ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4860/05/09 |
Նախագահող դատավոր՝ Ք.Մկոյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արփինե Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արփինե Կիրակոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), Արմեն Հովսեփյանի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 16.09.2008 թվականի թիվ 4127-Ա որոշումը մասնակի, 21.11.2008 թվականի թիվ 5435-Ա որոշման 2-րդ կետը, որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի ուղղակի վաճառքի պայմանագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արփինե Կիրակոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 16.09.2008 թվականի թիվ 4127-Ա որոշման 1-ին կետում նշված «Արմեն Հովսեփյանի կողմից» գրառումը, 21.11.2008 թվականի թիվ 5435-Ա որոշման 2-րդ կետը, որոշման հիման վրա Քաղաքապետարանի և Արմեն Հովսեփյանի միջև 18.12.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 916-5435-Ա պայմանագիրը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ Արմեն Հովսեփյանի անվամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 31.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արփինե Կիրակոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Հովսեփյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման 33-րդ, 35-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պետք է պարզեր, թե արդյոք վիճարկվող վարչական ակտերն իրավաչափ են, թե` ոչ: Այսինքն` Քաղաքապետարանի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա դատարանը պետք է հանգեր համոզման այն մասին, որ վեճի առարկա հանդիսացող շինության կառուցապատողն Արմեն Հովսեփյանն է, իսկ Քաղաքապետարանն էլ պետք է ապացուցեր, որ Արմեն Հովսեփյանն է հանդիսացել վիճելի կառույցն իրականացրած անձ: Մինչդեռ, Քաղաքապետարանը որևէ տվյալ չի ունեցել այն մասին, որ վիճելի կառույցն իրականացրել է Արմեն Հովսեփյանը: Քաղաքապետարանը որպես ապացույց Դատարանին ներկայացրել է միայն Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը, սակայն չի ներկայացվել այդ եզրակացության հիմքերը: Հետևաբար, ստացվում է, որ Քաղաքապետարանը չի ստուգել, թե իրականում ում կողմից է իրականացվել վիճելի շինության կառուցապատումը և նման պայմաններում այն օտարել է կառույցի հետ որևէ առնչություն չունեցող անձի:
Դատարանը որևէ գնահատական չի տվել այն փաստին, որ Արմեն Հովսեփյանից առաջ Արփինե Կիրակոսյանն է հայտ ներկայացրել Քաղաքապետարան գեոդեզիական հանույթ պատվիրելու միջոցով վիճելի շինությունն օրինականացնելու համար: Հետևաբար, Քաղաքապետարանը, վիճարկվող որոշումները կայացնելիս պարտավոր էր վարչական վարույթին ներգրավել նաև Արփինե Կիրակոսյանին, քանի որ նույն շինության օրինականացման համար ունեցել է երկու հայտ:
Դատարանը հաշվի չի առել, որ Քաղաքապետարանի կողմից ներկայացված վարույթներում բացակայել են Արմեն Հովսեփյանի կողմից ներկայացված դիմում կամ հայտարարություն, կամ վկաների հայտարարություններ, ինչպես նաև այլ փաստաթղթեր այն մասին, որ Նուբարաշենի 12-րդ փողոցի թիվ 3/7 հասցեում գտնվող շինությունն իրականացրել է Արմեն Հովսեփյանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վիճելի տարածքը 1980 թվականից մինչև 1997 թվականը որպես ավտոտնակ օգտագործել է Բենիամին Կարախանյանը: Վերջինս 1997 թվականին այն վաճառել է Արմեն Հովսեփյանի հորը` Պողոս Հովսեփյանին: Պողոս Հովսեփյանն ավտոտնակը վերակառուցել է քարե շինության և օգտագործել ու տնօրինել է այն, իսկ 2008 թվականին Արմեն Հովսեփյանի հետ վերանորոգել է: Հետագայում, Պողոս Հովսեփյանի համաձայնությամբ, Արմեն Հովսեփյանը դիմել է Քաղաքապետարան կառույցն օրինականցնելու խնդրանքով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Քաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.07.2008 թվականի թիվ 18-06/Ի-863 մասնագիտական եզրակացության համաձայն` Երևանի Նուբարաշեն 12-րդ փողոց 3-րդ շենքի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող կառույցն իրականացնող անձ նշվել է Արմեն Հովսեփյանը (գ.թ. 35):
2. Քաղաքապետի 16.09.2008 թվականի թիվ 4127-Ա որոշման 1-ին կետով Նուբարաշենի 12-րդ փողոցի թիվ 3/7 հասցեում Արմեն Հովսեփյանի կողմից պետական սեփականություն հանդիսացող 42,25 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը ճանաչվել է պետական սեփականություն` հանձինս Քաղաքապետարանի (գ.թ. 33):
3. Քաղաքապետի 21.11.2008 թվականի թիվ 5435-Ա որոշման 1-ին կետով Նուբարաշենի 12 փողոցի թիվ 3/7 հասցեում գտնվող 42,25 քմ ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական: Նույն որոշման 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Նուբարաշենի 12-րդ փողոցի թիվ 3/7 հասցեում գտնվող, սույն որոշման 1-ին կետով օրինականացված 42,25 քմ ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2595961, տրված 05.11.2008 թվականին)` Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաշվարկված 646.425 ՀՀ դրամով, և նույն հասցեում տարածագնահատման 9-րդ գոտում գտնվող` կառույցի համար առանձնացված 42,25 քմ մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ թիվ 2704-2008, տրված 22.10.2008 թվականին)` 80.867 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի եղանակով օտարվել է կառույցն իրականացրած անձ Արմեն Հովսեփյանին (գ.թ. 34):
4. Քաղաքապետի և Արմեն Հովսեփյանի միջև 18.12.2008 թվականին կնքված «Պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 916-5435-Ա պայմանագրով Արմեն Հովսեփյանը որպես սեփականություն ձեռք է բերել Նուբարաշեն 12-րդ փողոցի թիվ 3/7 հասցեում գտնվող 42,25 քմ ընդհանուր մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 42,25 քմ մակերեսով հողամասը (գ.թ. 52-53):
5. Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 15.02.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Նուբարաշեն վարչական շրջանի 12-րդ փողոց թիվ 3/7 հասցեի շինության կառուցումն իրականացրել է Արմեն Հովսեփյանի հայրը` Պողոս Արամի Հովսեփյանը (գ.թ. 165):
6. Բենիամին Կարախանյանի 23.12.2009 թվականի հայտարարության համաձայն` նախկինում բնակվել է Երևանի Նուբարաշեն 12-րդ փողոցի 3-րդ շենքի թիվ 36 բնակարանում, որի հարևանությամբ գտնվող մանկապարտեզին կից ազբոշիֆերով կառուցել է ավտոտնակ և 1980 թվականից սկսած որպես սեփականություն օգտագործել է մինչև 1997 թվականը: 1997 թվականին այն 450 ԱՄՆ դոլարով վաճառել է Պողոս Արամի Հովսեփյանին, վերջինս էլ 2001 թվականին ավտոտնակի տեղում իր սեփական միջոցներով կառուցել է երկաթբետոնե շինություն (գ.թ. 166):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 105-րդ հոդվածի համաձայն` համայնքի սեփականությունը կառավարելու և տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու և համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կառուցապատման նպատակով չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացված կառույցը համարվում է ինքնակամ կառույց, որի նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է հողամասը: Ընդ որում, Երևան քաղաքում ինքնակամ կառույցն օրինական կարող է ճանաչվել Երևանի քաղաքապետի որոշմամբ:
ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 4-րդ բաժնի 33-րդ կետի համաձայն` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում (եթե դրանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս չեն) գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության ճանաչումից հետո ինքնակամ կառուցված բնակելի տների և մինչև 200 քմ կառույցների համար` 30, իսկ 200 քմ-ից ավելիի դեպքում` 60-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետն ընդունում է ինքնակամ կառույցների օրինականացման կամ չօրինականացված ինքնակամ կառույցները քանդելու մասին որոշում: Ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ որոշմանը կցվում է օրինական ճանաչված կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը: Օրինականացման մասին որոշման մեջ նշվում են`…
զ) օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը` տվյալ կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անելու մասին տվյալները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած` վարույթին առնչվող դիմումները և փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ:
Նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ինքնակամ կառույցի օրինականացման որոշման մեջ կառույցն իրականացրած անձի մասին տվյալների նշումն ինքնանպատակ չէ, այլ այն վարչական մարմնի համար սահմանում է պարտավորություն, հստակորեն պարզելու, թե ում կողմից է իրականացված ինքնակամ կառույցը, ինչն էլ իր հերթին ենթադրում է ինքնակամ կառույցն իրականացրած անձի իրավունքների լիարժեք պաշտպանություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ վիճարկվող վարչական ակտերն ընդունվել են վարչական մարմնի տրամադրության տակ առկա անհրաժեշտ փաստաթղթերի, բավարար չափով պարզաբանված հանգամանքների հիման վրա, հանգել է այն հետևության, որ առկա չէ որևէ հիմք վիճարկվող որոշումներն անվավեր ճանաչելու համար:
Քաղաքապետի 21.11.2008 թվականի թիվ 5435-Ա որոշման 2-րդ կետի համաձայն` վեճի առարկա կառույցը և հողամասն ուղղակի եղանակով օտարվել է կառույցն իրականացրած անձ Արմեն Հովսեփյանին: Մինչդեռ, սույն գործով Քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից Դատարանի պահանջով 25.03.2010 թվականի նախնական դատական նիստի ընթացքում ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա չէ Նուբարաշեն 12-րդ փողոցի թիվ 3/7 հասցեում գտնվող 42,25 քմ ընդհանուր մակերեսով կառույցն Արմեն Հովսեփյանի կողմից իրականացված լինելու փաստը հավաստող որևէ ապացույց: Դեռ ավելին, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 15.02.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Նուբարաշեն վարչական շրջանի 12-րդ փողոցի թիվ 3/7 հասցեի շինության կառուցումն իրականացրել է Արմեն Հովսեփյանի հայրը` Պողոս Արամի Հովսեփյանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի հետազոտություն չի կատարել:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |