Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.22
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.07.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
01.07.2011
Дата вступления в силу
01.07.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0365/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0365/02/09

2011 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

                 Դատավորներ`  Ն. Տավարացյան

                   Դ. Խաչատրյան

 


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետՎճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսիկ Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զավեն Էվոյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Դոնարա Էվոյանի ընդդեմ Լուսիկ Քալաշյանի ավտոտնակը Լուսիկ Քալաշյանի ապօրինի տիրապետումից ազատելու ճանապարհով սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին և հակընդդեմ հայցի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Զավեն Էվոյանը պահանջել է Լուսիկ Քալաշյանի ապօրինի տիրապետումից ազատել Վանաձորի Լազյան փողոցի նրբանցք թիվ 14/1-2 հասցեում գտնվող ավտոտնակը։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան Լուսիկ Քալաշյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Վանաձորի Լազյան փողոցի նրբանցք թիվ 14 հասցեում գտնվող ավտոտնակի նկատմամբ։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետԴատարան) 05.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2009 թվականի որոշմամբ Դատարանի 05.10.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսիկ Քալաշյանը։ 30.06.2011 թվականի դիմումով Լուսիկ Քալաշյանի իրավահաջորդ Ռուզան Բաղդասարյանը պնդել է ներկայացված վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը, 219-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքը քննել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռն իր հայեցողությամբ վերանայել է` քննելով միայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) 09.10.2009 թվականի թիվ 2/1-1483 գրությունը` որպես ապացույց, Լուսիկ Քալաշյանի կողմից իր կամքից անկախ պատճառներով Դատարան չներկայացնելու իրավաչափության հարցը։ Սակայն բողոքը նյութական իրավունքի խախտման մասով, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի` սույն գործի շրջանակներում կիրառելու հարցին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել` պատճառաբանելով, որ «… վերը ներկայացված եզրահանգման պարագայում վերաքննիչ բողոքի մյուս փաստարկները վեճի լուծման տեսակետից չունեն որոշիչ նշանակություն»։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կադաստրի 09.10.2009 թվականի թիվ 2/1-1483 գրությունը (այդ գրությամբ հաստատվում է, որ վիճելի ավտոտնակի սեփականատերը Ժորժ Օհանյանն է, այլ ոչ թե Զավեն և Դոնարա Էվոյանները) և կից հատակագիծը Դատարան չեն ներկայացվել, քանի որ դրանք Կադաստրի կողմից տրամադրվել են Դատարանի կողմից վճիռ կայացնելուց հետո, հետևաբար, Լուսիկ Քալաշյանը չի ներկայացրել այդ ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներով։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը

Ի պատասխան Լուսիկ Քալաշյանի ներկայացուցչի 07.10.2009 թվականի գրության` Կադաստրը 09.10.2009 թվականի թիվ 2/1-1483 գրությամբ տեղեկացրել է, որ Վանաձորի Լազյան փողոցի նրբանցք թիվ 14 հասցեում 10.09.2008 թվականին գրանցվել է բնակելի տուն, որի կազմում եղել են նաև երկու ավտոտնակ, որոնք հետագայում առանձնացվել և գրանցվել են որպես առանձին գույքային միավորներ` 26,6 քմ Վանաձորի Լազյան փողոցի նրբանցք թիվ 14/1-2 և 216 քմ Վանաձորի Լազյան փողոցի նրբանցք թիվ 14/1-3 փոստային հասցեներով, ընդ որում, առաջինի նկատմամբ գրանցված է Զավեն և Դոնարա Էվոյանների համատեղ սեփականության իրավունքը, իսկ երկրորդի նկատմամբ` Ժորժ Օհանյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 15)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (Տես´Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի` նոտարական վավերացում չստացած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և գնած անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին։ Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու չէ նոր ապացույց ընդունել, բացառությամբ այն դեպքի, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ կողմերի կողմից ներկայացված նոր ապացույցը չի ներկայացվել նրանց կամքից անկախ հանգամանքներով։ Ընդ որում, ապացույցը պետք է էական նշանակություն ունենա գործի լուծման համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով նոր ապացույցը պետք է օբյեկտիվորեն առկա լինի, սակայն կողմերի կամքից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացվի (Տես´«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Պապյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0049/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը

Սույն գործով վերաքննիչ բողոքին կից որպես նոր ապացույց ներկայացվել է Կադաստրի 09.10.2009 թվականի թիվ 2/1-1483 գրությունը, որով ըստ բողոք բերած անձի` հաստատվում է այն հանգամանքը, որ Զավեն և Դոնարա Էվոյանները վիճելի ավտոտնակի սեփականատերեր չեն, ուստի և իրավունք չունեն համապատասխան հայց ներկայացնելու։ Նշված ապացույցը, ըստ բողոք բերած անձի, Դատարան չի ներկայացվել իր կամքից անկախ հանգամանքներով` պատճառաբանելով, որ այն Կադաստրից ստացվել է Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո։

Վերաքննիչ դատարանը չի ընդունել նոր ապացույցը` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով։

Վճռաբեկ դատարանը, հետազոտելով Կադաստրի 09.10.2009 թվականի թիվ 2/1-1483 գրությունը, պարզեց, որ Լուսիկ Քալաշյանի ներկայացուցիչը Կադաստրին համապատասխան հարցում է կատարել արդեն իսկ Դատարանի վճռի հրապարակումից` 05.10.2009 թվականից 2 օր հետո` 07.10.2009 թվականին, ինչի հետևանքով էլ Կադաստրի պատասխանը ստացվել է վճռի հրապարակումից 4 օր հետո` 09.10.2009 թվականին։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձն ապացույց ձեռք բերելու ուղղությամբ միջոցներ կարող էր ձեռնարկել նաև գործի քնության ընթացքում։ Վերջինս չի հիմնավորել նաև նշված ապացույցը Դատարանում գործի քննության ընթացքում ձեռք բերելու անհնարինությունը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Լուսիկ Քալաշյանը չի հիմնավորել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր կամքից անկախ հանգամանքներով նշված ապացույցը չներկայացնելու փաստը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի այն պնդումը, որ Վերաքննիչ դատարանը, բավարարվելով բողոքի վերոգրյալ հիմքով, քննարկման առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքը նյութական իրավունքի խախտման մասով, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի խախտման հիմքով։ Վերաքննիչ դատարանն այդ մասով բողոքը չի քննել` պատճառաբանելով, որ «… վերը ներկայացված եզրահանգման պարագայում վերաքննիչ բողոքի մյուս փաստարկները վեճի լուծման տեսակետից չունեն որոշիչ նշանակություն»։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերը ենթակա են քննարկման առանձին-առանձին, քանի որ նոր ապացույց չընդունելու հիմնավորումները բավարար չեն Դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը չքննելու համար։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար վերաքննիչ բողոքի նյութական իրավունքի խախտման հիմքերին և հիմնավորումներին և քններ նաև բողոքի այդ մասը։

Ուստի, նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել հիմնավորված։

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում գործում առկա ապացույցները և վերաքննիչ բողոքի նյութական իրավունքի խախտման հիմքերը Վերաքննիչ դատարանում քննության առարկա չդարձվելու պատճառով։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներովՎճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան