթի Պետության կառավարության նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավը, որը շահագործվում է միջազգային օդային հաղորդակցություններում, ինչպես նաև դրա հիմնական սարքավորումները, պահեստամասերը, վառելիքի և քսայուղերի պաշարները, օդանավում առկա պաշարները (ներառյալ մթերքը, ըմպելիքները և ծխախոտը), որոնք նախատեսված են թռիչքի ընթացքում սպառման համար, ազատել բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական վճարներից կամ այլ տուրքերից ու հարկերից` պայմանով, որ նման սարքավորումները և պաշարները մնան օդանավում մինչև դրանց վերարտահանումը,
- Քուվեյթի Պետության կառավարության նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների շարժական սեփականությունը, ինչպիսիք են` գրասենյակային սարքավորումներն ու գրենական պիտույքները, ճամփորդական փաստաթղթերը, ներառյալ ավիաընկերության տոմսերը, ավիաբեռնագրերը, ինչպես նաև գովազդային նյութերը և տարածման համար նախատեսված առարկաները, որոնք ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք, ազատել բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական վճարներից կամ այլ տուրքերից ու հարկերից,
- թույլատրել Քուվեյթի Պետության կառավարության նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին պաշտոնական փոխարժեքով ազատ փոխանցել իր տարածքում ստացված եկամուտների ավելցուկները` կապված Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից ուղևորների, ուղեբեռի, փոստի և բեռի փոխադրման հետ,
- հնարավորություն ընձեռել Քուվեյթի Պետության կառավարության նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնելու իրենց սեփական տեխնիկական և առևտրային ներկայացուցչությունը,
- Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցվող ուղևորները, ուղեբեռը և փոստը ենթարկել մաքսային և (կամ) ներգաղթի պարզեցված ստուգման,
- Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցվող` տարանցիկ բեռն ու ուղեբեռն ազատել մաքսատուրքերից, տեսչական ստուգումներից և այլ ազգային տուրքերից կամ գանձումներից, եթե դա ուղիղ տարանցում է,
- վերահաստատել, որ միջազգային իրավունքից բխող` Պայմանավորվող կողմերի իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապօրինի միջամտություններից պաշտպանելու` միմյանց նկատմամբ իրենց պարտավորությունը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը,
- Քուվեյթի Պետության կառավարության խնդրանքի դեպքում տրամադրել անհրաժեշտ ողջ օժանդակությունը` կանխելու համար քաղաքացիական օդանավերի անօրինական զավթման գործողությունների և նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
Համաձայնագրով նախատեսված է Համաձայնագրի մեկնաբանումից կամ կիրառումից ծագող վեճի դեպքում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից վեճերի կարգավորման ընթացակարգը:
Համաձայնագիրը ենթակա է գրանցման Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:
Համաձայնագիրն ունի Հավելված, որը հանդիսանում է Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|