«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 սեպտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2011 թ. |
թիվ 209-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ավտոմատ ինքնասպասարկող սարքերով մատուցվող ծառայությունների ոլորտի ընդլայնման դրական միտումը, այդ սարքերից օգտվող՝ օրեցօր ավելացող սպառողների թիվը և այդ տեսանկյունից սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ դրանցում մշտապես կանխիկ դրամի առկայության հանգամանքներում առավել կարևորվում են այդ սարքերի անվտանգությանն ու հուսալիությանն ուղղված պահանջների սահմանումը,
նպատակ ունենալով կանոնակարգել ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով իրականացվող ֆինանսական գործառնությունները և սահմանել այդ սարքերի տեղադրման և սպասարկման համար այլ անհրաժեշտ պահանջները,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, ինչպես նաև 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը»՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 7-ի ««Ավտոմատ գանձման սարքավորումների շահագործման նվազագույն պայմանները» հաստատելու մասին» թիվ 321-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված ավտոմատ գանձման սարքերի (բանկոմատների) շահագործման անվտանգության պայմանները ապահովելու վերաբերյալ» մեթոդական ուղեցույցի մասին» թիվ 11 արձանագրային որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. օգոստոսի 19 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կարգը սահմանում է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման և շահագործման կարգը, դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման նկատմամբ և սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված պահանջները, ինչպես նաև ավտոմատ ինքնասպասարկող սարքերի անվտանգության ու հուսալիության հետ կապված կանոնները:
2. Սույն կարգով սահմանված պահանջները չեն տարածվում այն ավտոմատ ինքնասպասարկող սարքերի վրա, որոնց միջոցով հնարավոր չէ իրականացնել սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ֆինանսական գործառնություններ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները սույն կարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.
1) ավտոմատ ինքնասպասարկող սարք՝ գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված ինքնասպասարկման էլեկտրոնային ծրագրատեխնիկական այն սարքը, որն ապահովում է ֆինանսական գործառնությունների իրականացումը առանց ֆինանսական կազմակերպության աշխատակցի միջամտության (այսուհետ՝ ՖԳԻԱՍ),
2) սպառող՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օգտվում է կամ կարող է օգտվել ֆինանսական կազմակերպության կողմից ՖԳԻԱՍ-ների միջոցով մատուցվող ծառայություններից,
3) ՖԳԻԱՍ-ները, ըստ տեսակի դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա. ապրանքային ավտոմատ (vending machine) - ապրանքներ վաճառող ավտոմատ մեքենա, որը տրամադրում է տարբեր ապրանքներ, տոմսեր, սքրէտչ քարտեր՝ կանխիկ մետաղադրամներով կամ թղթադրամներով, կամ վճարային քարտի օգտագործմամբ,
բ. ավտոմատ գանձման մեքենա (full function automated teller machine ATM,)՝ համակարգչային վերահսկվող սարք, որի միջոցով հաճախորդները օգտագործելով վճարային քարտեր կամ նույնականացնող այլ միջոցներ կարող են կատարել դրամի կանխիկացում, դրամական փոխանցումներ, ծառայությունների դիմաց վճարումներ, ավանդների ներդրում, քաղվածքների ստացման հետ կապված գործարքներ, ինչպես նաև այլ գործարքներ կամ ծառայություններ, որոնք կարող էին մատուցվել բանկային աշխատակցի միջոցով (այսուհետ՝ բանկոմատ): Այս խմբին են դասվում նաև կանխիկի տրամադրման սարքերը (cash dispenser)՝ ավտոմատ մեքենա, որը տրամադրում է կանխիկ դրամ վճարային քարտի միջոցով, ինչպես նաև ստացականով կանխիկի տրամադրման սարքերը (scrip cash dispenser),
գ. արժույթի փոխանակման ավտոմատ՝ ավտոմատացված մեքենա, որն ապահովում է կանխիկ արժույթի փոխանակումը կանխիկ այլ արժույթով կամ խոշոր անվանական արժեքով արժույթի փոխանակումը նույն արժույթի ավելի մանր անվանական արժեք ունեցող թղթադրամներով կամ մետաղադրամներով,
դ. վճարումների ընդունման տերմինալ՝ ավտոմատացված մեքենա, որն ապահովում է որոշակի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը կանխիկ դրամով,
ե. տեղեկատվական վճարային տերմինալ (automated banking office)՝ համակարգչային վերահսկվող սարք, որը բացի բանկոմատների միջոցով տրամադրվող ծառայություններից, մատուցում է նաև ֆինանսական տեղեկատվական ծառայություններ, այդ թվում՝ բանկային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, քաղվածքների տրամադրում, բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում:
Տեղեկատվական վճարային տերմինալի միջոցով մատուցվող հիմնական ծառայությունների միջավայրը հանդիսանում է ինտերնետը և համատեղում է «ինտերնետ բանկինգին» բնորոշ ծառայություններ,
4) ֆինանսական գործառնություն՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնությունները:
4. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետի «ա» պարբերությունում նշված ապրանքային ավտոմատով կատարվող գործարքը չի իրականացվում վճարային քարտի միջոցով` անկանխիկ եղանակով կամ էլեկտրոնային փողերի միջոցով (օրինակ՝ էլեկտրոնային քսակների կամ էլեկտրոնային փողերի հաշվառման հաշիվների միջոցով), ապա սույն կարգով սահմանված պահանջները չեն տարածվում ապրանքային ավտոմատների վրա:
5. Լրացուցիչ ծրագրատեխնիկական մոդուլների տեղադրման միջոցով ՖԳԻԱՍ-ների կողմից մատուցվող ծառայությունները կարող են ընդլայնվել կամ արդիականացվել (Cash recycling systems, Intelligent deposit systems, Automated teller safes և այլ):
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. ՖԳԻԱՍ-ների միջոցով ֆինանսական գործառնությունների ապահովումը կարող են իրականացնել միայն բանկային կամ համապատասխան ֆինանսական ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող (օրինակ՝ վճարահաշվարկային ծառայությունների, արտարժույթի առուվաճառքի) անձինք (այսուհետ` ֆինանսական կազմակերպություններ):
7. ՖԳԻԱՍ-ների տեխնիկական սպասարկումը, բացառությամբ փողի լիցքավորման և լիցքաթափման գործունեության, կարող է իրականացվել ցանկացած անձի կողմից համապատասխան պայմանագրի հիման վրա: Փողի լիցքավորման և լիցքաթափման գործունեություն կարող է իրականացնել ինկասացիոն կազմակերպությունը՝ համաձայն սույն կարգի Հավելված 1-ի:
8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կարող է սահմանափակել ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող գործառնությունները, եթե.
1) հնարավոր չէ ապահովել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործարքների կողմ հանդիսացող անձանց ՖԳԻԱՍ-ների միջոցով նույնականացման իրականացումը,
2) անհնար է պահպանել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործարքների նկատմամբ սահմանված պահանջները:
9. ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի նկատմամբ սահմանափակումները (այդ թվում՝ ՖԳԻԱՍ-ների ներդրման, տեղադրման, սպասարկման կամ շահագործման հետ կապված) սահմանվում են համաձայն սույն կարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
10. Ֆինանսական կազմակերպության կողմից ՖԳԻԱՍ-ների միջոցով նոր գործառնությունների ներդրման պարագայում (որոնք սահմանված չեն սույն կարգի Հավելված 1-ում), կազմակերպությունը համապատասխան ծառայությունը մատուցելուց մեկ ամիս առաջ տեղեկացնում է կենտրոնական բանկին ծառայության հետ կապված հնարավոր սահմանափակումների կամ դրանց բացակայության վերաբերյալ:
11. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ տեղեկատվություն պահանջել ՖԳԻԱՍ-ների և դրանց միջոցով մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
12. Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ գործառնությունների մասով կիրառվող սահմանափակումները սահմանվում են համաձայն սույն կարգի Հավելված 2-ի:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
13. Անվտանգության և հուսալիության կանոնները ուղղված են ՖԳԻԱՍ-ների անխափան աշխատանքի և հնարավոր կորուստների սահմանափակման, գործարքի կատարման ժամանակ հաճախորդների ֆիզիկական անվտանգության, հաճախորդի անձնական տվյալների և ֆինանսական հաղորդագրությունների գաղտնիության և ամբողջականության ապահովմանը, ինչպես նաև սարքավորումը վնասվելուց և կանխիկ փողերը հափշտակելուց պաշտպանությանը:
14. Ֆինանսական կազմակերպությունը ՖԳԻԱՍ-ի անվտանգությունը և հուսալիությունը ապահովելու համար.
1) ձեռնարկում է համապատասխան միջոցներ կեղծ թղթադրամների բացահայտման և դրանցով կատարվող գործարքների կասեցման ուղղությամբ,
2) ապահովում է անխափան էլեկտրասնուցում,
3) սահմանում է ՖԳԻԱՍ-ների միջոցով կեղծ թղթադրամների բացահայտման և բռնագանձման հետ կապված ընթացակարգեր, ինչպես նաև սույն կետի 4-րդ ենթակետում նշված խնդիրների լուծման համար առավելագույն ժամկետներ,
4) ՖԳԻԱՍ տեղադրած կազմակերպության կողմից իրական ժամանակում իրականացվում է այդ սարքավորումների տեխնիկական մոնիթորինգ՝ առկա խնդիրները (էներգիայի խափանում, ծրագրային և այլ տեխնիկական թերություններ) բացահայտելու և դրանց լուծում տալու նպատակով,
5) միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 199-Ն որոշմամբ սահմանված շրջանառության համար ոչ պիտանի, անվճարունակ, հնամաշ թղթադրամների ընդունման բացառման ուղղությամբ,
6) կազմակերպում է իր կողմից տեղադրված ՖԳԻԱՍ-ների միջոցով նոր նմուշի թղթադրամների և մետաղադրամների ընդունումը, ինչպես նաև կենտրոնական բանկի կողմից նկարագրված և հայտնաբերված թղթադրամի նոր տեսակի կեղծիքների բացահայտումը: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքերում թղթադրամների կամ մետաղադրամների ընդունմանն ուղղված ՖԳԻԱՍ-ների համապատասխան արդիականացումը չի կարող գերազանցել 6 ամիսը:
15. ՖԳԻԱՍ-ի կողմից ընդունված կանխիկ դրամը չի կարող անմիջապես կիրառվել տվյալ ՖԳԻԱՍ-ի միջոցով կանխիկ դրամի տրամադրման գործարքներում, մինչև տվյալ թղթադրամի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկի կողմից վճարունակության հատկանիշներին (կեղծ, ոչ պիտանի, անվճարունակ, հնամաշ փողը հայտնաբերելու նպատակով) համապատասխանության ստուգում անցնելը:
16. ՖԳԻԱՍ-ի կողմից կանխիկ դրամի տրամադրման գործարքներում կիրառվող կանխիկ դրամը պետք է լիցքավորվի ՖԳԻԱՍ սպասարկող կազմակերպության կողմից՝ վճարունակության հատկանիշներին չհամապատասխանող (կեղծ, ոչ պիտանի, անվճարունակ, հնամաշ) արժույթի շրջանառությունը կանխելու նպատակով:
17. ՖԳԻԱՍ-ի միջոցով վճարային քարտերի սպասարկումը կարող է իրականացվել միայն վճարային քարտերի համակարգի օպերատորի կողմից ինքնասպասարկման սարքավորումների համար սահմանված համապատասխանության պահանջներին բավարարելու դեպքում: Ինքնասպասարկման սարքավորումների համար սահմանված համապատասխանության պահանջներին բավարարելուց հետո համապատասխան քարտային համակարգի պատկերանշանը փակցվում է ՖԳԻԱՍ-ի դիմային և տեսանելի մասում, որից հետո միայն կարող է կատարվել տվյալ համակարգի քարտերի սպասարկումը:
18. ՖԳԻԱՍ-ները (բացառությամբ սույն կարգի Հավելված 1-ով սահմանված դեպքերի) պետք է ներկառուցված լինեն տեսանկարահանման համակարգով՝ աշխատող ինքնավար (Off line) կամ իրական (On line) ռեժիմներում: Ընդ որում, տեսախցիկը պետք է տեղադրված լինի այնպես, որ առնվազն տեսանկարահանվի ՖԳԻԱՍ-ին մոտեցած անձի դեմքը: Տեսախցիկը կարող է տեղադրվել ՖԳԻԱՍ-ի մեջ կամ ՖԳԻԱՍ-ին հարակից պատին, կամ նրանից որոշակի հեռավորության վրա (օրինակ՝ շինության պատի կամ առաստաղի վրա):
19. ՖԳԻԱՍ-ի միջոցով վճարային քարտով յուրաքանչյուր գործարքն իրականացնելու ժամանակ տեսագրվող տեսակադրերի հետ մեկտեղ պետք է նշվեն հետևյալ տվյալները.
1) ամսաթիվը (օր, ամիս, տարի),
2) ժամանակը (ժամ, րոպե, ընդ որում, ՖԳԻԱՍ-ի մեջ մուտքագրված և տեղային ժամանակների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 1 րոպեն),
3) ՖԳԻԱՍ-ի տեղադրման վայրը (հասցեն),
4) ՖԳԻԱՍ-ը սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը:
20. ՖԳԻԱՍ-ները պետք է ունենան գործող անվտանգության ահազանգման պայմանագրեր ոստիկանության կամ պետության կողմից արտոնագրված պահպանություն իրականացնող կազմակերպության հետ՝ յուրաքանչյուր ՖԳԻԱՍ-ի մասով, եթե անվտանգության ապահովումը չի իրականացնում տվյալ ՖԳԻԱՍ-ը տեղադրող կազմակերպության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ
21. Սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված պահանջները կոչված են ՖԳԻԱՍ-ների միջոցով ծառայությունների մատուցման թափանցիկության և մատուցվող ծառայության վերաբերյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովմանը:
22. Ֆինանսական կազմակերպությունն առանց վճարային քարտի կիրառման գործարքներում մինչև ՖԳԻԱՍ-ների միջոցով ծառայությունների մատուցումը հաճախորդին ծանոթացնում է ծառայության հիմնական պայմանների, գանձվող միջնորդավճարների, կիրառվող փոխարժեքների, կիրառվող ժամկետների և տվյալ գործարքի իրականացման համար այլ էական պայմանների հետ:
23. Ֆինանսական կազմակերպության կողմից ծառայությունը մատուցվում է միայն հաճախորդի հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալուց հետո (ՖԳԻԱՍ-ի էկրանի վրա ծառայությունը մատուցելու համաձայնության հարցմանը դրական պատասխան պարունակող ստեղնը սեղմելուց հետո): Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ի ապարատածրագրային հնարավորությունները թույլ չեն տալիս վերադարձնել վճարման ենթակա գումարից ավելի մուտքագրված գումարը, ապա ՖԳԻԱՍ-ի վրա, տեսանելի հատվածում պետք է փակցված լինի համապատասխան հայտարարություն:
24. ՖԳԻԱՍ-ների վրա փակցվում է շահագործող ֆինանսական կազմակերպության անվանումը և հեռախոսահամարը (հնարավորության դեպքում՝ շուրջօրյա), որի միջոցով հաճախորդը կարող է կապվել ֆինանսական կազմակերպության համապատասխան բաժնի, ծառայության հետ՝ օգնություն կամ խորհրդատվություն ստանալու նպատակով:
25. Այն դեպքում, երբ վճարային քարտը հանդիսանում է բազմարժութային քարտ, ապա տվյալ քարտը թողարկած ֆինանսական կազմակերպությունը ապահովում է տվյալ քարտին կցված հաշիվների միջև ընտրության հնարավորություն՝ առնվազն մեկ ֆինանսական կազմակերպության ՖԳԻԱՍ-ների միջոցով:
26. ՖԳԻԱՍ-ի միջոցով յուրաքանչյուր գործարք կատարելուց հետո հաճախորդին տրամադրվում է գործարքի կատարումը հավաստող անդորրագիր: Անդորրագիրը կարող է չտրամադրվել միայն հաճախորդի՝ անդորրագիր չստանալու վերաբերյալ հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալու դեպքում:
27. Անդորրագիրը առնվազն պարունակում է հետևյալ վավերապայմանները.
1) հավաստագրումը հավաստող կոդ (առկայության դեպքում),
2) անդորրագրի կազմման ամսաթիվը,
3) ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչը, այդ թվում ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը,
4) գործարքի գումարը, (արտարժույթի առուվաճառքի, փոխանակման, փոխարկման գործառնությունների դեպքում՝ հաճախորդից ընդունված և հաճախորդին տրամադրված գումարը),
5) գործարքի արժույթը, (արտարժույթի առուվաճառքի, փոխանակման, փոխարկման գործառնությունների դեպքում՝ հաճախորդից ընդունված և հաճախորդին տրամադրված գումարի արժույթները),
6) գործարքի տեսակը,
7) վճարային քարտով գործարքի դեպքում՝ քարտի վավերապայմանները (անվտանգության կանոններով թույլատրելի չափով),
8) հաշվի վրա դրամական միջոցների մուտքագրման գործարքի դեպքում՝ հաշվի համարը կամ վճարային քարտի համարը (անվտանգության կանոններով թույլատրելի չափով):
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
28. Առնվազն յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրվա վերջում ՖԳԻԱՍ-ի միջոցով կատարված գործառնությունները պետք է արտացոլվեն ֆինանսական կազմակերպության հաշվապահական հաշվառման համակարգում՝ տվյալ գործառնությունների համար սահմանված հաշվապահական հաշվառման կանոնների համաձայն:
29. ՖԳԻԱՍ-ի միջոցով կատարվող գործառնությունները հաշվառվում են առանձնացված եղանակով:
Հավելված 1
«Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով
ֆինանսական գործառնությունների
իրականացման վերաբերյալ կարգի»
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշմամբ
ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի նկատմամբ սահմանափակումները
Արժույթի փոխանակման ավտոմատ |
Վճարումների ընդունման տերմինալ |
Ավտոմատ գանձման մեքենա (ԱԳՄ) |
Տեղեկատվական վճարային տերմինալ |
Ապրանքային ավտոմատ | ||
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
1. |
ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացվող գործարքների տեսակները և հնարավոր սահմանափակումները | |||||
1) |
Յուրաքանչյուր գործարքի համար առավելագույն գումարի սահմանում |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2) |
Յուրաքանչյուր գործարքի համար համապատասխան անդորրագրի տրամադրում |
Պարտադիր (բացառությամբ հաճախորդի կողմից հստակ ձևավորված բացասական պատասխանի դեպքի) |
պարտադիր |
Պարտադիր (բացառությամբ հաճախորդի կողմից հստակ ձևավորված բացասական պատասխանի դեպքի) |
պարտադիր |
պարտադիր |
3) |
Շուրջօրյա գործառնությունների սպասարկման ապահովում /24*7/ (այն դեպքում, երբ տվյալ ֆինանասական կազմակերպության կողմից նույն վայրում տեղադրված է երկու և ավելի ՖԳԻԱՍ, ապա առնվազն մեկը պետք է ապահովի սպասարկում): |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
ոչ պարտադիր |
պարտադիր |
2. |
Անվտանգությունը | |||||
1) |
Տեղադրվող սարքավորման տեխնիկական բնութագրիչների համապատասխանեցումը տեղադրման վայրին |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2) |
ինկասացիոն սպասարկման աշխատանքների անվտանգության ապահովում |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
3) |
չհրկիզվող պահարանի դռան բացման տվիչի առկայություն |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
4) |
Փին (Pin) կոդի մուտքագրման և էկրանին արտապատկերվող տեղեկության անտեսանելիության ապահովում կողմնակի անձանցից |
- |
- |
պարտադիր |
պարտադիր |
- |
5) |
տեսադիտարկման համակարգի առկայություն |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
6) |
Տեսախցիկի միջոցով ինքնասպասարկման սարքավորմանը մոտեցող և վճարային քարտով գործարք իրականացնող անձի դեմքը տեսանելի լինի |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
7) |
Հաճախորդի կողմից յուրաքանչյուր գործարքի իրականացման ընթացքում դիտարկման համար պիտանի առնվազն երեք տեսակադրի տեսագրում |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
8) |
տարածքի լուսավորվածության և հաճախորդի սպասարկման համար լավ դիտարկելիության ապահովում |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
9) |
Հաճախորդի անհատական տվյալների պաշտպանության և գաղտնիության պահանջի այնպիսի ապահովում, որի դեպքում առնվազն ապահովվում է հաճախորդի կողմից իրականացվող գործարքի անտեսանելիությունը այլ անձանց կողմից: Ընդ որում, գործարք է համարվում նաև ՖԳԻԱՍ-ի միջոցով կանխիկ գումարի մուտքագրումը և ստացումը |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
10) |
Տեսագրված նյութերի պահպանում առնվազն 120 օր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
11) |
Սպասարկման տարածքի սահմանափակում (օր.` ՖԳԻԱՍ-ը տեղադրել բարձրության վրա` ապահովելով հաճախորդի հարմարավետ սպասարկումը, և/կամ ՖԳԻԱՍ-ի կողքերը տեղադրել պատնեշներ կամ արգելքներ, և/կամ գծել սահման, և/կամ ՖԳԻԱՍ-ը տեղադրել խցիկում և/կամ այլ հնարավոր տարբերակներ) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
12) |
Հաճախորդի սպասարկման տարածքի լավ դիտարկելիություն |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
13) |
Տարածքը, որտեղ տեղադրված է ՖԳԻԱՍ-ը պետք է ապահովված լինի էլեկտրական լուսավորությամբ` երեկոյան և գիշերային ժամերին լուսավորելու նպատակով |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
14) |
||||||
3. |
Հուսալիությունը | |||||
1) |
անխափան էլեկտրասնուցման հնարավորության առկայություն |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2) |
Կեղծ թղթադրամների բացահայտման և դրանցով գործարքների կասեցման ապահովում |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
3) |
անվճարունակ և հնամաշ ՀՀ թղթադրամների չընդունման/չտրամադրման պահանջի ապահովում |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
4. |
Սպառողների շահերի պաշտպանությունը | |||||
1) |
հաճախորդին ծառայության հիմնական պայմանների վերաբերյալ տեղեկացում |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2) |
գանձվող միջնորդավճարների, կիրառվող փոխարժեքների, ժամկետների, անհրաժեշտության դեպքում մանրի վերադարձման/չվերադարձման և այլնի մասին տեղեկացում |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
3) |
ՖԳԻԱՍ-ների վրա շահագործող ֆինանսական կազմակերպության անվանման և «թեժ գծի» (հնարավորության դեպքում` շուրջօրյա) հեռախոսահամարի պարտադիր առկայություն |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
4) |
Ծառայությունը պետք է մատուցվի միայն հաճախորդի հստակ համաձայնությունը ստանալուց հետո (ՖԳԻԱՍ-ի էկրանի վրա ծառայությունը մատուցելու համաձայնության հարցմանը դրական պատասխան պարունակող ստեղնը սեղմելուց հետո): Ընդ որում, համաձայնություն է համարվում հաճախորդի կողմից ցանկացած գործարքի նախաձեռնման վերջում նրան ներկայացվող տեղեկանքին (որտեղ ներկայացվում են հաճախորդի կողմից տվյալ ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացված գործողությունների ցանկը) դրական պատասխանի ստեղնի սեղմումը |
Պարտադիր (տեղեկանքի վրա առնվազն ներկայացվում է ընդունված և տրամադրվող գումարի մեծությունը, արժույթը, գործարքի պահին կիրառվող փոխարժեքը) |
Պարտադիր (տեղեկանքի վրա առնվազն ներկայացվում է ընդունված գումարի մեծությունը, արժույթը, գործարքի տեսակը (կոմունալ վճարումներ, փոխանցումներ, միջնորդավճար (առկայության դեպքում)) |
Պարտադիր (տեղեկանքի վրա առնվազն ներկայացվում է ընդունված/տրամա-դրվող գումարի մեծությունը, արժույթը, գործարքի տեսակը (կանխիկացում, անկանխիկ փոխանցում, կանխիկի մուտքագրում) |
Պարտադիր (տեղեկանքի վրա առնվազն ներկայացվում է ընդունված գումարի մեծությունը, արժույթը, գործարքի տեսակը (կոմունալ վճարումներ, փոխանցումներ) |
Պարտադիր (տեղեկանքի վրա առնվազն ներկայացվում է վճարված գումարի մեծությունը, արժույթը) |
5. |
Հաշվապահական հաշվառումը | |||||
1) |
Առնվազն յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրվա վերջում ՖԳԻԱՍ-ի միջոցով կատարված գործառնությունները պետք է ձևակերպվեն ֆինանսական կազմակերպության հաշվապահական հաշվառման համակարգում տվյալ գործառնությունների համար սահմանված հաշվապահական հաշվառման կանոնների համաձայն |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
ոչ պարտադիր |
6. |
ԿԲ-ի տեղեկացվածությունը | |||||
1) |
Ֆինանսական կազմակերպությունները ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ձևով ներկայացնում են հաշվետվություններ` հաշվետու ժամանակահատվածի դրությամբ իրենց կողմից տեղադրված/ հանված ՖԳԻԱՍ-ների վերաբերյալ |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
ոչ պարտադիր |
Հավելված 2
«Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով
ֆինանսական գործառնությունների
իրականացման վերաբերյալ կարգի»
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշմամբ
Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ գործառնությունների մասով կիրառվող սահմանափակումները
Գործառնության տեսակը |
Կիրառվող սահմանափակումները |
Ֆինանսական կազմակերպության նկատմամբ պահանջներ | |
1. |
Փոխանակում/փոխանցում | ||
1) |
կանխիկ արտարժույթի փոխանակում կանխիկ ՀՀ դրամով և հակառակը |
Մեկ գործարքի ծավալը ≤ 400000 ՀՀ դրամի կամ համարժեք |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, կամ |
2) |
կանխիկ ՀՀ դրամի փոխանակում փոքր անվանական արժեքով ՀՀ դրամով |
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջների տեսակետից սահմանափակում՝ |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, կամ |
3) |
կանխիկ արտարժույթի փոխանակում փոքր անվանական արժեքով նույն արտարժույթով |
գործարքի ծավալը ≤ 400000 ՀՀ դրամի կամ համարժեքի |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, կամ |
2. |
Կանխիկացում քարտային հաշվից | ||
1) |
Կանխիկացում հաշվից /անկախ արժույթի կամ քարտի տեսակից/ ՖԳԻԱՍ միջոցով |
ոչ ավելի, քան 500000 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի համար |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, կամ |
2) |
Հաշվից կանխիկ ՀՀ դրամի ստացում գանձապահի մասնակցությամբ |
հնարավոր սահմանափակումները տրամադրվող կանխիկի ծավալի և/կամ գործառնությունների քանակի մասով կարող են արվել քարտային համակարգի կանոնների կամ սպասարկող (acquirer) բանկի կողմից |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, կամ |
3) |
հաշվից կանխիկ արտարժույթի տրամադրում ՖԳԻԱՍ միջոցով |
արգելված է «Արժութային կարգավորման և վերահսկողության» ՀՀ օրենքի տեսակետից, քանի որ անհնար է տարանջատել վարկավորման ֆունկցիայով քարտերը, իսկ օրենքի համաձայն «…Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառությունները և վարկերը տրամադրում են միայն ՀՀ դրամով» | |
3. |
Քարտային հաշվի ամրացում | ||
1) |
կանխիկ ՀՀ դրամով– ՀՀ դրամով հաշվի ամրացում |
առանց սահմանափակման |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, |
2) |
կանխիկ ՀՀ դրամով– արտարժույթով հաշվի ամրացում ՖԳԻԱՍ միջոցով |
առանց սահմանափակման |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, |
3) |
կանխիկ արտարժույթով հաշվի ամրացում ՖԳԻԱՍ միջոցով |
արգելված է «Արժութային կարգավորման և վերահսկողության» ՀՀ օրենքի տեսակետից, քանի որ անհնար է տարանջատել վարկավորման ֆունկցիայով քարտերը, իսկ օրենքի համաձայն «…Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառությունները և վարկերը տրամադրում են միայն ՀՀ դրամով» | |
4. |
Հանրային ծառայությունների դիմաց, հարկերի, այլ պետական վճարների և կանխավճարային գործիքների համար կանխիկով վճարում | ||
1) |
կանխիկ ՀՀ դրամով վճարում |
մեկ գործարքի առավելագույն գումարը նպատակահարմար է սահմանել 100000 դրամ (հնարավոր սահմանափակումները կանխիկի ծավալի մասով կարող են արվել սպասարկողի կողմից) |
ա. բանկային լիցենզիայի առկայություն կամ |
2) |
կանխիկ արտարժույթով վճարում |
արգելված է «Արժութային կարգավորման և վերահսկողության» ՀՀ օրենքի տեսակետից | |
5. |
Հանրային ծառայությունների դիմաց, հարկերի, այլ պետական վճարների և կանխավճարային գործիքների համար քարտերով վճարում | ||
Քարտային վճարումներ |
առանց սահմանափակման |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, | |
6. |
Քարտային հաշվից այլ հաշվի վրա փոխանցում | ||
ա. փոխանցումների նպատակի սահմանափակում՝ վարկի և տոկոսների մարում, տվյալ քարտապանի այլ հաշվի ամրագրում և այլն («Արժութային կարգավորման և վերահսկողության» ՀՀ օրենքի հնարավոր խախտումները բացառելու տեսակետից) |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, | ||
7. |
ՖԳԻԱՍ-ների լիցքավորում/լիցքաթափում | ||
Բանկերի համար՝ ա. բանկի տարածքում գտնվող ՖԳԻԱՍ-ի համար՝ բանկի աշխատակից և անվտանգության ներկայացուցիչ, բ. բանկի տարածքից դուրս գտնվող ՖԳԻԱՍ-ի համար՝ ինկասացիոն ծառայության միջոցով («Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ով նախատեսվող դեպքերում) |
ա. բանկային լիցենզիայի առկայություն, | ||
Վճարահաշվարկային կազմակերպության համար՝ գ. մինչև 3 մլն ՀՀ դրամի լիցքավորում/լիցքաթափում՝ վճարահաշվարկային կազմակերպության աշխատակից և անվտանգության ներկայացուցիչ, դ. լիցքավորում/լիցքաթափում 3 մլն ՀՀ դրամը գերազանցելուց՝ ինկասացիոն ծառայության միջոցով |
գ. վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի առկայություն և որպես քարտերը սպասարկող կետ` սպասարկող (acquirer) բանկի հետ պայմանագրի առկայություն |