ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
14 հոկտեմբերի 2011 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հուլիսի 14-ին Դուբլինում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2011 թվականի սեպտեմբերի 2-ին մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի հուլիսի 14-ին` Դուբլինում: Համաձայնագրի նպատակը` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է, և դրանով պայմանավորված` միջազգային առևտրի ու ներդրումների վրա եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցության նվազեցումը, ինչպես նաև կանխատեսելի և կայուն հարկային դաշտի ստեղծումը:
2. Համաձայնագրով սահմանվում են պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց` հարկման ենթակա գույքը և եկամուտների տեսակները, որոնք ներառում են եկամտի ընդհանուր գումարը, գույքի ընդհանուր արժեքը կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի վրա սահմանված բոլոր տեսակի հարկերը, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա սահմանված հարկերը, որոնց կապակցությամբ էլ պայմանավորվող պետությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ և պարտականություններ, որոնք դրսևորվում են նրանում, որ մի պայմանավորվող կողմը պարտավորություն է ստանձնում ձեռնպահ մնալ պայմանավորվող կողմերից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը Համաձայնագրով վերապահված է մյուս պայմանավորվող կողմին, և ընդհակառակը:
Համաձայնագիրը կիրառվում է` Հայաստանի Հանրապետությունում սահմանված շահութահարկի, եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի նկատմամբ, իսկ Իռլանդիայում` եկամտահարկի, շահութահարկի, համընդհանուր սոցիալական վճարի և գույքի արժեքի հավելաճից հարկի նկատմամբ:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Համաձայնագիրը կիրառել շահութահարկի, եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի նկատմամբ,
- կիրառել Համաձայնագիրը նաև նմանատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն, և ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն իռլանդական կողմի իրավասու մարմիններին ծանուցեն Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին,
- Հայաստանի Հանրապետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի և օդանավերի շահագործումից ստացված շահույթը հարկել միայն Հայաստանի Հանրապետությունում,
- հաշվի առնելով Համաձայնագրի 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները` ՀՀ ռեզիդենտին նախկինում կատարված վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները և այդ ռեզիդենտին վճարված ցանկացած անուիտետ հարկել միայն Հայաստանի Հանրապետությունում,
- Հայաստանի Հանրապետությանը կամ ՀՀ տարածքային կառավարման և տևական իշխանության մարմիններին պետական բնույթի գործառույթների իրականացման համար մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը կամ համանման այլ վարձատրությունները հարկել միայն Հայաստանի Հանրապետությունում,
- չհարկել Իռլանդիայի ռեզիդենտ հանդիսացող կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը Իռլանդիայի Թագավորության ռեզիդենտ հանդիսացած և Հայաստանի Հանրապետությունում բացառապես ուսման կամ մասնագիտացման նպատակով գտնվող ուսանողին կամ փորձնակին Հայաստանի Հանրապետությունում իր կեցության, ուսման կամ մասնագիտանալու համար ստացած վճարումների առնչությամբ` պայմանով, որ այդ վճարումներն ստացվեն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,
- կրկնակի հարկումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Իռլանդիայում հարկվող եկամուտ ստանալիս կամ գույք տնօրինելիս թույլատրել այդ ռեզիդենտի եկամտահարկի նվազեցում Իռլանդիայում վճարված եկամտահարկի գումարի չափով, ինչպես նաև այդ ռեզիդենտի գույքահարկի նվազեցում Իռլանդիայում վճարված գույքահարկին հավասար գումարի չափով,
- Իռլանդիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն է ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
- ապահովել, որպեսզի Իռլանդիայի ձեռնարկության տնտեսական գործունեություն իրականացնող մշտական հաստատության հարկումը Հայաստանի Հանրապետությունում չլինի նվազ բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը,
- Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինվում կամ վերահսկվում է Իռլանդիայի մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, որոնք տարբերվում են կամ ավելի խիստ են, քան այն հարկումը և պահանջներն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության այլ համանման ձեռնարկությունները,
- երաշխավորել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները տրամադրեն Իռլանդիայի իրավասու մարմիններին այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի դրույթների կամ ներքին օրենքների կիրառման համար,
- երաշխավորել, որ Համաձայնագրի 27-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն կհամարվի գաղտնի և կտրամադրվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Համաձայնագրի 27-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկադիր գանձմամբ կամ դատական հետապնդմամբ, կամ դրանց հետ կապված բողոքարկումների քննարկմամբ, ինչպես նաև երաշխավորել, որ այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկությունները կօգտագործեն միայն այդպիսի նպատակների համար:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կրում է ֆինանսական պարտավորություններ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է չհարկել Իռլանդիայի ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված առանձին տեսակի եկամուտները կամ հարկել նվազեցված դրույքաչափով: Համաձայնագիրն ամրագրում է նաև հարկումից խուսափելը կանխելու հետ կապված փոխհամաձայնեցման ընթացակարգ, ինչպես նաև երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունում և Իռլանդիայում հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության կատարման բնագավառում անձանց նկատմամբ որևէ խտրականության բացառում:
5. Միջազգային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան` Համաձայնագրի գործողությունը չի տարածվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների նկատմամբ։
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8 և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունները, նաև ստեղծելու իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի հուլիսի 14-ին Դուբլինում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
14 հոկտեմբերի 2011 թ. |